Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2169. Հին Եւ Նոր Տօնացոյցներ

Զաքարիայի պատրիարքութեան առաջին շրջանին մէջ զինքն յուզող խնդիրներէն մէկն ալ Ղուկասի կաթողիկոսութիւնն էր, որով մինչև Էջմիածինի դէմ յայտնի մրցման և դիմադրութեան մղուած էր։ Երբոր աթոռ վերադարձաւ՝ Ղուկասը ճանչնալու կամ չճանչնալու խնդիրը փակուած էր, և այլևս ետ դառնալ անհնար էր, ուստի կամայ ակամայ անոր համակերպիլ ստիպուած էր, բայց Էջմիածինի անհամակիր զգացումը իր սիրտին մէջ մարած չէր։ Ակնարկեցինք արդէն թէ իր հակակրութիւնը տարածած էր նաև հանգուցեալ Սիմէոն կաթողիկոսի վրայ, իմացած ըլլալով որ Սիմէոն էր որ Ղուկասը իրեն նախադասած և անոր կաթողիկոսանալը յանձնարարած էր (§ 2153)։ Ուստի աւելի բան մը չկարենալով ընել, և Սիմէոնի կարգադրած տօնացոյցին դէմ սկիզբէն յուզուած դնտողութիւնները պատճառանք ընելով (§ 2127) ազգային ժողով մը գումարեց 1784 յունուար 26-ին (ԴԻՒ. Ա. 8) Ս. Սարգիսի շաբաթ օրը, և պատրիարքանիստ Սուրբ Աստուածածնի մայր եկեղեցւոջ, ուր ըստ սովորութեան հաւաքուեցան և բոլորից եկեղեցեաց աւագերիցունք և առհասարակ քահանայք սրբոց եկեղեցեաց, մութէվէլիք, եկեղեցպանք, իշխանապետք և իշխանք և բոլոր Էսնաֆք (ՏՆԱ. 2), և որոշեցին հին տօնացոյցի կիրառութիւնը հաստատել՝ երկու պատճառներով։ 1. Վասն սրբոյ եկեղեցւոյս Հայաստանեայց անփոփոխ մնալոյ, և 2. Վասն սքանչելագործ սրբազան հայրապետաց մերոց կարգադրել տօնացոյցն անայլայելի պահելոյ, ուր հայրապետաց կարգը կը յիշեն Սարգիս Շնորհալին ալ, որ երեք տօնացոյցի հետ գործ ունեցած չէ, և հայրապետ ալ եղած չէ։ Սակայն կարծես թէ որոշման բուն հեղինակին խիղճն ալ հանդարտ չէր, թէ որոշման իսկական շարժառիթները ասոնք չեն. վասնզի անմիջապէս կաւելցնէ. Եթէ ոք ի մեծամեծաց մինչև ցփոքունսն յայլևայլ միտս ընթանայցէ, կամ բանիւ արտաբերիցէ, յիրառի մեծամեծս մեղանչելով մեղանչէ (ՏՆԱ. 389)։ Ըստ մեզ տեղն և առածը յիշելու, թէ ամբաստանութիւնը կանխող չքմեղանք, անձամբ անձին է մեղադրանք։ Համաձայն տրուած որոշման, հին տօնացոյցը նորէն տպել տրուեցաւ, արդեամբ և ծախիւք բնակելոց ի մեծս Պոլիս (ՏՆԱ. 4), և աւարտեցաւ 1785 օգոստոս 11-ին (ՏՆԱ. 1), և ըստ այնմ սկսան վարուիլ, Սիմէոնեան տօնացոյցը 1777-ին տարեմուտէն գործածութեան մտած ղր, նոյն իսկ Զաքարիայի հաւանութեամբ (§ 2128), և եօթը տարիէ ի վեր ամէն կողմ տարածուած էր ուստի չենք կարծենք թէ նոր որոշմամբ անոր կի»առութիւնը ամէն տեղ և իսպառ խափանուած ըլլայ, և պէտք է ընդունիլ թէ տօնացոյցի մասին խառնակ և տարբեր գործածութիւններ տիրեցին Զաքարիայի պատրիարքութեան ատեն, որչափ ալ ժողովական հրամանով, ուր ուրեք գտած էին զտօնացոյց Սիմէոնի բերէին առ Զաքարիա պատրիարք, որ գաղտ թաքուցանէր զնոսա ի հուր (ՊԷՐ. 5)։ այս կացութիւնը տևեց եօթը տարի, մինչև որ Զաքարիայի մահուընէ ետքը, յաջորդին հրամանով Սիմէոնեան տօնացոյցի կիրառութիւնը հաստատուեցաւ մինչև ցայսօր։

« 2168. Անլոյծ Կը Մնան   |   2170. Արմաշի Վանքը »
© Gratun.org