Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

Ե. Աստուծո Էությունը և Կատարելությունք

«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության։ Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ։ Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր արարածական սահմանափակ հոգու մեջ Աստուծո անսահման էության իրական մտապատկերը կազմել, վասնզի մենք ստեղծվածն եր ենք, իսկ նա` մեր ստեղծողը (Ես., Խ 18, 25, 15. Առակ., ԺԱ 23)։ Բայցև որոշել Աստուծո էությունը չի կարելի, զի որոշել, սահմանել նշանակում է որոշել տեսակը` ըստ սեռին և տարբերությանց, մինչդեռ Աստված չէ ենթարկվում ո՛չ սեռի և ո՛չ տեսակի, հետևաբար անսահմանելի է։ Սակայն Աստված սիրով մեզ այնքան միջոց է պարգևել յուր հայտնությամբ և այնքան շնորհ է տվել այդ հայտնության հիման վրա հաստատվելով մտածելու, որ մենք կարող ենք մեր ճշմարիտ հավատքը լուսաբանել մեր բանականության առաջ։ Եվ որքան մեր բանականության հառաջադիմությունը վստահությամբ պարզում է յուր առաջ աստվածային ճշմարտությանց խորհուրդները, նույնքան մեր կենդանի հավատքը թելադրում է մեզ, որ իբրև ստեղծվածներ չենք կարող միակ ամենագետ մեր ստեղծողի բոլոր խորհուրդների, էության ու գաղտնիքների մեջ թափանցել։ Այս կենդանի հավատքի ձայնն է, որ հնչում է Ս. Եղիշեի մի ճառի մեջ, թե` «իմանամ է, գիտելով ճշմարիտ` զի գոյ Աստուած. հաւատարիմ է ինձ. զորպիսութիւն նորա ոչ գիտեմ. ես, որ երեւինս, զայս եւեթ գիտեմ, զաներեւոյթսն Աստուծոյ Աստուած միայն գիտէ» (էջ 311)։ Այս է մարդու մտավոր զննության վերջին եզրակացությունը, այլև այն ճշմարիտ աստվածապաշտի և երկյուղածի վերջին խոսքը, որ տեսնում է անվերջ և անսահման լույսի շողերը, բայց անկարող է նայել այդ լույսի հավիտենական աղբյուր արեգակի վրա[1]։

Այդ խոսքը ճշմարիտ աստվածպաշտության արտահայտություն է մանավանդ այն պատճառով, որ գիտենալ մեկ իրի էությունը նշանակում է թևակոխել նորան տիրապետելու համար, իսկ այդ անկարելի է մի արարածին յուր Արարչի վերաբերմամբ։ Մենք Աստուծո էության մասին այնքան պետք է իմանանք և այնքան կարող ենք իմանալ, որքան այդ անհրաժեշտ է մեր փրկության համար։

Աստուծո էությունը ճանաչելու ձգտումը այնքան հին է, որք ան հին է մարդկությունը. այդ ձգտման առաջին քայլն այն էր, որ մարդիկ սկսան անուն դնել և անվանել յուրյանց ստեղծողին կամ իսկական անունն իմանալ։ «Եւ անուն նորա արարիչ երկնի ու երկրի։ Իսկ յառաջ, քան զերկին եւ զերկիր, որպէս ինքնագոյ` ինքնանուն է» (Եղիշե, էջ 24), ահա սկզբնական քննության եզրակացությունը51*։ «Զնորա զանունն ոչ ոք գիտաց, զի չէր ևս անդր, քան զնա ոք, որ անտի և այսր անուանեսցէ», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Ագաթ., 209. Հաճ., Բ 293, 31. Դ 324)։ Իսկ արարիչ անունը որոշում է միմիայն նորա հարաբերությունն մեր և աշխարհի գոյության հետ, բայց ոչ լիովին կամ ինքնըստինքյան, այնպես որ մարդիկ, «արարիչ» ասելով, արտահայտում են Աստուծո մի կատարելությունը միայն. այդով գոհ չէին և չէին կարող գոհացնել յուրյանց մտավոր պահանջը։ Ուստիև Մովսեսը, հանձն առնելով Աստուծո պատգամի ծանուցումը, իսկույն տարակույսի մեջ է ընկնում, թե ի՞նչ ասե, երբ ժողովուրդը հարցնե, թե «Զի՞նչ է անուն նորա»։ «Զի՞նչ է անուն նորա»` այս հարցն էր հնչում մինչև ժամանակի ոգին հասկացող Մովսեսը։ Եվ Աստված հայտնում է այն, ինչ որ մարդիկ յուրյանց մտքի ուժով հասկանալ չէին կարող` «Որ Էն» (Ելից, Գ 13) Է ահա Աստուծո ճշմարիտ անունը։ Այս նշանակում է, որ նա միակ է, և ամենայն ինչ նորանով է ստանում յուր գոյությունը։

Ա՛րդ` ի՞նչ որոշման ենք գալիս Աստուծո հայտնությամբ (Հաճ., Բ 36)։

«Այլ որպէս Էրն եւ Է եւ կայ յաւիտեան, ինքն միայն գիտէ. այլ սիրովն իւրով յայտնեցաւ արարածոց, եւ խնամովք ծանուցեալ եղեւ», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Հաճ., Բ 300. Եղիշե, էջ 23)։ Ուրեմն մեր մտածողության նյութ է դառնում թե՛ Աստուծո ուղղակի հայտնածը և թե՛ ըստ նորա խնամոց ծանուցվածը։ Որոնցից և կազմված մեր բոլոր որոշումները երկու ընթացք ունին` բացասական ու դրական52*. բացասական որոշումները բացատրում են Աստուծո ներքինը, իսկ դրականը` այն կատարելությունը, որի իսկականը Աստուծո մեջ է, և միայն նմանություններն ենք այս աշխարհում պատահում (Ընդհանր., 393-400)։

Բացասական ընթացքով գիտենք, որ «անեղծական, անստեղծական, անտարրական, իսկական աստվածությունն ճանաչի» (Ագաթ., ԻԴ. Ընդհ., 393 -398. Գր. Մագիստր., Տաղ., էջ 1-4. Եղիշե, 23)։ Նա աննյութական է, բայցև աշխարհից դուրս չի, ինչպես ուսուցանում են աստվածյանք (դեիստ), զի եթե դուրս լիներ, հաղորդակից չէր լինիլ մեզ հետ։ Նա աշխարհի գոյացությունն էլ չէ, ինչպես ուսուցանում են համաստվածյանք (պանթեիստ), զի եթե աշխարհի գոյացությունը լիներ, մեր հայրը չէր լինիլ։ Այլ նա ինքն ինքյան մեկ է և անվերջ, ինքն ինքյան ծավալվում է և անտարածական է, ինքյանից հառաջ է բերում և անփոփոխ է. ամենայն ինչ յուր մեջ է կրում և անսահման է. և այդ է մեր Աստված ու Հայրը, որին և մենք բացասական տեսակետից վերջնականապես ճանաչում ենք այնով, որ նա անհասանելի է (Սիր., ԺԸ 26. ԽԳ 36), սակայն միմիայն յուր կամքով ու հայտնությամբ, սիրով և ուխտով մեզ համար` քննելի և հասանելի (Ա Կոր., Բ 10. Եփ., Գ 18)։ Բայց և այնպես որքան էլ հասկանում ենք նորա և նորա գործոց մեծությունն ու փառքը, մեր հավատքը դարձյալ թելադրում է, որ դեռ անսահման է այն ամենը, որ չենք հասկանում, ուստիև Աստված հասանելի գոլով մեր փրկության կարևորության չափ, միանգամայն և անհասանելի է յուր անսահման էությամբ։ Ուստիև մենք ամենը գիտենք, բայցև` փոքրիշատե միայն (Ա Հովհ., Բ 20. Ա Կոր., ԺԳ 12), ճանաչում ենք իբրև նորա որդիք, սակայն միայն հանդերձյալումն ենք նորան կատարելապես տեսնելու (Ա Հովհ., Գ 2. Ա Կոր., ԺԳ 12), քննում ենք նորա խորքերը, սակայն և այնպես ոչ ոք է նորան տեսել, զի բնակվում է լույս անմատույց (Ա Կոր., Բ 10. Ա Հովհ., Դ 12. Ա Տիմ., Զ 16), ըստ որում, և՛ անհասանելի, և՛ անքննելի է մեզ համար այժմ, և իսկապես կտեսնենք ու կիմանանք, ինչպես և է` միմիայն հանդերձյալում53*։

Դրականապես էլ մենք ճանաչում ենք Աստուծո կատարելությունք միայն և այդ ևս մեր կյանքի մեջ պատահած կատարելությ անց օրինակով, մինչդեռ իսկականը և իրականը Աստուծո մեջ է։ Ըստ այդ կատարելությանց` մենք անուններ ենք տալիս Աստուծուն, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ այլ կատարելությանց արտահայտիչ նշանները։ Աստուծո էության դրական ճշմարիտ արտահայտությունն է, որ նա բացարձակ հոգի է, բացարձակ կամք է, բացարձակ գիտակցական զորություն է. գիտակցական զորություն կամ բացարձակ անձնավորություն է, այսինքն` բացարձակապես ինքն յուր մեջ կեդրոնացած հավիտենական հիմունքն է ու գիտե, որ ինքն է ամենայնի միջնակետը, յուր անվերջ փառքի եսը (Եսայ., ԽԴ 6) և միևնույն ժամանակ այդ յուր փառքի տերը։ Նա տեսնող կարողություն է և այն խորին իմաստությունն է, որի մեջ իրականանում է աշխարհի նպատակը արարածական մարդու գիտակցության ընթացքով (Հռովմ., Ա 18-)։

Սակայն այս ամենով մենք դեռ բավականաչափ չլուսավորեցինք մեր մտածողությունը, որի պայծառության համար պետք է գիտենանք Աստուծո կատարելությունները։ Հայտնի է, որ Աստուծո էության երանությունը կայանում է նորա անբավ կենդանության և բարոյական կատարելության մեջ։ Որքան այդ անբավ կենդանությունը և բարոյական կատարելությունը սփռվում է աշխարհի վրա, այնքան մեր առաջ պայծառանում է Աստուծո փառքը։ Ահա և այդ երանության ու փառաց դեպի աշխարհը ունեցած հարաբերությունից երևում են Աստուծո կատարելությունները կամ ստորոգությունները, որոնք և ամփոփելով դասավորում ենք երկու կարգի։

Ա. Բնական աշխարհի, այն է` ժամանակի ու տարածության վերաբերմամբ, Աստված է միշտ նույն, հավիտենական, ինքնագո, ամենուրեք, ամենակալ, ամենագետ, ամենիմաստուն։

Բ. Բարոյական աշխարհի վերաբերմամբ` Աստված է արդար, ճշմարիտ, սեր, բարի, ողորմած, հավատարիմ և սուրբ (Ա Հովհ., Դ 16. Հռովմ., ԺԱ 33)։

Երկու կարգի կատարելությունք հիմնապես ամփոփված դավանում ենք Հավատամքի առաջին խոսքերի մեջ. «Հաւատամք ի մի Աստուած ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից» (Գործք, ԺԷ 22-29. Եփ., Գ 14. Ա Տիմ., Զ 15. Հռովմ., Ա 20. Եբր., ԺԱ 3)։

Աստուծո միությունն առաջին դավանանքն է, որ պետք է ուն ենա ճշմարիտ հավատացողը, ուստիև Աստված նախապատր աստվող ժողովրդին ասում էր յուր մարգարեի բերանով. «Լուր, Իսրայէլ, զի Տէր Աստուած քո տէր մի է» (Բ 0ր., Զ 4)։ Այդ միությունն է արտահայտում և Աստուծո առաջին հայտնությունը, որ ինքն է Է, այսինքն` առանց Աստուծո ոչինչ չի կարող լինել։ Երկու աստվածներ էլ չեն կարող լինել, զի եթե լինեին, կամ մեկն ու մեկը պետք է մեծ լիներ յուր կարողությամբ, և կամ երկուսն էլ անկատար կլինեին, այսինքն` Աստված չէին լինիլ։ Աստուծո կատարելությունը և բացարձակությունը չեն կարող բաժանվիլ նորա միությունից։ Նա մեկ է յուր զորությամբ. ամեն ինչ նորանից է կախված և ամենայն ինչ նորա խնամածությամբ է պահվում։ Ուստիև մենք, խոստովանելով մի Աստված, այդով երեք բան ենք արտահայտում և հանձն առնում. նախ` որ ամենայն հոգևոր ու մարմնավոր բարիքներ ստանում ենք նորանից ու վայելում նորա ողորմությամբ. երկրորդ` որ նորա անունն ու պատիվը միմիայն յուրյան պետք է տանք և ոչ մի աշխարհային գոյության. և երրորդ` որովհետև նորա միաստվածության մեջ են պարփակվում ամենայն կարողություն և իմաստություն, նորան պետք է լսենք ու հնազանդվենք։

Իբրև արարիչ ու հավիտենական պատճառ` նա կոչվում է Աստված (Էլոհիմ), և մենք ճանաչում ենք, որ նա ամբողջ աշխարհի Աստվածն է, իսկ իբրև նախախնամող, կառավարող, դատող ու հայտնող կոչվում է Տեր (Եհովա կամ Եահվե), որ ամենքին տանում է դեպի մի նպատակ, և մենք խոնարհվում ենք նորա առաջ54*։

Աստուծո միությունից անհրաժեշտապես հետևում է նորա միշտ միևնույն լինելը կամ անփոփոխությունը, զի եթե միշտ նույնիսկություն չլիներ ու փոփոխվեր, հավիտենական չէր լինիլ, այլ այն, որ հառաջ է եղել` ուրիշ կհամարվեր և հետվանը` ուրիշ։ Եվ որովհետև փոփոխականությունն արտաքին կախումն է ենթադրում յուր մեջ, ուստի այդ հակառակ կլիներ նաև նորա ինքնագոյության։ Այսպեսև Աստուծո ինքնագոյությունից հետևում է նորա ամենուրեքությունը, ըստ որում` և ամենակալությունը, ամենիմաստությունը և ամենագիտությունը։ Եվ այսպիսով թե՛ Ա. և թե՛ Բ. կարգի կատարելությունք ծագում են մեկը մյուսից, երբ իրական կամ բարոյական տեսակետով համեմատում ենք Աստուծո ինքնագոյության հետ։

Հապա ինչո՞ւ միաժամանակ խոստովանում ենք, որ նա և՛ Հայր է, և՛ ամենակալ, և՛ արարիչ։ Վասնզի նա կենդանի Աստված է, «հայր է հոգւոց» (Եբր., ԺԲ 9, Հակ., Ա 18)։ Նա հայր է յուր արարչագործության, նախախնամության ու հայրական հոգատարության, յուր փրկագործական ողորմածության և անչափ շնորհագործության համար։ Բայցև նա արարիչ հայր է, այսինքն` բոլոր հոգևոր ու մարմնավոր բարիքների ստեղծող, և ամենակալ հայր է, այսինքն` ամենայն ինչ կարող է, և ամեն ինչ նորանից է կախված։ Նորանով ենք եղել, նորանով գոյություն ունինք այժմ և դեպի նորան պետք է գնանք, զի նա է մեր իրական կատարելատիպը (Մատթ., Ե 48)։ Նորա հայրությունը որոշում է նաև այն վերաբերմունքն, որ մենք պետք է միշտ ունենանք դեպի նորան. «Հոգի է Աստուած, եւ երկրպագուաց նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիրպագանել», «քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ» (Հովհ., Դ 24)։

Չնայելով, որ Հավատամքի այդ սկզբի խոստովանության մեջ Աստուծո բոլոր կատարելությունք ամփոփ և մեր մտքի համար բավարար չափով արտահայտում ենք, այսով հանդերձ ճշմարիտ աստվածաճանաչության համար հարկ է վերոհիշյալ յուրաքանչյուր յոթնյակ կատարելությունք մի-մի ակնարկով պարզել և ըմբռնել։

Աստված միշտ նույն է և հավիտենական, սակայն ոչ թե անկենդան նույնությամբ, այլ կենդանի է և գործունյա, ինքնագո և յուր փառքով մշտապայծառ. նորա մեջ է հավիտենական կյանքը և կենդանությունը, անսպառ զորությունն և մշտագործ կատարելությունը. «Լի է կատարեալն, որ զամենայն լնու, եւ ինքն ոչ թերանայ եւ ոչ նորոգի, զի ոչ հնանայ եւ ոչ լնու, զի ոչ պակասի։ Զի ինքն նոյն է ի լիութեան իւրում» (Հաճ., Ա 15)։

Աստված ամենակալ է, այսինքն` ամեն ինչ նորա ստեղծագործությամբ է հառաջ եկել, և ամենքի գոյությունը նորանով է, որից բղխում է ամենայն կատարելություն և կյանք։ Ըստ որում` և նա ամենուրեք է և ամենուրեք ներգործում է, պահպանում և կենսագործում։ Նա է «ամենայն յամենայնի», ուստիև «ամենայն ի նմա». նա ամենուրեք է, ցորենի հատիկի մեջ` այլ կերպ, տերևի մեջ` այլ, բնության մեջ` այլ, պատմության և եկեղեցու մեջ` այլևայլ տեսակ, աշխարհում` այլ, նույնպես և այլ տեսակ` երկյուղածների մեջ և ա՛յլ` անաստվածների մեջ, ծովում ու ցամաքում, արքայության մեջ ու դժոխքում (Սաղմ., ՃԼԸ 7. Հակ., Դ 8. Գործք, ԺԷ 28)։ Սակայն նա ամենուրեք է ինքյան միայն հայտնի կերպով և ինչպես ինքը որոշում է ու կարևոր համարում իբրև ինքնագո իսկություն։ Հետևաբար և նա յուր ամենուրեքության մեջ ամենագետ է. նա տեսողություն է և ամենատես է, այսինքն` նորա էությունը կատարյալ գիտություն է, և ամենայն ինչ գիտե յուր ճշմարիտ գիտության մեջ` էությունն իբրև էություն, ճշմարտությունն իբրև ճշմարտություն, անհրաժեշտն իբրև անհրաժեշտություն, իրականն իբրև իրական և այլն, այսինքն` կատարյալ և ոչ պայմանական ու հարաբերական կերպով` ըստ մեզ։ (Մատթ., Ժ 30. ԺԱ 23. Եբր., Դ 13)։ Ուստիև նա ամենիմաստուն է, այսինքն` նորա միտքը ճշմարտություն է և իրականություն, նորա խոսքը իրողություն է. «Զի ոչ տկարասցի առ յԱստուծոյ ամենայն բան» (Ղուկ., Ա 37. Մատթ., ԺԹ 26), և աշխարհի օրենքը նորա իմաստությունն է։ Նա է աշխարհաբնակ բանականությունը, սակայն ո՛չ աշխարհից հեռու է և ո՛չ աշխարհի հետ նույնացած։ Աշխարհով ճանաչում ենք նորա իմաստությունը և Աստուծո իմաստությամբ ճանաչում ենք աշխարհը։ Աստուծո ամենիմաստությունը երևաց ոչ միայն նորա արարչագործության, այլև փրկագործական տնօրենության և ապա մարգարեական նախապատրաստության մեջ Իսրայելում, որտեղ փայլած բարձր իմաստությունը, Սողոմոնի գահի վրա անլուծելի մնալով (Առ., Ը. Իմաստ., Է. Սիր., ԻԴ), միմիայն Քրիստոսով գտավ յուր լուծումն ու գերագահ բարձրությունը (Եփես., Գ 10. Հռ., ԺԱ 33. Եփ., Ա 10. Ա Կոր., Բ 2)։

Իմաստության բաշխող ու զարդարող զորությունը արդարությունն է, որով Աստուծո արքայության մեջ ամենայն արարած յուր բաժինն է ստանում, իսկ արդար բաշխումը դատով կլինի, որ բարին ու չարը տարբերե և ըստ արժանյաց գնահատե։ Ոչինչ է ծածուկ Աստուծուց, և մարդը միշտ «առանց պատասխանի տալու» է Աստուծո դատի առաջ (Գաղ., Զ 7. Հռ., Բ 6). ուստիև նորա արդարության խրատական մի թևը` սպառնալիքն ու պատիժն է, իսկ մյուս թևը` ավետիքն ու պարգևը։

Աստուծո իմաստության և արդարության միությունն է նորա բարությունը, զի բարությունը բարություն չի լինիլ, եթե իր ավունք չէ ճանաչում, օրենք չգիտե և յուրաքանչյուրին ըստ յուր արժանյաց չէ գնահատում. զի բարությունն այն է, որ խրատում է. (Ա Հովհ., Ա 9. Հռ., Գ 26)։ Աստուծո բարությունը երևում է մանավանդ նորանից, որ նա արարչագործության նպատակը յուր նպատակն է դարձնում, հետո արարչագործությամբ հայտնում է յուր մեծությունը մարդկանց և միևնույն ժամանակ հայտնություն է տալիս մարդկանց դարձյալ յուր արարչական տնօրենության համար, այնպես որ ամեն ինչ ծառայեցնում է մարդու բախտավորության։ Եվ Աստուծո բարության քաղցրությունը նորանից է երևում, որ մարդ ստանում է` երբ ուզում է և որքան խնդրում է հավատքով։ Այդ բարությունն էլ անսպառ է, զի բարին միայն Աստված է (Մարկ., Ժ 18)։ Բայց որովհետև «ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն լուսոյ, յորում չիք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր» (Հակ., Ա 17), և ընդունելության շնորհն էլ Աստուծուցն է միայն, Աստված էլ այդ շնորհը կատարելապես իրականացրել է մարդու մեջ։ Այդ պատճառով և մարդու մեջ Աստուծո բարությունը ներկայանում է իբրև սեր։

Աստուծո բարությունը վայելում են բոլոր արարածները, սերը` միմիայն հրեշտակներն ու մարդիկ։ Կա Աստված, կա և նորա արքայությունը, որի մեջ են ինքն ու յուր որդիք. նա ինքը սեր է (Ա Հովհ. Դ, 16), ճշմարիտ հոգու մեջ է, և ճշմարիտ հոգին նորա մեջ է։ Աստուծո բոլոր կատարելությունք կապված են նորա սիրո հետ, և բոլոր տնօրենությունք և գործերը բղխում են նորա սիրուց և մարդկանց հաղորդակից անում աստվածային բնության (Բ Պետր., Ա 4)։ Այսպիսով, մարդ իրական ու սուրբ միություն է վայելում Աստուծո հետ, ըստ որում, Աստված յուր սիրով ողորմած է դեպի մարդու մեղքը, երկայնամիտ է մարդուն դաստիարակելու գործում և հավատարիմ է այն ավետիքի ու հուսո նկատմամբ, որոնք նա ներշնչում է մարդու սրտի մեջ (Ա Պետր., Դ 19) և հառաջ մղում դեպի կատարելություն։ Յուր արքայության մեջ Աստված մարդու հետ միություն է պահում յուր սրբությամբ, այնպես որ, յուր և յուր արարածի տարբերությունը չէ վերացնում. այդ սիրո միության հարաբերության մեջ Աստուծո վեհությունն ու փառքը մնում են հավիտյան, և երբեք չար ու արատ չեն մոտենում նորա էության (Եսայ., Զ 3. Բ 0ր., Է 21. Հակ., Ա 13. Եբր., Ժ 27. ԺԲ 29)։ Առանց այդ սրբության չի կարող լինել ճշմարիտ սեր դեպի մարդիկ և Աստվածային կատարելություն` Աստուծո մեջ։

Սիրո փառքն Աստուծո մեջ և կատարելությանց լրումը կոչվում է երանություն։ Երանություն Աստուծո մեջ է, զի կյանքն ինքնըստինքյան Աստուծո մեջ է կատարյալ և լրիվ։ Նորա սիրո մեջ տիրում է հավիտենական խաղաղություն, որ ոչ այլ ինչ է` եթե ոչ հավիտենական գործունեություն յուր սիրո ծավալման մեջ (Եբր., Դ 3. Հովհ., Ե 17)։ Եվ ահա Աստված, ունենալով յուր ներքին կյանքն առանձին և արտաքին գործունեությունը դեպի աշխարհ առանձին, պահում է յուր արդարությունը, բարությունը, սրբությունը, սերը, ողորմածությունը և հավատարմությունը դեպի մարդիկ և միևնույն ժամանակ յուր խաղաղական երանությունն յուր կյանքի մեջ. ուստիև նա ճշմարիտ է ու կատարյալ ճշմարտություն, այսինքն` որ ինքն յուրյան հետ իրական նույնություն է և միակ իրական նույնությունը։ Այսինքն` նորա իմաստությունը, տնօրինությունը, կամքը, գործը և ամենայն վերաբերմունք կատարելապես համապատասխան է յուր էության հետ և իրողություն է կատարյալ նույնությամբ։ Ըմբռնելով այս բոլոր կատարելությունք` ճանաչում ենք և տեսնում մեր Արարչին միմիայն իբրև արարած, այսինքն` «իբրեւ ընդհայելի օրինակաւ», իսկ երբ կարժանանանք նորա երանական տեսության, այսինքն` երբ կատարյալ սիրով կվառվենք նորա փառաց մեջ, «յաւուր յայնմիկ եղիցի Տէր մի եւ անուն նորա մի» (Զաք., ԺԴ 9), և պետք չենք ունենալ բազմաթիվ ստորոգությանց` մեր ճանաչողությունը պարզելու համար. «Յայնժամ գիտացից որպէս եւ Նայն ծանեաւ զիս» (Ա Կոր., ԺԳ 12)։

« Դ. Աստուծո Գոյության Հավաստիքը Գիտական Հետազոտությամբ   |   Զ. Սուրբ Երրորդություն »
© Gratun.org