Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2193. Ռուսահայ Գաղութներ

Ժամանակին նշանաւոր անձնաւորութիւն մըն էր նաև Ջուղայեցի Աղազարը, 1747-ին Աստրախան և 1749 Մոսկուա եկած, և Ռուսաստանի մէջ ընտիր դիպակի և կերպասի գործարաններու սկզբնաւորողն եղած, որով մինչև կայսերական արքունինքին պաշտպանութիւնն ու համակրանքը գրաւեց, և ազնուականութեան պատւոյն բարձրացաւ։ Սա ինքն է հռչակաւոր Լազարեան գերդաստանին նահապետը, որ անունով ճանչցուած Աղազարի զաւակները, ուղիղ անուամբ Եղիազարի, և Ռուսական հնչմամբ Լազար կոչուած։ Աղազարի զաւակներն էին, Յովհաննէս, Մինաս Խաչատուր և Յովակիմ, որ հօրենական ձեռնարկները ծաղկեցուցին, և զգացումները ընդարձակեցին, և ռուսաբնակ Հայութեան գլուխները ճանչցուեցան, իրենց կարողութեամբ և հարստութեամբ, նախաձեռնութեամբ և բարերարութեամբ։ Լազարեան զաւակներուն յաջողութիւնները քաջալերեցին Հայերուն դէպի Ռուսաստան գաղթականութիւնը, և Կովկաս լեռներու հիւսիսակողմը հետզհետէ շէնցաւ հայաբնակ քաղաքներով, մանաւանդ երբ Սիմէոն յաջողեցաւ այն կողմերը Աղուանից աթոռին ոտնձգութիւններէն ազատել, և ուղղակի Մայրաթոռոյ իրաւասութեան ներքև մտցնել կայսերական հաստատութեամբ (§ 2094)։ Ռուսական կառավարութիւնն ալ ամէն կերպով կը քաջալերէր այդ գաթականութիւնները, մանաւանդ թէ զայն իբրև զէնք գործածեց Խրիմի խանութեան տիրելու, և իր տիրապետութիւնը Սեւ Ծովի վրայ տարածելու համար։ Առաջ 1774 յուլիս 21-ին Քիւչիւք-Քայնարճըքի դաշնագրով Խրիմի խանութեան անկախութիւն տրուեցաւ, և Օսմանեան գերիշխանութիւնէն հանուեցաւ (ԺՈՒ. 358), Շահին Կէրայ՝ Ռուսիոյ համակիրը Օսմանեան համակիր եղող Տէվլաթ Կերայի տեղ խան կամ իշխանապետ եղաւ (ԺՈՒ. 359), հնարիմացն կոմս Գրիգոր Պօտեմկին (Potemkin) հարաւային Ռուսիոյ կուսակալ անուանուեցաւ, և ամէն միջոց գործածեց Խրիմի քրիստոնեաները գաղթել տալու՝ որ խանութիւնը տկարացնէ։ Գաղթականութիւնը սկսաւ 1778 օգոստոսին (63. ԿՌՆ. 321), և 12,000-է աւելի Հայեր փոխադրուեցան Տօնի գետաբերանը (ԱՐՂ. 54), ուր տարիէ աւելի վերաբնակ անցընելէ ետքը, 1779 նոյեմբեր 4-ի հրովարտակով Նոր-Նախիջևանի տեղը ստացան, և 1780 յունուար 14-ին սկսան զշինուածս շինել (63. ԿՌՆ. 323) նորոգ քաղաքիս և հնգեսին սորին գիւղօրէիցն մէջ (63. ԿՌՆ. 324)։ Նոյն միջոցին Խրիմի մէջ ներքին խռովութիւններ գրգռուեցան, Ռուսական բանակը Խրիմ մտաւ, Շահին Կէրայ հրաժարիլ ստիպուեցաւ, և 1783-ի ապրիլին Խրիմի թերակղզին և Քուպանի նահանգը Ռուսական գաւառ հռչակուեցան (ԺՈՒ. 359)։

« 2192. Արցախեցիք Եւ Յովսէփ   |   2194. Յովսէփի Ձեռնարկները »
© Gratun.org