Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2189. Դանիէլ Պատրիարք

Թաղումին երրորդ օրը երեքշաբթի մարտ 15-ին յաջորդի ընտրութեան համար, եպիսկոպոսներու և քահանաներու, իշխաններու և էսնաֆներու ժողովը Մայրեկեղեցին գումարուեցաւ։ Ընտրելի առաջարկուեցան, Դանիէլ եպիսկոպոս՝ Էջմիածինի նուիրակը, և Յովհաննէս ու Պետրոս եպիսկոպոսներ Զաքարիայի աշակերտներէն։ Ընտրութիւնը կայացաւ Դանիէլի վրայ, հանրագիրը պատրաստուեցաւ (ԴԻՒ. Ժ. 346) և պետական հաստատութեամբ Դանիէլ պատրիարք աթոռ բարձրացաւ մարտ 17-ին (ՇԱՀ. Ա. 233)։ Դանիէլ Սումառեցի էր բնիկ, համանուն գաւառին մէջ Սուրմառի կամ Սումալու կամ Սիւմէլի աւանէն, որ սակմանակից է Պայազիտ, և թերևս ասկէ կամ Պայազիտ վերաբնակեալ ըլլալէն Պայազիտցի ալ կոչուած է (ԶԱՄ. Բ. 141)։ Իր նախընթացը պատմուած չենք գտներ, և բնական կերպով կ՚ենթադրենք Մայրաթոռի աշակերտած, և այնտեղ մինչև եպիսկոպոսութիւն բարձրացած ըլլալը Ղուկասի օրով։ Ինքն առաջին անգամ գործի վրայ կը տեսնուի, երբ 1796-ին Ղուկասէ կը ղրկուի Զմիւռնիոյ առաջնորդութեան և նուիրակութեան, սակայն այնտեղ հակառակութեանց կը հանդիպի, այնպէս որ կաթողիկոսը կը պարտաւորուի չպնդել, երբոր Զաքարիայի ալ ջանքերը անօգուտ կը դառնան։ Մարտիրոս Կեսարացի եպիսկոպոս Զմիւռնիա կ՚երթայ, և Դանիէլ Կ. Պոլիս կը դառնայ 1797 փետրուար 1-ին։ Զաքարիա պատրիարք նախատեաց զնա բազմադիմի բանիւք (ՊԷՐ. 6), ժողովուրդը շահիլ չկրնալուն համար, և Դանիէլ փութաց մեկնիլ Ռումէլի, իր նոր նուիրակական վիճակը, առանց գարունի բացուելուն սպասելու։ Այնտեղի պաշտօնավարութիւնը յաջող եղաւ, և 1799-ին սկիզբները Կ. Պոլիս եկաւ (01. ՕՐԱ. 165), Մայրաթոռ դառնալու դիտաւորութեամբ։ Զաքարիա տկարացած էր արդէն, և Դանիէլ՝ այր խոհեմազարդ և գովելի վարուք, միանգամայն և շքեղ կերպարանօք (ՊԷՐ. 5), Կ. Պոլսեցւոց համակրութիւնը գրաւեց, որոնք կամաւ անոր մեկնիլը ուշացուցին, մինչև որ քիչ ետքը Զաքարիա վախճանեցաւ, և քանի մը օրէն Դանիէլ յաճորդելու կոչուեցաւ։ Դանիէլ Էջմիածինի ջերմեռանդ և Զաքարիայի հակաղուկասեան և հակասիմէոնեան զգացումներէն ազատ, իր առաջին գործն ըրաւ տօնացոյցի տարբերութեամբ կաթողիկոսութեան և պատրիարքութեան մէջ հաստատուած խտիրը վերցնել (§ 2169) և ամէն կողմ հրամաններ ղրկեց, որ հին տօնացոյցի կիրառութիւնը դադարեցնեն, և Սիմէոնեան տօնացոյցին միայն հետևին, որ ընդհանրացած էր արևելեան գաւառներու կողմը, և շփոթ գործածութեանց պատճառ էր արևմտեան կամ Տաճկահպատակ վիճակներու մէջ։ Այսպէս միանգամ ընդմիշտ փակուեցաւ տօնացոյցի խնդիրը, և այլևս այդ մասին զրոյց կամ դիտողութիւն տեղի չունեցաւ։

« 2188. Զաքարիայի Կտակը   |   2190. Ղալաթիոյ Եկեղեցին »
© Gratun.org