Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԼԲ. Եկեղեցու Իշխանությունը

Ամենայն մի հաստատություն պետք է ունենա մի նպատակ, դեպի որը ձգտելու կոչված է և որոշ գործերի ընթացքը, որոնք տանում են դեպի այդ նպատակը։ Այս իրագործելու համար այդպիսի մի հաստատությունը պետք է ունենա բնականաբար որոշ կազմակերպություն որոշ կանոնների ու սկզբունքների համեմատ, հետևաբարև` պաշտոնյաներ գործերի կանոնավոր ընթացքին ծառայելու համար և այդ գործերի ընթացքն ու պաշտոնյաների հավատարիմ ծառայությունը հսկող ու վարող իշխանություն[1]։ Մենք արդեն տեսանք, որ Հայաստանյայց Ս. Եկեղեցին ևս իբրև մի ճշմարիտ աստվածային հաստատություն ունի թե՛ յուր որոշ նպատակը, թե՛ որոշ կազմակերպություն, թե՛ որոշ սկզբունքներ ու կանոններ և թե՛ որոշ գործերի ընթացք, որոնց ամենքի մասին դեռ մասնավոր խոսելիքներ ունինք։ Խոսքի կարգը մեզ բերում է դեպի եկեղեցու իշխանության խնդիրը, իսկ պաշտոնյաներինը նյութ կդառնա Ձեռնադրության ս. խորհրդի բաժնին։

Եկեղեցու իշխանության նկատմամբ Քրիստոս մի կտրուկ և ամփոփ պատվեր տվավ յուր առաքյալներին և միանգամընդմիշտ սահմանեց այդ խնդրի լուծումը։ Նա յուր կենարար հարությունից հետո հանդիպեց Գալիլիայի լեռան վերա ժամադիր առաքյալներին և ասաց. «Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի, որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զձեզ։ Գնացէք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։ Ուսուցէք նոցա պահել զամենայն, որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի»։ (Մատթ., ԻԸ 18)։ Այս խոսքերով վերջացնում է նախագիր ավետարանիչը Տիրոջ բոլոր պատվերները։ Քրիստոսի այդ աստվածային պատվիրանն ուրեմն ասում է վճռապես, որ նախ եկեղեցու իշխանությունն ինքն Քրիստոս է թե՛ երկնքում ու թե՛ երկրում. երկրորդ` Քրիստոս այդ յուր հայրատուր իշխանությամբ ուղարկում է յուր աշակերտներին ժողովրդի մեջ ու նոցա իշխանություն է տալիս աշակերտելու, մկրտելու ու յուր պատվերներն ուսուցանելու. և երրորդ` Քրիստոս յուր հավատացելոց հետ է ընդմիշտ մինչև աշխարհի կատարածը։ Ուրեմն Քրիստոս իբրև եկեղեցու միակ իշխանն որոշում է յուր առաքյալների իշխանության սահմանն, որ է աշակերտել ու մկրտել և ուսուցանել միայն այն ամենն, ինչ որ ինքը պատվիրել է։ Դեռևս յուր աշակերտներին ուսուցանելու ժամանակ Քրիստոս դեպքեր ունեցավ, որոնք անտես անել չէր կարելի։ Քրիստոս նոցա հասկացրեց, որ երբեք չպետք է բարձր իշխանության ձգտեն իրար վերաբերմամբ, այլ պետք է մանկան պես անկեղծ, հեզ ու միամիտ, բայց խորագետ լինին առավել պատիվ ունենալու համար[2]։ Այս պատվերն անհրաժեշտ էր մանավանդ մի այնպիսի ժամանակ, երբ ընդհանրապես ժողովուրդը Հռովմայեցոց պետության իշխանության ներքո տրամադիր էր մարմնապես հասկանալու Քրիստոսի գալուստն ու փրկագործությունը։ Մինչև անգամ Զեբեդյա որդիները` Հակովբոս ու Հովհաննեսը, կամեցան հառաջնություն ձեռք բերել Աստուծո արքայության մեջ, բայց Քրիստոս դատապարտեց նոցա այդ ձգտումն` ասելով[3]. «Գիտէք, զի իշխանք ազգաց տիրեն նոցա, եւ մեծամեծք իշխեն նոցա. Ոչ այնպէս իցէ եւ ի ձերում միջի, այլ որ կամիցի ի ձէնջ մեծ լինել, եղիցի ձեր պաշտօնեայ, եւ որ կամիցի ի ձէնջ առաջին լինել, եղիցի ձեր ծառայ։ Որպէս Որդի Մարդոյ ոչ եկն պաշտօն առնուլ, այլ` պաշտել, եւ տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց»։

Ակնհայտնի է, որ առաքյալները համաձայնությամբ ու հավասարությամբ պետք է գործեին և ուսուցանեին յուրյանց միակ գլխի, այն է` Քրիստոսի իշխանության ներքո։ Բայց որովհետև Քրիստոս ասաց, որ մարդիկ պետք է լսեն յուր առաքյալներին` ինչպես յուրյան (Ղուկ., Ժ 16), ուստի հասկացրեց, որ բացարձակ իշխանություն, բացարձակ ուսուցիչ ու վարդապետը, տերն ու գլուխը միայն ինքն է` ասելով. «Դուք մի՛ զոք կոչէք վարդապետ, զի մի է ձեր ուսուցիչ, եւ ամենեքին դուք եղբարք էք։ Եւ հայր մի կոչէք ձեզ յերկրի, զի ձեր մի է Հայր, որ յերկինս է, եւ մի կոչիցիք ուսուցիչք, զի ուսուցիչ ձեր Քրիստոս է» (Մատթ., ԻԳ 8-10)։ Քրիստոս, մերժելով որևիցե գերիշխանություն, պատվիրեց յուր առաքյալներին, որ գործեն միասին սիրով ու հավասարությամբ միացած յուրյանց առաքող Տիրոջ հետ այնպես, ինչպես ինքն էլ գործում էր` միացած յուր առաքիչ Հոր հետ (Հովհ., ԺԴ 10. ԺԷ 22-26)։

Առաքյալների թե՛ աշակերտելու ու մկրտելու և թե՛ ուսուցանելու գործունեությունն էլ ընդհանրապես երկու տեսակ էր` ըստ արձակման ու կապման պատվերին, այն է` դրական ու բացասական։ Դրական գործունեությամբ նոքա պետք է նախ եկեղեցիներ հաստատեին, որպեսզի փրկագործության շնորհները տարածեին հավատացելոց վրա։ Նույնիսկ այդ առաջին քայլով նոքա հավատարիմ մնացին Քրիստոսի պատվերին` ճանաչելով, որ եկեղեցու հիմքն ու գլուխը միմիայն Քրիստոս է, ապա թե ոչ` մարդկային հաստատություն կդառնա։ Ուստիև Պողոս առաքյալն ասում է. «Աստուծոյ գործակից եմք, Աստուծոյ արդիւնք էք, Աստուծոյ շինած էք։ Ըստ շնորհացն Աստուծոյ, որ տուեալ են ինձ, իբրեւ իմաստուն ճարտարապետ հիմն եդի, բայց այլ է, որ շինեն. այլ իւրաքանչիւր ոք զգոյշ լիցի, թէ որպէ՞ս շինիցէ։ Զի հիմն այլ ոք ոչ կարէ դնել, քան զեդեալն, որ է Յիսուս Քրիստոս» (Ա Կոր., Գ 9)։ Ուրիշ տեղ էլ ասում է նա. «Եւ նա է գլուխ մարմնոյ Եկեղեցւոյ, որ է սկիզբն անդրանիկ ի մեռելոց, զի եղիցի ինքն յամենայնի յառաջացեալ» (Կող., Ա 18)։ Նա եփեսացիներին ևս գրում է, որ Աստված բոլոր իշխանությանց ու պետությանց վրա թե՛ այս աշխարհում և թե՛ հանդերձյալում «զամենայն ինչ հնազանդ արար ի ներքոյ ոտից նորա (Քրիստոսի), և զնա եդ գլուխ ի վերայ ամենայն իրիք եկեղեցւոյ, Որ է մարմին նորա, լրումն, որ զամենայն յամենայնի լնու» (Ա 20-23)։ Հապա ևս ասում է. «Ապա այսուհետեւ ոչ էք օտարք եւ պանդուխտք, այլ քաղաքակիցք սրբոց եւ ընտանիք Աստուծոյ, Շինեալք ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, որոյ է գլուխ անկեան Քրիստոս Յիսուս. յորում ամենայն շինուածն յօդեալ եւ պատշաճեալ, աճէ ի տաճար սուրբ Տէրամբ, Յորում եւ դուք ընդ նմին շինիք ի բնակութիւն Աստուծոյ Հոգւով» (Բ 19)։

Ըստ այսմ` առաքյալները, ճանաչելով, որ Եկեղեցու վեմն ու գլուխը միմիայն Քրիստոս է, հիմնադրեցին այդ անշարժ վեմի վրա ճշմարիտ եկեղեցին, հաստատեցին նորա մեջ Աստուծո ու մարդու հարաբերությունը կամ աստվածպաշտությունն և, ձեռնադրելով եպիսկոպոսներ կամ տեսուչներ, քահանաներ ու սարկավագներ, հանձնեցին նոցա թե՛ պաշտամունքի կատարումը և թե՛ ժողովրդի հովվությունը։ Այնուհետև եկեղեցին սկսավ հետզհետե զարգանալ Աստուծո խնամածության տակ և ամենայն տեղ հավատացյալները փրկություն ու դաստիարակություն էին գտնում Քրիստոսի իշխանության ներքո նորա պաշտոնյաների հոգատարությամբ։ Բոլորի կարգ ու կանոնը բղխեց հետզհետե Քրիստոսի Ավետարանից ու պատվիրաններից, և ամենքը ճանաչում էին յուրյանց իշխանության այն սահմանն, որ գծել էր Քրիստոս, և ավանդեցին առաքյալները։ Այս բոլոր կարգերի և ուղղությանց ձևակերպությունը կանոնավորում էին առաքյալներն` այնքան հավատարիմ մնալով Քրիստոսին ու նորա պատվիրաններին, որ մինչև անգամ յուրյանց երբեմնական մասնավոր կերպի կարգադրություններն, որքան էլ այդոնք բղխում լինեին Քրիստոսի ասածներից, որոշում էին Տիրոջ պատվերներից (Ա Կոր., Է 12)։

Գործունեության բացասական ուղղությամբ առաքյալները պետք է պինդ պահեին Քրիստոսի եկեղեցին զանազան մոլորություններից ու հերձվածներից կամ աշխարհային ազդեցությունից։ Այդոր համար նոքա նախ պետք է թե՛ իրար հետ և թե՛ յուրյանց միակ գլուխ Քրիստոսի հետ կատարյալ միություն պահեին գործով ու քարոզությամբ։ Ըստ որում և Քրիստոս պատվիրել էր նախապես առանձին խրատել այդպիսիներին. «Ապա թէ ոչ լուիցէ քեզ, առ ընդ քեզ միւս եւս կամ երկուս, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։ Իսկ եթէ նոցա լուիցէ, ասասջիր յեկեղեցւոջ. ապա թէ եւ եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւոր» (Մատթ., ԺԸ 16)։ Այսպիսի մի իշխանություն տալիս է նոցա Քրիստոս միմիայն նոցա միաբանության ու միության հիման վրա, որին իբրև հիմնաքար կամ երաշխիք ծառայում է ժողովական միաձայնությունն, ուստիև անմիջապես հետո ասում է. «Եթէ երկու ի ձէնջ միաբանիցին յերկրի վասն ամենայն իրաց, զինչ եւ խնդրեսցեն` եղիցի ի Հօրէ իմմէ, որ յերկինս է։ Զի ուր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա»։

Ուրեմն առաքյալները դրական գործունեության մեջ ունեին արդեն իշխանության մի սահման, այն է` Քրիստոսի պատվիրաններն, իսկ բացասականի և նույնպես` դրական ու բացասականի ընդհարման, այսինքն` վիճելի խնդիրների մեջ դիմում էին յուրյանցից բարձր հեղինակության, այն է` հանուն Քրիստոսի ժողովյալ միաբանության։ Այդպես էին անում առաքյալներն, ինչպես տեսնում ենք թե՛ Պողոսի գործունեությունից[4] և թե՛ առհասարակ առաքյալների սկզբնական վճիռներից[5]։ Քարոզության մեջ նոցա անխախտելի սկզբունքն էր. «Այլ թէ մեք կամ հրեշտակ յերկնից աւետարանեսցէ ձեզ աւելի, քան զոր աւետարանեցաքն ձեզ, նզովեալ լիցի։ Որպէս յառաջագոյնն ասացաք, եւ արդ, դարձեալ ասեմ, եթէ ոք աւետարանեսցէ ձեզ աւելի, քան զոր առէքն, նզովեալ լիցի» (Գաղ. Ա, 8)։ Մինչդեռ վիճելի հարցերում հանուն Քրիստոսի միացած ժողովի մեջ գործում էր Ս. Հոգին և նորա լուծումն ու ելք տալիս, հետևաբար դարձյալ միշտ Քրիստոս էր նոցա պատվերներ տալիս ամենքին միասին և ոչ առանձին-առանձին (Մատթ., ԺԸ 19, 20)։

Բ. Հռովմեական եկեղեցին շեղվում է Քրիստոսի այս վարդապետությունից և ձգտում է գերիշխանություն ձեռք բերել բոլոր քրիստոնյաների վրա` մինչև անգամ քաղաքական իրավունքներ և անսխալականություն վերագրելով Հռովմա քահանայապետին22*։ Հռովմեականք ասում են, որ Քրիստոս միմիայն յուր երկրային կենաց ժամանակ էր յուր եկեղեցու տեսանելի գլուխը, իսկ այժմ անտեսանելի գլուխ է, մինչդեռ երկրում դրել է յուրյան տեղակալ Պետրոս առաքյալին` տալով նորան թե՛ յուր բոլոր իշխանությունն ու թե՛ անսխալականությունը։ Նույն եկեղեցական վարչությունը մնալով` պետք է հասնի աշխարհի կատարածին, ուստիև Պետրոսին հաջորդող պետք է լիներ, որև եղավ և է Հռովմա քահանայապետը, վասնզի Պետրոսը 25 տարի եպիսկոպոս է եղել Հռովմում և այնտեղ մեռել։ Այսպիսով, Հռովմա քահանայապետը կամ պապն (հայրիկ) է Քրիստոսի «անմիջական փոխանորդը», «Աստուծո մարմնացումն» աշխարհի վրա, կամ ինչպես Բելիարմինն է ասում` «փոխաստվածը» և «չիք չափ իշխանության նորա», և Ս. Հոգու բոլոր շնորհները կամ մարդկանց փրկությունը միմիայն նորանով է իջնում բոլոր հավատացելոց վրա23*։ Նա է տիեզերական եպիսկոպոս, և բոլոր եպիսկոպոսները նորա փոխանորդներն ու դեսպաններն են։ Մինչև անգամ տիեզերական ժողովներն էլ առանց նորա հաստատության ոչինչ նշանակություն չունին։ Ուստի բոլորն էլ պետք է հավատան ի պապն, որ առանց նորա չիք փրկություն, և իսկապես միմիայն այդ է պահանջվում թե՛ հոգևորականից ու թե՛ աշխարհականից։ Ամենայն բանում պապի խոսքը պետք է անցնի, նա է եկեղեցու էությունը, վասնզի եկեղեցին էլ «նորա ստրկուհին» է, Աստուծո արքայության բանալին էլ նորա ձեռքումն է, և նա միայն կարող է բանալ ու գոցել։ Մի խոսքով, եկեղեցին կազմակերպված է ինչպես մի բուրգ, որի լայն տակը աշխարհականներն են, միջին մասը` «նվիրապետությունը» և ծայրը ինքն` Հռովմա քահանայապետն է, որ ծանրանում է բոլորի վրա և այլն, և այլն։

Սակայն մենք տեսանք արդեն, որ այս վարդապետությունը կատարելապես հակառակ է Քրիստոսի պատվիրանին։ Ինքը Քրիստոս ասաց առաքյալներին. «Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս և յերկրի... և ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարհի», ուրեմն յուրն է բոլոր իշխանությունն, որև ոչ ոքի չէ տալիս և ինքն երբեք բացակա չպետք է լինի յուր եկեղեցուց։ Ըստ այդմ և առաքյալները վարվեցան, ամեն ինչ ժողովով էին վճռում (Գործք, Ա 24. Զ 6), որոշումներ էին անում Ս. Հոգով միայն, որոնց հավատարիմ մնացին և եկեղեցական հայրերը դարեր շարունակ։ Ուրեմն ոչ մի առաքյալ ինքնուրույն իշխանություն չէ ունեցել հավատքի գործերում։

Չնայելով այս ակներև ճշմարտության` հռովմեականք ճգնում են հաստատել յուրյանց մոլորությունը` հիմնվելով հետևյալ կտորների վրա. «Դու ես Պետրոս (հայերենում այս անունը թարգմանված է վեմ), և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ» (Մատթ., ԺԶ 18). «Եւ տաց քեզ փականս արքայութեան երկնից. եւ զոր միանգամ կապեսցես յերկրի, եղիցի կապեալ յերկինս եւ զոր արձակեսցես յերկրի, եղիցի արձակեալ յերկինս» (19)։ Նույնպես եւ Քրիստոսի հարցը. «Սիրես զիս առաւել, քան զդոսա». եւ հետո` «Արածեա՛ զոչխարս իմ (Հովհ., ԻԱ 15)։ Նաև` «Այլ ես աղաչեցից վասն քո, զի մի՛ պակասեսցեն հաւատք քո, եւ դու երբեմն դարձցիս եւ հաստատեսցես զեղբարս քո» (Ղուկ., ԻԲ 32)։ Վերջապես Քրիստոսի մի քանի գործերն, որոնք հիշվում են Գործք առ., Ա 15-26. Բ 14. Թ 32. Ժ ԺԵ 7-11։ Այս բոլորից իբր թե հետևում է Պետրոսի գերիշխանությունն առաքյալների և քրիստոնեական եկեղեցու վրա24*։

Նախ և առաջ մենք տեսանք, որ վեմն ու հիմը միմիայն Քրիստոս է, և եկեղեցին միմիայն նորա հավատքի վրա է հաստատվում25*։ Այդպես են հասկացել բոլոր եկեղեցական հայրերն, այնպես որ, հավատքով ամենայն մի սուրբ կարող է վեմ դառնալ եկեղեցու համար և ոչ թե միայն «երկոտասան առաքեալք են վէմք ճշմարտութեան, եւ հողմք եւ հեղեղք ոչ կարեն շարժել»[6]։ Այլև «Առ Պետրոս բանս ի Տեառնէ. առ ամենայն վերակացուս սուրբս ասացաւ, որք զճշմարտութիւնն իրաւ ունին», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Հաճ., ԺԷ 83)։ Ուրեմն եկեղեցին հաստատվում է ոչ թե մարդու, այլ այն հավատքի վրա, որ դավանում է Քրիստոսին ճշմարտապես Աստուծո Որդի, ինչպես և բնականաբար այդ հետևում է եկեղեցու գաղափարից, և ոչ թե Քրիստոս ինքն է յուր եկեղեցով հաստատվում մի առաքյալի վրա։ «Արդարեւ իսկ վէմ է ճշմարիտ դաւանութիւն հաւատոցն», ասում է և Եղիշեն[7]։ Այդ են ասում և բոլոր առաքյալներն ու մինչև անգամ դատապարտում են այն մարդկանց, որոնք ուզում էին մարդու վրա հաստատել եկեղեցին ու նոցա անունով կոչել[8]։ Ուստիև առաքյալները միմիայն Քրիստոսին են հիմն կոչում, ինչպես տեսանք. «Հիմն այլ ոք ոչ կարէ դնել, քան զեդեալն, որ է Քրիստոս»։ Ճշմարիտ է, առաքյալներն ավետարանիչ են, և նոցա նահատակությամբ հիմնվում է եկեղեցին ««ի վերայ հիմանց առաքելոց եւ մարգարէից» (Եփ., Բ 20), ըստ որում «Եւ պարիսպ քաղաքին ունէր հիմունս երկոտասան, եւ ի նոսա երկոտասան անուանք երկոտասան առաքելոց գառինն» (Հայտ., ԻԱ 14), սակայն դոցա ևս Քրիստոս է յուր հավատքի վրա հաստատում. «Շինեցից զեկեղեցի իմ», ասում է նա և ոչ թե` «շինեսցես»։

Մյուս վկայության մեջ հիշված է բանալին, այսինքն` ոչ թե մի նյութական իր, այլ մեղքեր թողնել կամ կապելը։ Քրիստոս այս խոստացավ թե՛ Պետրոսին ու թե՛ այլոց («տաց») և հետո տվավ ամենքին` ասելով. «Զոր կապիցէք յերկրի, եղիցի կապեալ յերկինս» (Մատթ., ԺԸ 18), և հարությունից հետո դարձյալ ամենքին` վերջնականապես[9] (Հովհ., Ի 22)։ Իսկ արքայության դուռն յուր իսկ Քրիստոսինն է, որ ունի «զփականս մահու եւ դժոխոց» (Հայտ., Ա 18) ու կապելու և արձակելու իրավունքը տալիս է ամենայն պաշտոնյայի, ինչպես ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը. «Առաքեալք եւ մարգարէք եւ քահանայք. սոքա առին իշխանութիւն ի Տեառնէ եւ եղեն ճշմարտութեան վերակացուք։ Եւ զոր կապիցեն յերկրի, եղիցին կապեալ յերկինս. եւ զոր արձակիցեն յերկրի, եղիցի արձակեալ յերկինս։ Սոյնպէս եւ ամենայն սրբոց տուաւն շնորհքս այս ի Փրկչէն»28*։

Քրիստոսի երիցս «արածեա՛» ասելն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ` վերահաստատություն Պետրոսի յուր առաքելության մեջ, որ ընկել էր երիցս ուրացմամբ հակառակ յուր խոստմանց[10]։ Այս անգամ երբ Քրիստոս հարցնում է` «Սիրե՞ս զիս», Պետրոսն այլևս չէ պարծենում և խոնարհությամբ Քրիստոսի ամենագիտությունն է հիշում. նա արդեն փորձվել է։ Վերջապես Քրիստոս մարգարեացավ, որ առաքյալները գայթակղվելու էին, և մինչև անգամ ասաց Պետրոսին. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանայ խնդրեաց զձեզ խարբալել իբրեւ զցորեան»։ Նորա գայթակղությունը ծանր կլիներ և իբրև վատ օրինակ, ուստիև Քրիստոս ասում է. «Այլ ես աղաչեցի վասն քո, զի մի պակասեսցեն հաւատք քո», և ինչպես որ նորա գայթակղությունը վատ օրինակ կլիներ, այնպես էլ աղոթում է, որ հետո դառնա ու հավատարմության օրինակ լինի. «Եւ դու երբեմն դարձցիս և հաստատեսցես զեղբարս քո» (Ղուկ., ԻԲ 32)։ Պարզ է, որ այստեղ ոչ մի իշխանության նպաստավոր խոսք չկա[11]։

Այսպես և առաքյալների սկզբնական գործունեության մեջ ոչ մի հառաջնություն անգամ չէ տրված Պետրոսին։ Նոքա բոլոր գործերը ժողովով են վարում ու վճռում, ընտրությունը միասին են անում (Գործք, Ա 15-26), վեճի լուծումը նոցանից են խնդրում (ԺԵ 2), խորհրդից հետո Հակովբոսի կարծիքն են ընդունում, վճռի մասին էլ ասվում է. «Հաճոյ թուեցաւ առաքելոցն եւ երիցանցն ամենայն եկեղեցեաւն», «Հաճոյ թուեցաւ Հոգւոյն Սրբոյ». և այլն (Գործք, ԺԵ 22, 28)։ Եվ մենք տեսնում ենք, որ Պետրոսն ինքն էլ միտք չէ ունեցել առաջնակարգ տեղ բռնելու, նա երեցներին «երիցակից» է կոչում (Ա Պետ., Ե 1), Պողոսին` «սիրելի եղբայր» (Բ Պետ., Դ 15), Քրիստոսին` միայն «վեմ» (Գործք, Դ 10, Ա Պետր., Բ 2-10) և «հովվապետ» (Ա Պետ., Ե 4)։ Նույնպես և Պողոսը տեսանելի գլուխ չէ ճանաչում (Եփ., Դ 11. Ա Կոր., ԺԲ 27), Քրիստոսին է միակ գլուխ անվանում (Եփ., Ա 22. Դ 15. Ե 23. Կող., Ա 18), եկեղեցու սյուներ է կոչում ոչ թե լոկ Պետրոսին, այլ Հակովբին, Պետրոսին ու Հովհաննեսին (Գաղ., Բ 9. Գործք, Զ 26)։ Հաճախ Պետրոսը հնազանդում էր առաքյալներին, ըստ որում` սոքա ուղարկեցին նորան Սամարիա` մկրտության համար (Գործք, Ը 14-17), մերժում էին նորա կարծիք (ԺԱ), և մինչև անգամ նորա կեղծավորությունը հանդիմանում (Գաղ., Բ 11)։

Բայց եթե մինչև անգամ Պետրոսը կարծեցյալ գլխավորություն ունեցած լիներ, այդ էլ մի ապացույց չէ Հռովմա քահանայապետի գերիշխանության։ Պետրոսը չէր կարող 25 տարի եպիսկոպոսություն անել Հռովմում, զի այդ հրամայված չէր առաքյալներին։ Նոքա իբրև առաքյալներ քարոզիչներ էին, և եթե եպիսկոպոսությունը լիներ նոցա տնօրինված նպատակը, Պետրոսը եպիսկոպոսություն կաներ հրեաների մեջ, ուր ուղարկված էր ժողովով (Գաղ., Բ 7) մանավանդ, որ Երուսաղեմն ավելի նշանավոր տեղ էր, ուստիև ի պատիվ աստվածակոխ տեղյաց միայն Հակովբոսը եպիսկոպոս կարգվեց (հմմտ. Եղիշե, 341)։ Սակայն ոչ մի առաքյալ մի տեղի համար չէր, այլ ամբողջ աշխարհի համար։ Եթե Պետրոսը Հռովմում եպիսկոպոս եղած լիներ, Պողոսը առ Հռովմայեցիս գրած թղթում կողջուներ նորան կամ թե ինքն իսկ չէր գնալ այնտեղ եկեղեցի կազմակերպելու (Հռովմ., ԺԵ 20), կամ թուղթ էլ չէր գրիլ և եթե գրեր, ինքը կդառնար նորան գլխավոր, ինչպես երևում է այդ թղթի իշխանական ոճից29*։ Սակայն նոքա ոչ մի տեղ եպիսկոպոս չդարձան, այլ նշանակում էին եպիսկոպոսներ իբրև Քրիստոսի առաքյալներ։ Ուրեմն Հռովմա քահանայապետները չեն կարող առաքյալի եպիսկոպոսական հաջորդները լինել։ Հռովմա եպիսկոպոսները չեն կարող գլխավորություն ունենալ և Ա. դարում, վասնզի այդ ժամանակ Հովհաննեսն ու Սիմեոն Կանանացին դեռևս կենդանի էին։ Հռովմա եպիսկոպոսներն էլ միշտ հիշել են, որ Երուսաղեմի եպիսկոպոսն է նախապատիվ։ Միմիայն Բ. դարից եղել են հառաջնության ձգտումներ Հռովմեական պետության եպիսկոպոսների մեջ, սակայն այդ ևս դատապարտվել է թե՛ Հռովմա եպիսկոպոսների և թե՛ այլոց կողմից։ Իսկ եթե լոկ հիմնադրությամբ հառաջնություն ձեռք բերվեր, Անտիոքն ևս կարող էր առաջինը դառնալ իբրև Պետրոսի գործունեության վայր, և Երուսաղեմն` իբրև աստվածակոխ մայր եկեղեցի` Քրիստոսի անզուգական գերեզմանով (Գործք, Բ 38-41. Ժ, ԺԵ 7)։

Այս ամենից հետո արդեն պարզ է, թե հռովմեականք ինչպիսի մոլորությանց մեջ են ընկնում, այլև ինչպիսի՞ հակասությունների մեջ են խարխափում։ Նոքա չեն ձեռնադրում յուրյանց հաջորդին, օծումն էլ չունին, այլ ծիրանավորներն են ընտրում մեկին քահանայապետ. արդ` եթե ընտրությունը տալիս է նորան քահանայապետական շնորհներ, ուրեմն այդ մի խորհուրդ է, և ուրեմն ընտրական ժողովը բարձր է նորանից, մինչդեռ պապերն այդ ժխտում են, սակայն ընտրողներն էլ չունին նորա շնորհները, հապա որտեղի՞ց են տալիս նորան այդոնք և ի՞նչ միջոցով։ Եվ եթե տալիս են այդ շնորհներն, ուրեմն կարող են և հետ առնել, դատել ու պատժել իբրև ստորադրյալի։ Ահա թե ինչպիսի հակավետարանական, հակառաքելական և հակասական մոլորությանց մեջ են ընկնում հռովմեական վարդապետները։ Սակայն այդ ամենի վերա դեռ ավելացնում են առավել ևս մեծ մոլորություն, որ նախընթաց մոլորությանց հետևաբանությունն է, այն է` պապական անսխալականությունը, մի դավանանք, որ ինքնըստինքյան հակասություն է[12]։ Հռովմա նախնի քահանայապետները շատ են փափագել այդպիսի անսխալականություն ու տիեզերական ուսուցչություն վերագրել ինքյանց, սակայն կա՛մ չեն կարողացել և կա՛մ բուռն հերքման են պատահել եկեղեցական հայրերի կողմից։ Նոքա ձգտում էին դորան, վասնզի պապական գլխավորությունը կարող էին միմիայն այդպիսի կամայական իրավունքով հաստատել. ըստ որում եթե Հռովմա քահանայապետը Քրիստոսի փոխանորդն է, փոխաստված է, պետք է, որ անսխալական էլ լինի։ Ուստիև Պիոս Թ. վերջապես սիրտ արավ ու 1870-ին Վատիկանյան ժողովով յուր երևակայյալ անսխալականությունը դավանանք հրատարակեց յուր եկեղեցու կոյր կամ կեղծավոր հավատացյալների մեջ, չնայելով «հին կաթոլիկ» հռչակավոր եպիսկոպոսների և աստվածաբանների բողոքին31*։ Նա անսխալական է ex cathedra, այսինքն` «Երբ Հռովմա քահանայապետը խոսում է յուր գահից, այն է` երբ կատարելով յուր պաշտոնն իբրև հովիվ և ուսուցիչ բոլոր քրիստոնյաների, որոշում է, որ եկեղեցին պետք է այսինչ վարդապետությունն ունենա հավատքի ու բարոյականության վերաբերմամբ, այն ժամանակ նա ունի անսխալականություն, որ շնորհել է Փրկիչն յուր եկեղեցուն»։ Բայց մի՞թե նա կարող է տիեզերական ուսուցիչ լինել և նոր որոշումներ տալ հավատքի ու բարոյականության նկատմամբ, նա, որ մի եպիսկոպոս է և ուրիշ ոչինչ, իսկ այդպիսի իրավունքը միմիայն Քրիստոսինն էր, ուստիև առաքյալներն ևս կատարում էին միմիայն Քրիստոսի կամքը։ Նոքա ոչ թե ինքյանք էին որոշումներ տալիս, այլ դժվար խնդիրներում ժողով էին անում, վասնզի քրիստոնեական եկեղեցու ժողովն էր անսխալականություն ստացել Քրիստոսից Ս. Հոգով, և միմիայն Քրիստոսին հավատարիմ եկեղեցին է անսխալական և ոչ թե մի որևիցե անհատ։ Քրիստոս էլ ոչինչ պակաս չէ թողել, որ մի եպիսկոպոս լրացնե հավատացյալների փրկության համար, մի եպիսկոպոս, որ իբրև մարդ` չի կարող աստվածային կատարելություն ունենալ ո՛չ իբրև անհատ և ո՛չ ի պաշտոնե (Ժող., Է 21. Ա Հովհ., Ա 5. Մատթ., Ե 48)։ Առաքյալն էլ ասում է. «Քանզի բազում ինչ յանցանեմք ամենեքեան» (Հակ., Գ 2). ըստ որում` «եթէ ասիցեմք, եթէ մեղս ինչ մեք ոչ ունիմք, զանձինս խաբեմք, եւ ճշմարտութիւն ի մեզ ոչ գոյ» (Ա Հովհ., Ա 8)։ Այս մի ճշմարտություն է, որ հաստատվում է նույնիսկ Հռովմա պապերի պատմությամբ, վասնզի շատ են ոչ միայն շատ սխալական, այլև հավատքի ու բարոյականության մեջ ծանրապես մեղանչած պապեր, ինչպես` Աղեքսանդր Զ, Բորճյան կամ Լևոն ԺԲ, այլև Լիբերիոս, Հոնորիոս և այլն[13], որոնց մինչև անգամ բանադրել են հաջորդ պապերը32*։ Սակայն Հռովմա քահանայապետների համար նշանակություն չունին ո՛չ յուրյանց մոլորություններն ու ո՛չ հակասությունները. բավական է, որ աստվածային պատվով ճոխացած անսահման իրավունքներ են վայելում` յուրյանց հաճույքներն հառաջ տանելու և սխալված ժամանակ յուրյանց սխալն իբրև անձնական ծածկելու։

Այս դեռ բավական չէ. Հռովմեական քահանայապետներն յուրյանց մարմնավոր ուժը զորացնելու համար արգելեցին ԺԱ դարից յուրյանց բոլոր հոգևորականներին ամուսնանալու, որով ձեռք բերին ընտանեկան հոգսերից ազատ բազմաթիվ արբանյակներ ու հլու զինվորներ։ Այդպիսով նոքա խլեցին հոգևորականներից այն ազատությունն, որ ունեին առաքյալներն անգամ, որոնցից ոմանք ամուսնացած էին, զորօրինակ` Պետրոսն ու Փիլիպպոս սարկավագը[14], և արատավոր կյանքը նոցա մեջ ընդհանրացրին։ Ձգտելով մարմնավոր իշխանության` պապերը եպիսկոպոսներից, քահանաներից ու սարկավագներից կազմեցին և յուրյանց դրան շքախումբը` անվանելով նոցա ծիրանավորներ (կարդինալ) կամ «իշխանք եկեղեցւոյ», որոնք, հակառակ ձեռնադրության սկզբունքին, բարձր են մինչև անգամ պատրիարքներից։ Այլև նոքա մեծ զարկ տվին եզվիթական միաբանությանց, որոնք հետզհետե դարձան Հռովմեական եկեղեցու վարիչները և յուրյանց բարդ ու տարօրինակ, առաձգական ու խաբեական վարդապետությամբ բռնացան հռովմեականաց խղճի ու գործունեության վրա33*։ Վերջապես կղերը դարձնելով բուն եկեղեցի, իսկ ժողովուրդը` նորա ողորմության կարոտ մի կցվածք` միջին դարերից Հռովմա քահանայապետները վերացրին նաև ժողովրդի ընտրական իրավունքը` սկսելով քահանայապետի ընտրությունից` Հռովմում պաշտոն ունեցող ծիրանավորների ժողովին (կոնկլավ) վերապահելով այդ։

Բայց ինչպես որ Հռովմեական եկեղեցին աշխարհական բռնակալություն է դարձնում եկեղեցու իշխանությունն և ոչ մի աշխարհական իշխանություն չէ ճանաչում յուրյանից դուրս, այնպես էլ բողոքականք, ոչնչացնելով հոգևոր իշխանությունը, կատարելապես ենթարկում են աշխարհական ընթացքին ու հլու ստրուկ դարձնում յուրյանց մարմնավոր իշխանության։ Երկուքն էլ աշխարհական ձգտումներ են, որոնք, ինչպես բազմիցս տեսանք, դատապարտելի են ոչ միայն իբրև հակառակ առաքելական կարգին, այլև Քրիստոսի ակնհայտնի պատվերին, թե` «Տուք զկայսրն կայսեր եւ զԱստուծոյն` Աստուծոյ»[15]։ Եվ Պողոս առաքյալն ասում է յուր հավատացյալ ժողովրդին ու եկեղեցուն[16]. «Արդ որպէս ընկալարուք զՔրիստոս Յիսուս զՏէր, նովին եւ գնասջիք, արմատացեալք եւ շինեալք ի նա եւ հաստատեալք ի հաւատս որպէս ուսարուքն, առաւելեալք ի նմին գոհութեամբ։ Զգոյշ լերուք, մի՛ ոք իցէ, որ զձեզ կողոպտիցէ ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբէութեամբ, որք ըստ մարդկան աւանդութեան եւ ըստ տարերց աշխարհիս, եւ ոչ ըստ Յիսուսի Քրիստոսի. Զի ի նմա բնակէ ամենայն լրումն Աստուածութեանն մարմնապէս։ Եւ էք դուք նովաւ լցեալք, որ է գլուխ ամենայն իշխանութեան եւ պետութեան...»։

Ուրեմն ինչպես Քրիստոս բերավ Աստուծո արքայությունն աշխարհիս վրա, այնպես էլ այդ արքայությունը պետք է հառաջադիմե Քրիստոսի վարդապետությամբ և նորա առաքյալների հիմնադրած ու կազմակերպած եկեղեցով։ Եվ ինչպես որ Քրիստոս եղավ յուր եկեղեցու հիմքն ու գլուխն և եկեղեցին դարձրեց յուր մարմինն[17], այնպես էլ այդ եկեղեցին պետք է, յուր գլխից անբաժան մնալով, հավիտյան հարատևի և յուր կատարման հասնի։ Հայաստանյայց Ս. Եկեղեցին, ճանաչելով, որ Քրիստոս է եկեղեցու հիմքը, վեմը, մարմինը, գլուխը և իսկական իշխանությունը[18], կամ Քրիստոս է Ա. և Ֆ., պահում է յուր առաքելադիր կազմակերպությունն, աստվածպաշտությունը, կանոնադրությունն և առհասարակ վարդապետությունն ու յուր ս. Կարգը։ Նա քարոզում է, որ ինչպես յուրաքանչյուր եկեղեցու բարձրագույն իշխանությունը նորա պաշտոնյաների ու հավատացյալ անդամների լրման ժողովի մեջն է, որ կոչվում է ազգային ընդհանրական ժողով, այնպես և քրստոնեական բոլոր եկեղեցիների երկրավոր իրավական իշխանությունը գտնվում է Քրիստոսի անունով հավաքված բոլոր քրիստոնյաների օրինավոր, սիրալիր ու քրիստոսասեր ժողովի ձեռքում` համաձայն Քրիստոսի պատվիրանաց (Մատթ., ԺԸ 15-17. Ա Կոր., Ե 4-5.)։ Իսկ յուրաքանչյուր ազգի եկեղեցու մշտական կառավարչությունը կամ իշխանությունը հանձնված է, ինչպես տեսանք, առաքյալների հաջորդներին և սոցա ստորադրյալ պաշտոնյաներին։ «Ըստ որում եւ զնահապետսն մարգարէքն փոխանակեցին, եւ զմարգարէսն դասք` առաքելոց եւ աւետարանչացն, եւ զնոսա հետեւողք նոցին` Հայրապետք իւրաքանչիւր տոհմի եւ աթոռոց եւ Վարդապետք եկեղեցւոյ, որք են` ըստ առաքելոյ «ի հաստատութիւն սրբոց, ի գործ պաշտաման, ի շինուած մարմնոյն Քրիստոսին»։ Յորոց է եւ մերն Հայր Լուսաւորիչն Հայաստանեայց Գրիգորիոս. եւ որք ի նմանէ ըստ հոգւոյ եւ մարմնոյ ծնունդք յառաջ եկեալ ժառանգք եւ աթոռակալք...»[19]։

« ԼԱ. Ճշմարիտ Եկեղեցու Հատկությունները   |   ԼԳ. Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Հայրապետությունը »
© Gratun.org