Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

ԺԳ. Մարդու Սկզբնական Վիճակն ու Պատվիրանազանցություն

Մարդու հոգևոր և թե մարմնավոր արարած լինելը բնականաբար ցույց է տալիս, որ նա յուր մարմնով հարատևում է հողի կապակցությամբ, իսկ հոգով կենդանի է Աստուծո հաղորդակցությամբ։ Հոգով նա Աստուծուցն է, ուստիև նորա հոգևոր կյանքը ներկայացնում է մեզ մի պատմություն` թե նա յուր կամքով և ինքնագիտակցությամբ ի՞նչ դիրք բռնեց Աստուծո կամքի և հայտնության վերաբերմամբ։ Աստված ինչպես որ մարդու մարմնի գոյության և բարեվայելուչ կյանքի համար դրավ նորան երկրավոր երջանկության դրախտի մեջ, նորա հոգու կենդանության ու զորավորության համար ևս երանական վիճակ շնորհեց, այսինքն` արժանացրեց նորան յուր ամենամոտիկ հաղորդակցության, որի կատարյալ իրականացումը միմիայն աշխարհի վերջում պետք է լինի, դեպի այդ վերջնական նպատակը պետք է մարդ դիմեր` երկրի վրա ապրելով և Աստուծո կամքի հայտնության տեղյակ լինելով։ Սակայն նա ստեղծված էր ազատ կամքով, որով պայմանավորված էր նորա այդ ընթացքի ճշմարիտ ուղղության ընտրությունը. «Անձնիշխան կամս է հրեշտակաց եւ մարդկան, որ յԱստուծոյ պատուեալ, զի որք ընտիրքն իցեն` երեւեսցին ի նոսա» (Հաճ., Բ 20)։ Հետևաբար նա թե՛ կամքի կատարյալ ազատությամբ վայելում էր Աստուծո առատ շնորհներն և թե՛ արարածական ինքնագիտակցություն ունենալով հանդերձ` գիտեր Աստուծո սուրբ կամքը։ Ուրեմն մարդու թե՛ մարմնավոր ու թե՛ հոգևոր կյանքը սկիզբն է առնում այդ վիճակից, և այդ վիճակը պետք է ժառանգաբար սերվեր սերնդեսերունդ։ Այդ սկզբնական վիճակն այնպես զորավոր էր, որ կարողություն ուներ հառաջադիմելու և մարդուն յուր կոչման իրականացման հասցնելու։ Այդ վիճակում մարդը ոչ թե լիովին կատարյալ էր, ինչպես որ հանդերձյալ կյանքումն է լինելու, այլ նա ուներ յուր մեջ հառաջադիմելու և յուր կոչման իրականացման հասնելու միջոցի, կարողությ ան սկզբնավորությունը։ Մարդն այդ վիճակում ոչ թե կատարյալ սուրբ կամք ուներ, այլ նա անմեղ էր, մեղք չգիտեր և կարող էր սուրբ կամքով առաջնորդվել (Ա Կոր., ԺԵ 45-47)` յուր կոչման իրականացման համար։ Նա կենդանի հաղորդակցություն ուներ Աստուծո հետ, որով ազատապես կարող էր երանություն վայելել կամ այլ կերպ ասած` դրախտում երջանիկ լինել։

Աստված նորան ամեն հնարավորություն տվել էր դրախտի բնակիչ լինելու և կատարելագործվելու։ Ուրեմն մարդը կարող էր այդ դրախտային վիճակը վայելել, եթե միայն կամենար, զի Աստուծո տվածը, Աստուծո պատկեր լինելու երանությունը ոչ թե միշտ կարելի էր ունենալ առանց աշխատանաց, այլ պահպանելով ու կատարելագործելով։ Այլապես ասած` մարդու կոչումն էր Աստուծո շնորհածով ձգտել դեպի աստվածադիր նպատակը, որով նա թե՛ յուր մեջ սկզբնավորվածը կզարգացներ և թե՛ երանության մեջ կլիներ։ Այդպես պետք է լիներ, վասնզի նա ազատ կամք էր վայելում։ Մարդու ճշմարիտ կոչումն էր հրեշտակաց կարգավորության մեջ մտնելու` ըստ Աստուծո հրավերին և ըստ աստվածասիրական արժանյաց (Հաճ., Ե 55. Շար., 634. Եզնիկ, 41-44)։

Բայց մարդու աշխատանքն ու ձգտում, ազատ կամքի ճշմարիտ ուղղությունն ու պսակավորվիլը երևան կգար միմիայն փորձության հանդիպած ժամանակ, իսկ այդ փորձությունը հնարավոր էր այն պատճառով, որ բացի Աստուծուց կար մարդու հայեցողության առաջ մի գրավիչ աշխարհ։ Այդ աշխարհը կարող էր հրապուրել մարդուն և մինչև անգամ Աստուծո տեղը փոխարինել` նայելով, թե մարդը յուր աստվածային պատկեր լինելը կդիտեր` ըստ յուր հոգևո՞ր էության, թե՞ յուր աշխարհային պատկեր լինելով կզբաղվեր` ըստ յուր մարմնավոր գոյության։ Հետևաբար մարդ, եթե յուր հոգևոր հակման ճանապարհը բռներ, չէր հրապուրվիլ աշխարհային սկզբունքով, իսկ եթե մարմնավորի ընթացքին ուշք դարձներ, կարող էր ենթարկվել արտաքին հրապույրի։

Ահա այս վիճակը նկարագրված է Ս. Գրքում պատկերավոր կերպով, որ դրախտի միջի կենաց ծառը դեպի աստվածային կենդանությունն էր կոչում, իսկ «բարվո և չարի գիտության» ծառն, որից արգելված էր ուտել, հրապուրում էր ընկնելու բարի և չար մտածողության ընդհարման կամ մի ճգնաժամի մեջ (Ծննդ., Բ 16. Հաճ., 109-125. Ընդհ., 333. Հարց., 223, 220)։ Բարին և չարը դրված էր նորա առաջ, և նա կարող էր ընտրել յուր կամեցածը` կա՛մ Աստուծո կամքը և կա՛մ արտաքին հրապույրը։ Եթե նա մնար բարվո մեջ, կհարատևեր յուր երանության մեջ, իսկ եթե կամենար չարը իմանալ, չարի համն էլ ճաշակել, արտաքին հրապույրն էլ փորձել, կճաշակեր միանգամայն և մահը։ Չարի մասին նա պետք է միայն այնքան գիտենար, որ օտար է, խորթ է, և ինքը պետք է միշտ հաղթող լինի նորա վրա` տեսնելով, բայց չընդունելով յուր մեջ. իսկ եթե ընդունի յուր մեջ, ճաշակե, կընկնի յուր կոչումից և, փոխանակ ըստ յուր կոչման աշխարհից ազատ լինելու, նորան կենթարկվի։

Ուտելով բարվո և չարի գիտության ծառի պտղից, որ բովանդակում էր յուր մեջ աշխարհի գրավիչ հրապույրը, նա Աստուծո պես էր դառնալու, վասնզի յուր ազատությամբ հասկանալու էր, թե ինքն աշխարհի ինքնուրույն տերն է։ Մինչդեռ կենաց ծառի պտուղն ուտելով, որ Աստուծո շնորհաց պտուղն էր, միշտ համոզված կլիներ, որ ամենայն ինչ վայելելու էր իբրև Աստուծո շնորհ։ Արգելված պտղի մեջ մարդուն հրապուրում էր աշխարհային սկզբունքը, աշխարհի ընդդիմադիր, ինքնուրույն դիրք բռնելն Աստուծո դեմ կամ սատանայի իշխանությունն յուր բոլոր հրապույրներով, որոնք տեսանելի են դառնում մարդուն (Եվային) օձի կերպարանքով, օձի արտահայտությամբ։ Պտուղը ներկայանում է, որ մարդը ձգտի նորա հրապուրիչ գոյությունն ինքնուրույնաբար վայելելու, իսկ օձը զարկ է տալիս մարդու լոկ մարմնավոր, աշխարհային գրգիռներին ու ձգտման ընդդեմ Աստուծո, նախ զարթեցնելով նորա մեջ անհավատություն դեպի Աստուծո սերն և արդարությունը և ապա վառելով նորա մեջ կեղծ ինքնուրույնություն կամ անկախություն։ Պտուղը գրգռում է մարդու զգայական կողմն և վառում է նորա ագահությունն, իսկ օձը` սատանայի տեսանելի արտահայտությունը, խաբում է և ներշնչում է մարդու մեջ կեղծ ազատություն Աստուծուց կախյալ վիճակից և ինքնուրույն խաբուսիկ տիրապետություն աշխարհի վրա։ Այսպես է լինում մարդու ամեն մի մեղանչական փորձության մեջ նաև այժմ, երբ արթուն հասակում նորա մտածողությունն ու անձնավորությունը զորանում է, և մարդ սկսում է քննադատական դիրք բռնել ու տատանվել աշխարհի հրապույրի ու ժամանակավորի և աստվածայինի, հավիտենականի ու հոգևորի մեջ։

Մարդը սկզբում հնազանդ մնաց, սակայն հետո հրապուրվելով պտղից ու սատանայից (Հովհ., Ը 44. Հայտ., Բ 9. Եղիշե, 28. Եզնիկ, 46-51), յոթնյակ մեղք (Հարց., 279) գործեց, այսինքն` անհնազանդությամբ ձգտեց ագահության ճանապարհով դեպի ամբարտավանություն. ինքը մարմնով ու հոգով Աստուծո ստեղծածն էր և պետք է, Աստուծուց կախյալ լինելովը, երկրի վրա տեր լիներ, բայց նա կամեցավ ինքյան աստվածացնել և Աստվածանից կախումն արհամարհել[1]։ Ահա այդ ժամանակ նա բաժանվեց Աստուծո հաղորդակցությունից, «կորոյս, զոր ունէր զփառս անմահութեանն» (Ս. Հարք. առ Եղիշ., 28), կորցրեց մտքի տեսության պայծառությունն ու յուր մանկական անմեղությունն և օտարացավ Աստուծուց (Ընդհ., 406, 412). այսինքն` նախ` անհավատությամբ վառվեց դեպի Աստված ու բաժանվեց նորանից, ապա` ինքնասիրությամբ բորբոքվեց ու կամեցավ աստվածանալ, և վերջապես այդ ամենի հետևանքն եղավ, որ գլորվեց կատարյալ աշխարհասիրության մեջ։ Ուստիև հետզհետե հակվելով դեպի չարը` ընկավ նեղությանց մեջ, կորցրեց նաև յուր անշփոթ երջանկությունն, ու երկպառակություն ընկավ նորա մտքի, կամքի ու խղճի մեջ։ Ապա իսկապես բացվեցան նորա աչքերը, ըստ պատմածին, և սկսավ զգալ յուր մերկությունը[2]։ Այս մերկության զգացումն էլ ոչ միայն մարմնավոր էր, այլև` հոգևոր, վասնզի պատվիրանազանցությամբ մարդ անհավատ գտնվեց դեպի Աստված, ամբարտավան յուր անձով և բռնվեց աշխարհասիրությամբ։ Սոքա հիմնական մեղքերն են, որոնցից բղխում են ամենայն տեսակ մեղքեր ու չարիքներ, զի մարդու մեղանչումը լինում է նորա` դեպի Աստված, դեպի յուր անձն ու դեպի աշխարհն ունեցած սխալ վերաբերմունքից։ Թեև մարդը այդ սխալ վերաբերմունքով Աստուծո պես դարձավ, այսինքն` սկսավ զգալ, որ ինքն ինքնուրույնաբար աշխարհի տերն է, սակայն Աստված նորան զգալ տվավ, որ խաբված է` դուրս անելով նորան դրախտից և հրեղեն սրի արգելքը դնելով նորա մուտքի վրա։ Աստված նորա խաբված լինելը զգալ տվավ նաև այնով, որ թույլ տվավ նորան ընկնել յուր մեղքի հետևանքների մեջ, զի ինչպես որ արդարությունն ու սրբությունն են անբաժան Աստուծուց, այնպես էլ մեղքն ու տանջանքը (պատիժը) անբաժան են մարդու պատվիրանազանցության մեջ։ Մարդու` դեպի աշխարհն ունեցած սխալ վերաբերմունքից հառաջացավ այն, որ նա, Աստուծուց կտրված լինելով, ոչ թե ինքնուրույն տեր դարձավ աշխարհի վրա` ըստ յուր սպասածին, այլ, ընդհակառակն, նորա գերին, նորանից ակամա կախվածը, նորա մեջ անմխիթար տանջվող, անհույս հառաչող։

Աստված էր աշխարհն ստորադրել մարդուն. մարդն էլ, Աստուծուց վտարանջելով, չէր կարող տիրել աշխարհն, այլ ենթարկվեց նորան. նա յուր անհավատությամբ սկսավ ձգտել ոչ թե դեպի Աստված, այլ դեպի աշխարհն, ուստիև ոչ թե բարձրացավ, ինչպես սպասում էր, այլ ընկավ անասնական աշխարհի շարքը (Հուդ., 10. Բ Պետր., Բ 12)։

« ԺԲ. Չարն Ու Չարի Սկզբունքը   |   ԺԴ. Մեղանչական Վիճակը »
© Gratun.org