Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2196. Արցախի Շարժումը

Արղութեան իր ձեռնարկներուն մասին փութաց տեղեկութիւններ հասցնել Ղարաբաղի իշխաններուն, և յատկապէս Աղուանից կաթողիկոս Յովհաննէսին, որ իր դիրքովը և իր նախորդներէն՝ Սիմէոնէ (§ 1845) և Եսայի (§ 1899) մնացած աւանդութեամբը, և շուրջ գտնուող Արցախեցի լեռնականներուն ազդեցութեամբը՝ միշտ շարժումի պատրաստակամ զգացումները կը տածէր։ Գանձասարի աթոռանիստ վանքին մէջ մելիքներու ժողով կազմուեցաւ, և որոշում տրուեցաւ Շուշու խան Իբրահիմի ձեռքէն ազատելու համար ոտք ելնել, շարժումին սկզբնաւորութիւնը տալ, և Ռուսական բանակին առիթ ընծայել՝ արևմտեան Կասպիական գաւառներէն դէպ յառաջ քալել, ինչպէս որ յուսադրութիւն յայտնած էին Արղութեան և Լազարեան։ Այդ որոշման վրայ փութացին Ռուսաստան, որպէսզի անոնք ալ գործը կայսրուհւոյն և իր նախարարներուն և զօրավարներուն հաղորդեն (ԶԱՄ. Բ. 74)։ Բայց նորէն ներսէն սկսաւ Հայոց ձախողուածը։ Նոյնինքն Յովհաննէս կաթողիկոսի եղբայրը Ալլահղուլի կամ Աստուածատուր բէկն էր, որ իր եղբօր և իշխաններուն խորհուրդը Իբրահիմ խանին կ՚իմացնէր, և դեռ անոնք գործի ձեռնարկած չէին։ Ռուսաստան ղրկուելիք գրութիւնները տանող՝ Գրիգոր ժիր սուրհանդակն ալ, Իսրայէլ հակաթոռին միջոցով կը ձերբակալուէր Գանձակի մէջ և Իբրահիմ իր սովորական բռնութեանց վրայ վրէժխնդրութիւնն ալ կը բարդէր։ Ուստի գլխաւոր մելիքներ կը փութան Իբրահիմի սահմաններէն խոյս տալ, և Գանձակ ապաստանիլ (ԶԱՄ. Բ. 74), և միայն երեքը հրապուրուելով Իբրահիմի մօտ կու գան. Մէջլում և Աբով կը բանտարկուին, և Բուխտամ կ՚աքսորուի (ԱՐՂ. 135)։ Աւելի դժբախտ եղաւ Յովհաննէս կաթողիկոսի վիճակը, որ բռնաւորին ձեռքը ինկաւ, և անխնայ գանակոծութեան ենթարկուեցաւ, մինչև որ նոյն իսկ մտրակի հարուածներուն ներքև հոգին աւանդեց (ՄՈՎ. 318, ԶԱՄ. Բ. 74), թէպէտ ուրիշներ բանտի մէջ թունաւորուած կը կարծեն (ԱՐՂ. 135)։ Իսրայէլ փութացած էր Գանձակ գալ, իր դաւաճանութեան վարձքը ստանալ, և Գանձասարի աթոռին տիրանալ, բայց նպատակին չհասաւ, զի ոչ ժողովուրդը և ոչ Էջմիածինի աթոռը հանդուրժեցին անոր կաթողիկոսանալուն։ Ղուկաս գիտէր՝ որ իր ընտրութենէն առաջ. Իսրայէլ հետամուտ եղած էր Էջմիածինի տիրանալ (ԴԻՒ. Դ. 32 և 124), բայց այսուհանդերձ չէր քաշուած անոր սիրալիր գիրեր ալ ուղղել, հանդարտ պահելու համար (ԴԻՒ. Դ. 17 և 39)։ Ասով մէկտեղ Ղուկաս չէր վարանած յայտարարել, թէ հաստատուն և անդառնալի վճռափակ թղթով հրամայեալ է, առ ի բառնալ զկաթողիկոսական անուն Իսրայէլին յեկեղեցեաց մերոց (ԴԻՒ. Դ. 504)։ Գանձասարի վանքը, Յովհաննէսի պահուն աւարի և կողոպուտի մատնուած էր, և հազիւ թէ քիչ մը բան կրցած էր ազատել, և ամուր տեղեր պահած (ՄՈՎ. 318)։ Իսկ Աղուանից աթոռը անկերպարան վիճակ ունէր, ոչ Իսրայէլ օրինաւորապէս ճանչցուած էր, և ոչ ուրիշ օրինաւոր կաթողիկոս անուանուած էր։ Այսպէս շարժումի գործը դեռ հրապարակ չնետուած՝ խանձարուրին մէջ խեղդուեցաւ, թէպէտ Արղութեան չյուսահատեցաւ և նորէն շարժումը կ՚ուզէր վերանորոգել, մինչև իսկ անձամբ տեղւոյն վրայ գործերը կարգադրելու յանձնառութեամբ (ԱՐՂ. 136)։ Հազիւ թէ 1787-ին Ռուսական գունդ մը Վրացւոց օգնութեան եկաւ. մելիքներն ալ միացան, և Իբրահիմի զօրքերուն լաւ ջարդ տուին. բայց յանկարծ Ռուս գունդերը ետ դարձան, զի Օսմանեանց հետ պատերազմը կը պարտաւորէր այն կողմը զօրացնել (ԺՈՒ. 360)։ Մելիքներն ալ ստիպուեցան խոյս տալ Վրաց և Ռուսաց կողմերը։ Իբրահիմ անոնց կալուածները գրաւեց, Արցախը իր կիսովի անկախութենէն զրկուեցաւ, մնացած ժողովուրդը ընկճուեցաւ, և անգամ մըն ալ ակնկալութիւններ յուսախաբութեան փոխուեցաւ (ԱՐՂ. 138)։

« 2195. Ռուսիոյ Մերձեցում   |   2197. Ղուկասի Ընթացքը »
© Gratun.org