Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2186. Զաքարիայի Բնոյթը

Զաքարիայի գովանելի արդիւնքները իրաւամբ կը բարձրացնեն իր կարողութիւնները և ձիրքերը, մինչ իր բնաւորութեան մասին պակաս չեն մեղադրողներ, վերագրելով խրոխտ ամբարտաւանութեան ոգի մը, խառն արտաքնայարդար ունայնասիրութեան հետ։ Մենք ալ չենք արդարացներ կաթողիկոսական խնդիրին մէջ բռնած ուղղութիւնը, թէպէտ խառն էին իր աթոռին արժանապատուութեան պահանջներն ալ, բայց չենք կրնար համաձայնիլ ինչինչ աւելորդ դիտողութիւններու։ Գրուած է, թէ էր խիստ հանրակաց և դժնահայեաց և յոյժ պատուասէր, թէ չէր մօտենար հասարակաց և գռեհկաց և համայն ժողովրդականաց, թէ միայն ազնուաց և հարստաց էր տեսութիւնն, թէ ի քայլելն և ի ձի հեծեալ երթալն՝ գլուխն ի յետս թեքեալ ընթանայր, և կուրծքն դուրս ունելով, այնպէս որ իբրև անձանեայ շինեալ իր մի էր (ՍՐԳ. )։ Անոնց մէջ եթէ ձևակերպութեանց սէր մըն ալ ենթադրենք, բարոյական մեղադրանքի կէտ մը չենք նշմարեր, քանի որ գիտենք թէ բուռն կերպով ժողովուրդը պաշտպանելու և կարօտելոց օգնելու հետամուտ էր։ Իւր կերպարանն ալ կը մեղադրեն, թէ այլանդակ իմն ցոյց ունելով, յերեսն մազաշատ և բրդոտ և երկայնահասակ էր (ՍՐԳ. )։ Բայց ընդհակառակն կը պատմուի, թէ այնչափ վեհ և փառաւոր կերպարան մը ունէր, որ Էսմա սուլտանուհին, զոր անգամ մը առիթ ունեցանք յիշել (§ 2156), անոր համբաւը լսելով, ուզած է անձամբ ստուգել, և Քուրուչէշմէէ դառնալուն օրն ու ժամը իմանալով, ի կողմն ծովու նստեալ սենեակի միում նաւակով անցնիլը դիտած, և հիացեալ ընդ ահեղակերպ տեսիլ նորա, գոված է ասելով, մաշալլահ, Ալլահա էմանէթ. և մինչև իսկ ետևէն առաքեաց զընծայն իւր՝ առ նա ի Պատրիարքարանն (ԴԻՒ. Ժ. 285)։ Հետևաբար այլանդակ իմն եղած ըսելու տեղի չմնար։ Իսկ խրոխտ վարմունքին մասին ալ հակառակ վկայութիւն կու տալ Պասմաճեանը, թէ Զաքարիա, իւրով պատրիարքական և եպիսկոպոսական կարգովն, յառնէր ի վերայ ոտից և առնէր սպասարկութիւնս և զմատռուակութիւնս (ՊԱՍ. 33), որ բնաւ խրոխտ ամբարտաւանութեան փաստ մը չէ, և չ՚արդարացնէր ուրիշներուն ըսածը, թէ յինքենէ ոչ շարժէր, այլ յայլոց ձեռօքն շարժեալ լիներ (ՍՐԳ. )։ Աւելի արդարացի չ՚երևիր միւս մեղադրանքն ալ, թէ տարագիր արար զբազում գիտուն անձինս, և աստ ի Պոլիս ոչ թողոյր զբանագէտ վարդապետս (ՍՐԳ. ), զի եղելութիւն մըն է՝ գիտուն և բանագէտ վարդապետներ հասցնելու համար անձնապէս աշխատած, և իրապէս հասուցած ըլլալը (§ 2121)։ Եթէ խնդիրը ծայրագոյն նուիրակին Սահակայ՝ բազմիմաստ առն հեռացուելուն համար է (ՍՐԳ. ), այս այն Սահակ Փառակեցին է, որ Էջմիածինի ընտրողական ժողովէն դուրս հանուած էր իր ըմբոստ վարմունքին համար (§ 2149), և Զաքարիայի հետ ալ ունեցած վիճաբանութեան միջոցին համարձակած էր պատրիարքը ապտակել (01. ՕՐԱ. 156)։ Հեռացուելուն հրամանն ալ Ղուկաս կաթողիկոսէ բղխած է, որ եղածը լսելով փութացած է Սահակը զմիւռնիա փոխադրել, և տեղը Մինաս եպիսկոպոսը Կ. Պոլսոյ նուիրակութեան ղրկել։ Իսկ միւս հեռացուածին՝ թրակացի Յարութիւն աստուածիմաստ և Երուսաղէմի նուիրակին համար (ՍՐԳ) որոշ տեղեկութիւն չունինք, այլ հաւանական է անտեղի գործ մըն ալ անոր կողմէ կատարուած ըլլալը։ Զաքարիայի ըրածը՝ առառաւելն պատրիարքութեան թեկնածու և կուսակցութիւններ կազմող եպիսկոպոսներու ասպարէզ տուած չըլլալն է։

« 2185. Զաքարիա Շինարար   |   2187. Զաքարիայի Մահը »
© Gratun.org