Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

Ա. Աստուծո Գոյությունը

Հաւատալ արժան է այնմ, որ մերձենայ առ Աստուած, թէ է՛ Աստուած», ասում է Պողոս առաքյալը (Եբր., ԺԱ 9)։ Քրիստոնեական հավատքի հիմքը Աստված ինքն է. Քրիստոնեական կյանքի կատարելությունը աստվածաճանաչությունն է։ Չնայելով, որ Աստուծո գաղափարը և անունը կա ամբողջ մարդկության, այսինքն` նաև ոչ քրիստոնյայի մեջ, սակայն և այնպես քրիստոնեական հավատքի, քրիստոնեական դավանանքի և քրիստոնեական կյանքի հիմքն ու կատարածը Աստված է և Աստվածաճանաչությունը, վասնզի ճշմարիտ աստվածգիտությունը միմիայն քրիստոնեության մեջ է և ճշմարիտ աստվածգիտությունից է բղխել քրիստոնեական լույսն ու լուսամիտ կյանքը[1]։

Մարդկային գիտության ձգտումները կեդրոնանում են ներքին մարդու և արտաքին աշխարհի մեջ միայն. մարդ այդ երկու շրջանում և միմիայն դոցանով է յուր ճանաչողության ու հառաջադիմության ընթացք տալիս։ Բայց այդ երկու շրջաններում ևս մարդ յուր մեջ ծագած բոլոր խնդիրներն ու գիտելիքները խարբալելուց հետո դարձյալ դառնում է դեպի Աստված և նոր ա ճանաչողությունը խնդրում` նորան ճանաչելով յուր բոլոր գիտության ու հառաջադիմության հիմքն ու լրումը։ Մենք չենք կարողանում հեռանալ Աստուծուց, թեև հանձն առնեինք մեր անկումը, որ այդպիսի հեռանալու հետևանքը կլինի։ Մենք անկարող ենք մեր հայեցողությունները ինքնուրույնաբար կազմելու միշտ Աստուծուց բոլորովին անկախ գործել, զի նա մեր կյանքի էության մեջ է, և մենք նորա մեջ ենք ապրում։ Վերջապես մենք չենք կարող մոռանալ Նորան, վասնզի թե՛ մեր ներքին, թե՛ արտաքին աշխարհը մեզ միշտ հիշեցնում է նորան և ճշմարտությունն ու մեր մտածողությունը անբաժան են Աստուծո գաղափարից, ըստ որում, մենք կարող ենք ժխտել Աստուծո գոյությունը, բայց նորա գաղափարը` ոչ։

Մեր բոլոր գիտությունները մենք ստանում ենք մեր ներքին և արտաքին աշխարհից, ըստ որում` թե՛ արտաքին իմացությունները և թե՛ ներքին հասողությունները մեզ հայտնում են Աստուծո գոյությունը։ Կա՛մ արտաքին իմացություններից պետք է կտրվենք և կամ ներքին հասողությունից զրկվենք, որպեսզի այսպես կամ այնպես թերանա մեր մեջ Աստուծո հավատքը։ Սակայն կանոնավոր մարդու մեջ ո՛չ այն կարող է լինել և ո՛չ այս կատարելապես, և ուրեմն Աստուծո գոյության գաղափարը կունենանք միշտ պայծառ կամ աղոտ կերպով։

Թե ինչպե՞ս արտաքին աշխարհի իմացությունը տալիս է մեզ այդ գաղափարը, երգվում էր նույնիսկ Սաղմոսի մեջ Քրիստոսից շատ տարիներ առաջ. «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն» (Սաղմ., ԺԸ. Հաճախ., Դ 275. Եղիշե, 323)։ Ինչ կարգ, գեղեցկություն ու վսեմություն տեսնում է մարդ յուր չորս կողմը երկնքի ու երկրի վրա, այդ ամենը ցույց է տալիս նորան յուր Արարչի մեծությունն ու ամենակարողությունը։ Աղոտ էր այդ գիտությունը ինքնահուսությամբ անկյալ ու խարխափող մարդկության մեջ, սակայն կար։ Ուստիև Պողոս առաքյալը, մտնելով դոցա մեջ, դիտեց նոցա կյանքը և քարոզեց. «Արք աթենացիք, ես ձեզ ըստ ամենայնի կրոնական եմ տեսնում, զի պտտելով ձեր սրբությունները` մեկ բագին ևս գտա, որի վրա արձանագրված էր. «Անծանօթի Աստուծոյ»։ Այն, որին դուք անծանոթ կերպով պաշտում եք, նույնը պատմում եմ ձեզ։ Աստված, որ ստեղծեց աշխարհը և ամեն ինչ, որ նորա մեջ կա, Նա երկնքի ու երկրի Տերն է...։ Նա ստեղծեց մի արյունից մարդկային բոլոր ազգը, որ բնակվում է երկրի երեսին և հաստատեց նոցա համար կարգված ժամանակներ, որպեսզի նոքա որոնեն Աստուծուն. «Զի թերևս զննեցին զնա և գտանիցեն. նաեւ ոչ հեռի իսկէ յիւրաքանչիւր ումեքէ ի մէնջ։ Զի նովաւ կեամք եւ շարժիմք եւ եմք» (Գործք, ԺԵ 22-28)։ Այդպես և ճշմարտությունը որոնելու մեջ խարխափող մարդկանց ասում է Պողոսը, որ ինքն էլ մահկանացու է, սակայն ուրախ ավետիք է բերել, որպեսզի նոքա հետ դառնան ունայնություններից դեպի կենդանի Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը և որ անցյալ ժամանակներում թողեց մարդկանց յուրյանց ճանապարհը գնալ, բայց չթողեց նոցա առանց յուր մասին վկայություն տալու` բարերարությամբ շնորհելով նոցա անձրև ու պտղաբերություն և կերակրելով բոլորին և ուրախացնելով ամենքի սրտերը (ԺԴ 14-16)։

Բնականաբար, դիտելով աշխարհի սկիզբն ու վերջը, կարգավորությունն ու նպատակը, կենդանությունը, արարածական աշխարհում բույսերից մինչև մարդը եղած աստիճանավորությունը, մարդու բանական կյանքը, բարոյականությունն ու նորա հատուցումը` մենք անպատճառ գալիս ենք դեպի Աստուծո հավատքի հաստատությունը. առանց Աստուծո աշխարհն ու նորա մեջ եղած ամեն ինչ անբացատրելի և անհասկանալի կլինին։ Սակայն որովհետև մեր իմացությունն ևս ներքին հասողությամբ է իրականանում, պարզ է, որ մեր ներքին հասողությունը դարձյալ հիմք է կազմում մեր գիտության։ Ուստիև Ս. Գրիգոր Լուսավորիչը, խոսելով Աստուծո անհասանելիության վրա, ասում է գեղեցկապես. «Այլ ի գործոց անտի իւրոց եւ յերախտեաց միայն գիտի եւ ճանաչի եւ անուանի Հայրն եւ Բարերարն եւ հաստիչն ամենայն երախտաւոր արուեստիւքն իւրովք։ Զի որ կատարեալքն են` երախտեացն նորա միայն կարեն հասու լինել, բայց որ ախմարքն են` եւ ոչ այնմ» (Հաճախ., Ա 65)։

Մարդու ներքին հասողության մասին ևս առաքյալն ասում է. «Որքան պետք է Աստուծո ճանաչելու համար, արդեն հայտնված է մարդկանց մեջ։ Աստված հայտնել է նոցա, զի նորա աներևույթ էությունը աշխարհի սկզբից նորա գործերով տեսնվում է մեր մտածողությամբ, այսինքն` նորա մշտնջենավոր զորությունը և աստվածությունը, այնպես որ, մարդիկ չեն կարող արդարացնել յուրյանց անձը, որ ճանաչել են Աստուծուն, բայց ոչ իբրև Աստուծո փառավորել կամ գոհությամբ խոստովանել։ Այլ նոքա նանրացել են յուրյանց խորհուրդներով, և նոցա սրտերը ան մտությամբ խավարել են» (Հռովմ., Ա 19-21)։ Եվ ոչ միայն աստվածաճանաչությունը, այլ մինչև անգամ օրենքն ու բարոյականությունը, գրված է նոցա սրտերում, և նոցա խղճմտանքը վկայում է նոցա բարին և օրինավորը (Հռովմ., Բ 14-15. ԺԲ 2. Փիլ., Դ 8)։ Ուստիև Քրիստոս երանի է տալիս նոցա, որոնք «սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն» (Մատթ., Ե 8. Հաճախ., Ը 105-110). այդպես լինելով` կտեսնենք Աստուծո, վասնզի «նորա ազգ իսկ եմք» (Գործք, ԺԵ 28)։

Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե մարդիկ ոչ մի գաղափար չունենային յուրյանց ստեղծողի մասին, և կամ Աստված յուր անունը անհայտ թողներ յուր այն արարածներից, որոնց ստեղծել է` յուր արարչական սիրուց դրդված։ Ըստ որում, մարդիկ դեպի ո՞ր կողմ էլ նայեին, պետք է անպատճառ հիշեին յուրյանց Արարչին, վասնզի ամբողջ աշխարհը Աստուծո արարչական գործն է և վիթխարի վկա է նորա ամենակարողության։ Թե՛ մեր հոգևոր և թե՛ արտաքին աշխարհը միշտ հայտնում են մեզ Աստուծո անունը. մենք չենք կարող այնպես անել, որ Աստուծո անունը մեր մեջ չբնակվի, և որքան էլ կամովին մոռանանք Աստուծուն, այսով հանդերձ մեր սիրտը կբողոքե մեր արարքի դեմ։ Ինչպես որ մեր խիղճը վկայում է մեզ, թե ո՞րն է բարոյական և ո՞րը անբարոյական, և ապա մեր միտքը սկսում է ուսումնասիրել բարոյականությունը, այնպես էլ Աստուծո գաղափարը կա մեր սրտում, և մեր մտածողությունը յուր մտավոր բովի մեջ է ձգտում այդ և բազմակողմանի հասկացողություն ձեռք բերում։ Ըստ որում` մարդկային բաները պետք է նախ ճանաչենք, որ հետո սիրենք, իսկ աստվածայինը պետք է նախ սիրենք, որ հետո ճանաչենք (Գործք, ԻԸ 24. Մատթ., ԺԳ 13. ԺԱ 25. Թ 35. Եփես., Ա 18). «Եթէ ոչ հաւատայցէք և ոչ ի միտ առնուցուք», ասում էր դեռ Եսայի մարգարեն (Է 9)։ «Որք սիրեն զնա, սէրն իւրեանց կերպարանէ զնա ի սիրտս իւրեանց, եւ երկիրպագանեն նմա հոգւովն ճշմարտութեամբ. սրբեալ զսիրտս իւրեանց եւ զմարմինս իւրեանց, առնեն տաճար Ս. Հոգւոյն, եւ հաղորդք եւ հաւասարորդք եւ բաժանորդք առնին մեր երանութեանս»։ Բացատրում է և Ս. Ներսեսը (Բյուզանդ, էջ 72)։ Հասկանալի է, ուրեմն, որ նախ պետք է ձգտենք դեպի Աստված, ականջ դնենք մեր խղճմտանքին, որպեսզի կարողանանք ընդունակ դառնալ Աստվածային ճշմարտություններն ըմբռնելու և լուսավորվելու համար[2], վասնզի հոգևոր շնորհքը հոգու զգայարանքով է ստացվում[3] «եւ նա միայն գիտէ` որում ազդի» (Հաճախ., Ժ 297. Դ 289. Գ 102. Մատթ., ԺԳ 11-12. Ղուկ., Ը 18. Ս. Ղևոնդ առ Եղիշեի, էջ 85)։

Սակայն ոչ միայն Աստուծո գաղափարը, այլև ամեն մի գաղափար չենք կարող մեր հասողությամբ յուրացնել կամ հասկանալ, եթե մեր հոգին ընդունակ չլինի նորան։ Այսինքն` արտաքին գրգիռը անհրաժեշտ է մեր հոգևոր զարգացման համար, միայն թե այն ևս չի կարող ոչինչ հառաջ բերել հոգու մեջ, եթե հոգին անընդունակ կամ ամուլ լիներ։ Գրգիռը հառաջ է բերում մեր հոգու մեջ որոշ դրություն, և մենք հասու ենք լինում այդ դրության. իսկ եթե հոգին չկարողանար այդ դրությունը ունենալ, այն ժամանակ էլ մենք ոչինչ չէինք իմանալ։ Չենք էլ կարող բաժանել հոգին մարմնից, որոնք իրար հետ գործելով են մեր հասողության միջոց տալիս։ Կույրը չի կարող գաղափար ստանալ գույնի մասին և ոչ էլ խուլը` ձայնի մասին. գույնը հասկանալու համար աչք է հարկավոր, իսկ ձայնը ըմբռնելու համար` ականջ։ Այդ զգայարանքները, ստանալով գրգիռը, հաղորդում են հոգուն, և հոգին յուրաքանչյուր զգայարանքի համեմատ դրության մեջ է ընկնում, և մենք հասու ենք լինում նորան։ Այդ գրգիռները առիթ են լինում մեր հոգևոր որոշ գործունեության։

Սույնպես և Աստված դրոշմել է մարդու սրտում, որ «Աստուած Է՛». սերնդեսերունդ ևս հայտնել է. «Ես եմ Աստուած, որ Էն». և մարդ, արտաքին աշխարհի գրգիռներն ստանալով, բանական ու բարոյական մտածողությամբ հավատում է Աստուծո գոյության։ Բանական մարդու ներկայացուցիչները հեթանոս աշխարհի իմաստասերներն էին, որոնք բանական ու բարոյական մտածողությամբ հաստատում էին Աստուծո գոյության ճշմարտությունը։ Այդպես և Սոկրատը Քրիստոսից 469 տարի առաջ պնդում էր` ոչ միայն, որ կա աշխարհի արարիչ անտեսանելի Աստված, այլև ասում էր, որ նա հայտնում է մարդկանց, խոսում է մարդկանց հոգու հետ[4]։ Պղատոնի մասին գիտեր և Եզնիկ. «Եւ մի ինչ, զոր առաւել անճառ համարի Պղատոն, այս է` թէ միշտ էր Աստուած, եւ արարածս ինչ ոչ ունէր, զորոյ զկամսն սիրեմ վասն զԱստուածն խնդրելոյ, եւ զամբարտաւանութիւնն ոչ գովեմ» (էջ 241)։

Բավական է, որ մարդ հոգով ու բանականությամբ փոքրիշատե կատարյալ լինի. բավական է, որ նա անձնական թերությամբ կամ կամավոր մտադրությամբ բթացրած չլինի յուր հոգու ընդունակությունը, նա անպատճառ անբաժան կլինի այդ ճշմարիտ հավատալիքից, կգիտենա յուր արարածական լինելն ու յուր Արարչի ամենակարող զորությունը։ Հավատալ Աստուծո` նշանակում է ճշմարիտ մարդ լինել[5], Աստուծո ճշմարիտ պատկեր լինել, Աստուծուն ցոլացնել յուր հոգու հայելու մեջ։ Եվ քանի որ մարդու իսկական արժանիքը նորա հոգևոր բարձրության մեջ է, առավել բարձր բան չկա մարդու համար, քան եթե հոգով Աստուծո նման և Աստուծո հետ լինել։ Սակայն որքան էլ հոգին ձգտի զարգանալ և աշխատի անբաժան մնալ Աստուծո հաղորդակցությունից, այնով հանդերձ նա ևս մարդու ներգործության ենթարկված է։ Մարդ կարող է ինքնուրաց կամքով ամենածանր և ամենահետադեմ ներգործություն ունենալ յուր մտքի և զգացողության, յուր հոգու վրա և զրկել նորան այն բարձր հաղորդակցությունից, որով միայն ճշմարիտ մարդ լինելու հնար կա։ Այդ է պատճառը, որ երբ յուր հավատքը խեղդող մեկը, դառնալով, ասաց Թեոփիլոս Անտիոքացուն` «Ցույց տուր ինձ քո Աստուծուն», նա պատասխանեց` «Ցույց տուր ինձ քո մարդկությունը, և ես այն ժամանակ ցույց կտամ քեզ իմ Աստուծուն»[6]։ Այսինքն` քանի որ Աստված միմիայն մարդուն է հայտնվում, ցույց տուր ինձ, թե արդյո՞ք իսկապես դու մարդկություն ունիս, արդյո՞ք քո հոգու տեսողությունը բաց է, և ապա ես կկարողանամ քո աչքերդ դարձնել դեպի Աստուծո գոյության տեսնելը (տե՛ս և Եղիշե, էջ 130)։ Ուրիշ խոսքով. մեր արտաքին զգայարանքները միայն միջնորդներ են արտաքին գրգիռներ ստանալու համար, մինչդեռ այդ գրգիռներին հասու լինելու համար հարկավոր է հոգու ներքին տեսողություն, լսողություն կամ ընդհանրապես զգացողություն[7]։ Աչքով ստանում ենք իրերի գրգիռներ և հոգու տեսողությամբ իմանում ենք այդ իրերի որպիսությունը։ Աչքով ստանում ենք Աստուծո մեծամեծ գործերի տպավորությունը և հոգու տեսողությամբ կամ «իմանալի զգացողութեամբ Աստուծոյ» (Եղիշե, 319) հասկանում ենք, այլև տեսնում ենք Աստուծո արարչական զորությունը և հոգու լսողությամբ լսում ենք Աստուծո հայտնությունը։ Ամեն մի ճշմարտություն հասկանում է միմիայն նա, որ ունի հոգու հասողության պայծառություն։ Այդ պայծառությունը հարկավոր է մանավանդ հոգևոր, աստվածային ճշմարտությանց հասու լինելու համար։ Այս հաստատվում է նույնիսկ նյութական օրինակով. կոյրը չէ տեսնում արև, սակայն չի կարող ասել, թե չկա լույս, բայցև նորան չենք կարող փորձնականապես համոզել, թե կա լույս։ Դալտոնականին, որ որոշ գույն չէ տեսնում, չենք կարող համոզել, թե կա այդ գույնը։ Արտաքին լույս ու գույն իմանալու համար հարկավոր է միջնորդ առողջ զգայարանք ունենալ. այդ է աչքը. այդպես և աստվածային լույսը գիտենալու և նորան խելահաս լինելու համար անհրաժեշտ է բաց ու պայծառ պահել ամեն մարդու պարգևված ներքին տեսողությունը (տե՛ս և Եղիշե, 130)։ Կամ ինչպես որ եղծված հայելու մեջ չենք տեսնում մեր կերպարանքը, նույնպես և մեղքերով շաղախված հոգին չի կարող յուր մեջ իսկությամբ ցոլացնել Աստուծո անհասկանալի պատկերը։ Մինչև անգամ Պղատոն իմ աստասերն է ասում, որ միմիայն Աստուծո նմանելով` կարող ենք նորա խորհուրդները հասկանալ։ «Որդյակս,-ասում է բնական կյանքին նվիրված դաստիարակ Ռուսսոն,պահե՛ քո հոգիդ միշտ այնպիսի վիճակում, որ քեզ թույլ տա կամենալու Աստուծո լինելը, և դու երբեք չես կասկածիլ, թե կա Աստված»[8]։ Լավ է ասում և Ս. Ղևոնդը. «Այլ մեր բացահայեաց աչօք տեսեալ զլոյսն երկնաւոր, մի պատահեսցէ մեզ խաւարն արտաքին» (Եղիշե, 85, 24, 87. Ս. Գր. Տաթևացի, Հարց., 31-33)։

Արդ` վերևի բացատրություններից պարզապես հետևում է, որ աստվածաճանաչությունը մարդու մեջ մի ներքին անհրաժեշտություն է և բնական իսկություն։ Աստված ու մարդ պատկանում են իրար. մարդու ճշմարտությունը յուր հաղորդակցությունն է Աստուծո հետ. աստվածաճանաչությունը մարդու կյանքի ճշմարտությունն է9*։ Ինչպես որ աչքը կարիք է զգում լույս տեսնելու, այնպես էլ մարդու հոգու բնական անհրաժեշտությունն է հաղորդ լինել հավիտենական ճշմարտության լույսին։ Աստվածաճանաչությունն է մարդու կյանքը (Հովհ., ԺԷ 3). դեպի այդ գնալ կարող ենք` Աստուծո կամքը կատարելով (Հովհ., է 17), կամ կարճ ասած` հոգով նորա հետ լինելով. «Զի հաւատք հասուցանեն ի ծանօթութիւն փառացն Աստուծոյ»[9] (Հաճախ., ԺԵ 69)։ Մեր միտքը, կամքը և զգացմունքը, ներդաշնակությամբ միացած, կազմում են հավատքը, որ զորանում ամրանում է արտաքին իմացությամբ։ Եվ ինչպես որ Աստուծո ճշմարիտ հաղորդակցությունը պահանջում է լինել երկնավոր Հոր պես կատարյալ (Մատթ., Ե 48), և այդ կատարելության աստիճանից բղխում է ամեն հառաջադիմություն, բարոյական զարգացում ու ճշմարիտ լուսավորություն, այնպես էլ այդ ճշմարիտ հաղորդակցությունից զրկվելուց հառաջանում է անկատարելություն, որից հետևում է սոսկալի անկում։ Մարդու ճշմարիտ հոգու պահանջն է այդ հաղորդակցությունը, և նա տեսնում է յուր Աստուծուն և հառաջադիմում, ուստիև նորա որևիցե անկատարությունն է միայն ժխտում այն բարձր Էակի գոյությունը, դեպի որ էապես ձգտում է ըստ նորա պատկերին ստեղծվածը։ Հավատքը խավարում է միմիայն մտքի կամ կամքի ու կամ զգացմունքի այլանդակվելուց կամ «հնության կուրությամբ»[10] (Եղիշե, 114, 116, 281)։ Ճշմարիտ հոգու առաջ տեսանելի է Աստված[11]։ Այսպես և Աստված երբեք չէ թողնում, որ յուր արարածները անտեղյակ լինին յուրյանց Արարչին, այլ ամենքին ևս հայտնում էր յուր մասին ոչ միայն հոգևոր հաղորդակցությամբ, այլև արտաքին երևույթներով, որոնց բազմաթիվ օրինակները ունինք Ս. Գրքում Աստուծո Ս. Ուխտի պատմական կյանքից։ Այս է ասում և Ս. Գրիգոր Լուսավորիչը. «Անբաւ է մարդոյ տեսանել զԱստուած գոյիւ իւրով, իբրեւ մոմոյ զհուր. բայց իբրեւ ինքնակամ կամօք բարերարութեամբ իւրով զինքն ցուցանէր, ի կերպարանս մարդոյ երեւէր, ումեմն` լոյս, ումեմն` հուր եւ ումեմն` հողմ եւ յամպ եւ ի մէգ եւ ի մրրիկ» (Ագաթ., 209)։

Ըստ այսմ` այն հավատացյալները, որոնց Աստված արժանացրել է յուր հայտնության, թե տեսնում են Աստուծո և թե հոգով խոսում են Նորա հետ[12], մինչդեռ հին հեթանոս ինքնավստահ իմաստասերների բոլոր զննությունները հասան միմիայն մի եզրակացության, այսինքն` աշխարհի ամենակարող արարիչը մնաց նոցա համար «անծանոթ Աստված»։ Նորան էր պաշտում հեթանոս աշխարհը յուր զարգացման կատարյալ աստիճանում, սակայն Աստուծո հայտնության քարոզիչները չթողեցին նոցա այդ խարխափման մեջ, հրավիրելով. «Զոր դուք յանծանօթս պաշտէք, ես զնոյն պատմեմ ձեզ»։

« Նախաշավիղ   |   Բ. Աստուծո Գոյության Հավաստիքը Մարդկության Կրոններով »
© Gratun.org