Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2184. Զինուոր և Տուրք

Զաքարիայի պատրիարքութեան գործերէն վերջին անգամ յիշեցինք Սիմէոնեան տօնացոյցի մասին ըրածները (§ 2040), և Արմաշի վանքին համար ունեցած հոգածութիւնը (§ 2169)։ Բաւական աշխատութեան առիթ տուաւ նաև Աւստրիոյ և Ռուսիոյ դէմ միանգամայն՝ 1787-ին Օսմանեանց բացած պատերազմը, Շուետաց և Լեհաց և Անգղիացւոց օգնութեան վստահանալով, որոնք սակայն չիրականացան (ԺՈՒ. 360)։ Երբոր Օսմանեանց վիճակը ծանրացաւ, եպարքոս Եուսուֆ փաշա մտածեց՝ քրիստոնեայ տարրէն օգտուիլ պատերազմական ոյժերու համար, բան մը, որ ի յաւիտենից ոչ էր եղեալ և ոչ տեսեալ (ԴԻՒ. Ժ. 334)։ Յունաց և Հայոց պատրիարքարանէն պահանջեց, որ առաջինը 2000 և երկրորդը 1000 այր պատերազմական տան տարուէ տարի, Հայերը ցամաքի վրայ, և Յոյները նաւերու մէջ ծառայեցնելու համար։ Պատրիարքներ և մեծամեծներ վրոդովուեցան, աղաչանքի և պաղատանքի դիմեցին, բայց ուրիշ յաջողութիւն չունեցան, բայց եթէ թիւերը նուազեցնել, Յոյները՝ 1800-ի և Հայերը 500-ի, և նոյնչափ այր հզօր տուին տէրութեան չորս տարի շարունակ, պատերազմին տևողութեան միջոցին։ Իսկ չորս տարիներէ ետքը անձերու տեղ հատուցանէին զվարձս հինգհարիւրոց, դրամս հինգ հազար Հայք, նմանապէս և Յոյնք ըստ այնմ հաշուի (ԴԻՒ. Ժ. 3345)։ Թէպէտ որոշակի նշանակուած չենք գտներ, բայց այդ պարագայէն սկսած կը կարծենք, քրիստոնէից վրայ ծանրացող պէտէլը առքէրիէ կոչուած զինուորական տուրքին սկզբնաւորութիւնը։ Եուսուֆ եպարքոսը այսչափով ալ չգոհացաւ, այլ ոչ-իսլամները ուրիշ ծանրութեան մըն ալ ենթարկեց, որ տարուէ տարի Յոյները 5000, Հայերը 4000 և Հրէեաները 3000 օքքա կամ քաշ անծաթ մատակարարեն կառավարութեան ի տպարանս դրամոյ, փոխարէն փողերանոցէն գինը ստանալու պայմանով, դրամն տասն փարա հաշուով։ Արծաթի հանքեր չունէին քրիստոնեաները, որ պահանջուած սակը վճարեն, և պէտք եղաւ որ տուներէն ու եկեղեցիներէն բոլոր արծաթեղէնները հաւաքեն, նաև բռնադատութեան միջոցով, այնպէս որ ոչ կարեմք, կը գրէ յիշատակագիրը, իշխել կանթեղ մի արծաթի կախել յեկեղեցիս (ԴԻՒ. Ժ. 336-337)։ Զաքարիա յատուկ գործակալաց ժողով մը կարգեց, Ոսկերիչ Գրիգորի գլխաւորութեամբ, թէ արծաթը հաւաքելու, և թէ անոնց տեսակն ու աստիճանը ճշդելու պաշտօնով։ Ինքն պատրիարքն ալ ամենայն աւուր երթայր ի Վեզիր խան, և անդ նստեալ յորդորէր, և ստիպանօք բերել կու տար տուներէն, և ևս որքան արծաթ գտաւ յեկեղեցիս (ԴԻՒ. Ժ. 336)։ Ո՛վ գիտէ որչափ թանկագին յիշատակներ ոչնչացան այդ առթիւ, որ բարեբախտաբար չորս տարիէ աւելի չտևեց, և դադարեցաւ հաշտութեան դաշինքներով, որ կնքուեցաւ Աւստրիոյ հետ, 1791 օգոստոս 4-ին, և 1792 յունուար 9-ին Ռուսիոյ հետ (ԺՈՒ. 364)։ Այդ չորեքամեայ միջոցին կէսերուն, 1789 ապրիլ 7-ին, սուլտան Ապտիւլ Համիտ մեռաւ, և եղբօրորդին Սէլիմ Գ. գահ բարձրացաւ, բայց իրողութիւնները միևնոյն կերպով շարունակեցին մինչև հաշտութեանց կնքուիլը (ԺՈՒ. 361)։

« 2183. Անտոնեանց Գործեր   |   2185. Զաքարիա Շինարար »
© Gratun.org