Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

Թ. Հրեշտակները

Աստուծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նորա հայտնությունն ասում է, որ մարդն է Աստուծո արարածների կեդրոնը, գլուխը և նպատակը։ Այդ պատճառով և բոլոր արարածները ստեղծվեցան մարդուց առաջ, և բոլորի պատրաստվելուց հետո միայն ստեղծվեց մարդը։ Ուստիև մարդու մարմնավոր կյանքի մեջ պատկերանում է ամբողջ աշխարհը, իսկ հոգին Աստուծո պատկերն է։ Մարդու այս մեծ նշանակությունն առավել ևս բարձրանում է, երբ նկատում ենք, որ նորա համար են ստեղծված մինչև անգամ այն հոգևոր արարածները, որոնք մարդու պես բանավոր են (Եղիշե, 27), կոչվում են հրեշտակներ, ստեղծվել են առաջին, այսինքն` երկուշաբթի` հրեշտակաց օրը լույսի հետ (Կող., Ա 16. Հովբ, ԼԸ 7. Շար., էջ 583. Տաթ., Հարց., 642) «եւ հոգիք են հարկաւորք, որ առաքին ի սպասաւորութիւն վասն այնոցիկ, որ ժառանգելոցն են զփրկութիւն» (Եբր., Ա 14, Բ 16. Հաճ., ԺԵ 150)։

Ուրեմն նոքա բնական բարձր կարողություններով օժտված (Մատթ., ԻԴ 36. Բ Թես., Ա 7. Բ Պետր., Բ 1. Կող., Ա 16. Սաղմ., ՃԽԸ 1-3) սպասավոր զուտ հոգիներ են, մարմնի ու տարածությ ան հետ մարդու պես կապված չեն և ծառայում են Աստուծո արքայության նպատակներին (Եզնիկ, ԻԳ)։ Ուստիև դոքա հրեշտակ անունն են կրում, այն է` դեսպան, պատգամաբեր (մալեաքիմ, անգելոս)։ Նոքա երկնաբնակ են (Հուդ., 6), մանկություն ու ծերություն, սեռ, ծնունդ ու սեփական պատմական զարգացումն չունին (Մատթ., ԻԲ 30. Ղուկ., Ի 35-36. Եզնիկ, 97, 101, 102, 287) և, միայն իջնելով ու մարդկանց գործերին մասնակցելով, մտնում են մարդկային պատմական կյանքի մեջ։ Եվ եթե թևավոր են կոչվում «ոչ եթէ մարմնեղէն թեւաւորք, այլ ըստ նմանութեան` թեւաւորք, որք երբէք բնաւ իսկ սոսկագոյն իբրեւ զմարդիկ հրեշտ ակքն երեւեալ» (Ագաթ., ԼԱ)։

Նոքա կազմում են Աստուծո, այսպես ասած, բազմաթիվ զորքը (Բ 0ր., ԼԳ 2. Սաղմ., ԿԷ 18. Դան., Է 10. Հայտ., Ե 11) և Աստուծո ամենակարողության որևիցե հատուկ կողմը փառաբանելու համեմատությամբ` դասակարգության իննտասյան տարբերություններ ունին, որոնք և կոչվում են` աթոռաց կարգ, քերովբեք (զորավորք) և սերովբեք (գլխավորք), տերությանց, զորությանց և իշխանությանց, պետությանց, հրեշտակապետաց և հրեշտակաց կարգ (Հուդ., Թ 1. Ա Տիմ., Ե 21. Ա Թես., Դ 16. Հռ., Ը 38. Ծննդ., Գ 24. Ա Թագ., Դ 4. Սաղմ., ԺԷ 11. ՀԹ 2. Ես., ԼԷ 16. Զ 26. Եզնիկ, Ժ 1. Եփ., Ա 21. Գ 10. Կող., Ա 16. Ա Պետր., Գ 22. Ընդհ., 412. Շար., 536-540.) և փառաբանում են Աստուծո մեծությունը մշտապես (Սաղմ., ՃԽԸ 1, 2. ՁԸ 8. Ես., Զ 3.)։ Հրեշտակները հիշվում են նաև հատուկ անուններով` ըստ յուրյանց այն դիրքին կամ նշանակության, որով ծառայել են աստվածային տնօրինության. այդպես են` Գաբրիել («Պատկեր Աստուծո»), Միքայել («հզոր-»), Ռափայել («բժշկություն-»), Անայել («լրումն Աստուծո»), Ուրիել («տեսումն»), Բարաքիել («ինքն աստվածային»), Ադոնիել, Փանվել, Երեմիել, Սաղաթիել և այլն (տե՛ս Դան., Թ 21. Ժ 13, 21. ԺԲ 1. Ղուկ., Ա 19, 26. Տովբ., ԺԲ 15. Դ Եզր., Դ 1. Ե 16. Հարց., 119, 130, 134, 144)։ Նոքա կոչվում են նույնպես պահապան հրեշտակներ, որոնք հովանավորում են արդարներին (Մատթ., ԺԸ 10. Ղուկ., ԺԵ 10. Ծննդ., ԻԸ 12. Հով., Ա 51.) և ընդհանրապես մարդկանց և այդպիսով ծառայում են` Աստուծո արքայության հաստատման երկրիս վրա առանձնապես գործելով (Հաճ., ԺԲ 25)։ Թերևս այստեղից է ծագել և դոցա պաշտելը մանավանդ հեթանոսաց մեջ (Բ 0ր., ԼԲ 8, 9. Հաճ., ԺԵ 150. Եզնիկ, ԻԶ)։

Թե՛ Ս. Գրքում (Սաղմ., ՃԳ 3, 4. Հովհ., Ե 4) և թե՛ նույնիսկ ժողովրդական կյանքում երբեմն բնական զորության, մտավոր շնորհքին ու մասնավոր ոգևորության ևս, աստվածային ազդեցությունն ի նկատի առնելով, հրեշտակային անձնավորական հատկություն են վերագրում (Հաճ., Ը 240. Եղիշե, 370)։ Այդ է, որ առանձնապես զարգացավ նաև առասպելաբանությանց մեջ, իմաստասիրության մեջ էլ գաղափար անունը ստացավ։ Սակայն Աստուծո հրեշտակները հատկապես տարբեր են դոցանից. նոքա հոգի են և ունին գիտակցություն, այսինքն` նոքա ունին մարդու հոգևոր էության բոլոր հատկությունք հանդերձ մի առավելությամբ, որ նոքա մարմնից անկախ են։ Հրեշտակաց և առհասարակ հոգու գոյության հակառակ էին անհավատ և օտարանվեր սադուկեցիք (Գործք, ԻԳ 6-8. Ե 17. Մատթ., Զ 11. ԻԲ, 23-34. Մարկ., ԺԲ 18. Ղուկ., Ի 36)` Սադոկ քահանայապետի ժառանգներն, որոնք, մեղքի և արդարության մեջ ամփոփված համարելով և հատուցումը, ժխտում էին մեռելոց հարությունն ու հոգևոր էակների գոյությունը, սակայն Քրիստոս և յուր առաքյալք հաստատեցին ճշմարտությունը։ Որքան հեռու է մեզանից երկնքի ընդարձակությունը, նույնքան և այդ աներևույթ (Կող., Ա 16. «Հավատամք») էակներն անմատչելի են մեր մտավոր հասկացողության իբրև հոգիք, ուստիև հարմարապես ասում ենք աղոթքում` «եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի»։

Բայց հրեշտակներն յուրյանց լուսավոր էությամբ ու բարձրությ ամբ հանդերձ ցածր են մարդուց, վասնզի թե՛ նորան սպասավորելու համար են ստեղծված, և թե՛ մարդը, բնական գոյություն ու գործունեություն ևս ունենալով, ավելի հարստություններ ունի, քան հրեշտակը։ Եվ մարդու այս մեծ առավելությունն արտահայտվում է այնով, որ Աստուծո Որդին ոչ թե հրեշտակացավ, այլ մարդացավ (Եբր., Բ 16.), ուստիև Աստուծո սուրբերը հրեշտակներին անգամ դատում են (Ա Կոր., Զ 3)։ Այն փառքն, որին հրեշտակները կարոտ են, Աստված շնորհեց մարդկանց յուր Որդու միջոցով (Ա Պետ., Ա 12. Եփ., Գ 10)։ Սիրո և խորհրդավոր հաղորդությունն Աստուծո հետ, միությունն ու բանավոր պաշտոնը միմիայն մարդկանց բաժինն է, իսկ հրեշտակք, զուտ հոգի լինելով, միմիայն աստվածային փառաց լույսին են մասնակից, մշտահայաց (Հարց., 144.) և պաշտող (Հաճ., Թ 24-50)։

Ուստիև հրեշտակները սպասավորեցին թե՛ Քրիստոսի մարդեղության տնօրենական իրողությանց և թե՛ քրիստոնեության տարածման ու մարդկանց մեջ փրկության իրականացման։ Որտեղ Քրիստոս է կենսագործում իբրև ճշմարիտ միջնորդ Աստուծո և մարդկանց մեջ, որտեղ Քրիստոսի անունն է քարոզվում, այնտեղ հրեշտակները ծառայում են Ավետարանի ու եկեղեցու ծավալման (Հովհ., Ա 52)։ Նոքա հոգևոր զորություններ են, որոնք մարդկային կյանքում աստվածային տնօրինությանց իրական ընթացքին սպասավորում են։ Նոքա ուղղում են մարդկանց բնական ճանապարհով դեպի փրկություն` բանալով նոցա առաջ այն ամենն, ինչ որ հարմար է նոցա տեսողության լույս շողելու համար։ Այլև նոքա հանդերձյալ կյանքում Աստուծո որդիների ժողովման մշակները կլինեն (Մատթ., ԻԴ 31. Մարկ., Ը 38) ու նոցա կենսակից, ինչպեսև սկզբից ներկայացնում են հոգևոր կյանքի բնակությունն, որ ժառանգում են մարդկանց հոգիները (հմմտ. վարը, գլ. Ժ.)։

« Ը. Աշխարհի Ստեղծումը   |   Ժ. Մարդու Ստեղծումը »
© Gratun.org