Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղուկաս Ա. Կարնեցի

2203. Էջմիածինի Շուրջը

Ֆէթհալի հակառակ իր հօրեղբոր ընթացքին, խաղաղ կառավարութիւն սիրող յայտնուեցաւ, թող տալով որ իւրաքանչիւր նահանգի մէջ՝ բռնապետներ իբր կուսակալներ ըստ հաճոյս կառավարեն, միայն թէ ինքն ալ իր կեդրոնին մէջ հանդարտ ապրի։ Երևանի մէջ նստող Ալիղուլին, Մահմատի եղբայրը, քաղաքացիներու հակառակութենէն ստիպուեցաւ մեկնիլ, թերևս եղբօրը յաջորդելու ալ ձգտումներ ունէր, բայց չյաջողեցաւ։ Մահմատ խան Երևանի նախկին բռնապետը, որ աքսորուած էր (§ 2202), արտօնութիւն ստացաւ տեղը դառնալ։ Իբրահիմ խան որ Կովկասի լեռները փախած էր, համարձակութիւն առաւ Շուշի վերադառնալ և վշտաւոր և լի ամենայն արհաւրօք օրեր նորոգուեցան, ինչպէս կը գրէ Ղուկաս և ցաւագին շեշտով կը հառաչէ, դուռն այցելութեան դարձեալ փակեցաւ, ակնարկելով Ռուսական բանակին քաշուելուն, անօգնականքն ի՞ւ զօրասցին առնել զիմն (ԴԻՒ. Ա. 35)։ Յիշատակագիրը 1797 հոկտեմբեր 29-ին գիշերը՝ Օշականի մէջ Խամսեցի Յակոբ եպիսկոպոսի աւազակներէն սպանուիլը պատմելէն ետքը կը յարէ, թէ անօրէնքն մնացին անպատիժ, ըստ որում և ժամանակաւորքն իսկ էին անօրէնք (ԴԻՒ. Ա. 37)։ Իսկ ընդհանուր կացութեան մասին Ղուկաս կը գրէ, թէ ի պէսպէս ծանր գործառնութեանց և ի սաստիկ սղութենէ ի յետին դառնութիւն չքաւորութեան ժամանեայ ենք, և կասկածանօք ապառնի վտանգից թախծիմք առ հասարակ (ԴԻՒ. Ա. 38)։ Բռնապետներու իրարու հետ պատերազմները շարունակեցին 1798 տարւոյ ընթացքին մէջ, և Դավրէժի և Խոյի և Երևանի խաներուն միջև մղուած թշնամութեանց մէջ Մայրաթոռն ալ կրկին ոտնակոխ եղաւ, մինչև իսկ Խոյի Ջաֆարղուլին 14 օր վանքին մէջ մնաց իր մարդիկներով հանդերձ բազում վնասուք և որովհետև տարագրեալ էր ի սահմանաց անտի Խոյու, իր սեփական գաւառէն, տատաեալ տարուբերէր Էջմիածինի շրջանակները, Բարդող լերան Երասխաձորի կողմերը, մինչև որ հաստատուեցաւ Թալին, և իրենները սփռեց զստորոտովք Արագած լերին (ԴԻՒ. Ա. 40), հայաբնակութեան գլխուն նոր պատուհաս դառնալով։ Այսպէս 1798 տարին ալ ոչ Հայերուն դիւրութիւն և ոչ Ղուկասի հանդարտութիւն բերին, և միշտ միևնոյն տառապագին վիճակն էր, որ երկրին վրայ կը ծանրանար։ Ամէն դժբախտութեանց վրայ ժանտախտն ալ սկսաւ Արցախի և Գանձակի կողմերը, և աւելի Վրաց երկիրը, մինչև մեծ թախանձանօք քանիցս խնդրեաց Ղուկասէ նոր արքայն Գէորգի՝ զսուրբ Գեղարդն, և կաթողիկոսն զիջաւ յղել այն 1798 նոյեմբեր 3-ին Յովհաննէս վարդապետի ձեռօք, և ի ժամանելնինչպէս կը կարդանք։ Աստուծոյ ողորմութեամբն փարատեալ է ախտն (ԴԻՒ. Ա. 41)։ Վրաց նոր թագաւորը յիշեցինք, և եւգլցնենք թէ Հերակլ, որուն 1795-ին Թելաւի կողմերը փախուստը ատմած ենք (§ 2201), նոյնտեղ հիւանդացաւ և մնաց վասն զառամութեանն մինչև որ մեռաւ 1797 փետրուարին, և կը աւագ որդին իրեն յաջորդեց և Ֆէթհալիէ հաստատութիւն ստացաւ հպատակութիւն խոստանալով բայց Տփղիսի աւերածը և ժանտախտի վախը զինքն ստիպեցին Կախեթի կողմերը մնալ (ԴԻՒ. Ա. 34-35)։

« 2202. Մահմատի Արշաւանքը   |   2204. Ղուկասի Մահը »
© Gratun.org