Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԼԷ. Քարոզություն և Սրբազան Ավանդություն

Քրիստոսի սուրբ առաքյալները հրաման ստացան Տիրոջից` Ս. Հոգով քարոզելու և եկեղեցիներ հաստատելու ու կազմակերպելու։ «Ապա ուրեմն հաւատք ի լսելոյ են, եւ լուր` ի բանէն Քրիստոսի» (Հռ., Ժ 17)։ Կենդանի քարոզությամբ պետք է նոքա վկայեին Քրիստոսի մասին, Աստուծո պատվիրաններն և Ավետարանը հայտնեին նոցա հավատքը հաստատելու համար, Տիրոջ եկեղեցին հիմնադրեին և սերտ կապերի մեջ դնեին Քրիստոսի հետ։ Քրիստոսի այդ հրամանն ոչ միայն փրկությունը տարածելու, այլև փրկյալներին յուրյանց հավատքի մեջ խրատելու և ամրացնելու համար էր (Հովհ., Ը 31. Մարկ., ԺԶ 15)։ Եվ որովհետև կենդանի քարոզը միշտ պետք է եկեղեցում անպակաս լիներ, ուստիև առաքյալների միջոցով նույնիսկ Տերը կարգում է ավետարանիչներ, հովիվներ ու վարդապետներ, որ նոքա թե՛ աստվածպաշտությունը կատարեն և թե՛ հավատացյալներին ամրացնեն, Քրիստոսի մարմինը կառուցանեն և ամենքին հասցնեն միաբան աստվածգիտության կատարելության (Եփ., Դ 11-16)։ Այսպիսով, Աստուծո խոսքի կամ նորա պաշտոնյաների քարոզության ու ճշմարիտ գործառնության մեջ գործում է նույնիսկ Քրիստոս (Մարկ., ԺԶ 20)։ Նա միշտ և ամենայն ժամանակ ներկա է Եկեղեցում Ս. Հոգով, ըստ յուր խոստման, որպես տեսանք, ըստ որում, Աստուծո խոսքի կենդանի քարոզը Ս. Հոգու նույն ուժով և Քրիստոսի ներկայության նույն ներգործությամբ ազդում է հավատացյալների վրա և նոցա մեջ հաստատում Քրիստոսին։ Այդ քարոզությամբ Աստուծո սպասավորը նորա «Բանին սպասավորն» է (Ղուկ., Ա 2) և Ս. Հոգու շնորհով Քրիստոսի խոսքն է ներշնչում հավատացյալի սրտի մեջ` մտախոհ լինելու և ճշմարտություն ընդունելու համար (Ա Կոր., ԺԴ 29)։ Ուստիև «Բանք աստուածայինք` եթէ արբցես զնա յոգիս ծարաւեալս, ոչ երբէք առ լցցիս ծանրութեամբ, այլ թեթեւացեալ անդէն ի նոյն փափագիցիս»56*, ասում է մեղրածորան քարոզիչ Ս. Եղիշեն։

Ահա ուրեմն ինչպես Քրիստոս շնորհք ու ճշմարտություն տվավ յուր առաքյալներին (Հովհ., Ա 14, 17) փրկություն տարածելու համար, այնպես և ինքն է նոցա ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը (ԺԴ 6) և ով էլ ճշմարտությունից է, կլսի նորա ձայնն ու կհետևի նորան (ԺԸ 37)։ Ինքը Քրիստոս գրավոր ոչինչ չտվավ, այլ քարոզեց Ավետարանը բերանացի (Մատթ., Դ 23), բայց պահանջում էր, որ Հին Կտակարանը լավ կարդան յուրյան հասկանալու համար։ Բերանացի էր քարոզում, վասնզի կամենում էր կենդանի խոսքով ազդել ժողովրդի վրա, քանի որ ճշմարտությունն ու կյանքն անբաժանելի են, մինչդեռ գրվածքն ո՛չ կենդանություն ունի և ո՛չ էլ ընթերցողին հանում է եսականությունից դեպի ընկերական կյանք։ Ուստիև Քրիստոս, որ հայտնող ու հայտնվող Աստված է, բնականաբար պետք է ճշմարտությունն յուր ամենազոր խոսքով քարոզեր, ըստ որում և այդ խոսքի ուժը ներշնչեց յուր առաքյալների մեջ, որոնք և նույնը կատարում էին գիտակցությամբ[1], մանավանդ որ նախ հալածանաց մեջ անհրաժեշտ էր ուժգին գործունեություն և ոչ թե մեռյալ գիր առանց կենդանի ապացույցի, և երկրորդ` պետք էր Հին Կտակարանը բացատրել, հասկացնել, նույնպես և յուրաքանչյուրի միտքն առանձնապես պարզել ու լուսավորել ճշմարտությամբ։

Ինչպես որ կենդանի ներգործությամբ պետք է ճշմարտությունը մտներ հավատացողի մեջ, այնպես էլ կենդանի կերպով էին տրվում շնորհներն, որպես տեսնում ենք աստվածպաշտության տեսանելի կարգերի օրինադրության մեջ[2]։ Ուստիև սպասավորներին պատվիրվում է զգույշ լինել շնորհաբաշխության ժամանակ (Մատթ., Է 6)։ Առաքյալք, իրականացնելով քրիստոնեական կյանքն ու ճշմարտությունը Եկեղեցու մեջ, որտեղ ամենայն ինչ համայնքի առաջ քարոզվում և կատարվում էր անմիջապես առաքյալներից սովորած պաշտոնյաների միջոցով, ուստի մշտապես մասնակցողների համար կարիք չկար գրավորի[3]։ Առաքյալները պարտավորում էին[4] յուրյանց ստորադրյալներին պահպանել յուրյանց ավանդածները, իսկ հեռվից, որպես տեսանք, լրացնում էին յուրյանց ասածները կամ հիշեցնում գրով և ոչ թե մի ամփոփ քարոզություն են տալիս. այնպես որ Քրիստոսի կյանքի գլխավոր դեպքերն անգամ նոքա չշտապեցին գրի առնել, այլ միայն շատ ուշ և, ի դեպ, և Պողոս առաքյալն էլ ոչ թե մի գրվածքից, այլ կենդանի խոսքով լսեց շատ մանրամասնություններ[5]։ Այդպես և Ղուկասն ու Մարկոսը գլխավորապես առաքյալների ավանդածը գրեցին։

Այսպիսով, առաքյալները եկեղեցիներ էին հիմնադրում ոչ թե գրավորապես, այլ կենդանի քարոզությամբ և կենդանի քարոզությամբ ավանդեցին յուրյանց նշանակած եպիսկոպոսներին ու քահանաներին այն ամենն, ինչ որ պետք էր գիտենալ եկեղեցու կանոնավոր ընթացքի, բարեզարդության, աստվածպաշտության, քահանայական գործունեության, կանոնական սկզբունքների և այլ սույնպիսի եկեղեցական գործերի համար։ Հետևաբար սրբազան ավանդություն են կոչվում առաքելական այն բոլոր հրահանգներն ու կարգերն, որոնք սկզբից հաջորդաբար մինչև մեր օրերը տրվել են եկեղեցու պաշտոնյաներին հատկապես Եկեղեցու տարածման, կարգավորության, բարեզարդության և կառավարության համար։

Առաքյալների ավանդածներից կարող էին լինել այնպիսիք, որոնք զանազան առիթներով գրելու հարկավոր լինեին ու հիշվեին նոցա թղթերի մեջ (Հովհ., ԻԱ 25), սակայն նույնիսկ նոցա գրվածները, որպիսիք միմիայն մի քանի առաքյալներից են մնացել, ավանդությամբ են պահվել, ամենայն հարազատությամբ պահպանվել, տարածվել ու մեզ հասել, և մենք, նախքան դոցա կարդալն, առաքելական դարերի վկայություններից գիտենք, որ այդոնք առաքյալների գրածներն են ու մնացել են ամենայն հարազատությամբ։ Այդ գրվածներն էլ կոչվում են կանոնական, այսինքն` եկեղեցու համար չափ, պարտավորիչ վարդապետություն, որպես և եղել են առանց կասկածի բոլոր քրիստոն եական եկեղեցիների մեջ առաջին դարերում և որոնք սկզբնապես թարգմանվեցան հայերենի («քսանևերկու հայտնիք»57* և [Ն]որ Կտակը, Խորեն., Պատմ. III, ԾԳ.)[6] ու կարդացվում են Հայոց Եկեղեցում։

Երկրորդ` Ս. Գրքի շատ տեղեր, մեզնից հեռավոր ժամանակների վերաբերելով, մեզ անհասկանալի են լինում, ըստ որում, դարձյալ հին ավանդությունները Ս. Գրքի հետ զուգընթացաբար մեկնում են կամ տեղեկություն են տալիս այն հասկացողության մասին, որ յուր ժամանակին եղել է, և մենք էլ պետք է ունենանք համաձայն առաքյալների ու նոցա աշակերտների քարոզության։

Երրորդ` Ս. Գրքից ամփոփած այն Հավատամքն, որ պարտավորիչ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որպեսզի մի եկեղեցու անդամն ու շնորհաց վայելողը ճանաչվի, նույնպես ավանդությամբ է կազմվել ու մեզ հասել։

Չորրորդ` աստվածպաշտական կամ փրկարար արարողության այն կարգերի հրամաններն, որոնք հարևանցիորեն հիշվում են Ս. Գրքում, դարձյալ Սրբազան ավանդությամբ ենք իմանում, թե ինչպե՞ս և ի՞նչ կանոնով պետք է կատարվեն հավատացյալների փրկության համար։

Վերջապես հինգերորդ` Ս. Գրքի հեղինակներն ակնարկելով զգուշացնում են ծանոթ ընթերցողներին այն մոլորեցուցիչներին ու մոլորությունները, որոնք այն ժամանակներում իսկ վտանգավոր էին եկեղեցու բարեկարգության և հավատացյալների փրկության։ Այդոնց մասին ևս ավանդությունն է մեզ մանրամասն տեղեկություններ տալիս։

Արդ` թե որքա՜ն մեծ տեղ է բռնում սրբազան ավանդությունը քրիստոնեական եկեղեցու մեջ, երևում է առաքյալների խոսքերից ևս. այսպես Ս. Պողոսն ասում է. «Գովեմ զձեզ, զի զամենայն ինչ զիմ յիշէք եւ որպէս աւանդեցի ձեզ, զաւանդութիւնսն ունիցիք» (Ա Կոր., ԺԱ 2)։ «Այսուհետեւ եղբարք, հաստատուն կացէք եւ պինդ կալարուք զաւանդութիւնսն, զոր ուսարուք, եթէ բանիւ եւ եթէ թղթով մերով» (Բ Թես., Բ 14. Գ 6)։ «Ով Տիմոթէէ, պահեա՛ զաւանդն խոտորեալ ի պղծոց եւ ի նորա ձայն բանից» (Ա Տիմ., Զ 20)։ «Զոր լուար յինէն բազում վկայիւք, զայն աւանդեսցես հաւատարիմ մարդոց, որք բաւական են եւ զայլս ուսուցանել» (Բ Տիմ., Ա 13. Բ 2)[7]։

Հետևաբար սրբազան ավանդությունն առնում է յուր սկիզբն առաքյալներից թե՛ ըստ յուր էության և թե՛ ըստ յուր զարգացման. սուրբ ավանդարանն է Եկեղեցին, որտեղ հավատացյալը գտնում է այն ամեն կարգերն, որոնք նորան դաստիարակում ու տանում են դեպի փրկություն59*։ Սակայն քրիստոնեական եկեղեցին ընդհանրապես ավանդապահ է մեզ` հայերիս համար միմիայն մինչև եկեղեցիների բաժանումը Քաղկեդոնի ժողովով, այն է` մինչև Ե. դարի առաջին կեսը, իսկ այնուհետև մեզ համար ավանդատու է միմիայն Հայաստանյայց Ս. Եկեղեցին` թե՛ առանձնապես և թե՛ հների գրվածները սեփականորեն Ս. Հոգու ճշմարիտ հասողությամբ մեզ հասցնելով։

Սրբազան ավանդության մեջ կարող ենք զանազանել հետևյալ տեսակները.

1. Դավանական. թե ի՞նչ դավանանք, ինչպե՞ս և ի՞նչ ձևով ու ոճով պետք է հայը խոստովանի Հայաստանյայց Ս. Եկեղեցու հավատարիմ զավակը լինելու համար։ Դավանական ավանդությունք գտնվում են Հավատո հանգանակներում, ժամագրքում, ծիսարաններում, Հայոց Ս. Հայրերի գրվածներում և այլն և նյութ են դավանաբանության60*։

2. Շնորհաբաշխական, որով ստանում ենք փրկարար շնորհներ, ինչպես` ձեռնադրություն, առհասարակ յոթը ս. խորհուրդների կատարումը, որոշ եկեղեցական ոգի, հավատքի միության սեր և այլն։ Այս սրբազան ավանդությունը գտնվում է հատկապես յոթը խորհուրդների ծիսարանների (ձեռնադրության մաշտոց, խորհրդատետր և այլն) և նոցա մեկնությանց մեջ։ Այս և (5) աստվածպաշտական ավանդությունները կազմում են կարգ աստվածապաշտության կամ պաշտոնաբանության նյութը61*։

3. Վարդապետական, որով իմանում ենք Հայաստանյայց Ս. Եկեղեցու բարոյական ու դավանական ուսմունքները։ Աղբյուրներ են Հայոց Եկեղեցու բոլոր եկեղեցական մատյանները։ Այս ավանդությունը մտնում է դավանաբանության և բարոյաբանության ուսումնասիրության մեջ։

4. Վարչական կամ կրոնական. այն բոլոր կարգերն ու կանոնները, որոնցով կառավարվում են Հայաստանյայց Ս. Եկեղեցին և որոշվում են հոգևորականաց և աշխարհականաց պարտավորությունք և իրավունքները։ Հատուկ աղբյուրներ են Հայոց Եկեղեցու կանոնագիրքը, ծիսարանները, վանական կարգերը, ս. գրվածքները, կոնդակները, վարդապետական հաջորդություն, կարգապահություն և այլն. բնականաբար այստեղ հիմնական տեղ են բռնում Հայաստանյայց Ս. Եկեղեցու ժողովների, Ս. Հայրերի ու նոցա հեղինակությամբ հաստատած կանոնները։ Այս նյութով զբաղվում է եկեղեցական իրավաբանությունը62*։

5. Աստվածպաշտական, որ ցույց է տալիս, թե ինչպե՞ս պետք է աղոթել, եկեղեցում կանգնել, բուրվառ տալ և այլն։ Ուղեցույց են ծիսարանները, ժամագիրք, ճաշոց, հայսմավուրք, շարական, տոնացույց և այլն, նույնպես և գործնական պաշտամունքն ազգայնություն պահած եկեղեցիներում և Հայոց առանձնացած` մանավանդ Ս. Էջմիածնի վանքում։

6. Պարագայական սրբազան ավանդություն, որով իմանում ենք Հայաստանյայց Ս. Եկեղեցու ճարտարապետությունն, անոթները, արդ ու զարդը, զգեստները և այլ պարագայք. աղբյուրներ են բոլոր եկեղեցական գրքերը, գրչագրների միջի պատկերները, հին եկեղեցիների շինությունները, ավերակները, քանդակները, արձանագրություններ և այլ հնություններ, անոթներ, զգեստներ և այլ իրեր63*։ Այս ամենը ընդհանրապես նյութ է պաշտոնաբանության, իսկ հատկապես` եկեղեցական հնախոսության։

Վերջապես` 7. Պատմական, որով ծանոթանում ենք քրիստոնեական հին կյանքի և եկեղեցու հաղթական ու պատերազմական հանդիսին և նորա մեջ փայլած նահատակների ու քաջերի սխրագործությանց։ Աղբյուրներ են Հին հիշատակներ, Հայսմավուրք, արձանագրություններ, գրչագրների հուշագրությունք և այլն, որոնցով զբաղվում է եկեղեցական պատմությունը։ Ընդհանրապես վերոհիշյալ գրավոր աղբյուրներով հատկապես զբաղվում է եկեղեցական մատենագրությունն, ինչպես և Ս. Գրքի վերաբերյալ ավանդության մասին կարևոր տեղեկություն տալիս է Ուսումն Ս. Գրոց։

Պետք է նկատի ունենանք, որ իբրև աղբյուր առաջնակարգ տեղ են բռնում այն Ս. Հայրերի գրվածներն, որոնք տոնում և հիշատակվում են[8] Հայաստանյայց Ս. Եկեղեցում և յուրյանց գրվածոց մեջ հավաքել և արձանագրել են թե՛ առաքյալներից ու թե՛ հաջորդաբար նոցա աշակերտներից լսած ու սովորածները։ Դոցա հետևելիս պետք է գերադասություն ու նախակարգություն տալ միշտ մեր Դ. և Ե., ապա այդ դարերին մոտիկ ժամանակների գրվածներին հաջորդաբար մինչև ի ԺԴ. դար։ Հռովմեական եկեղեցին յուր ավանդությունը բարձր է դասում Ս. Գրքից իրապես և հավատքի աղբյուր համարում, որ և Ս. Գրքի հետ ըստ յուր քմաց է ձևակերպում` հոգևորականներին ճանաչելով ավանդության բերանացի աղբյուր։ Այսոր հետ պապական վճիռները նույնպես հավատքի աղբյուր է ճանաչում Ս. Գրքին հավասար, ուստիև թե՛ կանոնական ու երկրորդականոն գրքերը խառնում է իրար հետ, թե՛ կամավոր փոփոխություններ է մտցնում թե՛ հին եկեղեցու երեք տիեզերական ժողովների կանոնաց մեջ և թե՛ Ս. Հայրերի գրվածներում։ Ե. դարից մինչև Թ. դարը Հունաց եկեղեցու հետ միաբան լինելով հանդերձ` նա դրժում է նաև այդ ժամանակի ընդհանուր ավանդությանց միության, փոփոխում է այդոնք յուր նպատակի համեմատ և հակառակ նոցա ընդունած յոթը ընդհանրական կոչվող ժողովների թվին 19 հատ «տիեզերական» ժողով է ճանաչում։ Այլև թույլատրելով ժողովրդին կարդալ ավանդության գրվածները` սահմանափակում է այդ թույլատրությունը միայն սեփական վկայաբանությանց մեջ և տարածում է այն միտքը, թե փրկության համար անհրաժեշտ է կուրորեն խոնարհվել հռովմեական հոգևորականության։

Բողոքական եկեղեցին էլ, ձգտելով ընթանալ Հռովմեական եկեղեցու դեմ և տեսնելով, որ նա յուր հեղինակությունը պահում է ավանդությամբ ու մանավանդ բերանացի ավանդության ուժով և արգելելով Ս. Գրքի ընթերցանությունը, մերժեց որևիցե ավանդություն ու միակ աղբյուր ճանաչեց Ս. Գիրքը` կամենալով զգալի հարված տալ հռովմեական քահանայապետներին։

Սակայն Ս. Գիրքն էլ պահվել է ավանդաբար քրիստոնեական եկեղեցում և մեկնվում է ավանդական սկզբունքներով ու եղանակով, ուստիև բողոքական այդ ձգտումը պատճառ եղավ զանազան անձնահաճությանց, որով վարվում էին Ս. Գրքի հետ` ըստ քմաց կամ սոսկ բանական քմահաճո դատողությամբ հասկանալով ու մեկնելով։ Երբ բանապաշտական այս ուղղությունն ամրացավ նոցա մեջ, նոքա սկսան այնուհետև Ս. Գրքի այս գրվածներն ընդունել, որոնք համաձայն էին յուրյանց բողոքական ձգտմանց, այնպես որ անձնականն առաջին տեղը բռնեց և հետզհետե կազմվեց սեփական ավանդություն յուրյանց համար, որ ոչ թե սուրբ ավանդություն է, այլ մարդկային է։ Բողոքական եկեղեցին, կտրվելով սրբազան ավանդությունից, ժխտում է նաև ձեռնադրության ավանդական կարգն և այսպիսով հեռանում է առաքյալների ճանապարհից և ընկնում բազմաթիվ հակասությանց մեջ։ Միայն Անգլիո Եպիսկոպոսական Բարձր եկեղեցին ձգտում է հավատարիմ մնալ առաքելականության։ Կարող ենք նաև տարբերել Լութերականներին, վասնզի սոքա սկզբունքով ընդունում են այն ավանդություններն, որոնք Ս. Գրքին հակառակ չեն, նույնպես և Վերանորոգվածներին, որոնք մերժում են Ս. Գրքում բառացի չգտնվող ամենայն մի ավանդություն։

Հայաստանյայց Ս. Եկեղեցին, մերժելով երկու հակառակորդ եկեղեցիների ծայրահեղությունք, հավատարիմ է մնում առաքյալների պատվերներին, տալով ս. ավանդության յուր արժանավոր տեղը ըստ ամենայնի։ Նա սրբազան ավանդությունը բարձր չէ դասում Ս. Գրքից, այլ նորանից օգտվում է Ս. Գրքին հավատարիմ մնալու համար առաքելական լայն պողոտայի վրա և երկուքով հաստատ է մնում իբրև առաքելական ճշմարիտ եկեղեցի։ Նորա անշեղլի սկզբունքն է` երբեք չընդունել այնպիսի ավանդություն, որ հակասում լինի Ս. Գրքի վարդապետության, ըստ որում, Ս. Գրքի հարազատության ու ճշմարիտ հասողության օգնականն է սրբազան ավանդությունը և սրբազան ավանդության ճշմարիտ հաստատիչն է Սուրբ Գիրքը։ Ուստիև Ս. Ներսես Շնորհալին, հաստատելով յուր փառավոր Եկեղեցու ավանդության ճշմարտությունը, գեղեցկապես ասում է. «Աւանդութիւն Եկեղեցւոյ մերոյ, զոր ունիմք, ի վկայութենէ Աստուածաշունչ Գրոց հաստատեալ են» (Ընդհ., 222. տե՛ս և Հարց., 93)։

« ԼԶ. Աստուծո Խոսքն ու Սուրբ Գիրքը   |   ԼԸ. Մարդու Խոսքն Առ Աստված Կամ Աղոթք »
© Gratun.org