Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2199. Հայոց Արկածներ

Երեւանի խանը վերահաս վտանգէն վախնալով, զծանրագին զարդս և զինչս իւր, Խոյ քաղաքը յղած էր Հիւսէին խանի հոգածութեան յանձնելով բայց երբ ետ ուզեց՝ աւանդը զլացուեցաւ, և Մահմատ պարտաւորուեցաւ պատերազմով ստանալ իր ինչքը, և Հիւսէյինի եղբայրը Ջաֆարղուլի խանը պատանդ առնելով տեղը դառնալ, կարծելով թէ հին բարեկամութիւնը վերահաստատուած է, պատանդը կարձակէ, բայց նա Երևանի զորութեան վրայ քաղած տեղեկութիւններուն յենելով, պատերազմը կը նորոգէ 1790 գարունին, և մինչև Երևան կը յառաջէ, Մահմատ նեղի մտած, Երևանի բերդին մէջ կամրանայ, իրեններն ալ շրջակայ մասնաւոր բերդերուն կապաւինին, Էջմիածինի Մայրաթոռն ալ իր պարիսպներով և աշտարակներով, իբրև ամրոց կը գործածուի և պատերազմի ամբոխով կը լեցուի։ Ղուկաս կաթողիկոս տագնապալից վիճակի կենթարկուի, ոչ միայն նիւթական նեղութիւններով, այլև բռնելու ընթացքին կողմէն։ Մայրաթոռը Երևանի խանին հպատակն էր, և Մահմատ ազդարարութիւն կը յղէր կաթողիկոսին, որ թշնամիին դէմ դնէ, մի՛ գուցէ հաղորդութիւն արասջիք ընդ նոսա, և կամ տաջիք նոցա զկերլիս ինչ, այլ հարջիք և ի բաց վանեսջիք։ Միւս կողմէն Ջաֆարղուլի կաշխատէր կաթողիկոսը իր կողմը շահիլ, վստահեցնելով թէ առ ձեզ հաստատուն է մերս բարեկամութիւն (ԴԻՒ. Ա. 21)։ Հիւսէյին խան ալ Խոյէ կը հասնէր, և եղբօրը հետ պատերազմը կը սաստկացնէր, ու Նորագաւիթ գիւղէ մեկնելով, ուր իրենց բանակտեղն էր, Փարաքար կու գար՝ հուրբ ծախելով հանդիպած գիւղերը։ Այս կերպով Հիւսէյին և Ջաֆարղուլի եղբայրներ Էջմիածինի մօտեցան, և յաւարի առին զբազմութիւն արօտականացն աթոռոյն, Կուսանաց երեք վկայարաններէն ալ առին յաւարի զոր ինչ գտինն, և Ս. Գայիանէի վանքին ետևէն անցնելով Քասաղի եզերքը բանակեցան, և կաթողիկոսը տեսութեան հրաւիրեցին։ Ղուկաս վկայելով Մէկտեղ, թէ սէր մեր ընդ ձեզ հաստատուն է, հրաւիրէին չգնաց, պատճառելով թէ իշխանութիւն ամրոցիս չէ ի ձեռս մեր (ԴԻՒ. Ա. 22)։ Երբոր Էջմիածինի մէջ մեծագոյն վտանգի վախով կը տագնապէին, Խօյեցիք յանկարծ պաշարումը վերացուցին, և հետզհետէ Երասխի մօտ Զէյվէ գիւղը, Բլուր բերդը, և Օրթալուի անցքը դադարներ ընելով, դարձան իրենց երկիրը՝ Մակու գաւառը։ Արշաւանքին արդիւնքը Երեւանի գաւառին Հայերուն ընդհանրապէս, և Մայր աթոռին մասնաւորապէս կրած վնասներն եղան, ոչ միայն ի թշնամեաց անտի, այլև յերկրացի աւազաւասարաս սրիկայիցն։ Անոնց մեկնելէն ետքը, Երեւանի Մահմատ խանը առիթ գտաւ Հին Նախիջևանի կողմը յարձակիլ, և ինքն ալ իր մասին նոր աւերածներով, կարծել իրեն սահմանին մէջ եղածներուն լուծել, այլ մանաւանդ Հայք էին, որ կրէին այդ նեղութիւնները։ Զի ինչպէս նոյնինքն Ղուկաս կը գրէ, բազում վանօրայք և եկեղեցիք կողոպեցան և աւերեցան, և մանկունք նոցին գերեցեալ ցիրեւցան եղեն, և որք մնացեալք են, այնոքիկ ևս որ աւուր կողոպտին և ոտնակոխ լինին (ԴԻՒ. Ա. 24)։ Այսուհանդերձ պահ մը Մայրաթոռին շուրջը պատերազմական արկածները դադարեցան, զի Պարսկաստանի մէջ գահակալութեան ներքին մրցումները գրաւած էին բռնապետ խաներուն գործունէութիւնը։

« 2198. Զանազան Շփոթներ   |   2200. Ռուսական Դաշնագիր »
© Gratun.org