Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2181. Երուսաղէմի Կացութիւնը

Մենք այս պատմական յիշատակները օգտակար սեպեցինք յառաջ բերել, որպէսզի յստակ և կատարեալ գաղափար մը տանք այն նեղութեանց, զորս այդ առթիւ կրեց Երուսաղէմի աթոռը, պատերազմի արհաւիրքներու մէջ պաշարուած, և տեղացոց մոլեգնութեան մատնուած։ Ասոնք՝ քրիստոնեայ գունդերու յարձակումներուն ներքև, ամէն քրիստոնեայ անխտիր անոնց բարեկամ և օգնական, և լրտես և բանագնաց առ հաւատակիցս իւրեանց սեպելով (ԱՍՏ. Բ. 130), ամէն միջոց օրինաւոր կը կարծէին քրիստոնեաները՝ և մանաւանդ վանքերը նեղելու և կողոպտելու, կեղեքելու և տանջելու։ ոչ միայն այլազգիներէ, այլև արաւող քրիստոնեաներէ ալ նեղուեցաւ Երուսաղէմի աթոռը, զի Յոպպէի վրայ երկու անգամ կատարուած բռնութեանց կարգին, Հայերուն ալ տուներուն ու մթերանոցները այրուեցան, վանք ու վանատուն վնասուեցան, և յափշտակութիւններէ զատ 100 քսակի ալ տուգանք առնուեցաւ (ԱՍՏ. Բ. 131)։ Ռէմէլի մէջ եղող միաբաններուն Յոպպէ փախչելուն վրայ, լեռնական տեղացիներ՝ վանքին վրայ յարձակելով, կողոպտեցին և աւերեցին, և մինչև իսկ շինուածին երկաթները քակելով տարին։ Նոյն աւարառուք Երուսաղէմի վանքին վրայ ալ յարձակեցան, Ս. Փրկիչ եկեղեցին քարուքանդ ըրին, ձիթաստանն ու պարտէզները կտրտեցին, մայր վանքին բակերը իբրև բանակտեղ գործածեցին, և ամէն տեսակ վնասներ հասուցին (ԱՍՏ. Բ. 132)։ Օսմանեան գովաբաններ ալ, իբրև պատերազմի ծախք՝ բռնի գումարներ կորզեցին, և բոլոր վանականք և քաղաքին Հայազգիք նուազեցան ի զօրութենէ և անկան ի կարողութենէ, և Պետրոս պատրիարք յոգւոց հանելով կը հառաչէր, և մահուան կը փափաքէր, բիւրիցս երանի հանելով մեռելոց որք ի Տէր ննջեցին (ԱՍՏ. Բ. 133)։ Այնչափ յուսաբէկ էր Պետրոսի կացութիւնը այդ տագնապներու մէջ, որ աթոռին մէջ ալ չկրնալով մնալ, Յոպպէ իջաւ Օսմանեան զօրավար Քէօր մականունեալ միականի Եուսուֆ փաշայի մօտ, որպէսզի թեթևութիւն ստանայ վանքէն պահանջուած պատերազմի ծախուց գումարին վրայ։ Պետրոս Յոպպէ հասաւ 1800 մայիս 11-ին, այլ տագնապէս և նեղութիւններէն հոն հիւանդացաւ, և քիչ օր ետքը յունիս 18-ին վախճանեցաւ, և Յոպպէի հասարակաց գերեզմաննոցը թաղուեցաւ, ուսկից 1837-ին ոսկրները Յոպպէի եկեղեցին գաւիթը փոխադրուած են (ԱՍՏ. Բ. 134)։ Այս կերպով ուրիշ տագնապներուն վրայ աւելցաւ աթոռի պարապութիւնն ալ, որ միջոց մըն ալ երկարեցաւ։ մինչև որ ընտրութիւն կատարուէր և յանձնառու մէկ մը գտնուէր։ Պետրոս Եւդոկիացի պատրիարքին իբրև մեծ արժանիք պէտք է արձանագրենք, եթէ այդչափ տառապանքներու և արկածներու մէջ կրցաւ գոնէ աթոռի կացութիւնը անվտանգ պահպանել։

« 2180. Պաղեստին Հասնիլը   |   2182. Կաթոլիկներու Գործերը »
© Gratun.org