Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երկրորդ Մասը: Աստվածորդու Փրկագործությունը

ԻԵ. Քրիստոսի Աստվածության Հավաստիքը

Քրիստոսի Աստվածության ու փրկչության վերաբերյալ հավաստիքը արդեն բերինք նորա մարդանալուն նախընթաց գրեթե բոլոր ժամանակների մարգարեություններից։ Սակայն որպեսզի մեր հավատքի հաստատությունը բոլորովին լրիվ լինի, պետք է հառաջ բերենք նաև նորա ժամանակի հավաստիացումները։ Առհասարակ ապացույցը կարող է լինել մի անձի վերաբերմամբ թե՛ յուր վկայությունից, թե՛ յուր խոսքերից, թե՛ յուր կյանքից ու գործերից, թե՛ ուրիշների ասածներից և թե՛ նորա գործունեության հետևանքից։ Քրիստոսի աստվածության վերաբերմամբ մենք ունենք այդ բոլոր տեսակի ապացույցներն ևս։

1. Անձի վկայությունը պետք է անշուշտ համապատասխանի այն մարգարեությանց, որոնք դարեր շարունակ ծանուցվել են Փրկչի մասին։ Այդ նկատմամբ Քրիստոս ինքն ասում է. «Մի համարիք, եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմարգարէս. ոչ եկի լուծանել, այլ լնուլ։ Ամէն ասեմ ձեզ, մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտմի, որ նշանախեց մի է, ոչ անցցէ յօրինացն եւ ի մարգարէից, մինչեւ ամենայն եղիցի» (Մատթ., Ե 17)։ Ուրեմն նա հայտնում է, որ թե՛ յուր մեջ պետք է կատարվեր բոլոր մարգարեությունն, ու թե՛ ինքը պետք է լրացներ բոլոր բարոյական և աստվածային օրենքները։ Նա, լրացնելով այդ օրենքները, պետք է այնպես հաստատեր, որ հավիտյան մնային և ոչ մի փոփոխության չկարոտեին, իսկ մարգարեության լրացումը կամ կատարումը իրականացնում է մարդկության սպասողական հույսը։ Մարգարեությանց կատարման մի էական կետն էր, որ Քրիստոս լիներ այն, ինչ որ Աստված հայտնել էր նոցա միջոցով։ Որ այդ իսկապես եղել է, վկայում է Քրիստոս` ասելով. «Ես եմ ճանապարհ, ճշմարտութիւն և կեանք» (Հովհ., ԺԴ 6)։ Պողոս առաքյալն էլ այդ բացատրում է` նկատելով, որ Քրիստոսի մեջ «ամենայն գանձք իմաստութեան և գիտութեան ծածկեալ կան» (Կող., Բ 3)։ Ըստ այսմ` Քրիստոս է լուսո և ճշմարտության անստեղծ և հավիտենական աղբյուրը, որից բղխել են աշխարհի բոլոր ճշմարտություններն, որոնք երևացել են թե՛ Հին ու թե՛ Նոր Կտակարանում և թե՛ հեթանոս աշխարհում։ Բայց որովհետև աստվածային բոլոր ճշմարտությունները միանգամից տալ չէր լինիլ, քանի որ Քրիստոսի շրջապատողները չէին կարող հասունացած լինել այդ ամենն ընդունելու համար (Հովհ., ԺԶ 12, 13), ուստիև Քրիստոս չէ կամենում զրկել մարդկանց ճշմարտությունը գտնելու միջոցներից և ասում է. «Յորժամ եկեսցէ նա, Հոգին ճշմարտութեան առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ» (ԺԶ 13)։ Առաքյալք չէին կարող ճշմարտության մանրամասնությունք գիտենալ առանց Ս. Հոգու լուսավորության, իսկ Ս. Հոգին պետք է լուսավորեր նոցա միայն փրկագործության կատարվելուց հետո (ԺԶ 7)։

Քրիստոսի բոլոր կյանքն ու գործերն էլ ցույց են տալիս, որ մարգարեությունք կատարվել են, ինչպես ինքն իսկ կամեցել է ճշտիվ։ Մարգարեության հիմնական կետն է, որ Քրիստոս պետք է Աստված լինի. այս մասին Քրիստոս տալիս է յուր վկայությունը։ Նորա բոլոր գործունեության ու փրկագործության հիմքը նորա աստվածությունն է, առանց որի նա կատարումն չի լինիլ մարգարեությանց։ Քրիստոս տալիս է և նշան, թե ինչով պետք է ճանաչենք նորա աստվածությունը, նա ասում է, թե մարդիկ պետք է նայեն ու տեսնեն, որ ինքն գիտե, թե ուստի՞ է եկել և ո՞ւր է գնում, որ նույնիսկ Հայր Աստվածն է յուր մեջ վկայում, և թե յուր գործերն էլ ապացույց են յուր խոսքի ճշմարտության (Հովհ., Ը 14. Ե 31, 32, 36)։ Այս բացատրությունը Քրիստոս հաճախ է տալիս և, բոլորն ի մի ամփոփելով, ասում է վճռաբար. «Հաւատա՞յք ինձ, եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է։ Ապա թէ ոչ` գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ» (Հովհ., ԺԴ 11)։ Ուրեմն նա կարող էր ամենքի առաջ վկայություն տալ յուր անձի մասին, քանի որ նա հայտնապես ասում է, թե ո՞ր վկայությունն է ճշմարիտ։ Նա բացարձակ հարցնում է ամենքից. «Ո՞ ի ձէնջ յանդիմանէ զիս վասն մեղաց» (Ը 46. Է 17. ԺԴ 30). և բոլորի առաջ հայտնում է, որ ինքն է Աստուծո Միածին Որդին (Գ 16. Ե 18. Ժ 33), որի համար մոլեռանդ հրեաներն ուզում էին մինչև անգամ քարկոծել նորան։ Այդպես և շատ յաճախ վկայում է Քրիստոս. «Ես և Հայր իմ մի եմք» (Ժ 30). «Որ ետեսն զիս` ետես զՀայրն», ասում էր Փիլիպպոսին, որ խնդրում էր ցույց տալ Հոր Աստուծուն» (ԺԴ 9). «Որպէս Հայր ունի կեանս յանձին իւրում, նոյնպէս ետ եւ Որդւոյ ունել կեանս յանձին իւրում» (Ե 26)։ «Եւ ոչ թէ Հայր դատի զոք, այլ զամենայն դատաստան ետ Որդւոյ իւրոյ. Զի ամենեքեան պատուեսցեն զՈրդի, որպէս պատուեն զՀայր»... (Ե 22)։ Այսպիսի օրինակներ տեսանք և առաջ։ Քրիստոս նախքան յուր մահն էլ վկայեց յուր Մեսիա լինելուն համար քահանայապետի առջև (Մատթ., ԻԶ 64)։ Այլև ասաց, որ յուր համբարձումից հետո էլ Տեր է ամենքի վրա. «Ուր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա» (Մատթ., ԺԸ 20). «Ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի» (ԻԸ 20). «Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի»… (ԻԸ 18)։ Այսպիսով, Քրիստոսի անձի վկայությունը կատարելապես հաստատում է յուր աստվածությունը։

2. Քրիստոսի խոսքերը վերաբերում են մարդկության փրկության և Աստուծո արքայության իրականացման. ինչ որ Աստված տվել էր հեծող մարդկության ընտրյալ մասին իբրև ավետիք, Քրիստոս այդ ամենի կատարումը տվավ։ Նա պետք է փրկեր մարդկությունը, միացներ Աստուծո հետ, վերահաստատեր Աստուծո արքայության մեջ և ինքը բժշկեր նոցա ու խնամեր. «Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր Միածին ետ, զի ամենայն, որ հաւատայ ի նա` մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանս յաւիտենականս» (Հովհ., Գ 16)։ Ինքն Քրիստոս էլ ասում է. «Ոչինչ են պիտոյ բժիշկք ողջոց, այլ` հիւանդաց։ Եւ ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղաւորս` յապաշխարութիւն» (Ղուկ., Ե 31, 32)։ Նա ցույց է տալիս, որ ինքն է ճշմարիտ խնամող և հովիվ հոտին. «Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ., Ժ 11)։ Ըստ որում և հայտնում է, որ ինքն է ճշմարտությունը, ճանապարհն ու կյանքը (ԺԴ 6), աշխարհի լույսը (Ը 12, ԺԲ 46), կենդանի հացը (Զ 35), և որ ինքը մարդկանց համար չարչարվելու է ու մեռնելու, որպեսզի հարությամբ էլ կյանք տա ամենքին (Մարկ., Ը 31, Հովհ., Գ 14. Մատթ., ԺԲ 40), որ ինքն պետք է թաղվի և հառնի Հովնան մարգարեի նշանի նմանությամբ և, նորան նայելով, մարդիկ պետք է փրկվին, ինչպես անապատում կոտորվողները, Մովսիսի օձին նայելով, ազատվում էին մահից։ Նա հայտարարում է, որ ինքն յուր արյունը թափելու է մարդկանց մեղաց համար (Հովհ., Զ 51. Ժ 15) և մի խոսքով` որ ինքն եկել է ոչ թե «պաշտօն առնուլ, այլ` պաշտել, և տալ զանձն իւր փոխանակ բազմաց» (Մատթ., Ի 28)։

Քրիստոս յուր վարդապետությամբ լրացրեց բարոյական օրենքն և պահանջեց ապաշխարություն ու հավատք (Մատթ., Դ 17. Մարկ., Ա 15), ըստ որում` նա ուսուցանում էր, որ էապես միանանք յուր հետ (Մատթ., Ժ 37. ԺԶ 24. Հովհ., ԺԵ 5), և շեշտում էր. «Առանց իմ ոչինչ կարէք առնել»։ Հաղորդակցության միջոց ևս տվավ, այն է` վերածնություն ի ջրո և ի Հոգվո և հաղորդություն կենդանարար մարմնո և արյան (Հովհ., Գ 3-6. Հովհ., Զ 53, 55)։ Յուրմով դեպի փրկություն դիմողին Քրիստոս տալիս է Աստուծո արքայությունն ու երջանկությունը. այդ երկնային շնորհաց էությունը նա ամենապարզ կերպով բացատրեց հասկանալի առակներով, որպեսզի մարդիկ լավ ըմբռնեն և երբեք չմոռանան։ Առ Աստված չդիմողին և երանությունն աշխարհի նյութի մեջ որոնողին էլ Քրիստոս հիշեցրեց այդ ձգտման հետևող պատիժը, այլև խոստացավ ու հայտնեց, որ Աստուծո արքայությունն ամբողջ մարդկության համար է (Հովհ., ԺԹ 30. Ի 16. ԻԱ 43)։ Ուրեմն, Քրիստոս յուր վարդապետությամբ ևս ցույց է տալիս, որ ինքն իբրև Աստված փրկություն է պարգևում հավատացող մարդկության և իբրև ճշմարիտ դատավոր պատժում է անաստվածներին։ Նորա վարդապետությունն յուր կատարելությամբ մի բարձրաձայն ապացույց է նորա աստվածության. նա տալիս է այն ամենն, ինչ որ պետք է տա` մի ճշմարիտ աստվածային հայտնություն, այսինքն` թե՛ անցյալը լրացնելով, թե՛ ներկայի ճանապարհը հարթելով ու լուսավորելով և թե՛ հանդերձյալը պարզ ու որոշ իբրև ճշմարիտ մարգարե մեզ տեղեկացնելով։ Ըստ որում` նորա քարոզությունը մարդկային չէր, այլ աստվածային, ուստիև նորա վրա զարմանում էին, որ ամեն ինչ գիտեր, թեև չէր սովորել (Հովհ., Է 15-19) ամեն ինչ բացատրում էր խոսքով ու համապատասխան գործով և ուսուցանում էր ոչ ինչպես դպիրներն, այլ իշխանությամբ և խոսքի մի առանձին զորությամբ փայլելով։

3. Քրիստոս յուր կյանքով էլ կատարելապես համապատասխանում է յուր աստվածության։ Նա լրացնում է օրենքն ու մարգարեությունն ոչ միայն խոսքով, այլև` գործով ու կենցաղով, և այս մեծապես զանազանում է նորան բոլոր մարգարեներից։ Նա պահանջում է, որ բարոյականությունն ոչ թե կեղծ Փարիսեցոց ասածի պես լոկ արտաքուստ ցույց տրվի, այլ մարդու ներքին աշխարհից, ճշմարիտ համոզմունքից բղխի։ Եվ որպեսզի յուր այդ պահանջը լիապես ստիպողական դառնա, ինքն ևս յուր կյանքով ու վարքով ամենակատարյալ օրինակն էր տալիս յուր ասածների իրագործման, այնպես որ, Քրիստոս ոչ միայն իսկական տիպար է կատարելության, այլև օրինակ է ամենքի հետևողության համար (Հռ., Ե 18, 19. Գաղ., Դ 4, 5. Ա Պետ., Բ 21)։ Եվ մենք տեսնում ենք, որ նորա կյանքի մեջ մի փոքրիկ ստվեր անգամ չկա։ Նորա սուրբ և առաքինի կյանքի ապացույցները շատ են. նա յուր բռնողներին ինքն է դիմավորում և ասում. «Զո՞ խնդրէք».-«Ես եմ»։ Նա դատաստանի առաջ ևս հաստատում է յուր այն ասածներն, որոնց համար նորան դատապարտում էին, իսկ յուր չարչարողների ու խաչողների համար ասում է. «Հայր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն» (Ղուկ., ԻԳ 34)։ Առաքինությունը, հեզությունն ու խոնարհությունը մարմնացած էր Քրիստոսի մեջ և ինչպես որ ինքն ասում էր` «իմ արքայութիւն չէ յաշխարհէ աստի», այնպես էլ նորա պաշտոնն և ամբողջ կյանքը մեղքի կամ աշխարհային իշխանության կատարյալ հակապատկերն է ներկայացնում (Հովհ., ԺԵ 18-19. հմմտ. Ա Հովհ., Բ 15-17, Գ 1-13)։ Նոր ան հալածում էին սրբության համար, բայց նա խոնարհվում էր, հայհոյում էին ողորմածության համար, բայց նա առատանում էր յուր բարերարություններով. նորան չարչարում, խաչում էին, բայց նա օրհնում էր յուր թշամիներին նույնիսկ խաչի վրա` դառն կսկիծների մեջ։ Նորա ամեն մի գործն, ամեն մի քայլը, կյանքի ամեն հանգամանք և ամբողջ ընթացքը կանոնավորապես ու զուտ աստվածային գործ ու կյանք էր։ Կատարյալ ներդաշնակություն նորա ներքին կյանքի մեջ, ներդաշնակություն մտքի, զգացմունքի ու կամքի մեջ, առանց տարաձայնության ու վրդովմանց և առանց որևիցե հակասության. ահա մի աստվածային բնավորություն, որին մարդ երբեք չէ հաջողում հասնել։ Վեհություն ու պարզություն, ճշմարտության խստություն ու հայրական քաղցրություն, հեզություն և արիություն, խոնարհություն ու հաստատամտություն, կարեկցություն ու սեր և արդարություն, աստվածսիրություն և ընկերսիրություն, և այս ամենը թե՛ գիտնոց ու թե՛ տգետների, թե՛ բարեկամաց ու թե՛ թշնամիների մեջ փայլում է Քրիստոսի վրա աստվածապես[1]։ Կատարյալ ներդաշնակություն, կատարյալ վեհություն, կատարյալ աստվածություն «Յիսուս Քրիստոս, երէկ եւ այսօր նոյն եւ յաւիտեան» (Եբր., ԺԳ 8)։

4. Քրիստոսի Գործերը պերճախոս վկա են նորա աստվածության, որոնք և կատարյալ են թե՛ մարգարեությամբ ու թե՛ հրաշագործություններով։ Ինչ որ հին Ուխտում ծիսականապես մի նախատիպ էր ներկայացնում և կամ մարգարեությանց մեջ նախագծվում, այդ ամենը Քրիստոս իրականացրեց ճշտիվ և մի առ մի յուր կյանքով ու գործերով յուր անձի մեջ։ Հին Ուխտի ծիսական օրենքը բարիքների ստվեր էր տալիս, իսկ քրիստոնեությունը` բարիքների էությունը, իսկական բարիքներն, այնպես որ իրականի երևալով` ստվերականը վերանում է։ Դորա ամենագեղեցիկ օրինակը տաճարն է, որ անհետանում է, երբ Քրիստոս կանգնում է իսկական տաճարն, որտեղ «ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն Հօր հոգւով և ճշմարտութեամբ» (Հովհ., Գ 23), և ամեն ոք կարող է մոտենալ դեպի Աստուծո Աթոռը (Եբր., Դ 16), այլև լինել «տաճար Աստուծոյ կենդանւոյ» (Ա Կոր., Գ 16)։ Ինքն էլ հաշտության ճշմարիտ զոհ դարձավ և յուր արյամբ սրբեց յուր հետևողներին` ամեն կերպ կատարումն տալով Հին Ուխտի գործնական արդարության, ըստ որում և տաճարի վարագույրի ցելմամբ վերջ տվավ նախատիպ աստվածպաշտության և վաստակավոր զոհին։

Քրիստոսի գործերից ամենանշանավոր վկայությունն յուր աստվածության համար տալիս են նորա հրաշագործությունները։ Առաջին մարդն Աստուծուց նշանակված էր` տեր լինել աշխարհի վրա (Ծն., Ա 26-28), սակայն նա յուր մեղքով կորցրեց այդ տիրապետությունը մինչև անգամ յուր մարմնի վրա։ Քրիստոս իբրև երկրորդ Ադամ պետք է այդ տիրապետությունը վերականգներ կատարելապես, այսինքն` հաղթելով բոլոր այն ընդդիմություններն, որոնք պատահում են բնության մեջ։ Ընկած մարդն ոչ մի կերպ այս անել չէր կարող, իսկ Քրիստոս իբրև կատարյալ մարդ պետք է այդ տիրապետությունը ցույց տար գերբնական, աստվածային զորությամբ։ Ահա և աստվածային այդ զորության հաղթաբար տիրապետելու կարողությունը միացավ մարդկային թուլության հետ և վերականգնեց այն աստվածատուր կարողությունն, որով առաջին մարդը բնության վրա տեր էր։ Ադամի ժամանակ հոգու տիրությունը մարմնի վրա որոշված էր Աստվածանից և սովորական էր, իսկ երբ մարդկությունը թուլացավ, այդ էլ գերբնական դարձավ, և այդ գերբնական զորությունն երևում է Քրիստոսի մեջ իբրև հրաշք, ըստ որում` այժմ մարդկային թուլությունը բնական է, իսկ տիրապետելու զորությունը` գերբնական տուրք։ Քրիստոսից ելանում է թե՛ գործի հրաշք և թե՛ գիտության. նա անում է բնության մեջ` ինչ որ կամենում է և գիտեր ապագան, հեռուն, ներկան և մարդկանց սրտերը և ոչ մեկի տեղեկության կարոտ չէր. «Զի ոչ էր պիտոյ, եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ, զի ինքն իսկ գիտէր` զինչ կրէր ի մարդն» (Հովհ., Բ 25)։ Եվ այդ ամենն երևում էր նորանում ոչ թե լոկ իբրև Աստուծո, այլ իբրև կատարյալ աստվածամարդի մեջ (Մարկ., ԺԳ 32. Փիլ., Բ 6, 7)։

Մարգարեներն և առաքյալները նույնպես հրաշքներ են գործել, սակայն հրաշագործության այդ զորությունը տրվում էր նոցա մի րոպեի համար, և նոցա մեջ գործում էր այդ բոլորովին անցողաբար, մինչդեռ Քրիստոսի մեջ հրաշագործությունը նորա էությունիցն էր բղխում, ուստիև երբեք չէր ընդհատվում, մշտապես կատարվում էր` այն էլ լոկ խոսքով, վասնզի ծագում էր նորա աստվածության ու մարդկության միությունից։ Նորա հրաշագործությունն իշխանական էր, իսկ մարգարեների և առաքյալներինն` ի վերուստ տրված և ժամանակավոր։

Հին Կտակում հրաշքները տրվում էին` ցույց տալու համար, որ մարգարեներն ուղարկված էին Աստվածանից. այդպես էլ Քրիստոս հրաշքներ էր գործում յուր աստվածության հավատացողների համար. «Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս, քան զՅովհաննու. զգործս զորս ետ ցիս Հայր, զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն, զոր գործեմ, վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս» (Հովհ., Ե 36. Ժ 37, 38. ԺԴ 11, 12)։ Սակայն Քրիստոս միմիայն դորա համար չէր հրաշք գործում, որպեսզի ցույց տա, թե ինքն է Մեսիան, այլ նորա համար միայն, որ հրաշքը պատկանում էր ուղղակի յուր փրկչական գործունեության։ Արդարև մարդու մեղքով մտել էին հիվանդությունք, թշվառությունք ու մահ, որոնք նույնիսկ աշխարհի խանգարումից էին. ահա Քրիստոս պետք է այդ հարաբերությունը բնության և հոգու մեջ վերահաստատեր։ Բայց հարկավ, մարդիկ այդ երկնային տուրքը կարող են ձեռք բերել կատարելապես այն ժամանակ, երբ Քրիստոսի շնորհած կյանքը լիովին յուրացնեն, իսկ այդ կլինի միմիայն այս աշխարհի կատարածին, մինչդեռ այժմ միմիայն այդ փրկության սկզբնավորությունն իբրև երաշխիք ունինք մեր հավատքով։

Քրիստոսի անօրինակ (Մատթ., Թ 33. ԺԷ 16. Մարկ., Է 36) հրաշագործությունք բղխում են նորանից փրկագործության համար հարկավոր չափով և վերաբերում են առհասարակ հավատացողների օգտին[2]. նա ոչ մի անգամ հրաշք չէ գործում, երբ ժողովուրդը կամենում է տեսնել ու լոկ զարմանալ (Մատթ., ԺԲ 38. ԺԶ 1. Ղուկ., ԻԳ 8)։ Նա միշտ հրաշագործում էր թշվառներին ազատելու, հիվանդներին բժշկելու և օգնելու համար և որտեղ հավատք կամ հավատքի պատրաստությունք չէր գտնում, այնտեղ երբեք հրաշք չէր գործում (Մատթ., ԺԳ 38, Մարկ., Զ 5)։ Այդ է պատճառն, որ Քրիստոս երբեմն բժշկում է և հետո յուր մասին հայտնում (Հովհ., Ե 13. Թ 36), երբեմն հրամայում է բժշկվածին չհայտնել և այլոց (Մատթ., Թ 30. ԺԲ 16. ԺԶ 20, Մարկ., Ա 44. Գ 12) երբեմն պատվիրում էր հայտնել (Մարկ., Ե 19) և երբեմն հիվանդի հավատացող ազգականի խնդրանոք էր բժշկում (Մատթ., Թ 2. Է 13. ԺԵ 28. Մարկ., Բ 5. Թ 22. Ղուկ., Ե 20. Է 10)։ Նայելով, թե յուրաքանչյուրի հավատքը զորացնելու համար ո՞րն է անհրաժեշտ։ Մեկին հրամայում էր լռել, որ հեռու մնա մտքերը ցրվելուց և փրկության խոսքը յուր մեջ մարմնացնի, սուզվելով յուր հոգու մեջ, մյուսին հրամայում է հայտնել, որ չմոռանա շնորհակալ լինել յուր ստացած շնորհաց համար։

Քրիստոս յուր առաջին հրաշքը գործադրեց բնության վրա` ջուրը գինի դարձնելով (Հովհ., Բ)։ Այս հրաշքը ոչ թե ստեղծագործական էր, այսինքն` ոչնչից ստեղծելն էր, այլ ամենակարողություն էր ցույց տալիս արդեն ստեղծած իրերի վրա։ Ջուրը միշտ գինի է դառնում միայն որթի միջոցով, իսկ այստեղ Քրիստոս յուր աստվածային հրամանով մի ակնթարթում առանց որթի է գինի դարձնում։ Այդ զորությունն ավելի մեծապես է երևում 5,000-ի և 4,000-ի կերակրելով[3]։ Այսպիսի հրաշքներ են և ծովի սաստումը մի «սաստեաց» հրամանով, առատ ձկնորսությունը, թզենու անիծումը և այլն[4]։ Բնության այդ կատարյալ տիրապետությունը նա ցույց տվավ` մանավանդ ջրի վրա գնալով, որի իրավունք տվավ մինչի անգամ Պետրոսին հավատքով միայն կատարելու։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ հրաշքի հետևանքը մի խոստովանություն է լինում` «Արդարեւ Որդի Աստուծոյ ես դու»։

Երկրորդ տեսակի հրաշքներն են հիվանդների բանավոր բժշկությունը։ Հիվանդությունն, անշուշտ, մարդու տիրության ընկնելուց է հառաջացել, որում մարդու հոգին, նույնիսկ յուր մարմնի հետ ներդաշնակություն չպահելով, կորցրել է յուր կենդանացուցիչ ազդեցությունը։ Քրիստոս այստեղ էլ պետք է ցույց տար կատարյալ իշխանություն, ինչպեսև նույն իշխանությամբ հարություն է տալու։ Պարզ է, ուրեմն, որ հիվանդը պետք է հավատա բժշկվելու համար, և ոչ միայն ինքն, այլև շատ անգամ յուր ազգականք ևս, ըստ որում, նախ պետք է հոգվով բժշկվին, որպեսզի հոգևորն ազդե մարմնի վրա։ Այդ պատճառով Քրիստոս միշտ նախ հավատք էր պահանջում, եթե այդ պակասում էր։ Նա մի զորությամբ ազդում էր հիվանդի վրա ու բժշկում (Ղուկ., Զ 19. Ը 46. Մարկ., Զ 5), և այդ ազդումը լինում էր կա՛մ երկրավոր իրի միջոցով, կա՛մ շոշափելով և կա՛մ լոկ խոսքի ներգործությամբ, նայելով, թե ո՞րն էր հարմար հիվանդի հոգևոր դրության[5]։ Այս հրաշագործության բարձրաստիճանն է մեռյալներին հարուցանելն, որ երաշխիք է վերջին կատարյալ հարության։

Հոգու խանգարման չար հետևանքներից գլխավորն էր դիվահարությունն, որ Քրիստոսի ժամանակ, երբ պետք է սատանայի իշխանությունը բոլորովին խորտակվեր, ավելի քան սոսկալի էր։ Ինչպես որ զանազան վարակիչ հիվանդությունք ու թույնը խիստ փտություն են հառաջացնում մարմնի մեջ, այնպես էլ հոգին ենթարկվում է մեղքի մեջ տիրող սատանայական ներգործության և ավերում մարդու գոյությունը (տե՛ս Եզնիկ, 179-180)։ Այդ դիվահարությունն ոչ մի կերպ չէր բժշկվում, և Քրիստոս, որ եկել էր սատանայի խավարն ու նորա հառաջացրած մեղքի հետևանքներն անհետացնելու համար, գլխավոր տեղ պետք է տար դորա բժշկության (Ա Հովհ., Գ 8), լոկ հրամայելով, որ դևերը թողնեն դիվահարներին։ Այս բժշկությունը շատ հաճախ է պատահում և ապացույց է Քրիստոսի աստվածային իշխանության նաև սատանայի վրա[6]։ Բոլոր այս հրաշքները բղխում էին Քրիստոսից իբրև աստվածամարդուց և մի-մի ապացույցներ էին, որ նա վերացնում է հոգու ու մարմնի աններդաշնակությունը և տալիս է հոգուն տիրապետություն բնության ու մարմնի վրա։

5. Քրիստոսի ժամանակ ամբողջ ժողովուրդը տեսնում էր, որ նորա մեջ աստվածային մեծ զորություն է գործում. որքան էլ նոքա չէին հասկանում, այնով հանդերձ վկայում էին, որ Քրիստոս «ուսուցանէր զնոսա իբրեւ իշխանութեամբ եւ ոչ` որպէս դպիրքն» (Մարկ., Ա 22)։ Նոքա զարմանում էին Քրիստոսի այդ իշխանական զորության վրա (Մատթ., ԺԳ 54. Մարկ., Ա 27)։ Նոքա չէին տեսել այդպիսի մարդ, ուստիև նոցանից շատերը մարգարե էին համարում նորան, իսկ ոմանք, ուղղակի Քրիստոս ճանաչելով, փառաբանում էին Աստուծո, և շատերը հավատում էին (Հովհ., Է 40, 41, 46)։ Շատերն էլ գալիս էին, որ ուժով տանեն նորան ու թագավոր դնեն, սակայն Քրիստոս խույս էր տալիս և առանձնանում լեռները (Հովհ., Զ 15)։ Այդ պատճառով և լոկ մարմնավոր, նյութական և աշխարհային շահերի հետևից ընկած ժողովուրդը խիստ գրգռվում էր նորա դեմ և կամենում էր ոչնչացնել։ Իսկ փարիսեցիք, տեսնելով, որ նա յուր սքանչելի վարդապետությամբ գրավում էր ժողովուրդը, չգիտեին, թե ի՞նչ կերպ հեռացնեն նորան։

Եվ ահա տեսնում ենք, որ Քրիստոսի թշնամիքն անգամ նորա դեմ մի բան չեն գտնում դատապարտելու. այսպես վկայում է Պիղատոսը (Մատթ., ԻԷ 24. Ղուկ., ԺԴ 14, 15.), նորա կինը (Մատթ., ԻԷ 19) և մինչև իսկ նորա թշնամիք ասում էին. «Վարդապետ, գիտեմք, զի ճշմարիտ ես եւ զճանապարհն Աստուծոյ ճշմարտութեամբ ուսուցանես, եւ ոչ է քեզ փոյթ զումեքէ, եւ ոչ հայիս յերեսս մարդոյ» (Մատթ., ԻԲ 16)։ Խաչահաններն անգամ վկայեցին, թե` «Արդարեւ Որդի Աստուծոյ էր սա» (Մատթ., ԻԵ 54. Մարկ., ԺԵ 39. Ղուկ., ԻԳ 47. հմմտ. Եղիշե, 263)։ Վկայում են նույնպես և Հուդան (Մատթ., ԻԷ 3-40), Նիկոդիմոսը (Հովհ., Գ) և այլք։ Նորա հարության ևս վկայում են ոչ թե միայն բազմաթիվ տեսնողներ, այլև այն առաքյալներն և ավետարանիչք, որոնք գրեթե բոլորն էլ Քրիստոսի հալածանաց ժամանակ փախչում էին և աղքատ ու տգետ դասիցն էին։ Նոքա Քրիստոսի խաչելության միջոցին հեռացան (Մատթ., ԻԶ 56. Մարկ., ԺԳ 50), նույնիսկ հին պարապմունքն սկսան (Հովհ., ԻԱ 3), ուստիև Եղիշեն գեղեցկապես ասում է. «Տեսանե՞ս որչափ է թանձրութիւն մտացն, չընդոստանային` այնչափ խրատեալք եւ վարժեալք ի Տեառնէն. եւ թեքեալք եւ մխեալք ի Հոգւոյն Սրբոյ, եւ չեւ եւս են հատու, եւ այլ ուրեմն պիտ սրել» (329, 336, 337)։ Այդ տգետ ու կոշտ ու կոպիտ մարդիկ, Քրիստոսի հարությունը տեսնելով միայն, հավատացին[7] և ապա ըստ նորա պատվերին հավաքվեցան և, Ս. Հոգուն ընդունելով, քաջահրաշ քարոզիչներ դարձան, որոնք դիմում էին դեպի չարչարանք ու մահ (Եղիշե, 341)` ասելով. «Այլ մեք ոչ կարեմք, զոր տեսաքն ու լուաք` չխօսել» (Գործք, Դ 20)։ Այլև նոցա անուսում ու տգետ անձնավորությունը կրկնակի փաստ է Քրիստոսի աստվածության, որ վառեց զինավառեց նոցա աստվածային բարձրագույն ճշմարտությունով և հասողությամբ, իսկ նոցա բանական ու գործնական արդյունքով զարմացրեց աշխարհի բոլոր իմաստուններին, որոնց մեջ նոքա հրապարակով ու բացարձակ քարոզում էին ու լույս տարածում (Մատթ., Ե 10. Եղիշե, 334, 348, 350)։ Դոցա մեջ շատերը մինչև անգամ Քրիստոսի հարությունից հետո հեթանոս էին, սակայն վկայում են նորա աստվածության` ինչպես Մարկոսը, Ղուկասը, Պողոսը և այլն։ Վերջինս վստահությամբ գրում է թերահավատող Կորնթացոց, Քրիստոսի Աստվածային գործերը թվելուց հետո. «Եւ թէ երեւեցաւ Կեփայի, եւ ապա երկոտասանիցն. Ապա երեւեցաւ աւելի եւս, քան զհինգ հարիւր եղբարց միանգամայն, յորոց բազումք կան մինչեւ ցայժմ, եւ ոմանք ննջեցին։ Եւ ապա երեւեցաւ Յակովբայ, ապա առաքելոցն ամենեցուն։ Հուսկ յետոյ քան զամենեսին իբրեւ անարգի միոջ երեւեցաւ եւ ինձ» (Ա Կոր., ԺԵ 5)։

Քրիստոսի աստվածային հեղինակության վկայում են մինչև անգամ հեթանոս գրողներ։ Հովսեպոս Փլիավիոս Հրեա պատմիչն էլ ասում է յուր` 94 թվին գրած` «Հնախոսություն Հրեից» գրքում (ԺԸ 3. տե՛ս և Եվս. պատմ. Եկ., Ա 11)։ «Այն ժամանակներումն էր Հիսուս իմաստուն մարդը, եթե արժան է նորան մարդ կոչել, վասնզի սքանչելագործ էր և ուսուցիչ էր նոցա, որոնք հաճությամբ հնազանդվում էին ճշմարտության։ Հրեաներից ու հեթանոսներից շատերը հետևեցին նորան, և հաստատվեց, որ նա Քրիստոսն է. և երբ Պիղատոսը մեր իշխանաց նախանձի պատճառով խաչել տվավ նորան, այնուհետև էլ հաստատ մնացին յուրյանց սիրո մեջ նոքա, որոնք առաջուց էլ սիրում էին նորան. վասնզի երրորդ օրը կենդանի երևեցավ նոցա. նորա մասին մարգարեների գրքերն էլ ավետել էին այս ամենը և ուրիշ հրաշալի բաներ ևս. և մինչև այսօր նորա անվամբ կոչված քրիստոնյաների ազգը չպակասեց»։ Այս վկայում է և հրեական Թալմուդն, որ ըստ ամենայնի Քրիստոսին հակառակ է խոսում22*։

Նույն ժամանակից է Մարայի ասորերեն թուղթն[8] առ յուր որդին Սերապիոն 73 թվից։ Այդ Մարան հույն իմաստության մեծ ուսումն ստացած մարդ էր, որ, գոհ չմնալով այդ իմաստությամբ, աքսորից գրում է, մխիթարում ու խրատում յուր որդուն` փառաբանելով Քրիստոսին իբրև իմաստուն թագավորի, որին սպանելով` հրեայք տուժեցին յուրյանց պետության անկումը, սակայն նա յուր նոր օրենքով հավիտյան կապրի23*։

Վերջնապես երբ Քրիստոսի առաքյալներն սկսան Անտիոքում քրիստոնյա կոչվիլ (Գործք, ԺԱ 26), Քրիստոսի անունով պարծենալ (Ա Կոր., Գ 23), և հեթանոսներն ևս սկսան նոցա քրիստոնյա անվանել (Ա Պետր., Դ 16), այնուհետև քրիստոնեությունը նույնիսկ հեթանոսաց մեջ պայծառությամբ փայլեց։ Նորա հաստատությունը և հաղթական ու փառավոր տարածումը հիշում են Տակիտոս (54-1199, Տարեգ. ԺԵ 44), Սվետոն (75-160, Կենս. Կղոդ. ԻԷ. և Ներոնի ԺԶ.), Պլինիոս կրտսերը, Բյութանիայի Բդեշխը` 112-ին յուր թղթով առ Տրայանոս կայսր, հակաքրիստոնյա Կելսոսը (Բ դար), Լուկիան (մեռ. 200-ին), Պորփյուրոս փիլիսոփան (մեռ. 304) և այլք24*։

6. Քրիստոնեության տարածումն ու հետ§անքն էլ հզոր փաստ է նորա աստվածայնության։ Նա ո՛չ բռնությամբ, ո՛չ ճարտարությամբ, ոչ արտաքին գրավչությամբ և ոչ գիտության զենքով, այլ հալածանաց, նեղությանց մեջ, ուժի և բռնության դեմ, տգետ ձկնորսների և մարդկային ճարտարությունից զուրկ քարոզիչների ավետարանելով, հալածվելով ու մեռնելով է տարածվել հզոր ու կռապաշտ պետությանց մեջ իսկ։ Տարածվելով այդպիսի հանգամանաց մեջ` քրիստոնեությունը ունեցավ յուր բարերար լույսի ներգործությունն ամեն դասի ու խավի, ամեն գիտության ու քաղաքականության և կյանքի ամեն անկյունների վրա։ Անձինք ու ազգեր, հասարակություններ ու պետություններ, ընտանիք ու մարդկություն, ամենքն էլ սկսան կերպարանափոխվիլ ու բարեկարգվիլ նորա լույսի շողերի տակ։ Նա տվավ պետությանց այն ամրություն, որ հեթանոսներն սպասում էին յուրյանց կրոնից ու հիասթափվում, և մտցրեց հասարակական կարգեր։ Աշխատանքի զարկով (Բ Թես., Գ 10. Ա Տիմ., Ե 4. Ը 16) գիտություն ու արվեստ ու տնտեսություն, բարեգործական ամեն հաստատություն, դպրոց, հիվանդանոց, անկելանոց, աղքատանոց, որբանոց վանքերի մոտ, որոնք ծառայում էին մարդկանց բարվոքման ու բարեկեցության, նոր ընթացքով, նոր կազմակերպությամբ ու նոր ոգով զորացան և ակնհայտնի արդյունքներ ցույց տվին մարդկության հառաջադիմության մեջ (տե՛ս և Մեծ Ներսիսի գործերը Բյուզանդի պատմության մեջ)։ Ամենայն ինչ նոր եղավ, նորոգվեց ու նոր արարած դարձավ (Գաղ., Զ 15. Եփ., Դ 24. Բ 10), թոթափելով հեթանոսական անկման, ապականացման և հնության փոշին ընդմիշտ և վերացնելով անհավասարությունն ու ստրկությունը։ Հավատք, հույս, սեր, և ըստ այդմ` հավասարությունն ու խոնարհությունն դարձան առաքինության ու բարոյականության անսասան հիմնաքարեր, որոնք հեթանոս աշխարհում անծանոթ սկզբունքներ էին։ Բարոյական այդ սկզբունքները, կենդանություն և արիություն տալով մարդուն և դաստիարակելով թե՛ տղամարդին ու թե՛ կնոջ և մանկանց, բարձրացրին նոցա իսկական արժանավորության ու հառաջադիմության աստիճանի վրա։ Ուստիև հին աշխարհի հալածանքի հզոր ներկայացուցիչ ծերակույտի գիտուն անդամ Գամաղիելը, հիշելով մարդկային գործի անցավորությունն, ասաց մարգարեաբար. «Եւ զարդիս ասեմ ձեզ. Ի բաց կացէք յարանցդ յայդցանէ եւ թոյլ տուք դոցա, զի թէ ի մարդկանէ իցէ խորհուրդդ այդ կամ գործդ քակտեսցի. ապա թէ յԱստուծոյ է, ոչ կարէք քակտել զդոսա, գուց է եւ աստուածամարտք գտանիցէք»։ (Գործք, Ե 38)։ Մի խորհուրդ, որին լսեցին այն ժամանակի կատաղի թշնամիները և պետք է լսեն հավիտյան։

« ԻԴ. 3. Քրիստոսի Թագավորական Պաշտոնը և Արքայությունը   |   ԻԶ. Փրկչաբանական Մոլորություններ »
© Gratun.org