Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

ԺԴ. Մեղանչական Վիճակը

Մարդու սկզբնական վիճակի երանությունը կախված էր նորա այն դիրքից, որ նա բռնելու էր դեպի Աստված և դեպի արարածական աշխարհը։ Եթե նա յուր հավատքը, հույսն ու սերը վարսեր ամուր խարսխով Աստուծո անվան վրա, աշխարհի տերը կլիներ և աստվածատուր երանությունը կվայելեր. իսկ եթե աշխարհի վրա հաստատեր, աշխարհի հետ կկապվեր և նորա անողոք ընթացքին կենթարկվեր։ Նայելով, թե ո՞րը կկամենար, ըստ այնմ և կորոշվեր նորա գոյության եղանակը։ Նա ընտրեց աշխարհային ճանապարհն ու մեղանչեց, ուստիև շեղվեց յուր աստվածադիր կոչումից, առավել ևս ծանր եղավ դորա հետևանքը։ Նա, մերժելով Աստուծուն, հեռացրեց յուր միջից սուրբ սկզբունքը և մեղանչելով ամրացրեց յուր մեջ աշխարհային սկզբունքը։ Նա ընկավ և այնուհետև զարգանում էր ոչ թե իբրև տեր յուր Տիրոջով, այլ իբրև ծառա` աշխարհի տիրապետության տակ (Հռ., Ե 12)։ Այդ բարոյական անկումն ազդեց, ներգործեց մարդու կազմվածքի ու բնական կյանքի վրա` եղծելով նորա հոգևոր կյանքն` ըստ հոգեբանական անխոտոր օրինաց (Գաղ., Զ 7, 8. Հակ., Ա 15. Եզնիկ, ԻԲ 31. Օվս., Ժ 12-13)։

Թե ինչպիսի՞ վիճակի մեջ ընկավ մարդ յուր գոյությամբ, կարելի է որոշել ճշտիվ` միմիայն համեմատելով նախնական և մեղանչական վիճակներ իրար հետ։ Այս նկատմամբ Հռովմեական եկեղեցին մոլար ընթացք է բռնում. նորա ասելով` նախամարդն ունեցել է բնական պակասություններ ևս, որոնք այժմ էլ կան, միայն թե նա գտնվում էր մի արտաքին «Գերբնական շնորհաց ձիրքով» օժտված արդարության մեջ, և այդ ձիրքը պահպանում էր նորան։ Մեղք գործելով` նա միայն զրկվեց այդ «Գերբնական շնորհաց ձիրքից, իսկ նորա բնական ընդունակությունները մնացին` ինչպես էին։ Այս մոլորությունը հետզհետե զարգացավ Ե. դարից Պելագյան վեճերով (տե`ս վարը գլ. ԻԶ.) ու կազմակերպվեց Տրիդենտյան ժողովով 1854-ին։

Ուրեմն Հռովմեական եկեղեցին նախ` ընդունում է, որ հոգին է բարի, իսկ մարմինը չար է յուր բնությամբ` հակառակ Ս. Գրքի վկայության, թե «ետես Աստուած զի բարի է» (Ծննդ., Ա 31) և հակառակ Աստուծո ամենաբարության, որից ոչ մի չար կամ չար արարած չէ հառաջացել։

Երկրորդ` թե այդ այդպես է` նախամարդու հոգու ու մարմնի մեջ կռիվ կար, և ուրեմն, ըստ Պելագիոսի83*, մահն ու ցավը կային նորանում։ Հետևաբար մարդը, կորցնելով այդ գերբնական ձիրքը, ոչինչ վնաս չկրեց, իսկ այս հակառակ է առողջ դատողության անգամ, քանի որ Աստուծո դեմ մեղանչելը չի կարող անհետևանք լինել մեղանչող մարդու գոյության համար, որի կոչումը Աստուծո հաղորդակցությամբ է պայմանավորված։

Երրորդ` եթե մարդիկ, մեղանչականությամբ ծնվելով, ոչինչ ապականություն չունին, այլ միևնույն են, ինչ որ դրախտում, այլևս ի՞նչ փրկություն, ինչի՞ համար է Քրիստոսի փրկագործությունն ու Ս. Հոգու շնորհաբաշխությունը. մի՞թե միայն մի անտարբեր «Գերբնական շնորհաց ձիրք» տալու համար։ Չէ՞ որ լոկ արտաքին իրավաբանական մեղանչումը պետք չունի էական ներքին վերանորոգման, այլ միայն մի պատիժ կվերականգնե արդարությունը։ Եվ եթե այդպես է, հետևաբար կամ այդ ձիրքն է հետո թուլացել և մեղանչման պատճառ եղել և կամ նախամարդուն թողել է անօգնական և այդ էլ, ուրեմն, Աստուծո հրամանով, այնպես որ մեղանչման պատճառն Աստված է դառնում։ Չնայելով այսպիսի անտեղությանց` Հռովմեական եկեղեցին խեղաթյուրում է փրկագործության վարդապետությունն ևս` ուսուցանելով, որ իբր թե մենք կարող ենք լոկ մեր արտաքին գործերով վերստին ձեռք բերել այդ ձիրքը։

Այս մոլորությունն զգալով` բողոքականք ոչ թե ճշմարտությունը գտան, այլ ընկան հակառակ ծայրահեղության մեջ` ասելով, որ նախամարդու արդարությունն ոչ թե ըստ շնորհաց էր, այլ բնական էր, նորա բոլոր ուժերը ներդաշնակ էին, ու նորա անկումը կատարյալ ապականություն եղավ ըստ ամենայնի, և փչացան նորա բոլոր ուժերն ու բարի կողմերը։ Ուստի նա, իբրև մի անընդունակ արձան, չի կարող բարոյապես գործել, եթե մինչև անգամ կամենա, ու նորա փրկությունը լիովին միմիայն Աստուծով է։ Նա ստանում է շնորհ միմիայն հավատքով, բարի գործերն ոչինչ են, և Աստուծո շնորհքով մարդ ոչ թե փոխվում է, այլ մնում է նույնը և միայն Աստուծո առաջ է արդար ճանաչվում առանց յուր բարոյական մասնակցության։ Սակայն Ս. Գիրքը պարզապես ասում է, որ մեղանչումից հետո եղել են մարդիկ, որոնք Աստուծո ձայնին արժանացել են, ուխտի ավետիք ստացել, զորօրինակ, Աբրահամ, Իսահակ, Հակովբ կամ Ենովք, Մաթուսաղա և այլք, ու ձգտել երանության, և ոչ թե մարդը ուղղակի սատանա է դարձել։ Բայց եթե նախամարդն ամեն կերպ կատարյալ է եղել, ինչպե՞ս մեղանչեց ու մինչև անգամ փչացավ. մի՞թե Աստված եղավ պատճառ, կամ մի՞թե այդպիսի կատարելություն կլինի, երբ վերստին ընկնում է։ Հարկ չկա այս մոլորության վրա երկար խոսելու, զի բողոքականք ինքյանք սկսան հետզհետե ուղղել, և միայն Կալվինյանք նույնը պահեցին` դավանելով նաև մարդու նախասահմանությունը (տե՛ս վարը)։

Այս հակառակ ու մոլար տեսություններն ավելի ևս պարզում են մեր առաջ մարդու նախնական ու մեղանչական վիճակի որպիսությունը։ Հայաստանյայց Ս. Եկեղեցին, խորշելով այս երկու ծայրահեղ մոլորություններից ևս, նաև չէ շեղվում Ս. Գրքի Վարդապետությունից։ Քանի որ մարդ Աստուծո պատվիրանի ճանապարհով էր ընթանում, ոչ մի նեղություն, վիշտ և ապականություն չէր կարող նորան հաղթել, իսկ երբ Աստուծո դեմ մեղանչեց, ապստամբեց, նույն ժամանակ սկսավ և մեղքն յուր բողբոջը տալ, մարդն էլ ընկավ մահվան ու ապականության լծի տակ և փոխանակ սեր տածելու առ Աստված` երկյուղով բռնվեց։ Մարդն ինքը գնաց դեպի անկումը, «ինքնակամությամբ և բանսարկվի պատրանոք», ուստիև ժառանգեց մահն և ապականությունը։ Եվ եթե համեմատենք նախնական ու մեղանչած Ադամին, կտեսնենք, որ նա «դժուարաշարժ առ մեղսն յայնժամ, եւ դիւրաշարժագոյն առ բարին. որպէս եւ այժմիկ յապականացուս անկեալ կեանս, հակառակաւն այսոցիկ վտանգիմք, դիւրաշարժ առ մեղսն եւ դժուարաշարժ առ առաքինութիւն փոխելով» (Հովհ., Իմաստ., էջ 69-70)։ Կամ թե ըստ Ս. Ներսես Շնորհալու բացատրության` «Յաղագս մեղաց մեռաք եւ մեռելութեամբն կորուսաք զփառս յաւերժականս». «Մերս բնութիւն ոսկեղէն էր ի սկզբանն եւ առանց ապականութեան, եւ այժմ մեղաւ` խառնեցաւ ընդ մեղացն եւ ժառանգ ապականութեանն» (Ընդհ., 321, 412)։ «Նախահայրն մեր Ադամ քաղցր պտղոյն հեշտութեամբ կորոյս զաստուածային զփառսն եւ զկեանսն անմահականս եւ զդրախտին վայելչութիւնն, եւ փոխանակ ընկալաւ զերկիր փշաբեր եւ զկեանս տրտմականս եւ զախտալիցս եւ զտաժանելիս, եւ մահ ի կատարածի» (Ագաթ., 406. Եզնիկ, 71-77)։ «Զի թէ էր պահեալ զպահոցն պատուիրանն, անախտ եւ անմահ եւ անմեղ կեանս ժառանգեալ, եւ յերկինս զերկնից բարութիւնսն» (Ս. Հովհ. Մանդ., 31)։

Մեր Ս. Հայրերի այս գեղեցիկ խոսքերից հետևում է, որ մարդու միտքը, կամքն ու խիղճը մոլար ընթացք էին ստացել մեղանչական վիճակում։ Միտքը գրավված էր ոչ թե Աստուծով, այլ աշխարհով. կամքն առավելապես հակվել էր դեպի չարը, իսկ խիղճը ժանգոտվելով ցոլացնում էր յուր մեջ ոչ թե աստվածայինն, այլ առավելապես աշխարհայինը։ Դորա հետևանքն էր, որ մարդը մարմնապես ևս զրկվեց հավերժական աստվածային փառքի վայելքից և ապականացու կյանքի կերակուր դարձավ։ Այդ կորստական վիճակ էր, որի հիմնական հետևանքն էր և մահը` «մեղաց թոշակը» (Հռ., Զ 23), որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ` հոգու բաժանվիլը կենդանություն ու երջանկություն տվող Աստուծուց և անկումն մարմնավոր ցավերի ու լուծման մեջ (Բ Կոր., ԺԱ 3. Ա Տիմ., Բ 14)։

Առաքյալը գեղեցկապես պատկերացնում է այս վիճակի հակասականությունը նաև հակառակ վերոհիշյալ ծայրահեղությանց` ասելով. «Զի ոչ եթէ զոր կամիմ, զբարին առնեմ, այլ զոր ոչն կամիմ զչարն, զայն գործեմ։ Ապա եթէ զոր ոչն կամիմ, զայն առնեմ, ոչ եւս ես առնեմ զայն, այլ բնակեալ յիս մեղքն»։ Եվ այս հակասական վիճակի լուծումը մահն է (Հռ., Է 19)։ Մարդու մտքերը խավարել էին, ու չէր ճանաչում Աստուծուն, ուստի աշխարհին նվիրվելով, յուր ընտանիքով ու որդիներով էր մխիթարվում (Ծննդ., Դ 1, 25). նորա սիրտը թանձրացել էր, չէր զղջում ու սիրով չէր վառվում առ Աստված, զի նորան չէր ճանաչում, որ սիրեր (Ա Հովհ., Դ 8, 18), վասն որո և վախենում էր նորանից (Ծննդ., Գ 10)։ Վերջապես շեղվել էր և նորա կամքը առավել դեպի չարը` հակառակ Աստուծո, զի նորան չէր ճանաչում ու չէր սիրում, որ կատարելապես հակվեր դեպի նորա կամքն[1], ուստիև ոչ թե զինքն էր դատապարտում, այլ յուր արածի համար մեղադրում էր Աստուծո ամենաբարի արարչությունը (Ծննդ., Գ 12, 14)։ Հետևաբար նա յուր մեղանչման ընթացքի մեջ Աստուծո հակառակ դիրք էր բռնել և դեպի մարմնավորն, աշխարհայինը հակվել։ Վասն որո և Աստված մերժեց նորան յուր հաղորդակցությունից ու ձգեց աշխարհի անողոք ճախարակի պտույտի մեջ։

Այդ անկման մեջ նախամարդը քանի գնում ընկնում էր, զի զորանում էր նորա մեջ հպարտությունն ու մեծամտությունը, և նա կարծում էր, թե ինքը կարող էր աշխարհում ամենայն ինչ գիտենալ և յուր բախտը կռել. նա դեռ չգիտեր` «եթէ ոք կամիցի գիտել ինչ, չեւ եւս գիտաց որպէս արժանն էր գիտել։ Բայց որ սիրէ զԱստուած, նա է տեղեկացեալ ի նմանէ» (Ա, Կոր., Ը 2)։ Չգիտեր, որ չսիրելով Աստուծուն, կտրվում էր նորա ամենաառատ իմաստությունից և մարմնավոր աշխարհի մի օղակը դառնում։ Այդ տգիտության հետևանքն էր, որ նախամարդը թաքնվում էր ամենագետ և ամենատես Աստուծուց (Ծննդ., Գ 10)։

Եվ երբ նա, այս միակողմանի ու շեղված ընթացքին նվիրվելով, կարծում էր յուր կոչման հասած լինել առանց Աստուծո պատկերի և առանց հոգու խաղաղության, լոկ աշխարհայինով, մարմնավորով, ահա և մարմնավորը պետք է ունենար յուր տանջանքն ու սպառումը, և հետևաբար մահը խորտակեր նորա սխալ հույսերը։ Նա յուր երկպառակված և անկատար հոգու կարողությանց ծայրահեղ լարմամբ չկարողացավ վերացնել բնական կյանքի այն բոլոր տանջանքներն ու յուր մարմնի նվաղումը, որոնք հետևանք էին յուր մեղանչման նաև միջնորդապես իբրև հետևանք յուր հոգու տկարությանց։ Վերջապես նա չպետք է կարողանար խույս տալ յուր սիրած մարմնի ու մարմնականի լուծումից` մահից։ Ուրեմն թե՛ մարմինն ու թե՛ աշխարհը նորան չափազանց սիրելի լինելով հանդերձ` նա չպետք է կարողանար վայելել, վասնզի յուր մեղքով ու հոգու խանգարմամբ նա չար ընթացք էր բռնել դեպի աշխարհը և խանգարում էր նորա ընթացքի այն կանոնավորությունը, որ պետք է հաստատուն մնար` մարդու կոչման համաձայն գործունեությամբ (Ծննդ., Գ 17-19)։

Մեղանչական այսպիսի մարդը չէր կարող անմահություն վայելել յուր միակողմանի և Աստուծո հակառակ կյանքի ու գործունեության մեջ։ Նախամարդու կյանքի այս ամբողջ ընթացքը ճշտապես ներկայանում է Ս. Հովհան Մանդակունու խոսքերի մեջ, որոնք են. «Արար Աստուած զմարդն եւ ետ ի դրախտին փափկութեան, զամենայն զգայութիւնս ողջ ունելով ի բնութեան իւրում։ Արդ իբրեւ լուաւ այնմ, որ խաբեացն զնա, յայնժամ էառ զախտս ամենայն, եւ իսկոյն ընկեցեալ եղեւ արտաքս ի մեծ եւ ի չքնաղ փառաց իւրոց. զի ծանիցէ մարդ` թէ գոն ախտք, որ մերժեն զնա յԱստուծոյ, եւ զի աղաչէ զբարերարն Աստուած, որպէս զի օգնեսցէ նմա, եւ ապա կարասցէ կտրել յինքենէ ի բաց զախտս ամենայն» (էջ 188)։

« ԺԳ. Մարդու Սկզբնական Վիճակն ու Պատվիրանազանցություն   |   ԺԵ. Սկզբնական Մեղքի Ժառանգական Հետեվանքը »
© Gratun.org