Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2178. Պետրոս Եւդոկիացի

Յովակիմի մահուընէ ետքը միաբանութիւնը ինքն ձեռնարկեց յաջորդի ընտրութեան, իբրզի աչքին առջևն ունէր յարմար ընտրելի մը, Պետրոս Եւդոկիացի եպիսկոպոսը, զոր իբր հաշուակալ յիշեցինք վերև (§ 2177), որ միագամայն Ս. Յակոբայ փակակալ կամ լուսարարապետն էր Միաբանութիւնը՝ Սարգիս Կուզիկեան եպիսկոպոսի գլխաւորութեամբ, և ծերունազարդ Մարտիրոս վարդապետին ազդեցութեամբ, որ բանգէտ և տաճկագէտ, և աթոռին գործերուն հմուտ և տեղեակ, և քանի պատրիարքներ տեսած, և ամէնուն յարգը գրաւած միաբանն էր, Պետրոսը բռնադատեց ընտրութեան հաւանիլ, և պաշտօնական գիրերը պատրաստելով Մելքոն վարդապետի ձեռքով Կ. պոլիս ղրկեց։ Զաքարիա և մեծամեծներ շուտով հաւանեցան, պետական հաստատութիւնը ստացան, և հրովարտակը յղեցին պատուիրակին ձեռքով, և 1794 փետրուար 14-ին, Տեռաընդառաջի տօնին կատարուեցաւ Պետրոսի աթոռ նստելուն հանդէսը։ Առաջին գործերէն մին եղաւ կանուխ գրուած կանոնագիրին (§ 2176) վերստին հաստատութիւնը, և Պետրոս ինքն կանխեց և Կ. Պոլսոյ պատրիարքարանէն խնդրեց վեց խորհրդականները որոշել և լրացնել, զի ինքն պատրիարք եղած էր, ոմանք վախճանած էին, Մարտիրոս վարդապետ ալ անկարացած էր, բայց յիշուած չենք գտներ թէ որոնք եղան նոր կազմութեան մէջ մտնողները։ Պետրոս ալ զանազան նեղութիւններ կրեց դրամական վճարմանց պատճառով, Ս. Յարութեան Տաճիկ դռնապաններուն, Դամասկոսի կուսակալին, Յոպպէի մաքսապետին, և Երուսաղէմացի այլազգիներուն՝ կերպկերպ քմահաճոյ պահանջմանց երեսէն։ Ինչչափ ալ Պետրոս թախանձանօք Զաքարիայի դիմեց, որ յատուկ հրամանագիր հանել տալ առ ի զսպել զապիրատութիւնս նոցա (ԱՍՏ. Բ. 123), սակայն տուգանքներէ բոլորովին զերծ մնալ անհնար եղաւ։ Յատուկ ծախքի և մտահոգութեան պատճառ տուաւ Զմիւռնիացի ուխտաւորներու նաւի մը՝ Սիւրիական Տրիպոլիսի առջև խորտակուիլը, որուն մէջ մէջ 8 հոգի խեղդուեցան, իսկ 52 ազատուածները Երուսաղէմ հասցնելու համար Պետրոս յատուկ մարդ ղրկեց, ժողվել ու բերել տուաւ, և մինչև իսկ տեղերնին դարձնելու համար ամէն պէտքերնին հոգաց։ Ս. Յարութեան տաճարը այրելու համար իսքամներու թշնամութեամբ կրակ ձգուիլն ալ նոր ծախքի դուռ բացաւ, զի թէպէտ հրդեհը շուտով մարեցաւ, բայց հինցած փայտէ դուռներուն տեղ, երկաթէ նոր դուռեր դնել հարկ եղաւ երեք ազգերու համերաշխ ծախքով։

« 2177. Յովակիմ Քանաքեռցի   |   2179. Գաղղիացւոց Արշաւելը »
© Gratun.org