Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԼԸ. Մարդու Խոսքն Առ Աստված Կամ Աղոթք

Ս․ Գրքով ու նորա քարոզությամբ Աստված խոսում է մեզ հետ, հայտնում է մեզ յուր ս. կամքը, մեր երջանկության համար արած տնօրինությունն և հրավիրում է մեզ կատարել յուր պատվիրանները, մտնել յուր պատրաստած երջանկության մեջ և մեր փրկությունը որոնել յուր ճշմարիտ հաղորդակցությամբ։ Մեր հաղորդակցությունը լիակատար չէր լինիլ Աստուծո հետ, եթե մենք ևս մեր կողմից հանապազ չխոսեինք նորա հետ և մեր սիրտը չբանայինք նորա առաջ ու մեր աղաչանքը չհայտնեինք. ահա աղոթքն է մեր խոսքը դեպի Աստված, որով մենք բարձրանում ենք հոգով դեպի նորան և հաղորդակցում նորան65*։

Աղոթքով մենք ելնում ենք մեր Աստուծո առաջ, պատասխանում ենք նորա խոսքին, միանում ենք մեր կամքով Աստուծո կամքի հետ և հայտնում ենք, որ մենք պատրաստ ենք և փափագում ենք ընդունելու Աստուծո շնորհները։ Հարկավ զորավոր է այն աղոթքն, որ անվում է մարդկության փրկող և նորա հաշտություն իրագործող ու նորան երջանկացնող Աստվածորդու անունով և շնորհատու Ս. Հոգով (Հովհ., ԺԶ)։ Մենք աղոթում ենք Քրիստոսի անունով, իսկ այդ նշանակում է աղոթել ոչ թե մեր անունով, ոչ թե մեր վաստակի, մեր ուժի և առաքինության զորությամբ ու երաշխավորությամբ, այլ Քրիստոսի փրկագործության հիման վրա, նորա տված իրավունքով ու կարողությամբ, Քրիստոսի շնորհաց տակ պայծառացած կամ պարզերես եղած։ Մենք իբրև Քրիստոսի մի անդամը պետք է աղոթենք, որ մեր աղոթքը Քրիստոսի աղոթքը համարվի։ Աղոթողի սկզբունքն է` «ոչ առ արդարութեանց մերոց արկանեմք զգութս մեր առաջի քո, այլ վասն բազում գթութեան քոյ, Տէր» (Դան., Թ 18)։ Բայց այսպիսի մի աղոթք անելը մարդկային աշխարհասեր ձգտումներից չի բղխել, ուստիև Ս. Հոգին օգնում է մեզ և սովորեցնում է աղոթել (Հռ., Ը 15). նա միանում է մեզ հետ և մեր ձայնը միացնում յուրի հետ և կամ ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Նոյնպէս եւ Հոգին ի թիկունս հասանէ տկարութեան մերում, զի զոր կամքն յաղօթս, որպէս արժան իցէ ոչ գիտեմք, այլ ինքնին Հոգին բարեխօս լինի ի հեծութիւնս անմռունչս»։ Պարզ է, ուրեմն, որ Աստված կլսի անպատճառ Յուր Որդու անվամբ ու վաստակով զորացած աղոթքը, որի վրա յուր շնորհն է տարածում Ս. Հոգին, ըստ որում, երաշխավորություն տալիս է մեզ նույնիսկ Քրիստոս, որ ասում է. «Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ, արարից զայն. զի փառաւորեսցի Հայր յՈրդի» (Հովհ., ԺԴ 13). և կամ «Ամէն, ամէն ասեմ ձեզ, զի զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ, տացէ ձեզ» (ԺԶ 23)։

Սակայն ամենայն աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստուծո կամքի հետ, որ նորա սրտից ճշմարիտ աղոթք բղխի։ Աղոթքը, լինի նա փառաբանություն թե խնդրվածք, թե բարեխոսություն, թե գոհաբանություն66*, միշտ պետք է Աստուծո կամքի հետ միացած սրտից բղխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործե, ինչպես ասում է Քրիստոս. «Ամէն ասեմ ձեզ, որ ոք ասիցէ լերինս այսմիկ, բարձիր եւ անկիր ի ծով, եւ ոչ երկմտիցէ ի սրտի իւրում, այլ հաւատայցէ, թէ զոր ասէն` լինի, եղիցի նմա, զոր ինչ եւ ասիցէ։ Վասն այսորիկ ասեմ ձեզ. Զամենայն ինչ, վասն որոյ աղօթս արարեալ խնդրիցէք եւ հաւատայցէք, թէ առնուցուք, եղիցի ձեզ»։ Այս է պատճառն, որ դեռ աղոթքը, մարդու բերանից չելած, Աստված լսում է նորան, վասնզի նայում է նորա սրտին (Ես., ԿԵ 24) և ոչ թե լոկ խոսքին, իսկ խոսքն, ինչպես ասացինք, ճշմարիտ հոգևոր կյանքի գործունեության արտահայտությունն է, որի չլինելը վկայություն է հոգու խավարման։

Աղոթողի կատարելատիպն է ինքն Քրիստոս, որ աղոթում էր ամեն գործի սկզբում ու վերջում (Ղուկ., Զ 12, 13), երբեք չէր թողնում աղոթքը` նաև մեծ գործերի մեջ զբաղվելով (Ղուկ., Ե 15, 16). նա յուր մկրտության ժամանակ իսկ աղոթեց, ու նորա վրա իջավ Ս. Հոգին (Գ 21, 22). այլև նա աղոթեց ու պայծառակերպվեց (Թ 28, 29), ըստ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինն, այլև ներքինը. (Ելք, ԼԴ 29, 30)։ Քրիստոս պատվիրեց և յուր աշակերտներին արթուն կենալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ. նոքա ննջեցին ու չաղոթեցին, ուստիև փորձության մեջ ընկան։ Իսկ Քրիստոս աշխարհի ամենամեծ փորձության առաջ աղոթեց և յուր հաղթական վճիռը գոչեց դեպի խավարի իշխանությունը. «Այս է ձեր ժամ եւ իշխանութիւն խաւարի» (Մատթ., ԻԲ 53)։ Նա աղոթեց և խաչի վրա` մինչև անգամ յուր խաչողների համար։ Նորա ճշմարիտ աղոթքից մեզ օրինակ է «Հայր մերը», որ ամփոփում է յուր մեջ ուղիղ սրտի դիմումների սկզբունքները կարճ ու գեղեցիկ։

Աղոթքը չէ լսվում Աստուծո կողմից միայն այն ժամանակ, երբ հավատքով և արդարասիրությամբ չենք խնդրում, անիրավաբար և միայն «ես»-ի համար ենք աղոթում, չենք հավատում, թե կստանանք, մեր հույսը չենք դնում Աստուծո վրա, այլ երկմտում ենք, իսկ «որ երկմիտն է, նման է հողմակոծեալ եւ տատանեալ ալեաց ծովու. Մի՛ ակնկալցի մարդն այն առնուլ ինչ յԱստուծոյ. Զի այր երկմիտ առանց հաստատութեան է յամենայն ճանապարհս իւր»։ (Հակ., Ա 6)։ Ամեն անգամ, որ մարդ աղոթում է և չէ ստանում յուր խնդրածը, պետք է լավ հիշե առաքյալի խոսքը, թե` «խնդրէք եւ ոչ առնուք, վասն զի չարաչար խնդրէք, զի անդէն ի ցանկութիւնս ձեր մաշեսջիք» (Դ 3)։ Սակայն Աստված երբեմն էլ հետաձգում է կատարումը ուրիշ լավագույն նպատակի համար, զորօրինակ մեզ ամրացնելու, փորձելու, մեր հավատքը զորացնելու և այլ այդպիսի մեզ անհայտ նպատակով, և կամ շատ անգամ էլ իսկույն կատարում է ավելի գեղեցիկ կերպով, քան մենք ուզեցել ենք, միայն թե մեր կարճատես աչքը այդ չէ տեսնում, այլ յուր ուզածն է միայն կամենում տեսնել։ Եվ երբ մենք չենք ստանում մեր խնդրածը, պետք է քավենք մեր մեղքերը և աշխատենք արդար խնդիրներով աղոթել Աստուծո. այն ժամանակ մենք կստանանք մեր խնդրածը։ Եվ որովհետև ոչ մի մարդ չի կարող բոլորովին անարատ մնալ կյանքի փորձանքների մեջ, ուստիև աղոթքը պետք է մեր հոգին տանե միշտ դեպի Աստված, խոսեցնե նորա հետ, սրբել տա մեզ մեր առօրյա հանցանքներից ու մեղքերից և ճշմարիտ ճանապարհի վրա պահե ու պահպանե։ Միայն այն մարդը գիտությամբ չէ ուզում աղոթել` գոնե ճաշի նստելով և տոներին եկեղեցի գնալով, որ կատարելապես շաղախված է մեղքերի մեջ, աչքերը չէ բարձրացնում և ասում էլ է, թե աղոթքով ոչինչ չէ ստացվում[1]։ Մինչդեռ ճշմարիտ աղոթքը մի հովանի է մարդու բարեկեցության և մեղքից զգուշանալու համար, ըստ որում և այսպես միայն կարող է մարդ ըստ ամենայնի հառաջադիմել։ «Աղօթք են, որ բարձրացուցանեն զմարդիկ առ Աստուած, եւ խոնարհեցուցանեն զԱստուած առ մարդիկս», ասում է Ս. Ներսես Շնորհալին (Ընդհ., 307)։

Աղոթողի համար էլ սկզբունք պետք է լինի` ըստ Քրիստոսի խոսքին. «Զի ոչ եթէ լեզու, որ ընդ օդն բախտին, առանց մտացն զհետ երթալոյ` օգուտ ինչ գործէ, զի սրտագէտն Աստուած ի սիրտն եւ ի միտսն եւ ոչ ի բերանն հայի։ Վասնորոյ արթուն մտօք եւ անզբաղ խորհրդով եւ կատարելիմաստ հոգով զաղօթսն հատուսցուք Աստուծոյ, զի զմեզ եւ զայլս օգտեցուսցուք, եւ մեք յայլոցն աղօթից` շահեալ լիցուք»[2]։ Ուրեմն ոչ միայն սրտով պետք է հավատանք առանց խոստովանության և ոչ բերանացի աղոթենք առանց հավատքի` «Զի սրտիւք հաւատայք յարդարութիւն եւ բերանով խոստովանիք ի փրկութիւն» (Հռ., Ժ 10), ըստ որում, «Եւ մեք, հետեւեալ Աստուածաշունչ գրոց, պահեսցուք անբիծ զհաւատս սրտից, եւ մաքուր` զխոստովանութիւն շրթանց»[3]։

Վերջապես աղոթքով հեռանում ենք առ ժամանակ աշխարհի մրրկածուփ զբաղմունքից, սուզվում ենք մեր հոգով ներքին սրբության մեջ, այնտեղ հանգստանում ենք և նորոգվում հոգևոր ճշմարտությամբ, մենք, թողնելով անցական աշխարհը, աղոթքով մտնում ենք բարձրագույն աշխարհն ու նորա հովով զորանում։ Այդ է, որ ասում է Քրիստոս. «Այլ դու յորժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո եւ փակեա՛ զդուրս քո...» (Մատթ., Զ 6)։ Եվ եթե լավ դիտենք, կտեսնենք, որ ինչպես անհրաժեշտ է մարմնավոր կյանքի ջանասիրությունն, անհրաժեշտ է և այդ հոգևոր գործունեությունը։ Աշխատանք և աղոթք` ահա՛ այն երկու հիմնաքարերն, որոնց վրա հաստատվում է մարդու ճշմարիտ կյանքը։ Ո՛չ աղոթք առանց աշխատանքի և ո՛չ աշխատանք առանց աղոթքի, այլ աշխատանք և աղոթք, լինել Աստուծո հետ և Աստուծո մշակը` այս է քրիստոնյայի հիմնական սկզբունքը[4]։ Այս ընթացքի մեջ բացվում է հավատացողի հոգու տեսողությունն, և նա զորանում է ու ճանաչում ու նկատում Աստուծո բարյաց հրաշքներն, ապա առավել և առավել հավատքով աշխատում ու յուր խնդիրն առ Աստված ուղղում[5]։

Արդ` քանի որ աղոթքով միանում ենք Աստուծո հետ, մեր կամքը միացնում ենք նորա կամքի հետ և մեր հոգու զգայարանքովհավատքով ստանում ենք նորա զորացուցիչ օգնությունն ու կյանքի աշխատանաց մեջ հաջողություն գտնում, պարզ է, որ ճշմարիտ աղոթքը կարող է միմիայն սուրբ սրտով և անկեղծավոր հավատքով կատարվիլ։ Հետևաբար ճշմարիտ հավատացողի աղոթելու նախապատրաստությունը կամ աղոթքի առաջին քայլը ապաշխարական աղոթքն է, որով մենք զղջական տրամադրությամբ դիմում ենք դեպի Աստված, նորա օգնականությունը խնդրում մեր քավության համար և աստվածատուր միջոցներ ձեռք առնում Աստուծո տաճարը և բնակարանը դառնալու նպատակով։ Այդ վիճակում մենք դեռևս չենք համարձակվում մեր կենսական պիտույքների մասին խոսել Աստուծո առաջ, մեր անձնական խնդրվածքները արկանել նորա առաջ, այլ մենք նայում ենք կարոտ աչքով միմիայն նորա գթության և ողորմածության վրա, համոզված լինելով, որ մեզ դեռևս անհրաժեշտ է քավել մեր մեղքերը` Քրիստոսով որդիական համարձակություն ձեռք բերելու համար։ Այդ է պատճառը, որ օրվա առաջին աղոթքի մեջ եկեղեցում նախապես ասում ենք. «Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո» (Ժամագիրք)։ Այսինքն` իբրև ադամորդի զգալով մեր մեղանչական վիճակը` նախ համարձակություն ենք խնդրում և, ապա հիշելով Քրիստոսի փրկագործության շնորհների առատությունը մեզ վրա, սկսում ենք մեր աստվածպաշտական աղոթքը68*։

Ձգտելով, ուրեմն, նախ և հառաջ մեր մեղքի քավության` կամենում ենք մեզ ընդունարան շինել Ս. Հոգու և կամ ընդունակ դարձնել այն շնորհաց, որ պետք է խնդրենք Աստուծուց մեր կյանքի հաջողության ու բարելավության համար, վասնզի գիտենք, որ ո՛չ Ս. Հոգին և ո՛չ աստվածային որևիցե շնորհք չի կարող իջնել մեղավոր հոգու վրա և չի կարող բեղմնավորվիլ թանձրացած սրտում ու նորա խոպանացած անդաստանում[6]։ Ուստիև դիմելով դեպի Աստուծո տունը` բռնում ենք ապաշխարական ճանապարհը, որի խորհրդականն (տե՛ս ստորև գլ. ԽԳ.) անցնելուց հետո ճաշակում ենք Քրիստոսի սրբարար մարմինն և արյունն և ապա համարձակություն ստացած` մեր որդիական աղոթքն անում։ Այդ որդիական աղոթքի ու խնդրվածքների մեջ արդեն որքան ի սրտէ է եղել մեր զղջումն և ապաշխարությունը, որքան հավատքով և համոզմունքով է եղել մեր քավությունը, այնքան էլ զորավոր է լինում մեր աղոթքը և ապահով ենք լինում, թե մեր խնդրվածը կստանանք Աստուծուց։ Ճշմարիտ աղոթքը միություն է Աստուծո հետ, որքան սերտ է այդ միությունը, այնքան շուտափույթ է մեր խնդրվածքի կատարումը. և այդ միությունն այնքան սերտ է, որքան հաջողում ենք սրբվիլ և անկեղծ լինել Աստուծո առաջ։ Սրբվեցանք թե չէ, եղբայրանում եք Քրիստոսին, եղբայրացանք թե չէ, որդիանում ենք Աստուծո, որդիացանք թե չէ, միանում ենք մեր կամքով, սրտով ու մտքերով նորա հետ. միացանք թե չէ, ամեն մի աղոթք Աստուծո կամքով կլինի և կկատարվի[7]։ Եվ մեր աղոթքի հաստատությունն է Քրիստոս, որ ամենայն ճշմարիտ խնդրվածք, մարդկաբար կամենալով ու խնդրելով յուր Հորից, աստվածաբար կատարում էր։ Նորա աստվածմարդկության ճշմարիտ միությունից է բղխում նորա կամքի անշեղլի կատարումը, հետևաբար և եթե մենք էլ կարողանանք հոգով միանալ Աստուծո հետ մեր հավատքի միջոցով, անշուշտ ամեն խնդիր կիրագործվի։

Այս ամենը գեղեցկապես ամփոփում է Ս. Հովհան Մանդակունին` պատվիրելով յուր որդիներին. «Զձեզ աղաչեմ զջոկս հաստատնոցդ դեռ եւս եւ անգայթիցդ, մի նմանեցուցանէք զաղօթս ձեր Փարիսեցւոյն. թէպէտ եւ բիւր բարեաց զանձինս գտանիցէք եղեալ պատճառ, այլ ասացէք, եթէ «ծառայք անպիտանք եմք». եւ մի առանց իւղ բառնալոյ` ընդ անմիտ կուսանսն ճանապարհորդիցէք ի հարսանիսն, գուցէ փակ իցէ դուռնն, եւ մնայցէք ամօթալից արտաքոյ» (Փարպ., 556)[8]։

« ԼԷ. Քարոզություն և Սրբազան Ավանդություն   |   ԼԹ. Եկեղեցու Սուրբ Խորհուրդները »
© Gratun.org