Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2130. Մեղմ Ընթացք

Այդ բողոքագիրը իսկոյն չմատուցուեցաւ, և Զաքարիա պատրիարք ձեռնարկեց միայն ներքին միջոցներով կաթոլիկութեան հետևողներու դէմ պայքարիլ։ Նախ ուզեց իմանալ թէ ոյք և որքան են հեստեալ ժողովուրդն, և քահանաներու հրամայեց անոնց ցուցակը յանուանէ գրել և բերել, և յետոյ յանձնարարեց որ անոնց տուները երթալով խրատեսցեն համոզկեր բանիւք, և այսպէս անցան Մեծպահոց օրերը։ Զատիկէն ետքը, և ապրիլ 8-ին հանդիպած էր, հրամայեց որ քահանաներ անուղղաներուն զլանան խորհրդակցութիւնները, չմկրտեն, չպսակեն և չթաղեն։ Բայց ամէնէ աւելի զգայի դարձաւ այդ վերջին պարագան, զի որք մեռանէին ի յետամուտներ կրօնին այնմիկ՝ անթաղ մնային՝ ի տան անդր մնալով երեք օր, չորս օր, և մինչև վեց յաւուրս։ Բայց որովհետև նոյն 1778 տարին ժանտախտը սկսած էր երևնալ Կ. Պոլսոյ, և անթաղ դիակներ վտանգաւոր կրնային ըլլալ, ուստի Զաքարիա կրկին հրամայեց անշուք թաղել այնպիսիները, յառաջոյ երթալով ղարիպ քահանայ մի և եթ։ Մահտարաժամը հետզհետէ այնչափ զայրացաւ, որ փոխադրելու իսկ չէին հասնէր մեռելաթաղները։ Իսկ մեռնողներու շատութիւնը հաշտելու համար բաւական ըլլայ յիշել, թէ միմայն Պալաթու Ս. Հրեշտակապետ թաղէն, և այն ի Պալաթու կողմն և եթ, մէջը չառնելով թաղին ուրիշ մասերը, երեք ամիսներու մէջ, Հայ ըլլալով հազար մեռեալ թուեցեալ են, և նոյն թաղին մէջ մէկ օրը մինչև քսան և ինն մեռեալ թաղուած են։ Ժանտախտը Վերափոխման տօնէն՝ այսինքն օգոստոս 12-էն սկսած է շիջանիլ և նուազիլ, իսկ սրբոց Հրեշտակապետաց տօնին, նոյեմբեր 10-ին, ընկղմեցաւ անունն ախտիս, ինչպէս կը վկայէ ականատեսը (ՍՐԳ. )։ Այդ միջոցներուն Զաքարիա պատրիարք շատ չէր ստիպէր պայքարը, ինչ որ համարձակութիւն տուաւ կաթոլիկամիտներուն իրենք դիմել կառավարութեան, պատրիարքարանին դէմ ամբաստանութիւնները կրկնելով և պնդելով, որով Զաքարիա ալ գրեթէ ստիպուեցաւ ժողովով ու ժողովուրդով պատրաստուած բողոքագիրը մատուցանել կայսեր յուլիս 13-ին, ուրբաթ օր մը, երբոր Ապտիւլհամիտ կայսրը թագաւորական նաւաւն՝ ի դառնալն յաղօթարանէն, կանցնէր մօտ յեզրն Պէշիկթաշու պալատին։ Խնդրագիրը ներկայացնողներն էին, Սարգիս Հաճընցի վարդապետ, այլ ոմամբք վարդապետօք վեղարագլխարկօք, և փոխանորդ տէր Վարդան Պապայն այլ փառաւոր քահանայիւք, և քանի մի իշխանօք Ալթը Ճէմայէթ կոչեցելովք, իբրև անձամբք ի ութսուն մերձ թուովք (ՍՐԳ) պատկառելի պատգամաւորութիւն մը։

« 2129. Ազգային Ժողով   |   2131. Հռոմէական Շարժումներ »
© Gratun.org