Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2198. Զանազան Շփոթներ

Ղուկաս չէր կրնար չտեսնել այն ահեղ տագնապները՝ որոնք Մայրաթոռին շուրջը բոլորած էին, և աւելի մեծեր ալ կը սպառնային։ Հերակլ Վրաց թագաւոր 1787-ին Իբրահիմ խանին վրայ ելաւ, որովհետև իր կողմէն Ղաղախու և Շամշուլտէի իսլամ բնակիչներէն մաս մը Իբրահիմի կողմը գաղթած էր ընդհակառակն Իբրահիմի կողմի Հայերն ալ Վրաց կողմը անցնելու համար պաշտպանութիւն կուզէին։ Հազիւ պատերազմը կը սկսի, Վրացիք կը պարտաւորուին ետ դառնալ, զի Ուման խան իրենց երկիրը մտած էր։ Ուման կը պարտաւորուի տեղի տալ (ԴԻՒ. Ա. 12), և Վրացիք Իբրահիմի դէմ պատերազմը կը նորոգեն 1788 գարունին, և իբրև ամիսս երիս, զգերի ՛ զաւար կողոպտեալ ետ կը դառնան, առանց Գանձակ քաղաքը կարենալ նուաճելու։ Վրացւոց հետ կը գտնենք Հայագունդ մըն ալ Մէջլում և Աբով մելիքներու հրամանատարութեամբ (ԴԻՒ. Ա. 13), որոնք յաջողած էին Իբրահիմի բանտէն ազատիլ (§ 2196)։ Բայց Իբրահիմ առով չ՚ազատիր, նոր ոսոխ մը կ՚ելլէ իրեն դէմ, Ֆաթալի խան՝ ներքինի Շահ անուանեալն, որ Վրացիներուն հետ դաշնակցելով կ՚ուզէ Իբրահիմը ընկճել, և 1789-ին պատերազմը կը նորոգէ։ Գանձակի կառավարիչ խանը՝ Իբրահիմէ ապստամբելով դաշնակիցներուն կը հնազանդի, բայց Իբրահիմի բախտէն Ֆաթալի կը մեռնի, և Իբրահիմ արծարծէ զիւրն չարութիւն (ԴԻՒ. Ա. 14), և երկկողմանի աւերումներ կ՚ընդարձակուին։ Ասոնց կը բարդուին Բագրևանդի մեծ երկրաշարժն ալ, որ մինչև իսկ Ս. Յովհաննու հոյակապ եկեղեցւոյն պատն ալ կը վնասէ (ԴԻՒ. Ա. 15)։ Նոյն միջոցին Երեւանի Մահմատ խանն ալ (§ 2191) հրապարակ կը նետուի։ Հին Նախիջևանը Իբրահիմի ձեռքէն կ՚առնէ, և հոն իր կողմէն նոր կառավարիչ կը հաստատէ։ Նա Պայազիտի կուսկալին բանակն ալ ետ կը վանէ, որ մինչև Երասխի եղերքը հասած էր, այլ Պայազիտի բերդին տիրել չկրնալով, Արծափն ու Քօրունը ու Մուսունը այրելով և կողոպտելով ետ կը դառնայ։ Այդ կռիւներուն հետևանքն եղող վնասք և աւերութիւն՝ գրեթէ ըստ մեծի մասին եղեն ի տառապեալ ազգս Հայոց (ԴԻՒ. Ա. 17)։ Բայց կացութիւնը ալ աւելի աղետալի դարձաւ 1790 տարին։

« 2197. Ղուկասի Ընթացքը   |   2199. Հայոց Արկածներ »
© Gratun.org