Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

Է. Աստուծո Արարչությունը

Աստվածային սիրո արտաքին գոծունեության առաջին իր ականացումը Աստուծո արարչությունն է։ Աստուծո արարչություն է կոչվում նորա այն գործը, որով նա յուր էությունից տարբեր ինչ է հառաջացնում կամ ստեղծում։ Նորա արարչության պատճառն այն է, որ Նա սեր է, ուստիև չի կարող յուր մտքերով յուր մեջ ամփոփվել, ապա թե ոչ` նա սեր չի լինիլ։ Սեր լինելով` Աստված պետք է հոգիների հայր լինի, կենդանյաց Աստված և յուր արքայության մեջ հոգի` ճշմարիտ հոգով երկրպագուների համար։ Ինչպես որ Աստուծո սերը անկարելի է դարձնում արարչության չլինելն, այնպես և այդ սիրո անսպառ առատությունից բղխում է արարչությունը։ Աստված յուր սիրո առատությամբ և յուր կամաց անսահման ազատությամբ կամեցավ ստեղծել աշխարհը և յուր հայտնությունը շնորհել յուր ստեղծածին։ Այսպիսով, արարչության պատճառն Աստուծո ազատ կամաց, անբավ սիրո և բազմախորհուրդ մտաց արտաքին իրականացումն է։

Աստուծո արարչության նպատակն ևս սիրո արքայությունն է, որ նա կամենում է հաստատել։ Սիրո արքայությունը հիմնադրվում է Աստուծո արարչությամբ և իրականանում, կատարելագործվում է` դեպի Աստված ձգտելովը։ Աստված ստեղծեց աշխարհն «ի գովեստ փառաց նորա», ասում է առաքյալը (Եփ., Ա 12, 14). միևնույն ժամանակ ասում է, որ մենք նորոգվում ենք «ի նոյն պատկեր փառաց ի փառս» (Բ Կոր., Գ 18)։ Հետևաբար ոչ թե արարածական աշխարհը ստեղծված է միմիայն յուր Արարչի փառաց համար և ինքնըստինքյան ոչ մի նշանակություն չունի. նույնպես և ոչ թե արարածական աշխարհն ինքնըստինքյան նպատակ է և յուր հառաջադիմության համար է առանց Աստուծուն նպատակ ունենալու. ո՛չ. այլ Աստված յուր սերը դեպի յուրյան իրականացնում է յուր սիրով դեպի աշխարհը, ըստ որում` նա չէ ստեղծել աշխարհն յուր փառասիրության համար` լոկ նորան միջոց դարձնելով յուր փառքի բարձրանալուն, որին կարոտ չէ, այլ մարդկանց «փառաց ի փառս» նորոգումը և կատարելագործումը յուր նպատակն է դրել յուր սիրո առատության պատճառով։ Ուստիև դատապարտելի է Կալվինի և համաստվածյանց ոմանց տեսությունը, թե աշխարհը ծառայում է միմիայն Աստուծո փառաց ու փառասիրության, և իբր թե մարդիկ կաշկանդված անոթներ են, որոնց երանությունն ու նզովքը յուրյանց ճակատագիրն է։ Այդպիսի մոլոր տեսությամբ Աստված դառնում է մի եսական զորություն, որպիսի տեսությունը կատարելապես խորթ ու խոտելի է քրիստոնեական վարդապետության սկզբունքով (Եզնիկ, 232-235, 236-238)։

Աշխարհն Աստուծո առաջ ո՛չ լոկ միջոց է և ո՛չ լոկ նպատակ, այլ միանգամայն թե՛ միջոց է և թե՛ նպատակ. միջոց է յուր փառաց հայտնության և նպատակ է յուր սիրո արքայության, ընդնմին և աշխարհի նորոգման նպատակն է Ինքն Աստված։ Այսպիսով, արարչությունն Աստուծո հավիտենական զորության ճշմարիտ արտահայտությունն է։ Այս տեսնելու ենք մանավանդ փրկագործության խորհրդի ուսումնասիրության մեջ (հմմտ. Սաղմ., ԺԸ 1. ԿԸ 35. ՃԽԸ. Ել., ԽԳ 7. Մատթ., Ե 16. Ա Պետ., Դ 10. Ա Կոր., Զ 20. Ժ 51. Եփ., Ա 4, 6, 12. Հովհ., ԺԳ 31. ԺԷ 1-4. Բ Թես., Ա 10. Առ., ԺԶ 4. Եբր., Բ 10. Կող., Ա 16)։

Արարչության պատճառն ու նպատակը իմանալուց հետո պետք է գիտենանք և ստեղծել բառի իմաստը։ Ս. Գրքում ասված է, թե Աստված ստեղծեց աշխարհն ոչնչից (Ծննդ., Ա 1. Բ Մակ., Է 28. Հռ., Դ 17. Եբր., ԺԱ 3). «Ըստ մարդկան» մտածելով` ոչնչից ոչինչ կլինի։ Սակայն առաքյալն ասում է. «Հաւատովք իմանամք հաստատեալ զյաւիտեանսն Բանիւ Աստուծոյ, յաներեւութից զերեւելիսս եղեալ» (Եբր., ԺԱ 3. Կող., Ա 16, 17. Հովհ., Ա 3. Գործք, Դ 24. Սաղմ., ԿԸ 35)։ Ուրեմն, նախքան ստեղծումը մեր տեսանելի աշխարհից ոչինչ չէ եղել, այլ միմիայն Աստված է եղել և նա աներևութից է ստեղծել աշխարհն ու ստեղծել է «Բանիւ»։ Այսինքն` աշխարհի ստեղծագործության բոլոր կարելիությունները («աներևութից»-«ոչնչից») Աստուծո կամաց մեջ էին, զի Աստված է բոլոր կարելիությանց աղբյուրը60*։ Իսկ այդ կարելիությունք բացվում են Աստուծո առաջ յուր Որդվով կամ յուր բանով

(Հովհ., Ա 1-5), որով Աստված, յուր մեջ մտածելով և աշխարհի գաղափարը հայտնելով, իրականացնում է յուր արարչական կամքը։ Այս են բացատրում մեր Ս. Հայրերը` գրելով. «Աստուած մինչ եւ էր արարեալ, ոչ խառն ի խուռն ինչ ճանաչէր զանեղսն, այլ կարգեալ եւ յարմարեալ կային առաջի նորա իւրաքանչիւր մասանցն տեսակքն. իսկ մարդկանց եւ հրեշտակաց` եւ տեսակքն եւ որ ի տեսակին լինելոց էին» (Եղիշե, 24)։ Եվ այդ կարելիության գաղափարը նա իրականացրեց «ոչ յընչէ, այլ յոչնչէ, զի ինչ` նա միայն է, եւ այլս ամենայն ի նմանէ ընչացաւ»։

«Չգոյր ինչ ժամանակակից Աստուծոյ, եւ ոչ նիւթ ինչ, ուստի առեալ զարարածս կազմիցէ, այլ ինքն է ամենայն բնութեանց Արարիչ. եւ ոչ միայն կերպարանաց կազմիչ եւ ոչ էութեան էականաց իրիք խառնիչ, այլ գոյանալոյ գոյացելոցն գոյարար» (Եզնիկ, 239)։

«Յոչնչէ ոչ կարեմք ասել զայս մեծ մարմինս արարածոյս, եւ ոչ ինքնաբոյս գոյացութիւն, նա ոչ ի վարանս տարակուսի անկանիմք, թէ ուստի եղեւ բնական կամքն Աստուծոյ իմանալ եւ առն ել ինչ, այլ միշտ Աստուած», մի՛շտ արարող զօրութիւն ընդ իւր։ Եւ յորժամ կամեցաւն` նոյնպէս կամեցաւ. զոր յիմանալւոջն էած ի գոյացութիւն, զի իմանալեաց իցէ արարիչ բնական իմացութիւն»։ «Աշխարհ յառաջ, քան զլինելն իւր գոյրի նախագաղափար տեսութիւնն Աստուծոյ» (Եղիշե, 369, 374, 173, Հարց., 156-164, 167)։

Արդ` Աստված ստեղծեց աշխարհը «Բանով», այսինքն` Որդվով, և յուր անբավ սիրո լրմամբ նա իրականացրեց աշխարհի գաղափարը և գոյացրեց` ըստ յուր Հոր կամաց, իսկ Ս. Հոգին, Հոր անհատ բղխումը լինելով, յուր կենդանարար ներգործությամբ ներքին կազմակերպություն տվավ սիրո արքայության։ Ինչպես որ Ս. Երրորդությունն առանց Ս. Հոգուն կզրկվեր յուր ներքին սիրո հարաբերությունից ու կապից, այնպես էլ Աստուծո արարչությունն առանց Ս. Հոգու համագործության անկազմ, անկապ և անզարդ կլիներ։ Ուստիև Ս. Ներսես Շնորհալին գրում է. «Հայր կամեցաւ ստեղծանել զերեւելի եւ զաներեւոյթ արարածս, եւ Որդի` գոյացոյց յանգոյից, եւ Հոգին Սուրբ զարդարեաց իմաստութեամբ» (Ընդհանր., 13)։

« Զ. Սուրբ Երրորդություն   |   Ը. Աշխարհի Ստեղծումը »
© Gratun.org