Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Սուրբ Աբգար

ԱԲԳԱՐ, սուրբ Աբգար, ըստ ավանդության I դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը, պարթև Արշակունի Արշամի որդին։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր (Գիրք 2, գլ. ԻԶ, Իէ, ԻԸ, ԻԹ), ըստ այլ աղբյուրների ասորի թագավոր։

Աբգարը եղել է Օսրոյենեի թագավորության (Ք.ծ.ա. 132 — Ք.ծ.հ. 216) բոլոր գահակալների անունը։ Պատմ. փաստերի Համաձայն, քրիստոնեությունն առաջինն ընդունած (207-ին) թագավորը եղել է Ա. IX (179—214)։ 91-ին Օսրոյենեի դահը գրաված Հայոց թագավոր Սանատրուկը ստացել է «Եդեսիո թագավոր» տիտղոսը, ենթադրվում է՝ նաև Ա. անունը։ Մովս ես Խորենացին, հիմնվելով հայերեն թարգմանված ասոր. բնագույն աղբյուրների վրա («Վարդապետութիւն Ադդէի», «Լաբուբնեայ Դիւանագրի Եդեսիոյ. Թուղթ Աբգարու», 1868), Ա. IX-ի դարձի ավանդական պատմությունը վերագրել է Ա. V-ին, որն ապրել է I դ., Հիսուս Քրիստոսի ժամանակ, լսել Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատացել, որ «դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարոդ մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված» (Գիրք 2, գլ. Լ)։ Եվ հավատալով, որ Հիսուսը ճշմարիտ Աստծո Որդին է, իր բանբերների միջոցով թուղթ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, «որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով» (նույն տեղում) բորոտությամբ։ Ա. արժանանում է Փրկչի պատասխանին՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով։ Պատասխան թղթում ասվում է, որ Փրկիչը դեռ գործ ունի կատարելու Երուսաղեմում, բայց կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, կբժշկի «և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարդում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք (Գիրք 2, գլ. ԼԱ, ԼԲ, ԼԳ)։ Այնուհետև Ա. թագավորը նամակներ (թղթեր) է հղում Հռոմ. Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի. նաև հանձնարարում է, որ փնտրեն ու գտնեն Հիսուսի առաքյալներից մեկին (որը, հավանաբար, եղել է Սիմոն կամ Շմավոն Նախանձահույզը)՝ նրանից արքայության խոսքը լսելու նպատակով։ Ա. մահացել է «երեսուն և ութ տարի թագավորելուց հետո», հավանաբար՝ Ք.ծ.հ. 37—ին կամ 50—ին։ Աբգարի թղթերը և պատասխանները («Հինգ թղթերի պատճենները») տրված են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 2-րդ Գրքում (գլ. ԼԱ, ԼԲ, ԼԳ)։

Ըստ ասոր. «Վարդապետութիւն Ադդէի» և «Լաբուբնեայ Դիւանագրի Եդեսիոյ. Թուղթ Աբգարու» աղբյուրների, Հիսուս Քրիստոսի պատասխանի հետ միասին Ա-ի սուրհանդակ Անանը բերել է նաև Փրկչի « կենդանագիր պատկերը» [թաշկինակի (սրբիչի) վրա դեմքի հպումով տպավորված]։ Այդ թաշկինակը կամ դաստառակը պահվել է Եդեսիայում, ապա տարբեր վայրերի եկեղեցիներում։

Հայ եկեղեցին նախապես ս. Ա-ի և ս. Ադդեի հիշատակի տոնը նշել է միասին։ Բազմիցս հիշվում է Գրիգոր Մարզվանեցու և Լիակատար կոչվող Հայսմավուրքներում՝ դեկտ. 31-ին։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը հետագայում առանձնացրել է ս. Ա-ի հիշատակի տոնը, որը նշվում է Հիսնակի (Աստվածահայտնությանը նախորդող 50 օրերի տոնը) Դ կիրակիից հետո առաջին շաբաթ օրը։ Սակայն, ինչպես նշում է Շնորհք արք. Գալուստյանը՝ «...տարւոյն գիրերուն համաձայն կը տեղափոխուի նաեվ Յիսն. Բ և Դ կիրակիներու յաջորդող...» («Հայազգի սուրբեր», 1997, էջ 178) երեքշաբթի օրերին։

Գրկ. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997։ Ավգերյան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն ..., հ. 10, Վնտ., 1814։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912։ Սուրբերու կյանքը, Բեյրութ, 1994։

Աբգար Թոխաթեցի »
© Gratun.org