Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2168. Անլոյծ Կը Մնան

Պէտք է ընդունիլ թէ մեծ աշխատութիւն թափած են Վենետիկի Մխիթարեանները, իրենց ընդգրկած ուղղութիւնը պաշտպանելու, և եթէ հնար ըլլար տիրապետել տալու։ Իսկ Սեղբոսեան նոյն նպատակով մեծ ծախքերու ենթարկուած է, քան թէ գրական աշխատութիւն ունեցած, զի կրկին կը խոստովանի, թէ ինքն պէտք ունեցած է նշանաւոր բարեկամի մը հմուտ գրիչին (ՍԵՂ. Ա. 16), և թէ ինքն է խմբագրութեան և տպագրութեան ծախքերն ընողը, և թէ որչափ ալ գրութիւնը իրեն եղած չըլլայ, ինքը կը ստանձնէ անոնց հեղինակութեան պատասխանատուութիւնը (ՍԵՂ. Ա. 17)։ Այլ թէ ինչ եղաւ այդչափ աշխատութեան արդիւնքը, խորունկ լռութիւն մը կը գտնենք իբր հետևանք։ Իրաւ գրուածները Հռոմէ չդատապարտուեցան և չմերժուեցան, որովհետև Հայութիւնը դէպի հռոմէականութիւն տանելու կը ծառայէին, բայց ընդունելութիւն ալ չգտան, զի Հայութիւն մը պահելու և պաշտպանելու կը միտէին։ Միւս կողմէն Լատիններ և լատինամոլներ չդադրեցան իրենց պահանջկոտ և մոլեռանդ ուղղութիւնը շարունակել, իրենց հետևողներուն խիղճերը յուզել և միտքերը խանգարել, զանոնք հակազգային գործերու և հակապետական արարքներու մղել, և ազգային պատրիարքարանի պաշտպանողական ջանքերուն և Օսմանեան պետութեան կասկածոտ որոշումներուն հետևանքներուն ենթարկել։ Հայոց պատրիարքարանին և կաթոլիկամիտ հատուածին մէջ խնդիրներ և միտումներ, դժուարութիւններ և հակառակութիւններ դադար չառին։ Իսկ կաթոլիկամիտ հատուածին մէջ Արբայեանի և Գօլէճեանի տարբերութիւնը երթալով սաստկացաւ, և թող չի տուաւ որ գոնէ հատուածը ինքն իր մէջ խաղաղ վիճակ մը ունենար։ Այսպէս տևեց և կը տևէ տակաւին, և նոյնիսկ այս օրեր նոյն խնդիրները կը յուզուին։ Զաքարիա պատրիարքի հետևած ուղղութեան դառնալով, նա երկրորդ անգամ աթոռ բարձրանալէն ետքը՝ միտքը չփոխեց, բայց ոճը մեղմացուց կաթոլիկութեան դէմ մրցումը՝ պարզապէս պաշտպանողականի վերածեց, աշխատելով Հայ եկեղեցին և Հայ ազգութիւնը ներքնապէս զօրացնել, կաթոլիկութենէ անկախաբար ուսում ու զարգացում քաջալերելոյժով և միջոցներով զարգանալու հրապոյրը։

« 2167. Երկու Խնդիրներ   |   2169. Հին Եւ Նոր Տօնացոյցներ »
© Gratun.org