Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Առաջին Մասը։ Աստված ու Նորա Գործերը

ԺԵ. Սկզբնական Մեղքի Ժառանգական Հետեվանքը

Նախամարդու մեղանչումը, ինչպես տեսանք, ապականիչ կերպով ներգործեց նորա ամբողջ գոյության վրա թե՛ հոգեպես և թե՛ մարմնապես։ Նա գոյության սկիզբ պետք է լիներ ամբողջ մարդկության, ըստ որում` յուր մեղքի հետևանքներով ևս ավերիչ սկիզբ եղավ յուր ժառանգների համար։ Նորանով բոլոր մարդիկ գոյություն ստացան և նորանով նոքա յուրյանց նախահոր մեղքը ժառանգեցին (Հռ., Ե 12)։ Ամբողջ մարդկության զարգացման ու հարատևության ընթացքը խանգարվեց, մարդու կոչման իրագործումը այլակերպվեց, և, փոխանակ աստվածային սուրբ սկզբունքին, աշխարհային սկզբունքը տիրապետող հանդիսացավ նոցա վրա. սատանայի կյանքը եղավ նոցա շավիղը։

Բարոյական ու բնական ժառանգականության օրենքն իշխում է մարդկային սերման մեջ թե՛ ըստ հոգու և թե՛ ըստ մարմնի. ուստի որքան էլ յուրաքանչյուր անհատ Աստուծո արարածը լինի, այսով հանդերձ նա միանգամայն յուր նախորդի ու նախահոր պատկերն է, յուր ցեղական հանգամանաց ծնունդն է և նորա բնությունն ունակական ու բնածին է։ Բոլորն էլ ներկայացնում են Ադամային տիպարը և մոլար զարգացման ընթացքի մեջ գնալով` ավելի և ավելի հեռանում են Աստուծուց, ու նոցա հոգու և մարմնի մեջ երկպառակությունը զորանում է (Հռ., Է. Գաղ., Ե 17)։ Նախամարդու մեղքը թունավորեց նորա ժառանգներին ու սոսկ նոցա մարմնականը զորացրեց։ Եվ որովհետև «ծնեալն ի մարմնոյ մարմին է» (Հովհ., Գ 6.), ուստիև Ադամի մեղանչական մարմինը մեղանչական ծնունդներ տվավ` յուր սերնդին պարգևելով նաև մեղքի հետևանքը (Ծննդ., Ը 21. Սաղմ., Ծ 7. Եփ., Բ 3. Հռ., Ե 12, 18)։ Նախամարդը որդիք էր ունենում «ըստ կերպարանաց իւրոց և ըստ պատկերի իւրում» (Ծննդ., Ե 3)։ Մարդու բնական ընթացքի մեջ տիրապետում էին աշխարհային ձգտումներ և ագահություն. դեպի Աստված և դեպի նորա արքայությունը միտում չկար։ Նորա հոգևոր կյանքը զբաղված էր աշխարհով միայն, որի վրա նա ինքյան տեր էր կարծում, իսկ Աստուծո անունը նա ձգտում էր դուրս մղել յուր գիտակցությունից ու նորա իշխանությունը չճանաչել։ Նորա միջից ոչ թե Աստուծո անունը և բարվո զգացմունքը չքացել էր, նա ոչ թե կատարելապես չար էր դարձել, այլ նա ժառանգել էր նաև նախամարդու երբեմնական երանելի վիճակի և բարվո առավելության գիտակցությունը, նույնպես և այն անկման գիտակցությունը, որ հառաջացել էր Աստուծո դեմ վտարանջելուց։ Նա հեծությամբ նայում էր դեպի հետ, ուզում էր դառնալ դեպի յուր բնական վիճակը կամ դրախտային կյանքը, սակայն չէր կարողանում, վասնզի գերի էր դարձել աշխարհին, ստրուկ` յուր մարմնավոր հակումներին և յուր միակողմանի ընթացքի թափից չէր կամենում դառնալ։ Նորա մեջ աշխարհային սկզբունքի տիրապետությունն ավելի զորեղ էր, քան թե սուրբ սկզբունքի, աստվածային ճանաչողության զգացողությունը և նորա կամեցողության զորությունը շղթայված էր աշխարհի հետ։ Այս մի վիճակ էր, որ շատ անգամ մեր մեջ ևս զգում ենք, երբ աշխարհայինը տիրական ներգործություն է ունենում մեզ վրա. «Վարանիմ, եւ միտք իմ ապշեալ յամառին, զի գիտեմ զբարին, եւ առնեմ զչար. իմանամ զարդարութիւն եւ գործեմ զանօրէնութիւն. խօսիմ զուղղութիւն եւ խորհիմ զանիրաւութիւն », ասում է Ս. Հովհան Մանդակունին` ըստ առաքյալին (էջ 14, 16. Հռ., Է 19)։

Մարդկանց մեջ զարգանում էին գիտություն և արվեստ, երևում էին նշանավոր հանճարներ, առանձին ձիրքով օժտված անձինք, սակայն չէին կարողանում բարձրագույն բարին հառաջ բերել և ոչ մի կարողություն չունեին` դեպի բարձր կատարելատիպը ձգտելու, վասնզի թուլացած ու սուզված էին միակողմանի ընթացքի ապականված խավարում։ Բարվո զգացումը չուներ համապատասխան կամք, և նորա կամքը մոլորվել էր աշխարհային նպատակների հետևից և զառանցել։ Նորա բարձրանալու հիմնական պայմանը կամքի ազատությունն էր, մինչդեռ նա այժմ գերի էր դարձել արտաքինին` աշխարհին ու յուր մարմնին։ Նորա ինքնագիտակցությունը շփոթվել էր և աշխարհի գիտակցության հետ մնացել ու նորա մեջ սուզվել։ Մարդը ձգտում էր քաղաքականության, գեղարվեստի և արտաքին իմաստասիրության զարգացման, որոնք աշխարհային էին և չէին կարող ուղղակի նպաստել մարդու անձնավորության ու սրբազգացության բարձրանալուն։ Նա մոռացել էր աստվածապաշտությունը, Աստուծուն չէր որոնում, այլ ամենուրեք յուր անձին էր հետամուտ և յուր եսն էր պաշտում, ըստ որում` զգայականը, մարմնասիրությունը և ամբարտավանությունը տիրում էր նորա մեջ. նա յուր կյանքի քաղցրությունը հեշտասիրության մեջ էր գտնում։ Եվ այս ավերիչ հոսանքը իշխում էր և մարմնանում թե՛ ամբողջ մարդկության, թե՛ ամբողջ ազգերի, թե՛ հասարակության, թե՛ ընտանիքի և թե՛ մանավանդ յուրաքանչյուր անհատի մեջ։ Մարդու զեղծված բնույթը, միակողմանի խառնվածքը և անկիրթ բնավորությունը տանում էին դեպի նորա զարգացման սխալ ընթացքը, և այդոնց մեջ խեղդվում էին նորա մարդկային առանձնահատկությունք և աստվածատուր ճշմարիտ հակումները։ Մարդը յուր էության և այլակերպության հակասական վիճակումն էր, որում երկրորդը զորավոր էր, քան առաջինը։ Նա աշխարհի որդի էր և ոչ Աստուծո որդի։

Բայց մարդը ստեղծված էր աշխարհի տերը լինելու համար, և աշխարհը ստեղծված էր մարդու համար, հետևաբար մարդու անկումով և փոխվեց աշխարհի վիճակը։ Աշխարհը կեղծ ինքնուրույնություն էր ստացել մարդու նկատմամբ, որի առաջ ավելի մեծ արժեք էր ընդունել։ Աշխարհի կյանքի ու զարգացման ընթացքը կեղծվել և իշխող էր դարձել, այնպես որ մարդը բռնվել էր աշխարհի իշխանության տակ։ Աշխարհի արարածական լինելու գաղափարը ժխտված էր. հեթանոս աշխարհը Աստուծուն իբրև Աստուծո չէր ճանաչում (Գործք, ԺԴ 14-16)։ Նա միայն աշխարհն էր ճանաչում և միակ համարում։ Նա յուր կրոնական առասպելաբանությանց մեջ ներկայացնում է իսկապես աշխարհի պատկերը։ Աշխարհը նորա համար տիրապետող է դառնում, նորա մեջ զարգանում է` ամեն ինչ առանց Աստուծուն ստորադրվելու։ Աշխարհի զորությունք աստվածային չեն ճանաչվում, և համաստվածությունը տիրում է մարդկանց մտքի և հոգու վրա։ Այսպիսով` մարդու և աշխարհի հարաբերությունը մոլորված էր ու կեղծված։

Ըստ այսմ` թե՛ մարդը անարդար վերաբերմունք ուներ դեպի աշխարհը, և թե՛ աշխարհը` դեպի մարդը։ Անարդար էր այս վերաբերմունքը, վասնզի անարդարություն է այն ամենը, ինչի գոյությունը և ընթացքը չէ համապատասխանում աստվածադիր օրենքին և յուրյանց։ Աշխարհի և մարդու գոյության օրենքն և իրավունքը այստեղ հեղաշրջվել էր և չէր համապատասխանում ո՛չ մարդու կոչման և ո՛չ Աստուծո նպատակին։ Աշխարհում մարդկային բոլոր նպատակները դուրս էին Աստուծո հաղորդակցությունից. մարդը, ազգերը և ամբողջ մարդկությունը յուր բոլոր քաղաքակրթությամբ և հառաջադիմությամբ, գիտությամբ և արվեստով եսապաշտական էին։ Աստուծո արքայությունը նոցանից դուրս էր եկել։ Աշխարհում այնուհետև տիրում էր թշնամություն հոգու և մարմնի մեջ. տարբեր ձգտմանց և զորությանց մեջ և ազգերի տարբեր ոգու հակառակության մեջ։ Մարդկային կյանքում նպատակները բացարձակ դրություն էին ստանում, և յուրաքանչյուր ազգ ձգտում էր, այլոց ոչնչացնելով, հասնել յուր ուզածին։ Ազգասիրությունն ու հայրենասիրությունը հիմնվում էր աշխարհասիրության և փառասիրության վրա, որի աստառը եսապաշտությունն էր։ Եսապաշտությամբ էին նվիրվում նաև քաղաքակրթության, գիտությանց և արվեստի զարգացման, մարդասիրությունը, բարձրը, վեհը, ազնիվն ու բարին գոյություն չուներ դոցա մեջ։ Իրավանց գաղափարը փոխվել էր ուժի գաղափարի և նորան ենթարկվել։ Ուստիև Ավետարանում «այս աշխարհը», «այս ժամանակը» տարբեր միտք ունի իսկական աշխարհի և իսկական ժամանակի դիմաց, վասնզի իսկական աշխարհն յուր իսկական ժամանակում պետք է ունենա աստվածադիր ճշմարիտ կյանք և ճշմարիտ զարգացում, մինչդեռ այս աշխարհում ա՛յլ ժամանակ էր և շեղված կյանք ու զարգացումն։ Կռիվ, երկպառակություն, աննպատակ կամ կեղծ նպատակի ձգտումներ, աշխատանք ու տանջանք, իրավանց խախտում և այլն, իրար հետ սերտ կապակցվում էին ու շղթայվում այս աշխարհում։ Չկար խաղաղություն, ուստիև միությունն ու կյանքի գործունեությունը խանգարված էր և ավերվում էր ու չէր հառաջադիմում` ըստ օրինի։ Այդպիսի խառնակությունն ու շփոթությունը չէր կարող նպատակ ու կանոնավորություն ունենալ, զի ճշմարիտ սկիզբ չէր ճանաչում, և Աստուծո արքայությունը նորա միջնակետը չէր կազմում ու նպատակ դնում։ Մարդկանց առաջ ամեն ինչ նույն էր նկատվում, և ինքյանք կարծում էին, թե մի տեսակ ոլորտի մեջ անվերջ պտտում էին։ Մեռնելը նրանց համար նույն էր, թե կրկին ծնվելու էին, ծնվելը` կրկին մեռնելու միայն. այլևս ոչ մի նպատակ չէր ճանաչվում. ամենայն ինչ ունայն էր համարվում (տե՛ս Բանք Ժողովողին) և ոչինչ` նոր (հմմտ. և Բ Պետր., Գ 3-4)։ Մարդը չգիտեր ու չէր հասկանում ո՛չ յուր ծագումը, ո՛չ ծագման պատճառը, ո՛չ կենդանությունը, ո՛չ մահը, ո՛չ կոչումը, ո՛չ կյանքի որպիսությունն ու էությունը և ոչ ամենայնի նպատակը։ Նա յուր գլուխը կորցրել էր, արածը չէր հասկանում, անելիքը չգիտեր, և ոչ մի բան գոհություն չէր պատճառում։ Հեթանոսական հուսահատությունը նորան շպրտում էր աշխարհի անողոք հոսանքի պտույտների մեջ անվերջ պտտվելու և հոգնելու համար։ Ըստ որում` անկյալ վիճակի վրա դատելով` դարձող և Աստուծո անունը կանչողներ էլ էին լինում (Ենովս, Ենովք նահապետները), հետևաբար նոցա մեջ մեռած չէր աստվածգիտության կայծը, սակայն մարմնական ընթացքով խեղդում էին այդ և աշխարհին ու մարմնասիրության նվիրվում ի կորուստ։ Ունեին իշխանություն աշխարհի վրա, բայց ոչ կատարյալ, և կարծում էին, թե կկարենային առանց Աստուծո իշխել և ստրուկ էին դառնում[1]։

« ԺԴ. Մեղանչական Վիճակը   |   ԺԶ. Աստուծո Տնօրինության Ուղղությունը Շեղված Մարդկության Մեջ »
© Gratun.org