Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

Գ. Աստուծո Գոյության Հավաստիքը Բնազանցական Զննությամբ

Մարդ տրամադիր է քննել, զննել ու հետազոտել ամեն ինչ յուր շուրջը և հասկանալ յուր կյանքի բոլոր պարագաների գաղտնիքն ու խորհուրդը։ Ամեն ինչ քննել ու զննել և ճշմարտությունը ճանաչել ու պահել պատվիրում է մեզ և սուրբ առաքյալը (Հռ., ԺԲ 2. Ա Կոր., Բ 10. Բ Կոր., ԺԳ 5. Գործք, ԺԷ 27)։ Ահա այդ քննությունն իսկ տանում է մեզ դեպի մեր հիմնական հավատքի ճշմարտությունը, դեպի Աստուծո գոյության հաստատությունը։ Մարդկությունը յուր բոլոր գոյությամբ նվիրվել է այդ քննական հետազոտությանց, ձգտել է ամեն հարց ու հանգույց լուծել և յուր զննելի հարց ու խնդիրներին վերջնական պատասխան տալ` ուղիղ աշխարհայեցողություն ձեռք բերելով յուր կենսական ճանապարհի ու հոգևոր խաղաղության համար։ Սակայն նա յուր այդ բոլոր ձգտմամբ ու տքնությանց մեջ չէ կարողացել ելք գտնել, որքան էլ վստահությամբ հենվել է յուր մտքի հեղինակության վրա։

Մարդ այդ քննությանց մեջ մտավ` մերժելով Աստուծո գոյությունը։ «Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ գոյ Աստուած». ասում էր հազարավոր տարիներ առաջ սաղմոսերգուն (Սաղմ., ԺԳ 1. ԾԲ 1)։ Մարդիկ սկսան նյութեղենի մեջ որոնել նորան, որ նյութեղենից վեր է. «Կամ զհուր, կամ զհողմ, կամ զօդ երագ, կամ զաստեղաց շրջանս, կամ զջրոց բռնութիւնս, կամ զլուսաւորս երկնաւորս` զարբանեակս աշխարհի, աստուածս համարեցան» (Իմաստ., ԺԳ 2. ԺԴ 21. Եզնիկ, էջ 9, 12-21, 204-241)։ Նոքա Աստուծո արարչական բարյաց արդյունքներին էին Աստուծո պատիվը տալիս և իսկական անտեսանելի Աստուծուն ուրանում։

Մերժելով Աստուծուն` մարդը սկսավ մտքի ուժով, բանականության հեղինակությամբ աշխարհի ծագումը բացատրելու հետամուտ լինել։ Բոլոր հին ազգերն, ինչպես հնդիկները, ասորեստ անցիք, եգիպտացիք և այլք գիտեին արարչությունը, սակայն մոլորվելով աստվածգիտության մեջ, աշխարհի ծագումն ևս մոլար և հակասական կարծիքների ու տեսությանց ենթարկեցին. ըստ որում` ընդհանրապես անցական աշխարհի նյութը հավիտենական էին համարում, Աստուծուն` կարգադրիչ ու կազմող, և հենց հեթանոսաց պակասությունն էր, որ Աստուծուն չէին ճանաչում ճշմարտապես։

Հեթանոս գիտնականք աշխատում էին աշխարհի ծագումը տարրերով բացատրել։ Երբեմն ջուրը, նյութը, օդը և հյութն էին տարր համարում (Հունյան իմաստասերք), երբեմն` հյուլեն (հյուլեականք Քրիստոսից 460 տ. ա.), երբեմն` թիվը (Պյութագորաս), գոյությունը (գաղափարական համաստվածյան Պարմենիդես Ք. 500 տ. ա.) և եղելությունը (Հերակլիտ), երբեմն` նյութն ու ձևը19*, բայց երբեք չկարողացան իսկական հիմք գտնել, որով կարողանային աշխարհի ծագումը առանց արարչության պարզել։ Եվ ինչպես որ աշխարհի ծագումը, այնպես էլ վերջն ու նպատակը անլուծելի է մնում դոցա տեսության մեջ։

Հին տեսությանց նշանավոր կետն այս է, որ նյութականը մի սկզբնական հիմք էր նկատվում աշխարհի ծագումը բացատրելու համար։ Թալեսը մեզ հայտնի առաջին իմաստասերն է, որ Քրիստոսից 600 տարի առաջ մի սկզբնական նյութով էր ուզում պարզել բնության բոլոր գաղտնիքները։ Նորան հետևեցին և հետևյալ ժամանակի իմաստասերները, ինչպես Դեմոկրիտ և այլք։ Եպիկուրյանց մեջ զարգացավ նյութապաշտությունն ըստ ամենայնի, իսկ դոցա հակառակ` ստոիկները սկսան նյութի հետ ուժի գաղափարը ևս հառաջ տանել և բնության բոլոր երևույթները նյութով ու ուժով բացատրել, վասնզի աշխարհում կյանքի գոյությունը անուրանալի է, որի գործունեությունը լոկ մեռյալ նյութով անկարելի է բացատրել ու հասկանալ20*։

Այսպիսով, հին իմաստասիրությունը յուր անկատար վիճակով հանդերձ ժամանակի ընթացքում զանազան ձևակերպություն ու փոփոխություն ստացավ և, մերթ բանապաշտական, մերթ համաստվածական, մերթ գաղափարական, մերթ ոգեպաշտական և մերթ դոցա այլայլությանց բովից անցնելով, դարձավ մեր դարի նյութապաշտությունը։

Այս նյութապաշտությունը ձգտում է լոկ բանական դատողությամբ ամենայն երևույթ նյութով ու որոշ օրենքներով բացատրել` չճանաչելով ոչ Աստուծուն և ոչ էլ որևիցե հոգևոր սկզբունք։ Գործնական կյանքում ևս ուղղակի թե անուղղակի սույն այս նյութապաշտությունը եպիկուրյան մարմնասիրության ճանապարհ է բաց անում (տե՛ս բանք Ժողովողին)` մերժելով հոգևոր հառաջադիմությունը, գեղարվեստ, գիտություն, կրոն ու բարոյականություն և մարդկանց մտցնելով վայրենական վիճակ։ Թեև այս կոպիտ նյութապաշտությունից ուզում է հեռու մնալ մեքենայական նյութապաշտությունը և լոկ բնության գաղտնյաց լուծման նվիրվել, սակայն անկարող է յուր տեսություններով կտրվել յուր ստեղծած այդ վայրենի, գործնական կյանքից։ Ուստիև նյութապաշտական սկզբունքներին նվիրվածն երը կամա թե ակամա, հետևաբար թե անմտաբար նվիրվում են եպիկուրյան եսապաշտության ու զեղխությանց21*` վտանգավոր և ավերիչ տարր կազմելով պետության ու հասարակության մեջ։

Բայց նյութապաշտությունն յուր մեքենայական տեսությամբ ևս անկարող է բնության սկզբնական և նույնիսկ երկրորդական գաղտնյաց սակավ մասն անգամ լուծել և մարդկային բանական դատողության պահանջին գոնե մի թեթև գոհացում տալ. ո՛չ Կանտ-լապլասյան հորինվածքը (սիստեմը) 22*` աշխարհի ծագման մասին, ո՛չ Լայելինը և ընկերներինը` երկրի ծագման ու կազմակերպության, ոչ Դարվինինը` բույսերի ու կենդանյաց ծագման վերաբերմամբ, և ոչ էլ Կոնտը, Սպենսերը, Լետուրնո, Լուբբոկ, Տեյլոր և այլք կարողացան քաղաքակիրթ աշխարհը դուրս բերել վայրենական վիճակի ինքնազարգացման տեսությամբ։ Նյութապաշտությունը կատարելապես անկարող է բացատրել, թե ինչպե՞ս է հառաջ եկել գոյությունը, ինչպե՞ս է ծագել կյանքը, որտեղի՞ց են աշխարհի բազմազանությունք և դոցա ներդաշնակությունը։ Որքան էլ նա հենվում է զանազան ենթադրությանց վրա, ինչպիսիք են` «հավիտենական նյութ»23*, «ուժի պահպանություն»24*, «ամենիմաստուն պատահականություն»25* և այլն, դարձյալ չէ կարողանում շատ ու շատ հարցեր լուծել։ Նա կամայականորեն ընդունում է, որ եղել է հավիտենական նյութ, բայց ո՛չ նյութի էությունը գիտե և ո՛չ կարող է այդ նյութը ցույց

տալ։ Նա չգիտե, թե ի՞նչ է ուժը, ինչպե՞ս է հառաջացել գիտակցությունը, ի՞նչ նշանակություն ունի գոյությունը կամ առհասարակ աշխարհը, զգացողությունը, ազատությունը, պարտիքը, բարոյականությունը, կամքը կամ ընդհանրապես ի՞նչ է և ինչո՞ւ համար մարդկության կյանքն ու գործունեությունը։ Կամ ինչպ ե՞ս է զգայությանց ու զգացողությանց բազմազանությունից մարդու գիտակցության միությունը հառաջ գալիս. կամ նյութը ինչպե՞ս է հավիտենական, երբ չունի գիտակցություն և միայն մարդու մեջ է գիտակցության գալիս։

Եթե նյութը հավիտենական է, հապա ինչպե՞ս կարող է հավիտենական նյութից արարածական աշխարհը հառաջ գալ։ Բնագիտությունը հաստատում է, որ աշխարհը սկիզբ է ունեցել. ուրեմն ինչպե՞ս է այդ սկիզբը եղել։ Նյութի շարժումո՞վ։ Ապա որտեղի՞ց է նյութը, և որտեղի՞ց է շարժումը26*, կամ ո՞վ է շարժողը[1]։ Նյութ ապաշտներն ընդունում են, թե 70-ից ավելի տարրեր կան, բայց չգիտեն, թե ինչպե՞ս են դոցանից մարմիններ հառաջացել։ Ասում են, թե երկիրը մի մեծ գնդակից կտրված մարմին է (հմմտ. Եզնիկ, 191-192), բայց բոլորովին անզոր են բացատրել, թե ինչո՞ւ արեգակի վրա, որ մեր երկրի մասն է համարվում, չկա ո՛չ թթվածին և ո՛չ բորակածին։ Խոսում են տարրերի ու հյուլեի վրա, բայց չգիտեն, թե ի՞նչ է մեկն ու մյուսը։ Կամ ինչպե՞ս կարելի է լոկ նյութով բացատրել, զորօրինակ, առաձգականությունը, ծանրականությունը, մագնիսականությունը, կցողությունը և ելեկտրականությունն, որ իբրև մի շանթ մի ակնթարթում 80 հազար մղոն է գնում, ըստ որում, այդոնք անտեսանելի են ու գրեթե անշոշափելի, այլ միայն յուրյանց արդյունքով ճանաչելի։ Եվ մինչև այժմ ո՞վ կարողացավ նույնիսկ Հովբի տված հարցերին պատասխ անել ավելի, քան Հովբը. «Զի՞նչ երկիր իցէ, յորում լոյսն ագանիցի». «Արձակիցե՞ս շանթս` եւ գնայցեն, եւ ասիցեն ցքեզ, թէ զի՞նչ է» (ԼԸ 19, 35)։ Որպեսզի կարողանան բացատրել, թե ինչպե՞ս է լույսը մեզ հասնում, հնարեցին, թե հանուրքը լիքն է եթերով, սակայն բնավ չկարողացան հաստատել յուրյանց ասածը կամ որոշել, թե ի՞նչ է եթերը։ Ենթադրում են, թե լույսը ալիքների ծածանումով է գալիս, բայց չգիտեն, թե այդ ալիքները նյութի ազդեցությա՞ն տակ են հառաջ գալիս, թե՞ նորանից անկախ։ Կենսաբանական հետազոտությամբ հասկանում են գործարանավոր մարմինների յուրաքանչյուր անդամը, սակայն ոչ մի ժամանակ չկարողացան հասկանալ, թե ի՞նչ է կենդանություն ասած բանը։ Ուրեմն նյութապաշտությունը չի կարող յուր ուղղությամբ և սկզբունքներով ոչ միայն հիմնական, այլև շատ երկրորդական հարցեր լուծել յուր երևակայած հեղինակությամբ27*։

Անթիվ և անհամար այսպիսի հարցեր կուտակվում են նյութապաշտության առաջ և անլուծելի մնում, ուստիև իրավապես ասում է լորդ Սալիսբյուրին, որ «մենք ապրում ենք գիտության փոքրիկ լուսավոր կղզու վրա և շրջապատված ենք ամեն կողմից անթափանցելի գաղտնյաց ընդարձակ անհայտ տարածությամբ». ըստ որում` «աշխարհի մեջ ամեն ապրող կախված է հավիտենական արարիչ և ամենախնամ Էակից»։ Թերուսը, բնագիտական վայրիվերո տեղեկություններ ստանալով, կարծում է, թե շոշափելի փաստերով նոր համոզմունք է ձեռք բերում հակառակ յուր աստվածատուր հավատքին, մինչդեռ լավ զննելով` պարզ տեսնում է, որ այդ ամենը խաբուսիկ է և ոչ մի նյութական կամ նյութապաշտական տեսություն չի կարող ոչ միայն աշխարհի գաղտնիքները պարզել, այլև մեկ գյուտով տասնյակ գաղտնիքներ է երևան հանում և նույնիսկ մեր շոշափելի իրերի մասին բացատրություն տալ չէ կամենում։ «Մի քիչ իմատասիրությունը հակեցնում է մարդու միտքը դեպի անաստվածություն, բայց խորին իմաստասիրությունը տանում է մարդու միտքը դեպի կրոն»,ասում է լորդ Բեյգըն։

Նյութապաշտության անզորությունն է պատճառ, որ նորա դպրոցից ելած շատ գիտնականներ ջանացին փրկել յուրյանց դպրոցը` ճանաչելով նյութի հետև և հոգու նշանակությունը։ Այս ձգտումից հառաջացավ ոգեպաշտությունը, որ նյութի տեղ հոգին է դնում և կամ հոգու նման մի «անհայտ»։ Սակայն այդ ուղղությունն ևս յուր շավղով, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ Քրիստոսից 500 տ. ա. Պարմենիդեսի գաղափարական համաստվածությունը, իսկապես չէ տարբերվում նյութապաշտությունից և նմանապես անկարող է ոչ միայն սկզբնական, այլև երկրորդական պատճառական գաղտնիքները լուծել28*։

Թե՛ նյութապաշտական և թե՛ ոգեպաշտական ուղղությունք և նոցա բոլոր ճյուղավորությունք չկարողացան յուրյանց սկզբնական կազմությամբ փոքրիշատե աչալուրջ քննադատության դիմ անալ։ Խոհական բոլոր հետազոտությունները, հասնելով աշխարհի ծագման քննության, միշտ ավելի և ավելի անհրաժեշտ էին կացնում Աստուծո գոյության ճշմարտությունը։ Բայց և այնպես հեշտ չէր այդ դպրոցներում տոգորված անձանց համար թողնել յուրյանց մաքառման դաշտը և միանգամից անցնել հավատքի շրջանը։ Եվ ահա դոցանից շատերը, դառնալով դեպի կրոն, ընկան համաստվածության մեջ, ենթադրելով, որ իբրև թե ամենից առաջ եղած է «բացարձակ գոյությունը», որ անիրական է և իրականի հիմք, անգիտակցական է և գիտակցության հիմք, ընդհանուր է և մասնավորի հիմնաքար։ Այդ «բացարձակը» մեկ գիտնականի մոտ կոչվում է «գոյացություն», մյուսի մոտ` «ես» կամ «անձն», երրորդի մոտ` «չեզոք անտարբերություն» և կամ «հակադրությանց միություն»29*, բայց և այնպես աշխարհի սկիզբը չեն կամենում բացատրել և երևան են հանում բազմաթիվ նոր հակասություններ, որոնք վերևի զուգադիպությանց մեջ ակներև են։ Այդ ի՞նչ բացարձակ գոյություն է, որ իրական չէ. ինչպե՞ս, ի՞նչ նոր պատճառական օրենքով կարող է անիրականը (ոչինչը) իրական (ինչ) հառաջ բերել կամ ուժ հառաջացնել (Եզնիկ, 27, 32)։ Նա ոչինչ է և պետք է ու կարող է ամեն ինչ լինել. ինքը ոչինչ է, բայց և չի կարող ո՛չ վերջնական և ո՛չ անվերջ լինել. ինքը բոլոր երևույթների բովանդակության անորոշ ամբողջությունն է, բայց և բացարձակ անորոշություն լինելով` ոչինչ է։ Ահա հակասություններ, որոնք եթե հետևաբանենք, անթիվ հակասություններ երևան կհանենք։ Մեկից նյութապես ելնում են շատ իրեր. այդ մեկը անորոշ է, բայց որոշ իրեր են ելնում նորանից. ինքն ստոր է, բայց բարձրը նորանից է դուրս գալիս և այլն, և այլն։ Պարզ է, որ համաստվածությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտնականաց օդային կառուցում։

Հիրավի՛, օդային կառուցում. չէ՞ որ մարդ տարբերում է յուր անձը կենդանիներից ու բույսերից, մինչդեռ ըստ այդ տեսության` ամենքն էլ մի մաս կամ մի ստորոգություն են «ընդհանուր գոյության»։ Եվ եթե ամեն մի անհատ մի մաս է «ընդհանուր գոյության և միության», հապա ի՞նչ բան է գոյության կռիվը, անհատի կռիվը ամենքի դեմ և նորա տիրապետությունը բնության վրա։ Ինչո՞ւ ամեն մի զգայական մարմին ինքն ինքյան մի սահմանափակ ամբողջություն է ճանաչում և ամենքից տարբերվում յուր բոլոր գործունեության մեջ։ Կամ ինչպե՞ս է նա մյուսներից ջոկ մտածում, ընդհանուր գոյությունից տարբերվում, մարմնից զանազանվում. կամ ինչպես է հին սերնդից ընդունակ նոր սերունդ հառաջանում, հանճար երևում։ Եվ քանի ծիծաղելի է լսել, որ ընդհանուր բացարձակ գոյությունը անգիտակցական է, իսկ մենք գիտակցություն ունինք. նա չէ մտածում, իսկ մենք մտածում ենք. օրենք, գաղափար և իմաստություն մենք ենք մտածում, իսկ այդ բացարձակը` ոչ։ Եվ եթե այդ ստոր բացարձակից մենք զարգանալով բարձրանում ենք, արդյոք ո՞րն է մեր բարձրանալու սահմանը, և ի՞նչ վիճակ պետք է ունենա աշխարհի անխուսափելի վերջը. պետք է վերստին ոչնչանանք. ուրեմն հավիտենական չեն նյութն ու յուր հատկությունը և նպատակահարմար` ձգտումը, պետք է մնա՞նք այս գիտակցությամբ. ուրեմն ա՞յլ էր նյութը նախքան մեր լինելը և մեզանով ուրի՞շ է դարձել։

Բարոյական հակասությունն ևս մեծ է, զի չարն ու բարին միաժամանակ բացարձակից են. հապա ինչպե՞ս է մեկը բարի նպատակ դնում, մյուսը` չար. կամ ինչպե՞ս են իրար հետ հարմարվում զանազան մարդկանց տարորոշ նպատակները, կամ ո՞րն է ճիշտը, հոռետեսությո՞ւնը, թե՞ լավատեսությունը. կամ ո՞րը պետք է վերջ ի վերջո հաղթանակ տանե, բարի՞ն, թե՞ չարը, իսկ եթե միշտ պետք է մնան, մի՞թե աշխարհն այսպես անվերջ է։

Այսպիսով ո՛չ նյութապաշտության անտեսանելի նյութը և ո՛չ համաստվածության «բացարձակ գոյացությունը» չեն կարող աշխարհի սկիզբը բացատրել և Աստուծո գոյության գաղափարի անհրաժեշտությունից բաժանվել։ Աշխարհի ծագման բացատրությունը պահանջում է անպատճառ ճանաչել Աստուծո գոյությունը, մինչդեռ նորա մերժողք իսկ Աստվածային կարողությունները, այսպես թե այնպես, վերագրում են կա՛մ «նյութին», կա՛մ «բացարձակ գոյացության», կա՛մ «ոգևոր նյութին», կա՛մ «ոգևոր հյուլեին», կա՛մ «բնության», որոնք իսկապես իրական չեն, այլ մտացածին, գոյություն չեն, այլ արարածական աշխարհի որևիցե հատկությունը, ինչպես կրակի հատկությունն է այրեցողությունը։ Այդ բոլոր մոլորությանց հիմունքը բառախաղությունն է։

Հին ժամանակ այդ տեսությունք արդեն բավական զարգացումն ունեին, ուստիև, զորօրինակ, Սենեկան յուր ժամանակի բնապաշտների դեմ ասում էր. «Չիմանա՞ս, զի զանուն փոխես Աստուծոյ. զի՞նչ այլ է բնութիւն, եթէ ոչ Աստուած, եւ աստուածեղէն բան, որ ներգոյ յամենայն աշխարհի եւ ի մասունս նորա»30*։ Այս խոսքերը վերաբերում են բոլոր նյութապաշտներին, վասնզի դոքա ինչ ձևակերպություն էլ տան յուրյանց տեսության, շատ հարցեր պարզեն թե լռելյայն անցնեն, այդ միևնույն է, այսպես թե այնպես ստիպված են նյութի հետ ընդունելու նաև աստվածային զորություն, կամ աստվածային կարողություն, կամ աստվածային բանականություն և կամ աստվածային հատկություն զանազան անունների ու որոշմանց տակ։ Իսկ այդպիսի տեսությունները հետևաբանելով` անհրաժեշտապես գալիս ենք դարձյալ դեպի այն ճշմարտություններն, որոնք տրված են մեզ աստվածային հայտնությամբ։ Բայց ոչ միայն աստվածային այդ հայտնությունը, այլև նորա բնական հայտնությունը տանում են մարդուն դեպի այդ եզրակացությունը, որ աշխարհի ստեղծողն ու կառավարողը ամենակարող բանականությունն է, ինչպես պնդեց յուր ժամանակի նյութապաշտների դեմ Անաքսագորաս իմաստասերը Քրիստոսից 500 տ. ա.31*։

Արդ, բնազանցական, նաև ամենայն զննություն սկսվում է` իսկապես կասկածելով ունեցած հասկացածի վրա և հառաջացած հարցերին նոր լուծումն որոնելով։ Այդպիսի զննության վստահություն ստանում է մարդ` առավելապես մեծ կարծիք ունենալով յուր բանականության վրա (բանապաշտություն) և համոզվելով, որ իբր թե յուր մտածողությամբ կարող է աշխարհի բոլոր գաղտնիքների ու խորհուրդների մեջ թափանցել և ամենայն ինչ իմանալ։ Մարդկությունն այս ընթացքը բռնեց և, բնականաբար հակվելով դեպի տեսանելին և զգալին, ձգտեց նյութական մեքենայական բացատրություն տալ բոլոր երևույթներին և նոցա սկզբնական ծագման։ Ինչպիսի ուղղություն էլ նա բռնեց այդ ընթացքում, միշտ կա՛մ նյութապաշտական տեսությունների մեջ ընկավ և կա՛մ նյութապաշտական ու կրոնական սկզբունքների համադրությանց մեջ խարխափեց։ Այդպիսի համադրություններ են համաստվածությունը, ոգեպաշտությունը, բնապաշտությունը, գաղափարապաշտությունը և այլն։ Այդ բոլոր տեսությունք իբրև նորություններ առժամայն գրավեցին մարդկանց մտքերը, թեև այդոնք իսկապես հնավանդ նորություններ են` նոր ձևի տակ ձևված։ Այդոնք ևս հնացան. մարդիկ չեն կարող թե՛ այդ տեսությունք թողնել և թե՛ նոր ելք չորոնել. բայց նոր ելք էլ չէ մնացել որոնելու։ Այդ հին տեսությունք լավ են միմի այն նոցա համար, որոնք լավ են համարում հանդերձյալ կյանք չճանաչել, անմահ չնկատվել և մի խոսքով` Աստուծուն մոռացության տված լինել յուրյանց խղճմտանքի բողոքը խեղդելու համար։ Դորա հետևանքը կլինի կյանքի թշվառության զգացումը, հոռետեսություն և հետևաբար` ոչնչության նվիրվել։ Այդ էլ նոր չէ և բուդդայականության մեջ իբրև տհաճելի է ճանաչվում փորձնականապես32*։ Այլևս ուրիշ ճանապարհ չէ մնում ո՛չ աշխարհի ծագման և ո՛չ էլ նորա վերջի վիճակի մասին մի որոշ հասկացողություն ձեռք բերելու կյանքի մեծ հանգույցի խաղաղության համար։ Ո՞ւր դիմե զննողը, որտե՞ղ կա նոր ելք. որտե՞ղ որոնել մեր հոգու այդ անընկճելի պահանջի գոհացումը։ Ո՛չ մի տեղ. ուրիշ տեղ չէ մնացել։ Սակայն դեռևս հնից մի նորություն չէ ճաշակվել. այդ չգիտեմությունն է, և դորա մեջ սկսավ խարխափել վերոհիշյալ բոլոր զննությանց մեջ հուսահատված գիտնականը։ Նա խոստովանում է, որ չգիտե այն, ինչ որ մերժել է և ինչ որ ձգտել է մտքի ուժով և զգայական շավղով բացատրել (Սպենսեր)։ Սակայն դուրս եկավ Մաքս Մյուլլեր, որ քաջություն ունեցավ խոստովանելու անհասանելի Էակի գոյությունը։ Եվ որովհետև աշխարհի երևույթների և իրերի փոխադարձ պատճառական կապակցությունը անուրանալի է գիտնական հետազոտությանց մեջ, իսկ այդ մի անհերքելի ապացույց է այդ պատճառականության ստեղծողի և պահանջողի, այսինքն` Աստուծո գոյության, ուստի չգիտեմականները այնքան կխարխափեն հին հեթանոսաց բացասական ճանապարհի վրա, մինչև որ Աստուծո լույսի շողը նոցա վրա ևս կծագե, ինչպես Քրիստոսի գալստյամբ ծագեց հեթանոս աշխարհի վրա33*։

Եվ այս հիրա՜վի, որովհետև առաջ, ըստ հին գիտեմականներին (գնոստիկ), ասում էին, թե գիտենք ամեն ինչ առանց Աստուծո հայտնության։ Քննեցին ամեն ինչ և տեսան, որ սխալված են. այժմ էլ ասում են, թե չգիտենք ո՛չ սկզբի և ո՛չ վերջի մասին լուծումն տալ. իսկ չգիտենալ խոստովանելը նշանակում է, որ մարդկային բանականությունը չի կարող սոսկ յուր ուժով, Աստուծուն չճանաչելով, կամ առանց Աստուծո հայտնության աստվածային գործերի խորհուրդները գտնել և հասկանալ։ Ս. Գրքի կրոնական սկզբունքը նույնիսկ այդ է, որ ճշմարիտ մարդը պետք է զգայուր անզորությունն աստվածային խորհրդոց մեջ թափանցելու, խոնարհվի ու գիտենա, որ ինքը մի խեղճ փոշեհատ է ստեղծողի անսահման գործերի մեջ և ապա նորանից ստանա յուր ներքին տոգորմանց խաղաղ լուծումը։ Չգիտեմականք (ագնոստիկ) արդեն արել են առաջին քայլն ու խոնարհվել։

Բայց մարդկային հոգու հառաջադիմությունը չի կարող չգիտենալով գոհ մնալ. նա լուծում է ուզում յուր կոչման, հետևաբար և յուր ծագման ու վերջի, իսկ նորա բանականությունն ասում է. «Ես անզոր եմ բացատրություն տալ»։ Ուրեմն կմնա դիմել դարձյալ առ Աստված և նորա հայտնությամբ ամենայնի որոշումն ստանալ։ Մարդու` յուր անզորության խոստովանումը հիմնական քայլն է Աստուծո գոյության խոստովանության և քրիստոնեական հավատքի։ Սակայն ոչ միայն չգիտեմությամբ է մարդ գալիս դեպի այդ վերջին եզրակացությունը և հավատքի անհրաժեշտությունը, նա մինչև անգամ նյութապաշտության կատարյալ ուսումնասիրությամբ ևս գալիս է և կամ պետք է անպատճառ գա դեպի նույն կետը։ Ուրանալ այն ճշմարտությունները կամ անգիտանալ այն ամենը, ինչ որ մեր փորձերին չէ ենթարկվում, դեռ իրավունք չէ տալիս ուրանալու նաև աշխարհի գոյությունը։ Չուրանալով աշխարհի գոյությունը և բացատրելով նորա բոլոր երևույթները, ըստ նյութի «բնահատուկ օրենքներին», չգիտեմականը, կամ թե նույնիսկ նյութապաշտը, ստիպված է ընդունելու և վարդապետելու նյութի այդպիսի հատկությանց և օրենքների հավիտենականությունը։ Նա նույնպես ստիպված է խոստովանելու, որ բնական ընթացքի նպատակահարմար և հառաջադիմական ձգտումը-նյութից մինչև երկրավոր գերագույն արարած մարդը-նույնպես հավիտենական է։ Իսկ այդպիսի սկզբունքներից արդեն ինքնըստինքյան հետևում են, որ ապագայում պետք է լինի կյանքի մի կատարյալ վիճակ, որ պսակավորե աշխարհի բնական ընթացքը. և որ մարդու` նյութի բանական և գիտակցական կյանքը նույնպես պետք է, ըստ յուր ընդհանրական ներքին ձգտման, անմահական լինի և հանդերձյալ երանություն ունենա. վասնզի այդ նյութապաշտները երբեք չեն կարող ժխտել անձնավորությանց իրականությունը, թեև չեն էլ կարողանում բացատրել, թե ինչպե՞ս ընդհանուր նյութից մասնավոր անձնավորություն է դիմավորվում։ Անշուշտ այստեղ մի ուրիշ բան կա, որ մասնավորում է մարդուն աշխարհի ընդհանուր էությունից, և մարդ գիտակցում է ինքյան, որ ինքը տարբեր է նյութից յուր էությամբ։ Բայց եթե ընդունենք էլ, որ մարդ միմիայն նյութ է, հոգին նյութեղեն է, դարձյալ պետք է գանք այն եզրակացության, ինչպես ասացինք, որ մեր կյանքի ընթացքը դիմում է դեպի կատարելություն. այդ է մեր նյութի ձգտումը, իսկ նյութը երբեք չէ արգելվում յուր ձգտումների հառաջադիմությունից` ըստ այժմյան գիտության[2]։ Մանավանդ որ, նյութապաշտների «գոյության կռվի» տեսությունը ցույց է տալիս, որ մարդը կռվում է իրականության դեմ, նա գիտակցական կռիվ է մղում, և այդ կռիվը չէ վերջանում նորա մահով. ինչո՞ւ. վասնզի նյութի ձգտումը, հավիտենական լինելով, երևում է այդ գիտակցական կռվի մեջ և ուրեմն վերջ ու առաջ պետք է հաղթանակե։ Եվ ահա կյանքի պսակը նաև նյութապաշտական հետևաբանությամբ կլինի անձի հավիտենական կյանքը և երանությունը, որ միմիայն նորա մոտ կլինի, որ հավիտենական կյանք է, երանություն է և գիտակցություն յուր ինքնագոյությամբ[3]։

« Բ. Աստուծո Գոյության Հավաստիքը Մարդկության Կրոններով   |   Դ. Աստուծո Գոյության Հավաստիքը Գիտական Հետազոտությամբ »
© Gratun.org