Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2152. Ղուկասի Քաշուիլը

Կարապետ եպիսկոպոսին Էջմիածին հասնելուն ճիշդ օրը չունինք, միայն կը գտնենք թէ պատուիրակին հասնելէն ու երկիցս անգամ ժողով գումարուելէն, և բանակցութիւններ լրանալէն ետքը, 1781 տարւոյ ի մարտի ելն Մայրաթոռոյ միաբանից պատասխանը գրուած և ղրկուած է Կ. Պոլիս (ԴԻՒ. Դ. 196)։ Ղուկաս հազիւ թէ պաշտօնապէս ստացաւ Կ. Պոլսեցւոց տժգոհութիւնը և դիմադրութեան գիրը, ու լսեց Կարապետ Ամդեցիի բերանացի տեղեկութիւնները, իսկոյն որոշեց իր անձը չեզոքացնել, և կաթողիկոսական արտաքին ձևակերպութիւններէ ձեռք քաշել։ Եթէ վճռապէս հրաժարելով կաթողիկոսի անունն ու գործունէութիւնն ալ չմերկացաւ, պարզապէս աթոռը անիշխանութեան և կացութիւնը անտէրնջութեան չմտնալու համար էր, այն ալ թախանձանոք միաբանութեան, ապա թէ ոչ նա կաթողիկոսարանէ ալ ելլելու և միաբանութեան կարգը իր սենեակը դառնալու կամք յայտնուած էր։ Նա համարձակ յայտարարեց թէ. Ես ոչ եմ կաթողիկոս, այլ նոյն Ղուսկաս եպիսկոպոսն եմ որպէս էի յառաջ։ Երթայք ուրեմն միաբանութեամբ խորհեցարուք զօգուտն սրբոյ աթոռոյս, և որ ինչ դուք ամենեքեան պատշաճ տեսանիցէք, ինձ ևս հաճելի ու ընդունելի է։ Եթէ կամիցիք խնդրել զայլ ոք յաղագս այսր աստիճանի, գրեցէք միաբանութեամբ և խնդրեցէք, ես ևս կնքեցից զթուղթն (ԴԻՒ. Գ. 192)։ Այլևս հայրապետական աթոռի չնստեցաւ, և պաշտօնական գահին յահեակ կողման (ԴԻՒ. Ա. 4), ըստ այլոց յաջմէ կողմանէ (ՄՍՐ. 8), փոքր աթոռ մը դնել տալով, հոն կը կենար, ուր հասարակօրէն կանգնի տեղապահ աթոռոյն (ԴԻՒ. 4)։ Որովհետև մեղադրած էին, թէ ընդէր է եղեալ զկարմիր կնիքն ի ճակատն թղթոյն (ԴԻՒ. Գ. 194), զանց ըրաւ կարմիր կնիք գործածել ըսելով թէ որքան պղտորեալ կայ յայդր բանն մեր և ի ձախն ընթանայ, անպատեհ է մեզ և պակսութիւն մեծ՝ այլևս կարմիր կնիքով գիր գրել (ԴԻւ. Գ. 196)։ Եպիսկոպոսական ձեռնադրութիւն դեռ չէր ըրած, այնուհետև ալ զգուշացաւ ընել, և մինչև իսկ կարգադրեց ամէն վիճակներում յիշել Սիմէոնի հանգուցեալ կաթողիկոսի անունը (ԴԻՒ. Դ. լը)։ Ղուկասի կողմէ առնուած այդ քայլերը՝ հեզահոգի առաքինութեան և խաղաղասէր խոնարհամտութեան արդիւնք էին, որոնք ստուգիւ գովութեամբ պէտք է յիշատակուին։ Մինչև իսկ, եթէ հակակիրներու խօսքին համեմատ։ այսպիսի իմն ի վար արկ հնարս, որպէսզի կարենայ շահիլ զսիրտ Զաքարեայ կամ զիջուցանել զցասումն նորա (ՄՍՐ. 8), դարձեալ բարեմիտ հոգւոյ և ընտիր բնաւորութեան հետևանք էր, եթէ ուզեց բարեաւն յաղթել չարին (ՀՌՄ. ԺԲ. 21), և չուզեց ձեք անցուցած հայրապետական իշխանութեամբը ճոխանալ և բռնազատիչ միջոցներու դիմել։

« 2151. Զաքարիա Ընդդիմադիր   |   2153. Միաբանութեան Դէմ »
© Gratun.org