Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2159. Համատանցիի Ընթացքը

Եթէ Համատանցիին պատրիարքութիւնը դիւրացուց կաթողիկոսական խնդիրին լուծումը, բնաւ չնպաստեց կաթոլիկական խնդիրին, որ կարծես շատ աւելի սաստիկ և բուռն վիճակ մը ստացաւ։ Համատանցին աւելի նախանձայոյզ երևցաւ քան Կաղզուանցին, և ոչ ալ գիտցաւ անոր ճարտար և մտացի կերպերը գործածել, այլ կատարելապէս աններող վարմունք մը ձեռք առաւ։ Հրամայեց զպսակն նոցա ամենևին չառնել, և զմկրտութիւն արգելեաց, գլխաւորներէն շատերը ի թիաքարշ բանտն յղեց (ՍՐԳ. ), որոնց մէջ կը յիշուին Հանմեան, Նալպանտեան, Հիւրմիւղեան, Թընկըրեան ընտանիքներու անունները (01. ՕՐԱ. 155), և Ղազարտօղլու այր ոմն, Տիւզօղլուի փեսայ, հարուստ անուանի (ՍՐԳ. )։ Ուրիշ խստութեանց վրայ նորօրինակ բան մըն ալ հնարեց, զի հեստելոց մեռելոցն մէրտիպանի կամ սանդուխի նման ճաղ կամ դագաղ շինել ետ, և պարանիւ կապեալ զմեռելն ի վրայն տանիլ պատուիրեաց (ՍՐԳ. )։ Կաթոլիկները որ այնչափ ուրախութեամբ ողջունած էին իրենց նենգամիտ դաւաճանութեան ելքը և Զաքարիայի պաշտօնանկութիւնը, սկսան իրենց ըրածին վրայ զղջալ, կարծես թէ փնտռելով Զաքարիայի օրերը (ԴԻՒ. Ժ. 303)։ Համատանցին իրեններն ալ զզուեցուց, և սկսաւ ազգին ատելի և խոտելի երևնալ վասն գոռոզ բարուցն, և յոռի և անպիտան նկատուիլ յաղագս մեծաբանութեան իւրում, մանաւանդ երբ զնախորդ պատրիարքն ածելով ի մէջ՝ բասրական բանիւ հանրացուցանէր զվաստակ նորա (ԴԻՒ. Ժ. 303)։ Սակայն աքսորականի և բռնի հեռացումը՝ աւելի ևս շատցուցած էր Զաքարիայի հանդէպ ընդհանուր համակրութիւնը, անմեղ զոհ մը նկատուելով գաղտնի և չարամիտ նենգութեանց։ Համատանացին շատ երկար չկրցաւ վայելել բախտովին ձեռք անցուցած պատրիարքութիւնը, վասնզի վեց ամիս ետքը, նոյն 1781 տարւոյ վերջերը, յայտնի ընդդիմութիւնները սկսան, և ընկենուլ յիշխանութենէն ևս ճգնեցան։ Համատանացին այդ ընդդիմութեան դէմ դնելու համար, հրամանագիր հանել տուաւ թէ ով որ իր պատրիարքութիւնը չընդունի վնաս կրելոց է առանց կարծեաց, և այս պատրուակով քանի մը անձինս առաքեաց ի թի։ Ժողովուրդին մէջ զայրոյթը աւելցաւ, մինչև ցսենեակ նորա ընթացան ցասուցեալքն ի նա, և եթէ նա չէր փախուցեալ և ծածկեալ ի մառանի եկեղեցւոյն, թերևս վտանգի մըն ալ հանդիպէր։ Ասոր վրայ բերեալ պահապանս ի զինուորաց, նստոյց ի մէջ եկեղեցւոյն, սակայն աւելի ևս գռգեց կացութիւնը, և չհանդուրժեալ այնմ ազգին, խնդրեցին ի նմանէ տալ զերաժարականն։ Խռովութիւնը օրէ օր ևսքանզևս սաստկացաւ, և հանրութեամբ դիմումներ եղան սուլտանին և եպարքոսին, պատրիարքը հեռացնել և Զաքարիան բերել։ Ժողովուրդի մեծ գրգռութեան պատճառներէն մէկն ալ այն եղաւ, որ լուր առնուեցաւ, թէ Համատանցին դիմում ըրած է կառավարութեան՝ Զաքարիան Պրուսայէ հեռացնել և ի հեռաւոր ուրեք առաքել։ Այսպէս տևեց այս խռովութիւն մինչև երեք ամիս (ԴԻՒ. Ժ. 304), և Համատանցին չկրցաւ խաղաղ պաշտօնավարութիւն ունենալ։

« 2158. Ղուկաս Ընդունուած   |   2160. Նորէն Զաքարիա »
© Gratun.org