Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2194. Յովսէփի Ձեռնարկները

Այս եղելութեանց մէջ գլխաւոր դերակատար կը գտնուէր Արղութեան՝ Ռուսաստանի երիտասարդ առաջնորդը, որ գիտցած էր Հայ գաղթականութեան գլխաւորները շուրջը բոլորել, կոմս Պօտեմկինին անձնական բարեկամութիւնը շահիլ (ԱՐՂ. 44), անոր միջնորդութեամբ արքունեաց հետ յարաբերութիւն ունենալ, և Ռուսական քաղաքականութեան ճարտար օգնականը ըլլալ։ Հարաւային գաւառներու մէջ հաաբնակութեանց փոփոխութիւններ՝ Սիմէոնը յորդորեցին այն կողմերն ալ Յովսէփի յանձնել, Խրիմու առաջնորդ Պետրոս վարդապետին 1779 յունուարին վախճանելուն վրայ։ Անկէ ետքն է որ Նախիջևանի հիմնարկութեան հրովարտակը ստացուեցաւ, երբ Յովսէփ Աստրախանէ Պետրբուրգ անցաւ, եկեղեցւոյ օծման պատճառով, և մեծամեծներու հետ միտնալով զաղերս մատոյց ի ձեռն ազնիւ աղա Յովհաննէսին Եղիազարեանց որ հօրը տեղը անցած էր, և ընդունուեցաւ զկատարումն խնդրանաց զյատուկ տեղ և անոանեցաք, կ՚ըսէ, զքաղաքն մեր Նախիջևան (63. ԿՌՆ. 322)։ Ասոր վրայ 1780 փետրուար 18, երեքշաբթի, Սուքիասեանց տօնին օրը, կ՚օծէ Պետրբուրգի Ս. Կատարինէ եկեղեցին, և կայսրուհիէն կը պատուուի ընդունելով զպնակէ և զխաչ պարանոցի յոյժ թանկագին։ Մարտ 10-ին կը ստանայ Խրիմու առաջնորդութեան պաշտօնագիրը (63. ԿՌՆ. 323), և մայիս 9-ին կայսրուհւոյն կը ներկայանայ։ Սիմէոնի մահուան վրայ, Ղուկասէ նոր կոնդակ կը ստանայ, և 1780 նոյեմբեր 4-ին կու գայ ի նորաշէն քաղաքս Նախիջևան 1781 ապրիլ 4-ին, Զատկի օրը կ՚օծէ զփայտեայ եկեղեցին Նախիջևանու յանուն Խնդրակատար սուրբ Աստուածածնի ապրիլ 21-ին թափորով և անդաստանով կը դնէ զհիմնաքարինսն ի չորս կողմանս քաղաքիս, մայիս 9-ին Նախիջևանի մէջ զհոգևոր դատարանս և զբազում կանոնս կը հաստատէ. և յունիս 6-ին Կատարինեսլավ նոր քաղաքին մէջ Ս. Աստուածածին եկեղեցին կը հիմնարկէ, և սեպտեմբեր 9-ին Մոսկուայի Ս. Խաչ եկեղեցին կ՚օծէ (63. ԿՌՆ. 322-328)։ Այսպէս կը շարունակէ Յովսէփ զանազան քաղաքներու մէջ եկեղեցիներ հիմնարկելով և նուիրագործելով, որոնց ցուցակը կազմած է ինքը, և որուն մէջ յատուկ յիշատակութեան արժանի կը սեպենք հիմնարկէքի օրհնութիւնը (63. ԿՌՆ. 598)։

« 2193. Ռուսահայ Գաղութներ   |   2195. Ռուսիոյ Մերձեցում »
© Gratun.org