Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2143. Յարութիւն Բասենցի

Նախ յիշենք Յարութիւն եպիսկոպոս Բասենցին, կամ Բասենեան՝ ինչպէս ինքն կը ստորագրէ (ԳԱԼ. 323), որ 1767-ին Կ. Պոլսոյ մայրաքաղաքին նուիրակութիւնը փակելով, յարտաքին վիճակսն ելած (§ 2118), և աւելի Պրուսայի կողմերը զբաղած կ՚երևի։ Բասենցիին համար գրուած է թէ 1771 օգոստոս 14-ին փախեաւ ի Թրեստ (ՊԷՐ. 435)։ Սակայն սա ալ միւսներու նման նորէն ետ եկած կ՚երևի, վասնզի 1775 յունուար 15-ին կը գտնենք, որ Բասենցին նորէն Պրուսա է, և Պրուսացիքն, քան զայս յառաջ, երկիցս ևս էին գրեալ գանգատ կաթողիկոսին անոր դէմ, և թէ նա կարի անպատիւ է ի քաղաքիս (ԴԻՒ. Ը. 315), և թէ որքան մնայ անդ միշտ յանարգութենէ ընթանայ (ԴԻՒ. Ը. 316)։ Կաթողիկոսը կը հրահանգէ որ թարց կարծեաց եկեալ եկեսցէ ի սուրբ աթոռս, բայց Բասենցին երկնչի երթալ (ԴԻՒ. Ը. 315)։ Ասկէ ետքն է որ կը լսուի, թէ ի տուն Տաճկի է անկեալ, սակայն կը ստուգուի, թէ ի տուն Լամսայի էլչուն, այսինքն Նէմցէի կամ Աւստրիոյ դեսպանին էր անկեալ. հարկաւ Կ. Պոլիս գալէն ետքը, և յայտնապէս ցուցեալ զհերձուածն և զուրացութիւնն իւր (ԴԻՒ. Ը. 511)։ Այդ լուրը 1776 հոկտեմբեր 11 թուականով է արձանագրուած սակայն եղելութեան թուականը ճշդուած չէ։ Շփոթ են այդ թուականէն ետև Բասենցիին համար գրուած տեղեկութիւնները. 1773-ին փախչելու մտադիր կը ցուցուի (ԳԱԼ. 362), մինչ 1775-ին պաշտօնի վրայ է. 1776-ին օտար պաշտպանութեան կ՚ապաւինի, մինչ կրկին փախուստի առթիւ բաւական ատեն Հռոմ և Վենետիկ մնալէ ետքը, 1781 օգոստոսին Թրիեստ հասած կ՚ըսուի (ԳԱԼ. 362), ուսկից բնաւ չի հետևիր որ 1781-ին Կ. Պոլիս գտնուած ըլլայ, ինչպէս Բասենցիի պաշտպաններ կ՚ուզեն ըսել (ԳԱԼ. 363), որպէսզի զայն արդարացնեն նուիրակութեան արդիւնքները և աթոռապատկան գումարները իւրացուցած և միատեղ տարած ըլլալու մեղադրանքէն (ԴԻՒ. Դ. 852)։ Բասենցին 1776-ին օտար պաշտպանութեան ապաւինած էր, և այն ատեն կենդանի էր Սիմէոն, և իրաւամբ կրնար դիմել Բասենցիին անձը հովանաւորող դեսպանին, որ գողօնի վրայ ալ չտարածէ իր պաշտպանութիւնը։ Դեսպանը, աւելի ուղղամիտ քան Բասենցիին գովաբանը, ընթացք կու տայ կաթողիկոսին իրաւացի դիմումին։ Բասենցիին մնացած կեանքը անցած է Թրիէստի մէջ, ուր մնացած է երկեակ ութ ամեօք՝ Վենետիկէ անջատուած Մխիթարեաններու մօտ, 1781-է մինչև 1796, և հարիւրամենի վախճանած է 1796 մարտ 17-ին ըստ տապանագիրին (ԳԱԼ. 365), կամ մարտ 14-ին ժողովրդապետական արձանագրութեան համեմատ (ԳԱԼ. 366)։ Հայերէն տապանագիրին մէջ արքեպիսկոպոս Էջմիածնիձիր գրուածը (ԳԱԼ. 365), որ պարզապէս Էջմիածինէ եպիսկոպոսութիւն առած ըլլալը կը ցուցնէ, չենք գիտեր ինչ հիմամբ արհիեպիսկոպոս Էջմիածինի կոչում, և իբր տիտղոս մեկնուած է (ԳԱԼ. 306), մինչ Էջմիածին երբեք վիճակի կամ եպիսկոպոսական աթոռի տիտղոս եղած չէ, և տապանագիրին լատիներէնին մէջ ալ միայն Հայ արքեպիսկոպոս (archepiscopo Armenio) ըսուած է, և յատուկ տիտղոս տրուած չէ։ Մեր պատմական նպատակին համար բաւական ըլլայ գիտնալ, թէ նուիրակութեան արդիւնքը սեփականելու պատճառով տեղի ունեցած է Բասենցիին կաթոլիկանալը։

« 2142. Կաթոլիկ Եղողներ   |   2144. Սամուէլ Երզնկացի »
© Gratun.org