Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2174. Աղթամարայ Աթոռ

Աղթամարի աթոռին յաջորդութիւնը շփոթ կը ներկայանայ այդ միջոցին, և դժբախտաբար հեղինակաւոր աղբիւրներ չենք գտներ, խնդիրը լուծելու համար։ Թովմայի մահէն ետքը, որ 1783-ին կը դրուի (§ 2105), ոմանք կը յիշեն Կարապետ Վանեցի 1783-ին, Մարկոս Շատախցի 1788ին, Յովհաննէս Սպարկերտցի, անկէ ետքը Թէոդորոս 1792-ին, Միքայէլ Վանեցի 1796ին, և Կարապետ Շատախցի, զոր կը հասցնեն մինչև 1803-ին (09. ՕՐԱ. 288)։ Հաւաքարանը այդ անունները կ՚անգիտանայ, և 1783-էն 1804 միջոցին համար ունի միայն Միքայէլ Վանեցի՝ յոյժ հրաժեշտ, և Կարապետ Վանեցի Ղրըմքէսեանց, որ Դանիէլի օծման կը գտնուի (00. ԲԻԶ. 1200)։ Մեր ձեռքը գտնուող վաւերագիրներէն ստուգապէս գիտենք, Կարապետ կաթողիկոսի մը Դանիէլի օծման նախագահելը (ԴԻՒ. Ե. 236), սակայն որևէ մակդիր անուն յիշուած չէ, որ ստուգէինք թէ նոյն ինքն Վանեցի է, թէ ոչ միւս ցուցակին մէջ տեսնուած Շատախցին, զի անոր համեմատ 1788-էն ետքը Վանեցին այլևս չկայ, և 1802-ին Շատախցին կը գտնուի աթոռի վրայ։ Առ այժմ մեզի նախադասելի կերևի Հաւաքարանի գրութիւնը, քանի որ չենք տեսած միւս գրութեան նախնական աղբիւրները։ Դիտողութեան արժանի կը սեպենք, որ 1783-էն սկսելով Աղթամարի կաթողիկոսներ տեղական ընտրութեամբ և օծմամբ աթոռ բարձրացած են, և Ղուկաս չէ կրցած Աղթամարի գործերով զբաղիլ, և Ջահկեցիի ու Երևանեցիի ատեն հաստատուած յարաբերութեանց պաշտպան կոնդակիլ, և առանց Էջմիածինի հաւանութեան Աղթամարի կաթողիկոս չնստեցնելու պայմանը գործադրել տալ։ Ասոր պատճառ եղած են քաղաքական խառնակութիւնը և սահմանակից գաւառներու խռովութիւնը, որով խափանուած է երկու աթոռներուն հետ պայմանադրուած յարաբերութիւնը, որ հազիւ թէ Էջմիածինի կամատէր և Աղթամարի կամակատար կաթողիկոսներու ատեն կրցած էր գայթիգայթ սկզբնաւորութիւն մը ունենալ։

« 2173. Թէոդորոս Աջապահեան   |   2175. Երուսաղէմի Աթոռ »
© Gratun.org