Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2190. Ղալաթիոյ Եկեղեցին

Բարեպատեհ յաջողութիւն մը փառաւորեց Դանիէլի պատրիարքութեան սկզբնաւորութիւնը։ Յիշեցինք արդէն թէ ինչպէս տարիներէ իվեր աւերակ կը մնար Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ հրկիզեալ եկեղեցին, և նոյն ինքն Զաքարիա՝ ձեռներէց և ազդեցիկ պատրիարքը չէր յաջողած անոր վերաշինութեան արտօնութիւնն ստանալ և գործին ձեռնարկել (§ 2185)։ Դանիէլ ալ կ՚երևի թէ դիմում ըրած էր իր պատրիարքութեան սկիզբը, բայց տակաւին սպասած արտօնութիւնը կը յապաղէր, և յատուկ արգելք մը և ձեռքի տակէն խարդաւանանք մը զայն կը խափանէր, ինչ որ ժողովուրդին մէջ մեծ գրգռութեան առիթ կըլլար։ Բայց վերջապէս ի յօգիս ապաստան եղեալ՝ յարեան ի վերայ խումբք ռամկաց սրիկայից և ոլոքամերկից (ՍՐԳ. և ԿՈԼ. 114), և հրապարակային ցոյցի դիմեցին։ Անոնց հետ միացան արք և կանայք, և դիմեցին Քուքաբուի պատրիարքարանը, անմիջական շինութիւնը պահանջելով, և սպառնալով՝ ապաթէոչ վախճան իրին դառնութեամբ վճարի։ Պատրիարքը հազիւ կրցաւ ամբոխը հանդարտեցնել, յանձն առնելով իրենց հետ Ղալաթիա գալ և ընդ բարեխորհ արանց զելս իրացն խորհիլ։ Իրոք ալ նոյնժամայն անցաւ Ղալաթիա, և օրն էր շաբաթ, 1799 սեպտեմբեր 17։ Բայց պատրիարքին պետ Ղալաթիա հասաւ հրամանն արքայի, աւետաւոր յաղագս շինման տաճարին։ Անշուշտ պատրիարքական դիմումներուն յապաղեալ պատասխանն էր, որ հապճեպ կերպով կը տրուէր՝ երբոր ժողովրդական յուզման և սպառնական շփոթի լուրը կառնուէր։ Շիշենք թէ Նարօլէոնի Եգիպտական արշաւանքին օրերն էին (§ 2180), և Օսմանեան բանակին Գաղղիական գունդերէն Ապուքիրի մէջ կրած պարտութեան գոյժն ալ նոյն օրերուն Կ. Պոլիս կը հասնէր (ԺՈՒ. 366)։ Հրամանին հասնելուն յաջորդ օրը, սեպտեմբեր 18 Վարագայ խաչի բարեկենդանի կիրակին, Ղալաթիա կու գային պետական իշխան ճարտարաց Արիֆ Աղա, և Հայազգի ճարտարապետ Մինաս Գալֆա, տեղւոյն վրայ շինութեան չափերը կը հաստատէին, և երկուշաբթի սեպտեմբեր 19-ին, նախ ինքն Դանիէլ պատրիարք առեալ ի ձեռս օրհնութեամբ զբրիչ գործի, հիմերուն պեղումը կը սկսէր, և ժողովուրդը ետևէն գործին վրայ կը թափուէր, և յետ ութն շաբաթուց, այսինքն 56 օրէն, նոյն 1799 տարւոյ նոյեմբեր 13-ին, Յիսնակաց բարեկենդանի նախընթաց կիրակին, Պատրիարքը եկեղեցւոյն օծման տօնախմբութիւնը կը կատարէր (ՍՐԳ. և ԿՈԼ. 115), Զաքարիայի աշակերտներէն Յովհաննէս և Պետրոս և Յակոբոս եպիսկոպոսներու ընկերակցութեամբ (ՊԷՐ. 8)։ Այս շինուածն է, որ դեռ այսօր կանգուն կը մնայ։ Շինուածը կը նկարագրուի, շքեղ և փառաւոր, հոյակապ և զարմանալի, կամարձև յօրինեալ, կրամած սպիտակ և պայծառ, ըստ ամենայնի գեղեցիկ. (ՍՐԳ. և ԿՈԼ. 115)։ Որչափ ալ շինուածին նիւթերը պատրաստ եղած, և ժողովուրդը խմբովին ցերեկ ու գիշեր շինութեան աշխատած ենթադրենք, տակաւին մեզի անհնարին կ՚երևի 56 օրուան մէջ Ղալաթիոյ երեքխորանեան եռամասնեայ եկեղեցւոյն շինութեան վերջանալը. և պէտք է ենթադրել, թէ շինութեան վերիվերոյ աւարտումը բաւական սեպուած է օծման համար, և հետզհետէ շարունակուած են ներքին յարդարումները և զարդերը։

« 2189. Դանիէլ Պատրիարք   |   2191. Էջմիածինի Տագնապները »
© Gratun.org