Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երկրորդ Մասը: Աստվածորդու Փրկագործությունը

ԻԲ. 1. Քրիստոսի Մարգարեական Պաշտոնը

Մարգարեի առաջին գործը քարոզությունն է, խոսքն է, որով նա ոչ թե մի տված բան, մի պատրաստի հայտնություն է ուսուցանում, նոր բան է տալիս, նոր հայտնություն է ծանուցանում և որով յուր չար ժամանակի ու խոտոր պատմության վրա Աստուծո դատաստանն է կարդում, ճշմարիտ ճանապարհը ցույց տալիս և ժամանակն ուղղում։ Նա դեպի սխալ նպատակ վազող ժողովրդի առաջ կանգնում է, զարթեցնում է նորա մտքերը, ուշադիր է անում մոլորության վրա և Աստուծո տնօրինության կատարումը հայտնում։ Այս նպատակով ժողովրդին համոզելու համար մատնացույց է անում այն անցյալ իրողությանց վրա, որոնք իրագործվել են յուր ժամանակ, և միանգամայն ապագայի նկատմամբ տեսիլներով մի առ մի ազդարարում է այն ամենն, ինչ որ կատարվելու է։ Իսկ հիշել անցյալը, գիտենալ ապագան և ըստ այնմ խոհեմությամբ ընթանալ պատմական ճանապարհը միակ միջոցն է մի ժողովրդի համար, որ կամենում է պատմական կենցաղով կորստից ազատվել։ Հետևաբար մարգարեն ժողովրդի ազատության և երջանկության ծառայող մի ատվածառաք գործիչ էր, որ յուր ազգօգուտ նպատակի իրագործման համար դիմում էր ոչ միայն աստվածատուր շնորհների օգնության ու Ս. Հոգու ներշնչմամբ առաջնորդվում, այլև ուսումնասիրում է Աստուծո հայտնությունը, Աստուծո տված օրենքները, ժողովրդի պատմությունն ու նորա կյանքն և ապա ճշմարիտ գործունեությամբ հրապարակ ելնում։

Քրիստոս իբրև մարգարե պետք է քարոզեր Աստուծո տնօրինությունն ու կամքն, որոնք Հին Ուխտի օրենքի ու մարգարեությանց միջոցով միմիայն իբրև նախապատրաստություն են տրվել առանց այն կատարման ու կատարելության, որ Աստուծո Որդվով էր սպասվում։ Համեմատելով հին մարգարեների հետ` տեսնում ենք, որ Քրիստոս հայտնում է մի նոր տնօրինություն, որ ո՛չ նախապատրաստություն է և ո՛չ կատարման է սպասում, այլ ինքն իսկ գլուխն է այդ տնօրինության և յուրմով է կատարումը։ Նա ոչ թե ժողովրդի ընթացքի առաջ կանգնում է և նոր ժամանակ քարոզում, այլ վերջնականապես կատարում է անցյալի ընթացքը, փակում է լրացած ժամանակը, բացարձակ նոր ժամանակ է հայտարարում և մարգարեության վերջնական կատարումը հայտնում, ըստ որում` յուրմով վերջանում է մարգարեությունը։

Հին մարգարեները, տեսնելով, որ ժողովուրդը ժամանակի ընթացքում մոռանում է Աստուծո օրենքի էությունն ու միտքը և տառապաշտությամբ միմիայն արտաքուստ էր կատարում, շարունակ նոր ի նորո քարոզությամբ կենդանացնում էին օրենքի ոգին նոցա մեջ, այդպես և Քրիստոս, քարոզելով օրենքն և Ավետարանը, հարվածում էր կեղծ փարիսեցոց ու դպիրներին, օրենքի ոգին էր հայտնում և ցույց տալիս, որ ինքն ոչ թե լուծանում է այդ օրենքն, այլ կատարում է և ինքն է օրինաց ու մարգարեությանց լրումը (Մատթ., Ե 17) թե՛ գործով, թե՛ անձամբ ու թե՛ խոսքով (Հռ., Ե 18. Գաղ., Դ 4. Ա Պետ., Բ 21. Հովհ., ԺԶ 13. Ղուկ., ԻԴ 27)։

Հին մարգարեները, ծանուցանելով Աստուծո օրենքն, ավետիք էին տալիս և ապագայի մասին, Աստուծո ապագա շնորհաց մասին, այդպես և Քրիստոս է անում, միայն հայտնելով, որ յուրմով վերջանում է օրենքը, և յուրմով կատարումն է ստանում մարգարեական ավետիքը։ Եվ որովհետև հին մարգարեք վկայում էին Քրիստոսի գալստյան մասին, Քրիստոս իբրև իսկական մարգարե վկայում է ինքն յուր մասին։ Քրիստոս վկայում է, որ ինքն է Աստուծո և մարդու միջնորդը և ամենայն շնորհների լրումը յուր մեջ է ամենքի համար (Մատթ., ԺԱ 28)։ Նա վկայում է և, որ ինքն է օրինաց լրումն ու վախճանը, զի ոչ ոք չի կարող յուր մեջ մեղք գտնել (Հռ., Ժ 4), քանի որ «ի վերայ արդարոց օրէնք ոչ կան» (Ա Տիմ., Ա 9. Հռ., Զ 14)։ Ուստիև նա քարոզում է, որ մարդիկ յուրյանց երջանկության համար պետք է հավատան յուրյան, որպեսզի մտնեն յուր արքայության մեջ` «որ չէ յայսմ աշխարհէ» (Հովհ., ԺԸ 36)։ Իսկ այդ արքայության մեջ մտնել փափագողները պետք է աշխարհի բոլոր նպատակները հարկավոր դեպքում պատրաստ լինին զոհելու (Մատթ., ԺԳ 45-46)։ Աստուծո արքայությունը մտնել տենչացողը չպետք է աչք ունենա այս աշխարհի և դորա որևիցե հարստության վրա, զի հոգու փրկությունն և աշխարհասիրությունը բոլորովին հակառակ հակադրություններ են (Ղուկ., Թ 59-62. Մատթ., ԺԶ 23. Մարկ., Գ 31. Հովհ., Զ 66)։

Հին մարգարեները ներկայացնում էին ապագան հայտնության տեսիլներով. Քրիստոս ևս հայտնում է ապագան, միայն թե ցույց է տալիս, որ ապագան յուր իսկ շուրջն է պտտում, և ինքն է գալու դատաստան անելու համար։ Այդ քարոզության ամենաբարձր իրականացումն է Քրիստոսի այն հայտնությունն, որով գեղեցկապես նկարագրում է այդ ապագայի գալիքը (Մատթ., ԻԴ Մարկ., ԺԳ Ղուկ., ԺԷ 21)։ Նա ցույց է տալիս, որ աշխարհն ունի յուր զարգացման վախճանը, որից հետո կլինի հանդերձյալ կյանքը։ Աստուծո արքայությունը խմորի պես կաճի այս աշխարհում, սակայն ոչ թե խաղաղ ու առանց հակառակության, այլ մի ընդհանուր մաքառմամբ աշխարհային ձգտմանց դեմ և այդ մաքառման պետք է մասնակցի ամենայն մարդ, ամենայն հոգի ու զորություն (Մատթ., ԺԲ 30. Ժ 34)։ Քանի գնա, այնքան ավելի զորանալու է այդ հակառակությունն և նույնիսկ այդ է Աստուծո արքայության ընթացքը։ Այդպես և երկրում ոչ թե մի երևակայական խաղաղություն կտիրե, այլ Աստուծո արքայության զարգացման նպատակը կլինի ծայրահեղ մաքառումն, որից հետո կատարումն և աստվածային խաղաղություն կլինի։ Այս ամենը նա մագարեանում է` սկսելով յուր անձի վրա գալիք բոլոր հանգամանքներից և որոշելով աշխարհի ամբողջ կյանքի հիմնական ընթացքը մինչև նորա կատարումը։ Նա ճշտիվ գիտեր մարդու սիրտը (Հովհ., Բ 24, 25). ճշտիվ գիտեր արարածական աշխարհի ընթացքն իբրև Տեր և անդրանիկ ամենայն արարածոց, և ճշտիվ գիտեր, որ աշխարհի շրջաններն ու դարաշրջանները նոր ի նորո երևան են հանելու հակառակ ուժեր, որոնք նոր ի նորո կհարուցանեն գայթակղություն և մաքառումն, և այդպիսով այդ շրջանները, մի-մի պատմական ընթացք լինելով, կծառայեն ընդհանրապես աշխարհի զարգացման կատարմանը։ Քրիստոս, բացատրելով թե՛ յուր եկեղեցու, թե՛ աշխարհի և թե՛ նույնիսկ բնության հիմնական պատմությունը, միջոց է տալիս յուր հավատացելոց` հասկանալ և դիմել դեպի հանդերձյալն յուրյանց երկրավոր կյանքի իրագործմամբ։ Եվ այս ամենը նա դյուրամատչելի է դարձնում ժողովրդի հասկացողության համար առակներով ու նմանություններով (Մատթ., ԺԱ 25)։ Բայց և նոցա ընդունակությունների համեմատ տնօրինական շատ ճշմարտություններ ևս թողնում է հառաջադիմության ընթացքում` Ս. Հոգով ըմբռնելու (Հովհ., ԺԶ 12-14)։

Հին մարգարեները քարոզում էին խոսքի առանձին զորությամբ (Երեմ., ԻԶ 12. Եզնիկ, Գ 17). այսպես և Քրիստոս է քարոզում, սակայն ոչ միայն զորությամբ, այլև իշխանությամբ (Մարկ., Ա 22), վասնզի քարոզության և Աստուծո հայտնության իսկական աղբյուրն և իրականացումը ոչ թե Ս. Հոգու ներշնչումն է, ինչպես լինում էր մարգարեների մեջ, այլ Միածնի մարդեղությունը։ Մարգարեները գտնվում էին մեղանչական վիճակում և դեռ պետք է Ս. Հոգով աստվածային խորհուրդների մեջ մտնեին, որ տեսնեին յուրյանց ասելիքը. այլև պետք է հրով սրբվեին նոցա կեղծ շրթունքները, որ կարողանային Աստուծո սուրբ կամքը քարոզել (Ես., Զ)։ Այդպիսի մարգարե չէր Քրիստոս, այլ սկզբից Հոր հետ էր և Հոր մոտ և միմիայն ինքն է ճանաչում Հորն ու ճանաչեցնում, ում կամենում է. նա է միայն տեսել Հորը և հայտնել մարդկանց (Մատթ., ԺԱ 27. Ղուկ., Ժ 22. Հովհ., Ա 18)։ Ուրեմն նա աստվածային իշխանությամբ էր խոսում և ոչ թե այն մասնակի շնորհներով, որոնցով խոսում էին մարգարեները։ Նորա իշխանությունն ևս ոչ թե բռնադատական էր, որով ստիպեր յուր խոսքն ընդունելու, ո՛չ, այլ ազատ կամքի Արարիչը ազատություն է տալիս ամենքին, որ ազատ ընտրությամբ ընդունեն յուր խոսքերը, քաղցեն ու ծարավեն արդարության համար, որ երջանիկ լինին (Մատթ., Ե 6), կամենան Աստուծո կամքը կատարել, որ հասկանան, թե Քրիստոսի քարոզն ու խոսքը Աստուծո խոսք է (Հովհ., Է 17)։ Ուրեմն Քրիստոսի խոսքը բռնադատական ու իշխանական խոսք չէ, այլ հաճությամբ ազատապես ընդունողի համար իշխանությամբ է ասված, բացարձակ հեղինակությամբ է խոսված. նորա «Ամեն, ամեն ասեմ ձեզ»-ը արտահայտում է բացարձակ ճշմարտություն և հավաստիություն։

Հին մարգարեները հաստատում էին յուրյանց քարոզության ճշմարտությունը թերահավատող ժողովրդի առաջ երբեմնական կամ անցողական հրաշագործությամբ` ըստ Աստուծո յուրաքանչյուր անգամի տվչության։ Քրիստոս ինքն, բնության սքանչելիքը լինելով, բղխում է հարաժամ յուր անձից ամեն հրաշալիք։ Նորա անձի, նորա մարդեղության մեծ սքանչելիքի հայտնության երկու կողմերն են` նորա խոսքն ու գործը. ուստիև յուրյան ճանաչելու համար պատվիրում է տեսնել ու լսել (Ես., ԿԱ 1, Ղուկ., Դ 18. Է 21. Մատթ., ԺԱ 4)։ Նորա ամեն մի խոսքն ու գործը մի-մի նշաններ են յուր Ավետարանի ճշմարտության, և նորա անձից բղխած յուրաքանչյուր հրաշք ոչ թե ինքնըստինքյան հրաշքի նպատակ ուներ, այլ ներգործական նպատակի ծառայող հրաշք էր։ Ուստիև նա մերժում է մարմնավոր հրաշքն, որ կարող է նաև սխալ ու գայթակղեցուցիչ կերպով հասկացվիլ նոցա մեջ, որոնք Քրիստոսի հրաշալի խոսքերն էլ թյուրիմացությամբ են լսում և ըմբռնում (Հովհ., Դ 48), քանի որ չունին Աստուծո սիրո ձայնն յուրյանց մեջ (Ե 36-44)։ Դոցա միմիայն ժամանակի նշանն ու նախապատրաստական ու յուր մարգարեությանց կատարումը կսթափեցներ, երբ հրաշից հրաշքն անգամ, որ է Քրիստոս յուր անձով, խոսքի ու հրաշքի աղբյուրով չէր ազդում նոցա թանձրացած սրտերի վրա։

Վերջապես ուրեմն Քրիստոսի անձի մեջ իսկ ամփոփվում է թե՛ մարգարեության նպատակը, թե՛ բոլոր միջոցները, թե՛ աղբյուր ու թե՛ մարգարեությունը լրիվ։ Նա, անցյալին վերջ տալով, ապագային սկիզբ դնելով և պատմության միջնակետը կազմելով, միացնում է յուր մեջ յուր հավատացյալի կոչումը։ Ըստ որում և անցյալ մարգարեությամբ նախապատրաստված հավատացողը, գիշերվա ճրագից մտնելով ցերեկվա լույսը (Բ Պետ., Ա 19), այլևս չէ կարոտում նոր մարգարեի, քանի որ ունի լուսատու Քրիստոսին, որի մեջ ներկայանում են մարդու ճանապարհը, լույսն ու կատարումը։

« ԻԱ. Քրիստոսի Գործունեության Խորհուրդը   |   ԻԳ. 2. Քրիստոսի Քահանայապետական Պաշտոնն ու Պատարագը »
© Gratun.org