Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

Ը. Աշխարհի Ստեղծումը

Որովհետև Աստված անսահման կյանք է, և աշխարհը ստեղծված է ոչ թե լոկ Աստուծո փառաց հայտնության համար, այլև նույն աշխարհը Աստուծո արարչության նպատակն է և Աստուծո արքայության իրականացման է ծառայում, ուստի այդպիսի մի աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական հառաջադիմությունից զուրկ կամ մի մեռյալ գոյություն լինել։ Անբավ կյանքի ու կյանք բաշխողի արարչությունը բնավ չի կարող մեռելություն լինել։ Հետևաբար աշխարհը ստեղծվելով կունենար և յուր հառաջադիմությունը կամ յուր զարգացման բնական ընթացքը, ըստ որում` նախ խառն նյութն է ստեղծվում և ապա կանոնավորապես կազմակերպվում (Ծննդ., Ա 1-2...)։ Սույն միտքը տեսնում ենք արարչության պատմության մեջ Ծննդոց գրքում իրապես ևս արտահայտված61*։

Նախ այնտեղ «Եւ ասաց Աստուած` եղիցի լոյս, եւ եղեւ լոյս» և այլ նման խոսքերով ասված է, որ Աստուծո հրամանը կամ Աստուծո կամքն անմիջապես կատարվում է, զի նորա կամքը մերինին նման չէ, այլ իրականություն է։

Երկրորդ` այնտեղ բոլոր արարչագործությունը վեց բաժանմունք ունի, և յուրաքանչյուր բաժանմունք նկատվում է մի օրվա գործ։ «0ր» Ս. Գրքում գործ է ածված ժամանակ ու շրջան մտքով. զորօրինակ, Ծննդ., Բ 4, 17. Գ 5. Թվոց, ԺԴ 34. Եզեկ., Դ 5. 6. Հովել, Բ 11. Ես., ԿԵ 22. Բ Կոր., Զ 2. Հռ., ԺԳ 12. Ա Թես., Ե 4. Եբր., Ա 2. մանավանդ որ արեգակն, այսինքն` երկրիս ժամն ու ժամանակը որոշողը չորրորդ օրվա գործերի մեջ է հիշվում, թեև ս. գրողք, սոսկ կրոնական նպատակ ունենալով, պարագայից կարգի որոշության նշանակություն չեն տալիս (տե՛ս զորօրինակ, Հովբ, ԼԸ. Սաղմ., ՃԳ. հմմտ. Մատթ., ԺԹ 3-6. Ե 17-19.), և այդ բաժանմունքներն օր են կոչվում յոթներորդ օրվա և յոթնամյա տարեդարձի կրոնական վճռի համեմատությամբ (Ելից, Ի 11. Ղևտ., ԻԵ)։ Այլև Մովսիսի սաղմոսում (ՁԹ) երգվում է. «Հազար ամ յաչս Տեառն որպէս օր երեկի` զի անց, որպէս պահ մի գիշերոյ, եւ ամք նորա անարգութեամբ եղիցին»։ Այդպես և առաքյ ալն է գրում. «Մի օր Տեառն իբրեւ զհազար ամ է. եւ հազար ամ` իբրև զմի օր» (Բ Պետր., Գ 8), այսինքն` մեր ժամանակաչափով չենք կարող Աստուծո գործերը չափել։ Հետևաբար յուրաքանչյուր շրջանի գործ յուր կատարման մեջ է մտնում Աստուծո կամաց մի վճռով և յուր զարգացման կարգը բռնում, ըստ որում` բոլոր ստեղծագործությունը, սկսվելով անկատարից, դիմում է դեպի կատարելագույնը, կամ թե հաջորդ գործն ընթացք է ստանում նախորդ գործի լրմամբ միայն։ Եվ ուրեմն Աստված այնպես է տնօրինել յուր արարչագործությունը, որ արարածներն, ըստ Արարչի ստեղծման կարգավորության, բնական զարգացումն են ստանում և հառաջադիմում։ Իսկ յոթներորդ օրվա հանգստություն է կոչվում Աստուծո նախախնամական գործունեությունը մինչև աշխարհի վերջը (հմմտ. Մեկն. Ժամ., 203)։

Երրորդ` արարչագործության պատմությունը, Ս. Գրքում կրոնական և ոչ թե բնագիտական նպատակ ունենալով, հիշում է, որ աշխարհի ամենայն երևելի և աներևույթ գոյություններն իր ականացել են Աստուծո ամենազոր հրամանով և Աստուծո ենք պարտական աշխարհի բոլոր բարյաց երախտիքը։ Ոչ մի երկնային մարմին, ոչ մի բանական արարած, ոչ մի կենդանի և ոչ չնչին ստեղծված անգամ Աստուծո արարչական հրամանից դուրս չէ ծագել, ըստ որում և այնտեղ որոշվում է կիրակվա, ամուսնության, ամուսինների փոխադարձ հարաբերության սկզբունքը (Ծննդ., Բ 2-3, 23, 24. համեմատ. Ա Կոր., ԺԱ 3-12. Եփ., Ե 25. Մատթ., ԺԹ 3 և այլն)։ Ուստիև մեր հավատքի, մեր աստվածաճանաչության հիմքն այն է, որ մենք և ամբողջ աշխարհը Աստուծո ստեղծվածն ենք, և ամենայն արարած մարդուն համար է։ Այդ պատճառով և Ս. Գրքում երկիրն իբրև մարդու բնակարան կամ մարդը կեդրոն է նկատվում արարչության, այնպես որ թե երկիրը կլոր է, ինչպես գտավ Պյութագորասը 500 տ. Ք. ա., թե պտտում է յուր առանցքի շուրջը, որպես ընդունում է Պղատոնը 348 տ. Ք. ա., թե պտտում է արեգակի շուրջը, ինչպես ասաց 100 տարի հետո Արիստարխ Սամոսացին և ապա Արխիմետը62*, և այլն, այդ Ս. Գրքի նպատակից և զբաղմունքից դուրս է (տե՛ս Հարց., 180-189, 202-219, որտեղ ժողովված են այժմ ևս գիտությ ան մեջ ընդունված շատ կարծիքներ ու գյուտեր. տե՛ս և Բարսեղ Մեծն, Վեցօրյակ. Թ)։

Եվ չորրորդ` հենց սկզբում ասված է, թե «Եւ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց», որի հետ միասին հիշված է և Աստուծո ամենազոր խոսքը։ Ըստ այսմ` Աստուծո հոգին և Աստուծո խոսքը ամենից առաջ են, և նոցա գործունեությամբ է աշխարհս թե՛ լույս և թե՛ ամենայն մարմին գոյություն ստանում, կարգավորվում և յուր բնական օրինավորության ընթացքի մեջ մտնում։ Այդ սկսվում է այնով, որ շփոթը (թոհ և բոհը)` խառնակ վիճակը, վերանում է և դորա հետ լույս է իջնում երկրի վրա63*, առանց որի չի կարող կարգավորություն լինել խավարի մեջ (տե՛ս և Հարց., 192. Խոսր. Անձևացի, Մեկն. Ժամ., 193)։

Ահա այս չորս կետերում է արտահայտված քրիստոնեական վարդապետությունն աշխարհի ստեղծման նկատմամբ։ Բոլոր ազգերն էլ ունին արարչագործության ավանդությունը և բոլորն էլ գրեթե միանման են պատմում, որոնցից Ս. Գրքի պատմության ամենամոտիկն է փյունիկեցոց և բաբելացոց ավանդությունը64*։ Սակայն եթե հեթանոսական աշխարհի այդ ավանդության ամենազարգացած տեսությունը հունաց մեջ ծաղկած համարենք, կտեսնենք, որ հույն իմաստասերներն էլ չեն կարողացել այդ չորս կետերի դեմ չմեղանչել։ Այսպես, Քրիստոսից 500 տարի առաջ Քսենոփանես հույն փիլիսոփան, նկատելով երկրի` մանավանդ սարերի շերտերում քարացած կենդանիք և նոցա նմանությունը ծովայնոց հետ, ասում էր, թե աշխարհը տիղմից է կազմվել. ոմանք էլ այդ վերագրում էին բնության ուժին, ոմանք` մի ջրհեղեղի և ուրիշները` մի նախնական արարչության65*։ Եվ մենք տեսնում ենք, որ հունաց թե՛ կրոնական և թե՛ իմաստասիրական տեսությունները հանգում են մի կետի, այն է, որ նոքա աշխարհը նկատում են միայն իբրև բնություն և ոչ իբրև արարած, կամ թե համարում են եղած նյութից ստեղծված (երկվականություն-Պղատոն, Արիստոտել, Զրադաշտ)66*։ Նոքա ներկայացնում են աշխարհն` իբրև սկզբնական սաղմեր կրող շփոթից (քաոս) հառաջ եկած, լույսը` խավարից բղխած, հոգիները, սեփական զորությամբ բնության կոյր ուժերի դեմ կռվելով, ազատված և այլն։ Սույն առասպելաբանությունք իհարկե մեծ զարկ էին տալիս նոցա կրոնական գեղարվեստի զարգացման, որին դարձյալ անկում էր սպառնում նոցա կույր ճակատագիրը։ Այլև սույն մոլորության ձևակերպությունն է` թե աստվածյանց տեսությունն, որ իբր թե Աստված, ստեղծելով աշխարհը, մի կողմ` աստղերի հետևն է քաշվել, ինչպես մեքենապետը մեքենան ընդմիշտ լարելուց հետո, թե համաստվածյանց տեսությունն, որ իբր թե աշխարհն ինքնուրույնաբար զարգանալու ու ծավալվելու ոգևորություն ունի առանց Աստուծո, և թե նյութապաշտությունն, որ ժխտում է ճշմարիտ Աստուծո գոյությունն ու հավիտ ենական զարգացող նյութ ճանաչում (Եպիկուր, Դեմոկրիտ, Լուկրեց, համագետներ և այլք)67*։

Այս տեսությանց հակառակ միակողմանի հրեությունն, շեղվելով Ծննդոց գրքի պատմության ոգուց, աշխարհին իբրև լոկ արարածի վրա էր նայում. նա ուսուցանում էր, թե աշխարհը լոկ Աստուծո փառաց ծառայող է ստեղծված և չունի ոչ մի ինքնուրույնություն և ոչ մի բնական ընթացք, այլ միայն մի անկենդան մեքենա է յուր բացարձակ մեքենապետի առաջ68*։

Քրիստոնեական վարդապետությունը հիմնովին մերժում է թե՛ հեթանոսության բնապաշտական ուղղությունը և թե՛ հրեության բռնապետական տեսությունն, արհամարհելով երկուսի միակողմանիությունք էլ, որոնք պարզ ի պարզո մոլար են և չեն մտնում Աստուծո իմաստուն արարչության խորհրդի մեջ։ Զի Աստված, անսահման կյանք, սեր և իմաստություն գոլով, ստեղծեց ոչ թե մի անկենդան և ինքնուրույնությունից կատարելապես զուրկ աշխարհ, այլ մի աշխարհ, որ յուր սահմանափակ զորությամբ ու կենդանությամբ ազատ ընթացք ունի և հետևաբար այդպես ու միայն այդպես է յուր Արարչի ամենիմաստուն կարողության ու սիրո հայտնություն։ Աստված ստեղծեց ոչ լոկ բնություն և ոչ սոսկ արարած, այլ բնական արարած. աշխարհն Աստուծո բնական ստեղծվածքն է։ Աշխարհի սկիզբը մեկ է, և այդ սկզբնավորությունը գերբնական է, որով նա Աստուծո արարչական ստեղծագործությունն է, սակայն աշխարհն ունի և յուր բնական սկզբնավորումը, որի մեջ ծավալվում են աշխարհի բոլոր երևույթների և զգայարանական սաղմերի աճումն այն արարչական զորության ներգործությամբ, որ նոքա ստանում են գերբնական սկզբից։ Աստուծո արարչական կամքն, աշխարհի գերբնական սկիզբը դնելով, բազմազան սկիզբներ է հառաջացնում, աճեցնում ու բազմավորում, սակայն բոլորի բնական ընթացքները միության մեջ են մնում շնորհիվ գերբնական սկզբի միության, իսկ այդ գերբնական սկիզբն էլ Բանն Աստուծով է սկսվել, որ սկզբից Աստուծո մոտ էր, առանց նորան ոչինչ չէ եղել և ամենայն ինչ նորանով է եղել ու ստեղծվել (Հովհ., Ա 1-6)։ «Զի յոչնչէ անտի սկիզբն արար միովն` եւ ած մինչ ի հազարս եւ ի բիւրս զիւրաքանչիւրսն. զի լաւութեան հանդիսիւք առաքինասցին» (Հաճ., Է 26)։ Աստուծո արքայության զարգացումը ցորենի կամ մանանեխի հատիկիցն է (Մատթ. ԺԳ, 31, Մարկ., Դ 31. Ղուկ., ԺԳ 19, Ա Կոր., ԺԵ 37), բայց այդ հատիկն էլ ունի յուր գերբնական սկիզբը։ Քրիստոնեական վարդապետությունը ո՛չ լոկ հասկ է ճանաչում, ո՛չ լոկ հասկահատիկ, այլ` երկուսը միասին, և երկուսի աճումը արարչական գերբնական սկզբիցն է. ահա մի օրինակ աշխարհի ստեղծման սկզբունքին։ Ուստիև մեր բնագիտական հետազոտությունը, լոկ բնության գիտություն լինելով, շարունակում է յուր գործը միմիայն մինչև հատիկը, միմիայն մինչև գերբնական սկիզբն և ոչ դենը։ Մենք ստեղծված ենք, ժամանակն էլ ստեղծված է, որ մեր ճանաչողության հիմքն ու պայմանն է, իսկ արարչության հետազոտությունը մեր սահմանից դուրս է, որ ճանաչելու համար պետք է ոչ թե ստեղծված լինինք, այլ` Արարիչ, ուստիև ճանաչում ենք միմիայն Աստուծո հայտնության ուսումնասիրության ուսումնասիրությամբ։

Աշխարհն, ստանալով յուր ընթացքը, ձգտում է դեպի յուր նպատակն և այդ ձգտման ճյուղավորությունն յուր բազմազանությամբ ու հատ-հատ զարգացմամբ կազմում է ժամանակի գաղափարը։ Քանի որ Աստուծո արարչական կամքի մեջ աշխարհի ստեղծագործության գաղափարն անփոփոխ է, Աստուծո արարչությունն ևս հավիտենական է։ Մինչդեռ այդ արարչական կամքն յուր գործունեությամբ հառաջ է բերում աշխարհի արարածական ընթացքը, որ դիմում է դեպի նպատակ և ժամանակական է։ Իսկ այդ ժամանակական ընթացքը կստանա յուր կատարումը` յուր նպատակին հասնելով, այն է` Աստուծո արքայության վերջնական իրագործմամբ. այդ էլ կլինի հավիտենականության մեջ, որում կվերանա վախճանականությունն անվախճան կյանքի լրմամբ։

Այս հառաջադիմությունը կատարելապես նույն կրոնական սկզբունքով է ընթանում, որ արտահայտված է յոթնօրյակի մեջ։ Աշխարհի կյանքի ընթացքը կամ տիեզերական պատմությունը այնպես է հառաջ գնում, ինչպես ստեղծագործությունն` յուր յոթնօրյա կարգով, ըստ որում` յուրաքանչյուր մի մասն յուր ընթացքն է ստանում նախընթացի կատարումից հետո։ Յուրաքանչյուր վեց շրջանի անցնելով` լրանում է մի ժամանակ, և ապա կրկին սկսվում է այսպես ասած արարչական մի նոր օր, որ նախընթացի նմանօրինակ դրոշմն է կրում աստվածային ներգործությամբ։ Ստեղծագործությունը մինչև մարդու ստեղծումը հանգավ մարդու ստեղծմամբ, իսկ տիեզերական կյանքի կամ պատմության հառաջադիմությունն յուր մարդկային հոգևոր ընթացքի տիրապետությամբ հառաջադիմում է դեպի հավիտենականություն, որում կլինի հոգևորի կատարելությունը։ Յուրաքանչյուր նոր շրջան ընթացք է ստանում գրեթե այնպես, ինչպես արարչագործության մեջ է լինում Աստուծո «Եղիցի լոյս» խոսքով[1]։ Այսպիսով ժամանակի շրջաններն ևս հեռավոր նմանությամբ կրկնվում են և դեպի առաջ գլորում. «Անցանեն ժամք և աւուրք և ամք և յառաջադէմն նկրտին» (Հաճ.)։ Այս շրջանների ընթացքի վրա էին նաև մարգարեները հիմնում յուրյանց աստվածատուր հայտնությունք` ցույց տալով Արարչի տնօրինած կյանքն ու նրա հառաջադիմությունը դեպի ժամանակի վերջնական լրումը` հավիտենական կյանքը։ Եվ այս հիման վրա էին կառուցանում հին աստղաբաշխներն յուրյանց 28-ամյա (4x7) շրջանի գուշակություններն ապագա տարիների պտղաբերության, խաղաղության, խռովության ու դժբախտությանց նկատմամբ։ Աշխարհի վեց շրջանները լրացան Քրիստոսով, և այժմ մենք գտնվում ենք յոթներորդ շրջանի մեջ, որ պետք է լրանա Քրիստոսի երկրորդ գալստով (Ագաթ., 387)։

Այսպիսով, աշխարհի բնական ու պատմական ընթացքը հառաջ է գնում Աստուծո գերբնական ու բարձր ներգործությամբ, սակայն յուր իսկ դրած բնական կարգավորությամբ և հաստատած անշեղլի օրենքով (Ծննդ., Ը 22)։ Այդ օրենքի աստվածային պահպանությամբ պայմանավորված է ուրեմն աշխարհի հառաջադիմության կանոնավոր ընթացքը, իսկ Աստուծո արարչական ներգործությամբ մի ավելի բարձր զարգացման աստիճանավորություն է հառաջ գալիս ցածր աստիճանից` ըստ տնօրինական ներգործության։ Այդ է պատճառը, որ որտեղ Աստուծո արարչական ներգործության հետևանքն ենք նկատում, սքանչանում ենք և մեր առաջ մի հրաշալիք տեսնում, իսկ որտեղ օրինավորության պահպանության ենք հասու լինում, սկսում ենք զննել ու ճանաչել, թե ի՞նչ օրենք կարելի է դուրս բերել այդպիսի երևույթներից։ Ճանաչել այդ օրենքների պահպանության աղբյուրը և արարչական ներգործության բարձրությունը մեր հավատքի հարստությունն է։

« Է. Աստուծո Արարչությունը   |   Թ. Հրեշտակները »
© Gratun.org