Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԽԵ. Ե. Պսակ Ամուսնության

Պսակը Եկեղեցու այն ս. խորհուրդն է, որով երկու հեռավոր անձնավորություններ` այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում են իրար հետ, մի մարմին են դառնում և, մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և յուր Եկեղեցու միության օրինակին, նվիրվում են միասին Աստուծո արքայության հառաջադիմության համար աշխատելուն և նորա բաղկացուցիչ ընտանիքը կազմելուն[1]։ Ուստիև պսակված ամուսնությունն ամենասերտ դաշնն է, ամենասերտ կապն է, ամենասերտ ուխտն է, որ կարող են առհասարակ երկու մարդ ունենալ իրար հետ։ Ո՛չ ազգականությունն ու ո՛չ բարեկամությունը չեն կարող երբեք այդ աստիճանի մտերմություն ներշնչել մի դաշնակցության կամ ուխտի մեջ։ Մարդկային ոչ մի դաշն չի կարող տղամարդին կամ կնոջը այնքան նեցուկ ու խրախույս լինել առաքինական հանդիսի և աստվածային արքայության ընտանիք կազմելու գործի մեջ, որքան այն ամուսնությունն, որ Եկեղեցու այդ ս. խորհուրդով մտնում է Աստուծո օրհնության վայելքների ու նորա արքայության անդամակցության մեջ։ Աստուծո արքայության մշտական ընտանիքը լինելու համար անհրաժեշտ է, որ Աստված ճանաչե ամուսնացողներին յուր արքայության ընտանիք և առատապես պարգևե նոցա յուր շնորհներն, ապա թե ոչ` ամուսնությունը կդառնա լոկ աշխարհային մի պատահար և անցական գործ, չի ծառայիլ առաքինության ու վեհության, տևական նպատակներ չի ունենալ, մարմնականը կտիրապետե, և մարմնապես առավել ուժեղը յուր քմահաճույքներին կծառայեցնե ամուսնությունն ու յուր հավասարին կամ կողակցին։ Ուստի Քրիստոս առանձնապես շեշտում է աստվածային տնօրինության այս ս. խորհուրդն` ասելով. «Թողցէ այր զհայր եւ զմայր եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եւ եղիցին երկոքեան ի մարմին մի։ Ապա ուրեմն ոչ են երկու, այլ` մի մարմին, արդ` զոր Աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ» (Մատթ., ԺԹ 5-6)։ Ուրեմն յուրաքանչյուր տղամարդ, բաժանվելով յուր ծնողներից, յուր ազգային ընտանիքից, առնում է մի այլ կին, նորա հետ մի մարմին է դառնում Աստուծո ս. խորհուրդով և օրհնությամբ ու, հակառակ մարդկային բոլոր չար հակումներին և անասնական չարակամությանց, մի նոր ընտանիք է դառնում երկնավոր արքայության մեջ (Ա Տիմ., Դ 1-8. Եբր., ԺԳ 4)։

Աստված, ստեղծելով Ադամին և Եվային, սահմանեց ամուսնության միությունը և ապա «օրհնեաց զնոսա Աստուած եւ ասէ` «Աճեցէք եւ բազմացարուք»[2]։ Եվ քանի որ Աստուծո ամբողջ ստեղծագործության կատարումը մարդով եղավ, ամենայն ինչ մարդու համար ստեղծվեց, մարդը դարձավ ամեն արարածների տերն ու նպատակը, և Աստուծո Միածին Որդին մարդու համար եկավ աշխարհ, պարզ է, որ այր ու կին ևս Աստուծո օրհնությամբ պետք է ընտանիք դառնան և, Աստուծո արքայության տարր կազմելով, ծառայեն նորա զարգացման երկրի վրա։ Թերի կլիներ քրիստոնեական եկեղեցու աստվածային շնորհաբաշխության շրջանը, եթե անհատին վերածնելուց հետո ամեն շնորհներ տար մարդկանց հոգով սրտով հառաջադիմելու աստվածային ճանապարհի վրա ու նորա արքայությունը մտնելու, իսկ նույն այդ արքայության անդամներ ընծայող դաշնակիցներին սրբությամբ, աստվածային օրհնությամբ ու ս. խորհրդով չդարձներ Աստուծո արքայության ընտանիքն և կամ սիրո միությունը։ (Հովհ., Բ 111)։ Աստված սեր է, և մեր երանությունը իրագործվում է սիրով Աստուծո հետ միանալով, հետևաբար չկա սեր, չկա երանական միություն այնտեղ, որտեղ չկա Աստուծո օրհնությունը։ Իսկ միությունն, որ սիրո և ճշմարտության միություն չէ, չի կարող Աստուծո արքայության իրականացման տարր կազմել այս աշխարհում, չի կարող Հայաստանյայց Ս. Եկեղեցու հիմնական պատկերը դառնալ։ Ինչ անհատ խորթ է Աստուծուց կամ Քրիստոսի հետ միացած չէ ու Քրիստոսի մարմինը չէ, նա կտրված է Եկեղեցուց, նա կանգնած է առանձնակի իբրև եսապաշտ, որ դեռ կարոտ է Աստուծո ընդհանուր նախախնամության դաստիարակության։ Ըստ այսմ` ինչպես որ Քրիստոս վերջնականապես ճշտեց ու սրբագործեց այն բոլոր ճանապարհներն, որոնցով պետք է մտնենք Աստուծո արքայությունն, այնպես էլ հաստատուն, սուրբ և աստվածադիր հիմունքների և սկզբունքների վրա հաստատեց այն ուխտն, որտեղից պետք է Աստուծո արքայության համար երկյուղած ու ճշմարտասեր հավատացյալք, առաքինի և աշխատասեր անձինք, Աստուծո որդիներ ելնեն. և կամ թե, որ պետք է ներկայացնե Եկեղեցու տարր կազմող պատկերը` սիրո արտաքին իրականացումը։ Այնպես որ, ամուսնության մեջ մարմնականը չպետք է նպատակ լինի, այլ` հոգևորը, սիրո իրականացումը, ինչպես որ առաքյալն է ասում. «Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին» (Ա Կոր., Է 29)։

Վաս նորո և Ս. Պողոս առաքյալը, խոսելով ամուսինների ճշմարիտ սիրո վրա, շեշտում է ամուսնական կապակցության մեծ նշանակությունն` ասելով. «Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի» (Եփ., Ե 32), այսինքն նման է և փոքրիկ պատկեր է այն սերտ միության, որ կա երկնավոր փեսա Քրիստոսի և երկրավոր հարսն եկեղեցու մեջ։ Ըստ որում և այս մարմնավոր հարսանիքս է խորհուրդ հոգևոր հարսանյացն և «միավորութեան Հոգւոյս առ Աստուած, որպէս ասէ առաքեալն», գրում է Ս. Գրիգոր Տաթևացին[3]։ Այդ է պատճառն, որ բարձր առաքինության ձգտող հոգևորականը նվիրվում է Քրիստոսին և կուսակրոն կյանքով կապվում Հայաստանյայց Ս. Եկեղեցու հետ[4], վասնզի, ինչպես ասացինք, ընտանիքը սիրո իրականացումն է, որով Աստուծո արքայության համար սպասավորվում է կա՛մ որդիք պարգևելով, կա՛մ սիրահորդոր գործունեությամբ և կա՛մ այդ կրկին արդյունքով։ Այնպես որ, երբ մեկ հավատացյալ կարողանում է գերագույն առաքինության նվիրվել, և Քրիստոսի եկեղեցու հետ միացած կամ Քրիստոսի հետ կապված եկեղեցու փեսա դառնալով, գործել Աստուծո արքայության համար, նորան պետք չէ ամուսնությունը։ Ուստիև Քրիստոս ասում է. «Բայց ոչ ամենեքեան բաւական են այդմ բանի, այլ որոց տուեալ է»[5]։ Կուսակրոնների գոյությունը Հայաստանյայց Ս. Եկեղեցում թե՛ իրականացումն է Քրիստոսի պատվերին, առանց որի կզրկվեր նա բարձր առաքինության ճանապարհից և քրիստոնեական բարձր գաղափարն անիրագործելի կդարձներ, և թե՛ մյուս կողմից կուսակրոնությունը մի տեսանելի հարացույց է, որ ընտանիքը Աստուծո արքայության արտաքին տարր կազմող պատկերն է և սիրո արտաքին իրականացումը։ Մինչդեռ ամուսնացած հոգևորականաց գոյությունը Հայաստանյայց Ս. Եկեղեցում ակներև ապացույց է, որ ամուսնությունն ոչ թե խոտելի է, այլ ընդհակառակն` աստվածային մի կարգավորություն է և Աստուծո առաջ հաճելի։

Այսպիսով, Հայաստանյայց Ս. Եկեղեցին թե՛ օրհնությամբ և թե՛ օրինակով հաստատում է սիրո արտաքին իրականացումը կամ ընտանիքը, որ ներկայացնում է յուր մեջ մարդկային սիրո ամենասերտ կապակցությունը։ Սակայն ընտանիքը միմիայն յուր գոյությամբ չէ ծառայում սիրո նպատակին, այլև յուր գործունեությամբ։ Ինչպես որ Եկեղեցին ընտանիքով է պատկերացնում սիրո արտաքին իրականացումը, այնպես էլ ընտանիքի միջոցով է ընդարձակվում սիրո շրջանը։ Ըստ այսմ` ընտանիքը թե՛ սիրո արտաքին իրականացումն է և թե՛ իրականացուցիչը։ Իբրև սիրո իրականացուցիչ` ընտանիքը թե՛ սիրո կապերն է բազմացնում և ընդարձակում և թե՛ ինքը սիրո վարժարան է դառնում` բնականապես սովորեցնելով մարդկանց և գործնականապես վարժեցնելով սիրո զգացմանց համեմատ գործունեության մեջ։ Այդպիսի վարժությունը սկսվում է նախ` երկու ամուսինների, ապա` ծնողաց ու որդիների, հետո` եղբայրների ու քույրերի, այնուհետև ամուսինների և ազգականների, ընտանիքի և ազգականների մեջ և այլն, և այլն, այնքան ընդարձակությամբ, որքան նպաստում են հանգամանքների ու հարաբերությանց բարդությունները[6]։ Ըստ որում ոչ մի տեսական բացատրություն չի կարող այնպես պարզել ու հաստատել սիրո որպիսությունը մարդկանց հոգու մեջ, որքան ընտանեկան սիրո օրինակն ու վարժությունը։ «Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո»` իսկապես ընտանիքի մեջ է յուր կատարումը ստանում և ապա ճյուղավորվում դեպի դուրս։

Քանի որ ընտանիքն այսքան մեծ դեր ու մեծ նշանակություն ունի Հայաստանյայց Ս. Եկեղեցում, պետք է անշուշտ Աստուծո պատվիրանաց համաձայն հիմնադրվի ու յուր կենսունակությունն ստանա, որպեսզի կարողանա արժանանալ կամ վայելել աստվածադիր ս. պսակի օրհնությունը։ Այս սկզբունքն արտահայտված է նախամարդու ստեղծագործության մեջ. Աստված ստեղծեց կնոջը` արտահայտելով յուր կամքը` «արասցուք դմա օգնական ըստ դմա» (Ծննդ., Բ 18)։ Այդ ըմբռնեց և Ադամը, երբ ասաց. «Այս այժմիկ ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէ»։ Այս նմանությունը մի հիմնական սկզբունք էր, որից հետո Աստված օրհնեց նոցա` ասելով. «Աճեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր եւ տիրեցէք դմա», այսինքն` պատվիրեց «քրտամբ աշխատել»[7] և զավակներով աճել ու տիրել[8]։

Աստուծո որոշած հիմնական սկզբունքն, այսինքն` նմանությունը, կարող է լինել մարմնավոր և հոգևոր, որոնցից բղխում են բնականաբար երկու կարգի պայմաններ. նախ` մարմնավոր կանոնավորություն ` 1. առողջություն. 2. հասություն ու 3. չափահասություն, իսկ երկրորդ` հոգեկան կյանքի համեմատություն` 1. միահավատություն. 2. ամուրիություն ու 3. փոխադարձ սերտ սեր։ Մարմնավոր կանոնավորությունը անհրաժեշտ է ամուսնական կապակցության համար և ինքնըստինքյան հասկանալի է, վասնզի առողջությունը պետք է այնքան նպաստավոր լինի, որ արգելք չդառնա կենակցության, ինչպես լինում է անբուժելի ցավերի ժամանակ, որպիսիք են բարակացավ, խելագարություն և այլն։ Չափահասությունը նույնպես մի անհրաժեշտ պայման է, որ և զուգադեպ պետք է լինի երկու ամուսինների մեջ, ըստ որում, կինը պետք է չափահաս լինի (17 տարեկան), և տղամարդը` առավել տարիներով (20-25)119*։ Իսկ հասությունն մի անհրաժեշտ պայմանն է թե՛ բժշկական առողջապահական, այսինքն` մարմնապես ու հոգեպես առողջ սերունդ ունենալու, և թե՛ սիրո ու բարոյականության գաղափարի հաստատության տեսակետից, ինչպես ասացինք վերև։ Այս որոշված է Ս. Գրքում նույնիսկ ստեղծագործության ժամանակից` «թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եւ եղիցին երկուքն ի մարմին մի»։ Մովսեսն էլ սահմանում է այս սկզբունքը գրեթե մինչև հինգերորդ աստիճանը[9]։ Նույն սկզբունքը հաստատված է և Նոր Ուխտի սրբագործմամբ[10]։ Հայաստանյայց Ս. Եկեղեցում հասությունը սահմանված է բնական ազգակցության մեջ յոթը պորտի շրջանում, այսինքն` կարող են ամուսնանալ երկու գծի ծոռնը առնի կամ մի զոյգի առնը կոռնի հետ թեև բժշկական տեսակետից սոքա ևս չեն կարող ամուսնական վերստին կապակցության և ուրեմն որդեծնության համար բարենպաստ ու բարեհաջող համարվիլ։ Որքան տարորոշ ընտանիքներից են ամուսնացողները, այնքան ավելի հուսալի է, որ միանման և միահար հիվանդություններ չեն հանդիպիլ իրար։ Մյուս կողմից` որքան հեռու ընտանիքներից են ամուսնացողները, այնքան նոր բարեկամներով առավել ևս ապահովվելու հնարավորություն են գտնում։ Եվ ինչպես բնական ազգակցությունը, նույնպես և հոգևորը մեծ նշանակություն ունի, ուստի խնամությունը թույլատրվում է ազատապես նույն աստիճանաց մեջ, ավազանի ծննդյամբ արգելվում են վեց աստիճանով, իսկ որդեգրությամբ` չորսով։ Ներելի հանգամանաց մեջ կանոնադրական բացառություններ անելը, ապաշխարանք նշանակելով, Հայրապետական իրավունք է ու բարեհայեցողության առարկա։

Երկրորդ կարգի մեջ, հոգեբանական տեսակետից դատելով, անտարակույս անհրաժեշտ է փոխադարձ սեր, որպեսզի ամուսինները գրավվեն դեպի իրար և ոչ թե խորշեն ու միմիայն կենդանական կյանքի համար համբերատար լինին դեպի իրար առանց հարատևության։ Իսկ այդպիսի սիրո հիմքն է նախ միահավատությունը, զի հավատքից է բղխում[11] մարդու հոգեկան աշխարհի բոլոր կյանք ու հայեցողությունը, և երկրորդ` անփորձ կուսական քնքշությունը, որ կարող է նորապես հակվիլ, տրամադրվիլ ու կապակցվիլ սիրո նոր պահանջների կողակցության մեջ. և անխզելի միություն դառնալ յուր կողակցի հետ։ Այսպիսի կանոնավոր կապակցությամբ միայն կարող են պսակվողները լինել` «Մի մարմին, միաւորեալ հոգւով հեզութեան, սիրել զմիմեանս պարկեշտ վարուք, ամբիծ հոգով, առանց ամօթոյ, առանց լկտութեան պատրաստ լինել ի գործս բարիս», «սուրբ եւ անարատ միաշունչ եւ միախորհուրդ», վասնզի ինչպես երկու ամուսիններն են հոգով ու մարմնով առանձնապես, այնպես է լինում և նոցա կապակցություն ու նոցա կազմած ընտանիքը։ Ինչպես նոցա հոգեկան կյանքն է, այնպես արտահայտվում է և նոցա սիրո կապն և ամբողջ ամուսնական կենակցությունը։ Միայն այդպիսի պսակվողները կարող են ծառայել Աստուծո դրած ամուսնական նպատակին, ըստ որում և միայն այդպիսիների վրա Հայաստանյայց Ս. Եկեղեցին կարող է պսակ դնել և ուրախությամբ երգել. «Ուրախ լեր, բերկրեա՛, հարսնացեալ Ս. Եկեղեցի, պայծառացո՛ զմանկունս քո յօրհնաբանութիւն ծագողին զշող լուսոյ ի քեզ, Մայր Եկեղեցի»։

Սույն այս բոլոր սկզբունքները թե՛ սաղմոսներով, թե՛ երգերով, թե՛ ընթերցվածներով, թե՛ աղոթքներով ու թե՛ տեսանելի արարողությամբ արտահայտվում ու ներշնչվում է այն հավատաց յալների մեջ, որոնք կա՛մ պսակվելիս, կա՛մ ներկա գտնվելով` մասնակցում են պսակի այս վեհ խորհուրդին։ Սակայն մարդու հոգևոր աշխարհի որպիսությունից ու նորա հայեցողությունից է կախված, թե նա ինչպիսի՞ աչքով կնայե յուր կյանքի այդ մեծ քայլի վրա և ինչպիսի՞ սրտով կմտնի այդ վսեմ կապակցության մեջ, արդյո՞ք սուրբ և անկեղծավոր հավատքով, հոգով և զգացմունքով, թե՞ կեղծավորությամբ ու լկտությամբ։ Ինչպես այդ քայլը կլինի, այնպես կորոշվի և նորա ապագան, և ինչպես մարդու հոգեկան աշխարհն է, այնպես կներկայանա նորան և ամուսնության նշանակությունը։ «Ամենայն ինչ սուրբ է սրբոց, բայց պղծոցն եւ անհաւատից ոչինչ է սուրբ, այլ պղծեալ են միտք եւ խորհուրդք նոցա։ Խոստանան գիտել զԱստուած, եւ գործովք իւրեանց ուրանան. պիղծք եւ անհաւանք եւ յամենայն գործս բարեաց անպիտանք» (Տիտ., Ա 15)։

Այժմ հարց է առաջ գալիս այրիների կրկնամուսնության ու պսակի անլուծանելիության վրա։

Պսակի ս. խորհուրդի էությունն ու թե ամուսինների մի մարմին լինելը պարզապես ցույց են տալիս, որ պսակը մի անգամ է կատարվում, և ամուսնությունը մի անգամ է կայանում։ Պսակվելիս ամուսինները խոստանում են իրար պատկանել ցմահ, ըստ որում, ս. Ավետարանի պատվերով տղամարդը խոստանում է սիրել յուր կնոջը յուր անձի պես, որ նշանակում է, թե ամենայն ինչ պատրաստ լինել զոհելու նորա համար իբրև ճշմարիտ սրտակից և իբրև մի մարմին նորա հետ[12]։ Սակայն նույնիսկ ստեղծագործության պատմությունը ցույց է տալիս, որ կնոջ հետո ստեղծվելովը գերադասություն է ստանում տղամարդը, այնպես որ առաջինը պետք է փայլի յուր պարկեշտությամբ ու համեստությամբ, իսկ երկրորդը` յուր տղամարդությամբ ու հոգատարությամբ։ Կնոջ ու տղամարդու բնական խառնվածքն ու դիրքն անհրաժեշտապես որոշում են այս երկու տեսակ հարաբերության որպիսությունն, ըստ որում և կինը պսակվելու ժամանակ խոսք է տալիս հնազանդ լինելու տղամարդին ու երկնչելու կամ ակնածելու նորանից։ Իսկ այս հնազանդությունն ու երկյուղը ոչ թե ստրկական է, այլ այն վերաբերմունքն, որ սովորաբար ուրախությ ամբ ունենում ենք դեպի անձնազոհությամբ մեզ սիրող և մեզ համար ապրող ու շնչող ընկերը կամ մտերիմը։ Նա, որ սիրում է, չի կարող բռնակալ լինել, իսկ նա, որ սիրվում է, չի կարող չպաշտել, չհնազանդվել յուր անձնվեր սիրող կողակցին։ Որքան էլ բարձր լինի տղամարդը, նա, երդվելով Աստուծո և ժողովրդի առաջ` սիրել յուր կողակցին, չի կարող որևիցե կերպով արհամարհել նորան կամ բռնանալ նորա վրա. «Այլ թէ իցէ եւս իմաստուն, չէ պարտ զօգնականն իւր արհամարհել... զի իմաստունք իմաստնոց լսեն եւ խոնարհք խոնարհաց հնազանդին։ Զի որք ուղղապէս մտաց աչօք նայիցին ի պատուիրանս Աստուծոյ, եւ հոգեւոր վարիւք զքաղցրութիւն սրտին ստացեալ ունին ազատաբարոյ բարուցն հանդարտութեամբ, չէ պարտ արհամարհել զայսպիսի աղերսաբանութիւնս, քանզի երանելին Պօղոս ասէ. «Արք իմաստութեամբ բնակեսցին ընդ կանայս, իբրեւ տկար անօթոյ արասցեն պատիւ կանանց»։ Այսպես է գրում Ս. Հովհան Մանդակունին, որ Մաշտոցի այս մասի հեղինակն է121*։ Հետևաբար բռնություն և ստրկություն չկա ամուսինների մեջ, այլ կատարյալ սեր և հավասարություն, անձնվիրություն ու հնազանդություն, միություն ու միասրտություն, որով ուխտում են ցմահ իրար պատկանել։ Պողոս առաքյալը, առանձնապես շեշտելով տղամարդի ու կնոջ հավասարությունը, մեծ ուշադրություն է դարձնում այս հարաբերության վրա` ասելով. «Հնազանդ լերուք միմեանց երկիւղիւն Քրիստոսի։ Կանայք իւրեանց արանց հնազանդ լիցին իբրեւ Տեառն. Զի այր գլուխ կնոջ, որպէս եւ Քրիստոս գլուխ է եկեղեցւոյ, եւ ինքն է Փրկիչ մարմնոյ։ Այլ որպէս եկեղեցին հնազանդ լինի Քրիստոսի, նոյնպէս եւ կանայք իւրեանց արանց` յամենայնի։ Արք` սիրեցէք զկանայս ձեր, որպէս եւ Քրիստոս սիրեաց զեկեղեցի, եւ զանձն իւր մատնեաց վասն նորա. Զի զնա սրբեսցէ սրբութեամբ աւազանին բանիւ. Զի կացուսցէ ինքն իւր յանդիման փառաւոր զեկեղեցի...։ Նոյնպէս եւ պարտին արք սիրել զիւրեանց կանայս իբրեւ զիւրեանց մարմինս, որ սիրէ զկին իւր, զանձն իւր սիրէ. Զի ոչ ոք երբէք ատեայ զանձն իւր, այլ սնուցանէ եւ դարմանէ զնա, որպէս եւ Քրիստոս` զեկեղեցի. Զի անդամք եմք մարմնոյ նորա, ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա։ Վասն այսորիկ թողցէ այր զհայր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եղիցին երկոքին ի մարմին մի։ Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի։ Այլ եւ դուք նոյնպէս մի ըստ միոջէ, զի իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսց է իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցի յառնէ իւրմէ» (Եփ., Ե 21)։

Ս. առաքյալի խոսքերն, որոնք մենք դիտմամբ ամբողջապես առաջ բերինք, պարզ ցույց են տալիս, թե որքան սերտ է ամուսինների միությունն և որքան սիրալիր և անձնվիրական։ Ինչպես Քրիստոս վերաբերվում է առ յուր եկեղեցին, այնպես պետք է վարվի և տղամարդը յուր կնոջ հետ. և ինչպես եկեղեցին վերաբերվում է առ Քրիստոս, այնպես էլ պետք է վարվի կինն յուր ամուսնու հետ։ Ուստիև ինչպես որ եկեղեցին ու Քրիստոս անբաժանելի են իրարից, այնպես էլ ցմահ կապված են իրար հետ այր ու կին, ըստ որում և թե՛ Քրիստոս ու թե՛ առաքյալները[13] բացեիբաց մերժում են պսակի լուծումը, իսկ իրարից հեռացող ամուսիններին իրավունք չեն տալիս վերստին ամուսնանալու։ Այս այնքան դժվար թվաց Քրիստոսի աշակերտներին, որ իսկույն արտահայտեցին ու պատասխան ստացան. «Ասեն ցնա աշակերտքն իւր. եթէ այդպէս ինչ վնաս իցէ անդ այր եւ անդ կին, լաւ է չամուսնանալ. Եւ նա ասէ. Ոչ ամենեքեան բաւական են այդմ բանի, այլ` որոց տուեալ է»։ Այս խոսքերով Քրիստոս վերջնականապես կապեց որևիցե ուրիշ ելք։ Թողնել ամուսնուն և ուրիշին առնել ոչ այլ ինչ է, եթե ոչ շնություն, վասնզի միանգամ իրականացած միությունը խախտել անկարելի է։

Բայց չէ՞ որ մեկի մեռնելով` մնում է մի ամուսինը միայնակ։ Այս դեպքում ևս հետևորեն արգելվում է կենդանի մնացածի կրկնամուսնությունը, և ճշմարիտ` միանգամ սիրածը և հոգով ու մարմնով միացածը, եթե ճշմարտապես և ազնվությամբ է մտել այդ կապի մեջ, չի կարող մի նոր միության մեջ մտնել, վասնզի սուրբ սերն անշիջանելի է։ Այդ պատճառով և Ս. Պողոս առաքյալը պարզապես հայտարարում է, որ այրին պետք է մնա սրբությամբ (Ա Կոր., Է 18-40)։ Սակայն որովհետև «լաւ է ամուսնանալ, քան զջեռնուլ»[14], ուստի Հայաստանյայց Ս. Եկեղեցին, ըստ առաքյալի որոշման, ներելով թույլատրում է երկրորդ ամուսնությունը` թողնելով ամուսնացող այրիների վրա յուրյանց սիրադրուժ նոր կյանքի մեղանչական հիմքի քավությունը։ Այդ պսակի համար կա և մի առանձին կարգ, որում այս սկզբունքներն առաքյալի ասածին համեմատ որոշվում են[15]։ Ըստ որում, այրին միմիայն այրու հետ կարող է ամուսնանալ և ոչ կույսի հետ։ Իսկ երրորդ ու չորրորդ ամուսնությունն, որ այժմ միջին դարերից սկսյալ թույլատրվում է` իբրև երիցս մեղանչումն` բացառությանց բացառություն է, այնպես որ, Ս. Գրիգոր Տաթևացին կրկնամուսնությունը ներումն է կոչում և ոչ օրենք, բայց հինգերորդը` պոռնկություն[16]։

Քանի որ մեկի մահով մյուսը ազատվում է ամուսնական կապից ու նորեն ամուսնանում, բնական է, որ կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք նման են մահվամբ լուծվելուն։ Այդպիսի մի դեպք հիշվում է Ս. Պողոսի մի թղթում, այն է` երբ հեթանոս ամուսինը թողնում, հեռանում է քրիստոնեությունն ընդունած ամուսնուց (Ա Կոր., Է 12), և առաքյալը թույլատրում է քրիստոնյա ամուսնուն այսպիսի հանգամանքներում ազատ թողնելու հեթանոս կողակցին։ Քրիստոնյան առավել ևս պարտավորվում է մահվան չափ հեռու լինել անբարոյական ու փուչ կողակցից` ըստ Քրիստոսի և ըստ առաքելոց պատվերին[17]։ Ուրեմն կա և մի հոգևոր մահ, որով դարձյալ կենդանի ամուսինը ազատվում է` ըստ բնական մահվան սկզբունքին, որով ներողմտաբար թույլատրվում է կենդանի ամուսնու կրկնամուսնությունը։

Ահա վերոհիշյալ հիմանց վրա Հայաստանյայց Ս. Եկեղեցին ունի կանոնադրած երկու կարգի սկզբունքներով լուծումն շնորհազուրկ ամուսնությանց։ Առաջին կարգի են վերաբերում այն պսակներն, որոնք իսկապես կայացած չեն անվավերության պատճառով։ Այդպիսի պատճառներ են. 1. չհասություն. 2. անբուժելի տկարություն կամ անկարողություն. 3. բռնությամբ կայացածը. 4. պոռնկություն պսակից առաջ[18]. 5. մարմնավոր անզուգադիպություն. 6. օտարահավատություն[19]։ Սույնպիսի ամուսնությունք լուծվում են և, կարող ամուսիններն ապաշխարելով նոր թույլտվություն են ստանում օրինավոր ամուսնության մեջ մտնելու։

Երկրորդ կարգին են պատկանում այն ամուսնությունք, որում մեկը մահացած է բնականապես կամ բարոյապես. այդոնք են. 1. Ուխտավորության ու կրոնավորության նվիրվելով` երկուքն էլ կրոնավորվում են. 2. Երբ մեկն անհավատ է, այսինքն` մերժում է Հայաստանյայց Ս. Եկեղեցու հավատքը. 3. Խելագարություն, այս ահարություն և անբուժելի անկարողություն. 4. Անբուժելի գոդություն և նույնպիսի հիվանդությունք. 5. Անդարձ անջատումն կամ աքսոր. 6. Կորստական պոռնկություն և մահ[20]։

Ահա վերոհիշյալ հանգամանքներում Հոգևոր իշխանության բարձր ժողովները կամ Վեհափառ Հայրապետի ստորադրյալ ատյաններն ու պաշտոնյայք, քննելով դեպքի բոլոր պարագայք լրջորեն, օրինավորապես ու պատշաճավոր անձնավորությանց կամ հաստատությանց հաստատուն երաշխավորությամբ, առաջարկում են Նորին 0ծության ի տնօրինություն, որ և կոնդակով հիշատակում է բոլոր հիմքերն և ըստ այնմ կարգադրում։ Հոգևոր իշխանության առաջնորդող գաղափարն այն է, որ պսակը իբրև սուրբ խորհուրդ` յուր հիմքերն ու պայմաններն ունի. այդ հիմքերն ու պայմաններն այնպիսի սկզբունքներ են, որոնք կազմում են Ս. Գրքի վարդապետության հիմունքները և ուրեմն առանց դոցա չի կարող ամուսնական կյանք կայանալ, իսկ առանց այդ ս. խորհուրդի իրականացման ոչ ոք չի կարող, ամուսնական կյանք վարելով, Հայաստանյայց Ս. Եկեղեցու անդամը լինել։ Քրիստոսի վարդապետությունը պահանջում է երկու ամուսինների մարմնավոր ու հոգևոր զուգադիպություն ըստ յուրյանց անկեղծ ընտրության, որպեսզի նոքա Աստուծո առաջ իբրև մի միություն ճանաչվին և կապվին։ Ամուսնության կապը իրոք չի կայանում, եթե այդ վեհ սկզբանց դեմ մեղանչված է և ուրեմն ամուսնությունը կարող է այն ժամանակ միայն խախտվիլ, նախ` երբ հիշյալ պայմաններն անտես են առնված, և երկրորդ` երբ տեղի ունենա մի ամուսնի բնական մահը և կամ աստվածային սուրբ ճշմարտության և Հայաստանյայց Ս. Եկեղեցու համար ընդարմանալը։ Ըստ որում, ինչպես որ բնական մահով միմիայն մի ամուսինն է կրկնամուսնության թույլտվություն ստանում, այնպես էլ` բարոյական մահով. վասնզի նա, որ դրժել է Աստուծո, նորա սրբության ու բոլոր հավատացյալների առաջ տված խոստումը, չի կարող մի նոր վստահություն ու հավատք գտնել ո՛չ եկեղեցու մեջ և ո՛չ որևիցե հավատացյալից։ «Որպէս քահանային օծումն ի Հոգւոյն ոչ բաժանի յաւիտեան, եւ պսակին օրհնութիւնն, որ ի մարմինն է, ոչ բաժանի մինչ ի մահ ի մարմնոյն։ Եւ եթէ մինն է պատճառ, որ եւ իցէ թէ՛ այրն եւ թէ՛ կինն, առանց ամուսնութեան մնասցէ, եւ միւսն զուգեսցի այլոց, որ չէ պատճառ»[21]։ Երբեք չպետք է մտահան անել այն, որ երկու ամուսնացողները Աստուծո և ժողովուրդի առաջ ուխտում են և իրար ազնիվ ու հավատաբուղխ խոսք տալիս ցմահ միասին ապրելու, իրար սիրելու և գործակից ու կենակից լինելու` չընկճվելով ոչ մի նեղության և հիվանդության տակ։ Նոքա հանձն են առնում, որ այրը սիրալիր տեր է, իսկ կինը` սիրող հնազանդ, սակայն երկուքն էլ, միություն լինելով, իրար հավասար են իբրև մի մարմին, մի միտք, մի կամք ունեցող ամոլներ[22]։ Նոքա ընդունում են, որ միայն մահը կարող է բաժանել նոցա. ըստ որում, բնական մահը ճանաչվում է ինքնըստինքյան` անջատելով մեկի մարմնավոր կյանքը մյուսից, իսկ հոգևոր մահը ճանաչվում է Աստուծո առաջ Հայաստանյայց Ս. Եկեղեցու ընդհանրական Հայրապետի վճռով։

Ուրեմն երբ մի զույգ, գիտենալով այս ամենը, հավատքով ու ճշմարտությամբ գալիս է, մտնում Աստուծո օրհնության տակ և Պսակի ս. խորհուրդով նոր կյանք սկսում, անշուշտ այդ նոր կյանքի ընթացքում ևս պետք է հնազանդվի միմիայն այն սկզբանց, որոնք բղխում են Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետությունից։ Ուրիշ պայմաններ մտածել կամ անձնական քմահաճույքով կամենալ ուխտազանց լինել, նույն է, թե արհամարհել եկեղեցին և այն հավատքն, որով ամուսնացողը օրհնության է փափագել։ Մինչև անգամ ամլության համար կնոջ հետ գժտվիլն արգելվում է, և Ս. Հովհան Մանդակունին գրում է. «Այլ թէ վասն չքաւորութեան ոք որդւոյ առնիցէ ատելութիւն ընդ ամուսնոյ իւրոյ, չար է առաջի Աստուծոյ։ Զի՞նչ օգուտ է որդիս խնդրել, եւ զոգիս կորուսանել անիրաւ ատելութեամբն։ Զի ոչ եթէ որդւոց խնդիր է առաջի Աստուծոյ, այլ անարատ ոգւոց»[23]։

Հռովմեական եկեղեցին մոլար ընթացք է բռնում, վասնզի պսակը ս. խորհուրդ համարելով հանդերձ` նախադասում է կուսությունը ամուսնական կյանքից և խոտելի դարձնում հոգևորականաց համար։ Այս մի դառն հակասություն է, վասնզի այն, որ խոտելի է եկեղեցականաց համար, չի կարող և ս. խորհուրդ լինել կամ ս.խորհուրդով իրականանալ։ Այս մի թյուր հասկացողություն է Քրիստոսի վարդապետության, ըստ որում ոչ թե կուսությունն է ինքնըստինքյան բարձր առաքինություն ճանաչվում, այլ կուսությամբ ամենայն աշխարհային հոգսերը թողնել և Քրիստոսի հետևից գնալով` Աստուծո արքայության համար աշխատելը, ուստիև ո՛չ Քրիստոս և ո՛չ էլ առաքյալները չեն մերժում նաև ամուսնացած գործողներին, որոնք նույնպես նվիրվում էին եկեղեցական ծառայության։

Երկրորդ` Հռովմեական եկեղեցին մոլորվում է, երբ ամուսնությունն ըստ ամենայնի անլուծելի է ճանաչում` իբր հետևանք այն մոլորության, որով ուսուցանում է, թե խորհուրդը կատարվում է հավատացյալի վրա նորա հավատքից և արժանիքից անկախ։ Չլուծելով ամուսնությունը` նա ժխտում է հոգևոր մահվան կարելիությունը հակառակ Քրիստոսի վարդապետության, քաջալերում է պիղծ կենակցությունը և վերջապես արդար ամուսնուն ստրկացնում է մեղավորին։ Նա նպաստում է այս երեք մոլորությանց առավել ևս այն թյուր վարդապետությամբ, որով բաժանում է այդպես գժտված ամուսիններին «սեղանով և անկողնով» իրարից և ստիպում այդպես բաժանված ապրելու։ Մինչդեռ, ինչպես տեսանք, թե՛ Քրիստոսի վարդապետությունը, թե՛ առաքյալների քարոզությունը ճանաչում է որոշ հանգամանքների մեջ մի ամուսնի բարոյական մահն և հետևաբար արդար ամուսնի կրկնամուսնության զիջողությունը[24]։ Արդար ամուսինը կարող է հաշտվիլ միմիայն այնպիսի ամուսնի հետ, որ մեղանչել ու զղջում է յուր մեղքը և ոչ թե` բարոյական մահի մատնվելով ընկածի հետ։

Այս մոլար ընթացքը բավարար առիթ էր, որ դեմը բողոքողները մերժեցին Պսակի ս. խորհուրդն և ամուսնությունը լոկ մարմնավոր, եկեղեցու հետ կապ չունեցող իրողություն ճանաչեցին, կարծելով, թե այդպես վերջնական հարված կտան հռովմեական անկանոնությանց։ Սակայն դորա հետևանքը եղավ ընտանեկան կյանքի անկումն թե՛ բարոյական ու թե՛ կրոնական տեսակետից։ Ըստ որում, այդպիսի վարդապետությամբ նախ ընտանիքը դառնում է եկեղեցու լույսից դուրս շրջան. երկրորդ` հակասության վրա է հաստատվում, վասնզի ընտանիքը, ծնող լինելով եկեղեցու անդամների, ինքը ս. խորհուրդով չէ հիմնվում, մինչդեռ յուր ծնունդը ս. խորհուրդի վայելող է դառնում. երրորդ` սիրո գործնական իրականացումը վերանում է, ուստիև հասությունը մոտիկ ազգականների մեջ անգամ սովորական է դառնում, որ ավերում է ընտանեկան սրբությունը. չորրորդ` բողոքական եկեղեցին, լոկ մարմնական համարելով ամուսնությունը, ժխտում է մարդու հոգևոր նշանակությունն և առավելությունը հակառակ Ս. Գրքի վարդապետության, ըստ որում, մարդ, «տաճար Աստուծոյ կենդանւոյ» լինելով, սիրո ամենասերտ կապի մեջ սոսկ մարմնական է դառնում այդ եկեղեցում։ Եվ վերջապես հինգերորդ` այդ եկեղեցին բացեիբաց հակառակ է ընթանում Ս. Գրքի վարդապետության, որ ամուսնական սիրո միությունը նույնացնում է Քրիստոսի և յուր եկեղեցու միության ու նորան համեմատ արժանիքը պարզաբանում[25]։

Հայաստանյայց Ս. Եկեղեցին ո՛չ լոկ արտաքին է համարում ամուսնությունն, ո՛չ մասամբ խոտելի, բայցև սուրբ խորհուրդ, և ո՛չ էլ հեռացնում է յուրյանից իբրև միայն մարմնավոր դաշնակցություն, այլ ճանաչում է թե՛ մարմնավոր և թե՛ հոգևոր միություն ու սիրո իրականացումն, որ Աստուծո հաճելի մի կարգ է ժողովուրդի և նույնիսկ Եկեղեցու սպասավորների մեջ։ Ինչպես որ չկա նորա մեջ լոկ մարմնավոր ձգտումների հարացույց, այնպես էլ նա յուր լուսո շրջանում չէ ճանաչում այնպիսի կյանք, որ սոսկ մարմնավոր լինի, և միևնույն ժամանակ գործոն դառնալով Աստուծո արքայության իրականացման, յուր ս. խորհրդակատարությամբ չհիմնվի և աճելով զարգանա։ Այն, որի արդյունքն ու գործունեությունը Աստուծո արքայության համար են, յուր հիմքն ու բարգավաճումն էլ պետք է Աստուծո արքայության մեջ և Աստուծո օրհնությամբ ստանա։ Ուստիև ընտանիքն էլ իբրև այդպիսի մի նշանավոր գործոն, փառավոր խորհրդակատարությամբ է ստանում յուր օրհնությունը։

Պսակը կատարվում է Հայաստանյայց Ս. Եկեղեցում նորա հավատացյալների վրա և նորա քահանայի, եպիսկոպոսի ու Կաթուղիկոսի ձեռքով առավոտվանից մինչև կեսօր, բայց ոչ լույս տերունական տոներին, պահք ու մեծ պահքին և զատկից հետո մինչև Հոգեգալուստ, վասնզի պահքի օրերը աղոթքի և հոգևոր կարգերով մխիթարվելու կամ թե ապաշխարելու օրեր են, այսինքն` «սգոյ եւ տրտմութեան է եւ խորհուրդ չարչարանաց Տեառն եւ ոչ գինարբութեան եւ ուրախութեան հարսանեաց»։ Իսկ հինունքը և տերունական տոները ներկայացնում են երկնավոր փեսայի և հարսն եկեղեցու հարսանյաց օրերը հանդերձյալում, որում միանում են հավատացյալները հրեշտակների հետ։ Ուստիև այդ օրերում, քանի որ հանդերձյալ կյանքը երկրավոր ամուսնություն չունի, արգելված է «զմարմնականս զայս կատարել հարսանիս, որ է ախտաւոր և ծննդական», և ուրեմն անհնար է երկնավոր հարսանյաց օրերի շնորհը տարածել երկրավորի վրա[26]։ Քահանայի պարտավորությունն է նախ` քննել, որ ամուսնացողները ըստ ամենայնի համապատասխան են Հայաստանյայց Ս. Եկեղեցու սկզբանց, և ապա` կանոնավորապես պսակ կատարել124*։

« ԽԴ. Դ. Հաղորդություն   |   ԽԶ. Զ. Կարգ Հիվանդաց »
© Gratun.org