Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2140. Դաւանական Զգացում

Սիմէոնի զգացումներուն մէջ նշանակելի կը գտնենք Հայ եկեղեցւոյ պահպանութեան մասին ունեցած նախանձայուզութիւնը, և անոր վարդապետութեան մասին զգացած խորին համոզումը։ Եթէ նա իր գործունէութեան մէջ բուռն չեղաւ, և որչափ կրնար բուռն միջոցներէ խորշեցաւ, և կաթոլիկութեան միտեալ եկեղեցականներու՝ Սարաֆեան Սարգիսի և Բասենեան Յարութիւնի և նմաններու հետ հաշտ և բարեկամական յարաբերութիւններ պահեց, արտաքին նպաստներ ալ ընձեռեց, այդ միմիայն շահեցողական ընթացքի հետևանքն էր, և ոչ իրեն անոնց համաիտ կամ հակամէտ ըլլալուն նշան, ինչպէս հռոմէադաւան գրիչներ կուզեն մեկնել։ Կարծես թէ չեն կրնար ըմբռնել, թէ հնար ըլլայ տարբեր կարծիքի տէր եղողներու հետ ալ մարդասիրական և բարեկամական յարաբերութիւններ պահել, Սիմէոնի ներքինին զեղուածը պէտք է տեսնել, իր տպարգած տօնացոյցին յառաջաբանին մէջ (ՍԻՄ. 2), որուն միասին թէպէտ ինքն պատուէր տուած էր, թէ տօնացոյցին բոլոր նոր տպագրութեանց մէջ թարց աւելացուցման և պակսեցուցման և առանց զանցառման տպեսջիք ընդ գրքոյս (ՍԻՄ. 556), սակայն սովորաբար զանց եղած է։ Սիմէոն, որ այնչափ սիրով տպագրական հրատարակութեանց նուիրեալ էր, զայրացմամբ կը բողոքէ այն հրատարակութեանց դէմ, որոնք Հռոմէ, Վենետիկէ և Թրիէստէ կը սփռուէին այն ատեն, իբր զի կըսէր, գողանան զգրեանս հնագունից սրբոց վարդապետաց, և ապականեալ այլայլեն զմիտս հեղինակացն, և ըստ ախորժակաց իւրեանց զինչ և որպէս կամին, գրեն, տպեն և սփռեն յազգս մեր (ՍԻՄ. 547)։ Ասով կակնարկէ Հռոմի կողմանէ իբր թէ սրբագրութեամբ, այլ իսկապէս աղաւաղմամբ հրատարակուած ծիսական գիրքերուն, որոնց Վենետիկ հպատակիլ։ Խստիւ կը զգուշացնէ ազգայինները հեռու մնալ այդպիսի հրատարակութեանց կիրառութենէ, որոնք գործ են կըսէ նորաբոյս Լօթերականց (ՍԻՄ. 16)։ Այս անունով կաթոլիկներուն կակնարկէ, չուզելով թերևս ուղղակի իրենց կոչումը տալ, և իրարու խառնելով հռոմէադաւանները և բողոքականները, այսինքն առհասարակ Հայ եկեղեցւոյն դէմ մաքառող Արևմտեան քրիստոնեաները։ Սակայն առաջիններ Հայերուն դաւանութիւնը պակասաւոր կը գտնեն, մինչ երկրորդներ աւելորդով բեռնաւորուած կը կարծեն, և իրարու համամիտ չեն։ Անյարմար չէր ըլլար աւելցնել, թէ երկու ծայրերուն բաղդատմամբ՝ միջինը ապահով և ուղիղ պէտք է ընդունիլ, ծանոթ առծին համաձայն։ Սիմէոնի ներքին համոզման իբր կնիք յառաջ կը բերենք իր հայրապետական վեհ յայտարարութիւնը, Հաւատն մեր ոչ է հնացեալ զի նորոգեսցի, ոչ է թերի՝ զի լրասցի այլ շնորհօքն Քրիստոսի ունիմք ի սրբոյ Լուսաւորչէն մերմէ և ի նորին Շառաւիղացն զկատարեալ հաւատ, զուղիղ դաւանութիւն, և զգեղեցիկ աւանդութիւնս սրբոյ եկեղեցւոյ, որ բաւական է մեզ ի փրկութիւն և ի կեանս յաւիտանականս ածել։ Որ և վկայ և երաշխաւոր իսկ դնեմ զիս առաջի Քրիստոսի և սրբոյ Լուսաւորչին մերոյ ի հանդերձելումն, զի եթէ ոք ընդ այս հաւատոյս և դաւանութեանս, զորս ունի եկեղեցիս Հայաստանեայց, ունիցի նաև զգործս բարիս ընդ պատուիրանին Քրիստոսի, անկարծիք ժառանգելոց է զկեանս յաւիտենականս (ՍԻՄ. 551)։

« 2139. Սիմէոնի Մահը   |   2141. Սարգիս Սարաֆեան »
© Gratun.org