Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2150. Ղուկասի Նախընթացը

Գործողութեանց մէջ չյառաջացած պէտք է ակնարկ մը նետենք Ղուկասի նախընթացին վրայ։ Ղուկաս ծնած կըլլայ 1722-ին, եթէ 77 տարեկան վախճանեցաւ 1799-ին (ԴԻՒ. Ա. 45)։ Ըստ այսմ երբ 1783 ապրիլ 4-ին կը գրէ, թէ 36 տարի առաջ Քիւթիւրի ժամանակ դեռ ևս տղայ էր, պէտք չէ տղայական տարիքի վրայ առնել, զի արդէն 26 տարեկան եղած կըլլայ, այլ պաշտօնական շրջանակէ դուրս և գործերու անհաղորդ ըլլալուն վրայ, ինչպէս ինքն ալ կակնարկէ ըսելով, թէ այն ատեն միթէ՞ ես խորհրդակից էի այդպիսեաց իրաց (ԴԻՒ. Դ. 507)։ Ղուկաս Կարնեցի կոչուած է սովորաբար, ոչ քաղաքու, այլ գաւառաւ (ԴԻՒ. Դ. կ), զի ծննդավայրն եղած է Կեղի կամ Քղի աւանը է հին Խորձեանը։ Մանկութենէ աշակերտած է Մայրաթոռին, և Սիմէոնէ առած է ուսմանց դասեր, իսկ քահանայական ձեռնադրութիւնը ընդունած է 1751 լուսարարապետ Եղիազար եպիսկոպոսէն, օծակից ունենալով Զաքարիա Կաղզուանցին։ Վարդապետութեան ատեն նուիրակ գացած է Ռումէլի և Խրիմ։ Սիմէոն կաթողիկոս իր օծուելէն միայն 58 օր ետքը, 1763 յունիս 17-ին երեքշաբթի, Որդւոց և Թոռանց տօնին օրը (ԴԻՒ. Դ. իէ), հին տօնացոյցի կարգով (ՏՆԱ. 228), եպիսկոպոսութեան օծում տւած է Ղուկասի և Եսայի Նախիջևանցի և Պետրոս Բերթումեան վարդապետներու, բայց Ղուկաս նկատուած է անդրանիկ և շնորհածին զաւակ Սիմէոնի, որ քիչ ետքը զայն վանքէ դուրս պաշտօնի կոչեց, և 1764 մարտ 11-ին յղեց Զմիւռնիոյ առաջնորդութեան և նուիրակութեան (ԴԻՒ. Գ. 101)։ Ղուկաս այնտեղ մնաց մինչև 1775 զի մէկկողմանէ շատ օգտակար կըլլար զանազան յանձնակատարութեանց և մանաւանդ տպարանի ձեռնարկին համար, և միւս կողմէն Զմիւռնացիք կը թախանձէին որ չփոխէ, և նոյն իսկ 1775-ին երբոր զայն Մայր աթոռ կը կոչէր՝ նոյն իսկ Ղուկասի խնդրանաց համեմատ, Զմիւռնացիք, խնդրագիրներ կը տեղացնէին, որ որպէս զԶաքարիա վարդապետն Պոլսեցւոցն բաշխեցէր, զՂուկաս վարդապետն ևս մեզ բաշխեա (ԴԻՒ. Ը. 426), բայց Սիմէոն վեհն բացասեաց զխնդիրս նոցին (ԴԻՒ. Ը. 440), զի թէ ինքն կուզէր զայն իրեն մօտ ունենալ, և թէ Ղուկաս կրկին անգամ աղաչանօք գրեալ էր սրբազան վեհին խնդրել զինքն (ԴԻՒ. Ը. 452)։ Այս պատճառով վերջապէս Եսայի վարդապետ յաջորդ նշանակուեցաւ, և 1775 յունիս 23-ին ճամբայ ելաւ (ԴԻՒ. Ը. 456), իսկ Ղուկաս հազիւ տարւոյն վերջերը կրնայ Մայրաթոռոյ դարձած ըլլալ։ Անկէ ետքը շարունակ Էջմիածին մնաց, իբրև գլխաւոր գործակից և խորհրդական Սիմէոնի, որուն հիւանդագին վիճակը օրէ օր կը ծանրանար, և հաւատարիմ և կարող գործակցի մը պէտք ունէր, որպիսի ոք ճանչցած և ընդունած էր նա իր անդարնիկ և շնորհածին Ղուկասը։ Սիմէոնի այդ մեծ գնահատումը հիմնական երաշխաւորութիւն մըն է Ղուկասի արժանիքին, հակառակ իր մասին ոմանց կողմէ կուտակուած ձախող դիտողութեանց (ՄՍՐ. 10)։ Նախընթաց գործունէութիւնը վկայուած է այս կերպով. իսկ կաթողիկոսական գործունէութեան մասին կը թողունք որ եղելութիւնները խօսին, Ղուկաս կը ներկայացուի իբրև այր անձեայ, փառացի, վայելչադէմ, ծանրագոյն, քաղցր ի կենակցութեան, և վարժ ի գրաւել զսիրտս այլոց, որ համակիր չեղողի մը գրիչին ներքև աւելի մեծ նշանակութիւն կը ստանայ։ Ուսումնական զարգացման կողմէն ալ յետամնաց պէտք չէ կարծուի, քանի որ Սիմէոնի յառաջադէմ աշակերտներէն էր, և հնար չէ զինքն անուսումն կամ ուսումնատեաց ըսել, պարզապէս ըսած ըլլալուն համար, Մեծ է տունս, ինձ մարդիկ հարկաւորք են ի կառավարել, իմ միաբանքն եթէ զՍուրբ ես տէր և զՀայր գթած գիտենան ինձ բաւական է, ես փիլիսոփայ միաբան ուզում չեմ (ՄՍՐ. 12)։ Այդ խօսքերը պարզապէս աթոռին շինութեան և պահպանութեան նախանձաւոր ըլլալուն վկայութիւնն են, և գրեթէ կրկնութիւն են Սիմէոնի խօսքերուն թէ, Լաւ է տգէտն՝ որ ըստ հաւատոյն ուղիղ իցէ և ըստ վարուցն պարկեշտ, քան զիմաստունն սնապարծ՝ որ ըստ հաւատոյն թերի իցէ և ըստ վարուցն անպարկեշտ (ԴԻՒ. Դ. 754)։ Սիմէոնի մասին կասկածող չկայ, Ղուկասի ալ միտքը, և երկուքն ալ կ՚ակնարկեն լատինամոլ ուսումներով ազգային եկեղեցին անարգող թեթևամիտներուն։

« 2149. Ընտրութեան Լրումը   |   2151. Զաքարիա Ընդդիմադիր »
© Gratun.org