Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2177. Յովակիմ Քանաքեռցի

Ընտրուած պատգամաւորները նշանակուած չեն, բայց հաւանաբար եկեղեցականներ են։ Ասոնք Երուսաղէմ հասնելով ամէն բան պարզեցին, միաբանութեան ժողով հաւաքեցին, և կանոններու ընդունելութեան և հպատակութեան գիր առին։ Վեց նշանակուած տնօրէններուն գործի ձեռնարկել տուին, երկաթի սնտուկը հաստատեցին, և բանալին Մարտիրոս վարդապետի տուին իբրև գանձապետի. Պետրոս եպիսկոպոսը հաշուակալ նշանակեցին, գործակալները որոշեցին, և Ջուխաճիին հաշիւը տեսան ու տոմարները կարգադրեցին։ Բայց այսչափով խնդիրը չփակուեցաւ, զի տագնապ մեծ էր դրամի պակասութեան կողմէն, և կանոնները դրամ չէին պատրաստեր։ Աթոռը պարտքեր ունէր, զսահմանեալ տարեկան տուրս այլազգեաց վճարելու միջոցներ չունէր, և յերեսաց դառնութեան ժամանակին ուխտաւորութիւններ և ուրիշ հասոյթի աղբիւրներ նուազած էին։ Տաճկահայերն ալ որչափ և խոստումներ ըրած, սակայն իրենք ալ երկրին տագնապներէն կը նեղուէղին. ուստիհեռաւոր կողմեր, Ռուսաստանի և Վրաստանի բարեկեցիկ ազգայիններուն դարձուցին աշուընին, և Ռուսիոյ Կատարինէ կայսրուհւոյն և Վրաց Հերակլ թագաւորին յատուկ գիրերը գրուեցան Յովակիմ պատրիարքի կողմէն հոգևորական ընծաներ ալ պատրաստուեցան, և այնպէս յատուկ նուիրակներ ճամբայ հանուեցան այն կողմերուն համար (ԱՍՏ. Բ. 118)։ Այս գործերը կատարուած ատեն արդէն Յովակիմ պատրիարք ծերացած էր, և ըստ աւանդութեան նաև աչքն ի տեսանելոյն ղրկուած էին, և քիչ ետքը 1793 սեպտեմբեր 25-ին, Վարագայ խաչին կիրակի օրը կեանքը կնքեց։ Վշտալի և տագնապալի եղած էր Յովակիմի բոլոր կեանքը, մահուանէ ետքն ալ տագնապները չդադրեցան, զի թէպէտ երկուշաբթի յուղարկաւորութեան կարգը կատարուեցաւ, բայց ըստ սովորութեան Ս. Փրկչի վանքը թաղելու համար դժուարութիւններ հանուեցան, և արգելքներ գրուեցան դատաւորին կողմէն, և հազիւ կարացին հաճել զմիտս նորա, ինն քսակ դրամ վճարելով, և այնպէս թաղումը կատարեցին (ԱՍՏ. Բ. 119-120)։

« 2176. Երուսաղէմի Կանոններ   |   2178. Պետրոս Եւդոկիացի »
© Gratun.org