Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2131. Հռոմէական Շարժումներ

Կաթոլիկամիտներուն դիմումները միշտ անհետևանք մնացած էին, զի թէ Ապտիւլ-Համիտ կայսրն անձամբ, և թէ պետութեան աւագանին սկզբմամբ հակառակ էին օտար միջամտութեան, և կասկածաւոր աչքով կը նկատէին Եւրոպական ազդեցութեան իրենց հպատակներուն վրայ զօրանալը։ Ուստի Պատրիարքին հնազանդեցէք հրամանը շարունակ կը կրկնուէր օտարամոլներուն։ Պատրիարքի դիմումն ալ շուրջ նկատողութեան առնուեցաւ, և դարձեալ միևնոյն հրամանը տրուեցաւ, որպէսզի օտար միջամտութիւններ խստիւ արգելուէին։ Արդէն սուլտան Ապտիւլ- Համիտէ 1774-ին տրուած՝ Զաքարիայի պաշտօնը հաստատող հրովարտակին մէջ ալ նշանակուած էր, որ բնաւ եկեղեցի մը կաթոլիկ անուանեալ չարագործաց (միֆսիտլերէ) շարուի, և պատրիարքին կողմէ կաթոլիկութեամբ նախատեցեալ չարագործաց (քաթոլիկ թէօհմէթ իլէ միոթահիմ միւֆսիտլերին) վրայ գրուած տուգանքներուն՝ ուրիշի կողմէ արգելք չգրուի (ԴԻՒ. Ժ. 225)։ Զաքարիա ամէն միջոցները գործածած ըլլալու համար յուլիս 26-ին, հինգշաբթի օր ժողովեց բաժանեցելոց գլխաւորները, և յորդորեց չյամառիլ, որպէս զի ինքն ալ ստիպուած չըլլայ ձեռք քաշել և թողուլ որ ենթարկուին ի մարմնական բռնութիւնս այլազգեաց, որոնք կառավարութեան կողմանէ իրենց վրայ պիտի հրամայուէին։ Անոնք պատճառելով թէ եղանակն ժանտոտ է, և չեն կրնար ժողովուիլ և խորհիլ, պայմանաժամ խնդրեցին, և պատրիարքն ներեաց նոցա մինչև ի տօնն սրբուհւոյ Աստուածածնին։ Վերափոխումէն քանի մը օր ետքը ներկայացան օգոստոս 17-ին, և մեղայ ասացին, բայց ըզթուղթս ոչ կնքեցին, և օգոստոս 20-ին երկուշաբթի օր, կրկին եկեալ՝ հատին ըզխօսս իւրեանց, թէ ըստ ամենայնի հնազանդ եմք եկեղեցւոյն Հայոց, բայց հէօճէթ ոչ կարեմք տալ (ՍՐԳ)։ Անշուշտ Լատիններէ հրահանգուած էին՝ բերանացի խոստումով վտանգն անցնել, բայց խղճով և օրէնքով յանձնառութիւն չկնքել։ Իսկ պատրիարքը արիւն ձեր ի գլուխ ձեռ ասացեալ արձակեց զժողովն զայն (ՍՐԳ)։ Բայց հետևանքը յաջող չեղաւ, զի պետական որոշումը, զոր կերպով մը արգելել ջանացած էր Զաքարիա, գործադրութեան դնել հրամայուեցաւ, խոստանալով Արևմուտի յարաբերութիւնները մշակող և օտարին հետևող դասակարգին դէմ։ Այդ մասին յատուկ հրովարտակներով խիստ հրահանգներ տրուեցան Ղալաթիոյ Վոյվոտային, որ Ոսկեղջիւրի միւս կողմին, և օտարազգիներու կեդրոն եղող Ղալաթիոյ և Բերիայի կառավարիչն էր (ԴԻՒ. Ժ. 229), և Եէնիչներիներու Աղային կամ ընդհանուր զօրագլուխնին, որ գործադիր իշխանութեան գլխաւորն էր (ԴԻՒ. Ժ. 239)։ Այս հրովարտակներուն թուականը իդէպ է դնել 1778 հոկտեմբերին սկիզբները, զի նոյն ամսոյ 79-ին, չորեքշաբթի օր, ձերբակալուեցաւ Բեթրօ Զաքարիա, կամ Պետրոս Զաքարեան, Հայ մի մեծ պազիրկեան յոյժ հարուստ (ՍՐԳ. ) և Եւրոպական դեսպանատանց թարգման (ԴԻՒ. 263)։ Ասոնցմէ ետքը 1778 դեկտեմբեր 21 թուականով նոր հրովարտակ մըն ալ յղուեցաւ Ղալաթիոյ դատաւորին, որուն մէջ ընդարձակօրէն կը բացատրուէին կաթոլիկ կալուածներուն անտեղի և ապօրինի ընթացքները, և կը հրամայուէր անոնց հետամուտ լինել և պատժել, աքսորել և բանտարկել, և ինչքերնին գրաւել, և այդ մասին մտիկ չընել դեսպաններու միջամտութեան, օրինագրելով որ արզ և խնդիր էլչոցն՝ որ վասն րայայի է՝ ոչ կատարեսցի, և մի՛ լիցին ընդունելի խնդրանք նոցին, միայն թէ ամբաստանութիւնները օրէնքով քննուին դատարանին առջև, և մինչև ոչ ուղղապէս քննեսցի, մի՛ ոք իշխեսցէ զրայայն աքսորել և կամ ի Թերսխանէն յղել (ԴԻՒ. Ժ. 238)։

« 2130. Մեղմ Ընթացք   |   2132. Զաքարիայի Ընթացքը »
© Gratun.org