Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2200. Ռուսական Դաշնագիր

Յիշեցինք թէ Արղութեան և Լազարեան ձեռնթափ եղած չէին Հայկական խնդիրը գրգռելէ (§ 2196), և այդ մասին հետաքրքրական գրուածներ կը հաստատեն մեր ըսածը։ Կրկին ծրագիրներ, փոխանակուած կը գտնենք 1780-ին վերոյիշեալներուն՝ և Ռուսական կառավարութեան կողմէն իրենց հատ բանակցող Պօտեմկինի միջև (ԴԻՒ. Դ. 831)։ Հայոց ծրագիրը 18 յօդուածներ ունի, որով ապագայ Հայոց թագաւորութեան և Ռուսաց կայսրութեան միջև յարաբերութիւնները կը գծուին, և կը վճռուի կապակցութիւն երկուց թագաւորութեանց մեծ դաշամբ յաւիտենականաւ։ Առջի յօդուածներով կրօնական յարաբերութիւններ կը հաստատուին երկու եկեղեցիներու մէջ. 5-րդ յօդուածով կ՚ընդունուի Ռուսական բանակի մը Հայոց թագաւորութեան մէջ մնալը, և 6-րդ յօդուածով ալ Հայոց կողմէ հարկ վճարուիլը ի հանքաց ոսկւոյ և արծաթոյ, և կ՚ընդունուի պատերազմի ատեն իրարու զինու զօրութեամբ օգնելու պարտաւորութիւն։ Հայոց թագաւորը կայսրուհւոյն կամքով պիտի ընտրուի, Էջմիածինի մէջ պիտի օծուի, և Վաղարշապատ կամ Անի, կամ Արարատ ուրիշ պատճառաւոր քաղաք մը պիտի նստի։ Նալեան Տապանի և Լուսաւորչի և Դաստառակի ասպետական շքանշաններ պիտի հաստատուի ազգային գոյները պիտի ըլլան կարմիր և կանաչ և կապույտ. զինանշանը արծիւ միագլխի և երկու առիւծ. հին նախարարութեանց սերունդները իբր իշխանական տուներ պիտի ճանչցուին. գիւղեր կալուած պիտի ըլլան՝ բայց ոչ երբեք մարդիկը ստրուկ կաթողիկոսն ալ Հայոց թագաւորին առաջարկութեամբ, պիտի ընտրուի։ Վերջնապէս երկու թագաւորութեանց մէջ առևտրական պայմանագիր, և փախստականներու դաշնագիրներ պիտի հաստատուին։ Իսկ Ռուսաց կողմէն մատուցուած ծրագիրը, Հայոց իշխանութիւնը նախարարութիւն կ՚անուանէ, թէպէտ կը յաւելու թէ Ռուսիա զայն իբրև զթագաւոր պիտի ճանչնայ։ Ռուսական 6000 մարդու բանակ մը Հայաստան պիտի մնայ մինչև տասը տարի, որ անկէ ետքը 4000-ի, և 15 տարիէն 2000-ի պիտի իջնայ, և 20 տարիէ բոլորովին պիտի քաշուի։ Այս բանակին համար Հայեր 60,000 թուման պիտի վճարեն. կէսը դրամ և կէսը պարէն, որ համեմատաբար պիտի նուազի՝ գունդերուն քաշուելովը։ Իսկ Հայաստանի զինուորութիւնը և ամրոցները Ռուսաց սպարապետին հրամանին ներքև պիտի ըլլան։ Հայեր իբր հարկ պիտի վճարեն 20 մսղալ զուտ ոսկի, 3 ձի և 6 խոյ։ Ռուսաց բարեկամին և թշնամիին թշնամի պիտի ըլլան, և պատերազմի առթիւ 6000 զօրք պիտի տան օգնութեան։ Եկեղեցական և առևտրական և քաղաքական յարաբերութիւնները փոխադարձաբար ազատ պիտի ըլլան։ Երկրին հասոյթներէն պիտի հոգացուին թէ Ռուսական բանակին ծախքերը և թէ եկեղեցական և բարեգործական հաստատութեանց պէտքերը, և վերջապէս Գերմաիոյ կայսրը իրաւարար պիտի ճանչցուի երկու կողմերու միջև տեղի ունենալիք խնդիրներուն ատեն։ Այս ծրագիրը 20 յօդուած ունի, և 1779-ին պատրաստուած և 1786-ին թարգմանուած կ՚ըսուի (ԴԻՒ. Դ. 737), միայն թէ փոխանակութիւնը 1789-ին եղած է (ԴԻՒ. Դ. 731)։ Ուզեցինք ծրագիրները քաղել իբրև հետաքրքրական տեղեկութիւն, թէ ոչ գործնական արդիւնք մը ունեցած ըլլալնին տեսնուած չէ։

« 2199. Հայոց Արկածներ   |   2201. Մահմատ Խաճար »
© Gratun.org