Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԽԶ. Զ. Կարգ Հիվանդաց

Եկեղեցին յուր փրկարար խորհուրդներն և աստվածպաշտության շնորհները գործադրում և բաշխում է ոչ միայն յուր սուրբ գավիթը ոտք դնող հավատացյալներին, այլև նոցա, որոնք մարմնավոր անկումով մահճի են ծառայում և չեն կարողանում անձամբ դիմել դեպի աստվածային սրբարար, ըստ որում, և փարատող և ապաքինող պարգևները։ Այն ս. խորհուրդն, որով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում յուր հիվանդ հավատացյալների ապաքինության ու կազդուրման համար, կոչվում է կարգ հիվանդաց։ Քանի որ Աստված այցելում է ամենքին, մխիթարում է յուր օգնության դիմողներին և թողություն է տալիս սրտով զղջացողին, պարզ է, որ այս կարգի հիմնական նպատակն է հորդորել հիվանդին` զղջալու յուր մեղքերն ու դեպի Աստված դարձնել նորա հոգին, որպեսզի նա լցվի հավատքով, հուսով ու սիրով, զորանա քահանայի աղոթքով և օրհնությամբ և Ս. Հոգուն ընդունելով` հոգեպես նորոգվի ու նոր հոգի առնե։

Քրիստոս ինքն հաստատեց այս ս. խորհուրդը, ըստ որում, հիվանդներից միմիայն հավատք էր պահանջվում և յուր աստվածային ազդեցությամբ, խոսքով կամ ձեռք դնելով, բժշկում նոցա[1]։ Այդպես էլ նորա պատվերի համաձայն կատարում էին առաքյալները` հետևելով Տիրոջ օրինակին[2]։ Քրիստոսի խոսքերն ու բժշկությունները ցույց են տալիս, որ առհասարակ հիվանդությունը` լինի նա մարմնավոր թե հոգևոր, հառաջանում է մեր մեղքերից, Աստուծո պատվիրանաց հակառակ ապրելուց, որի հետևանքները արձագանք են գտնում` մինչև անգամ ժառանգաբար ավանդվելով որդւոց որդի։ Աստուծո կամքն է, որ մարդիկ ճանաչեն յուր պատվիրանները և բավականաչափ հասողություն ձեռք բերեն վայելչապես ապրելու աշխարհի հանգամանքների մեջ։ Այդպես ապրելու ձգտողին աջակից է ինքն Աստված, ըստ որում, մեր կենդանությունը և բարեհաջողությունը Աստուծուց ստանալով, անշուշտ կենսունակ կլինինք միմիայն այն ժամանակ, երբ սրբությամբ կապրենք, և Աստված մեզ հետ կլինի։ Այդպիսի խելահաս մարդը հիվանդության ծանր դեպքերի ու նեղությունների մեջ չի ընկնիլ. և ո՞վ չգիտե, որ մարդկային բոլոր նեղությունները ծագում են աստվածային ճանապարհից շեղվելուց և զանազան սխալներից։ «Կարգեաց Աստուած զաշխարհս որպէս դպրոց, զի ուսցին արարածք զխնամս Արարչին յառնելն եւ ի կազմելն, եւ միշտ նախախնամութեամբ նորա դարմանեալք, որ երեւին եւ որ ոչն երեւին», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը125*։ Ուրեմն մենք պետք է, աստվածային լուսով լուսավորված, սովոր ենք` ըստ Աստուծո ապրելու, առողջապահիկ ու մեր կյանքն Աստուծո պատվիրանաց համեմատ վարելու միջոցներ գտնել, և այն ժամանակ մեր հոգու առողջությունն յուր ճառագայթները կսփռե նաև մեր մարմնի վրա. «Մարդ հնարագէտ է ի խնամակալութենէ Արարչին առ ի պէտս իւրոյ փրկութեան եւ վայելելոյ ի բարութիւնսն անձնիշխան կամօք», ասում է նույն Ս. Հայրը։ Որքան քրիստոնեական լուսով բարեկարգվել ու բարվոքվել են քրիստոնյա երկիրները, այնքան առավել կրճատվել են հիվանդությանց տարածումն ու բարդությունն, և այնքան ավելի դյուրացել են բժշկության միջոցները քրիստոնեական անձնազոհությամբ վառված գիտնականների հետազոտություններով ու գյուտերով։ Այլև որքան էլ ազգերի անկումով ժանտախտն ու ժանտամահը իբրև սոսկալի պատիժներ հարվածել են Աստուծո լույսից խորթացած երկիրներում, այնքան ևս քրիստոնյա ազգերի հոգեպես բարձրանալովը փակվել է այդոնց մուտքը լուսավորված աշխարհում, և օգնության հզոր ձեռքեր են կարկառվել դեպի տառապյալներն ու զոհվողները։ Հասկանալի է, որ Աստուծո պատվիրանի դեմ մեղանչողի կենսական հավասարակշռության խանգարմունքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդ յուր անձն ընդունակ է դարձնում Աստուծո կենդանարար շնորհներին, յուր մտքերով խավարվում, սրտով թանձրանում, կամքով մոլորվում և այդպես յուր կյանքի ուղիղ ու հաջող ճանապարհը կորցնում դեպի կորուստ։ Այդպիսի մարդը կարողություն չէ ունենում հանգստությամբ ուղիղ դատելու, հառաջը եկած հանգամանքները կշռադատելու և ըստ այնմ նպատակահարմար միջոցներ ընտրելով` յուր կյանքի աշխատանքը ձեռնարկելու։ Եվ ուրեմն վերստին այդ խանգարմունքը վերացնելու և մարդու մտքի, զգացմունքի ու կամքի համերաշխ գործունեությունը կենդանացնելու միակ ճանապարհն է` հոգեպես ամրացնել հիվանդին և կապել Աստուծո շնորհաց հետ, որպեսզի նա լուսավորվի ու զորանա։

Հոգևոր այս վերակենդանացման համար պետք է հիվանդին նախ զղջալ տալ յուր մեղքերն, որոնք նորան բաժանել են Աստուծուց. երկրորդ` Աստուծո շնորհաց ընդունելության զգայարանքը` հավատքը, զարթեցնել և սիրով ու հուսով վառել, որ նա դյուրալուր և դյուրազգաց դառնա դեպի Աստուծո լուսավորումն ու ձայնը. և երրորդ` պետք է Աստուծո ողորմությունն ու օգնությունը խնդրել, որ առատապես հեղելով յուր շնորհները հիվանդի հոգու վրա` հզորապես ազդե նորա ապաքինության ու կենսունակության համար։ Ահա այս ամենը իրագործելու ամենազոր միջոցներն են` ապաշխարություն, հաղորդություն և աղոթք, որոնք յուրյանց կարգով լիապես կարող են փարատել հավատացող հիվանդի մեղքերն ու ցավերը, զորացնել հավատքով, ընդունակ դարձնել աստվածային շնորհաց և սպառազինել Ս. Հոգով։

Բայց հիվանդի հավատքը զարթեցնելու և սիրով ու հուսով վառելու համար հարկավոր են նաև այնպիսի միջոցներ, որոնք, համապատասխան ներգործություն ունենալով նորա արտաքին զգայարանքների վրա, զուգընթացաբար կենդանացնեն նորա հոգու մեջ ճշմարիտ հավատքի աճման ու զարգացման բոլոր սերմերն ու բողբոջները և առատ պտուղները։ Այդպես ազդում էին հիվանդի վրա առաքյալների թաշկինակները (Գործք, ԺԹ 12), Եղիսե մարգարեի ոսկորները (Դ Թագ., ԻԳ 21), այլև յուղը[3] (կամ ձեթը, բալասանը, ռետինը), որ վիրաբույժ և ամոքող ազդեցություն է ունենում (Սաղմ., ԻԲ 5), հաճախ ծառայում էր իբրև մի միջոց հիվանդի հոգու վրա ազդելու համար։ Վերջապես Նոր Ուխտում գործադրվող հզորագույն միջոցներն են շնորհաբաշխ ձեռքը, Ս. Խաչը և Ս. Գիրքը դնելը հիվանդի վրա, որոնցից սուրբ ձեռքն ու Ս. Խաչը Ս. Հոգու շնորհագործության ավանդիչ միջոցներն են, իսկ Ս. Գիրքը որպես աստվածային փրկարար հայտնության բովանդակող` ունի յուր համապատասխան ներգործությունը։ Մինչդեռ մյուս միջոցները ներգործում են միայն անուղղակի. այսպես, յուղը ներգործական միջոց է դառնում աղոթքի զորությամբ, վասնզի հավատացյալը, միանգամ արդեն դրոշմի խորհուրդով Ս. Հոգու վերածնող ու կենդանարար շնորհն ստացած լինելով, այլևս պետք չունի այդ շնորհաց իջման կրկնության, և ուրեմն յուղը չի կարող նորից այն դերը կատարել, ինչ որ կատարել է ս. մկրտության միջոցին։ Սուրբ նահատակի ոսկորներն էլ ներգործում են մարդու վրա այն աստվածային զորությամբ, որ հրաշապես երևացել է նորա մեջ և աստվածային ճշմարտության հաղթանակը հանդես բերել. և որովհետև այն ս. նահատակը յուր հավատքով է կարողացել աստվածային զորության հանդիսակիրը դառնալ, բնականաբար նորա ոսկորներն ևս, այդ ս. անձի կյանքի հիշեցուցիչը լինելով, կարող են հիվանդի մեջ նույնպիսի հավատք զարթեցնել։ Հետևաբար անուղղակի միջոցներից ևս նույնիսկ սրբոց ոսկորները գերադաս են յուղից։ Այդ է պատճառն, որ Հակովբոս առաքյալն էլ, հիշելով յուղի գործածությունը, որ երբեմն գործադրում էին հիվանդների ամոքման համար ըստ հրեաների` մարմինը օծելու ու կաշին քնքշացնելու` առօրյա սովորության, միանգամայն նկատում է. «Եւ աղօթքն հաւատովք փրկեսցեն զաշխատեալն, յարուսցէ զնա Տէր. ու եթէ մեղս ինչ իցէ գործեալ, թողցի նմա։ Խոստովան եղերուք միմեանց զմեղս եւ աղօթս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք. քանզի յոյժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն» (Հակ., Ե 15)։ Եվ այս թուղթը մեկնող Սարգիս Շնորհալին ասում է առ այդ. «Ոչ իւղն տայր առողջութիւն հիւանդին, այլ` անունն Տեառն»[4]։

Քրիստոս, յուրաքանչյուր հիվանդի հոգու վրա ներգործելու հարմարագույն միջոց ընտրելով, հաճախ գործադրում էր նաև կողմնակի պարագաներ, ինչպես մինչև անգամ թուքն ու ցեխը և զգեստի քղանցքը[5], սակայն մշտապես նորա բժշկության հատուկ միջոցներն էին ուղղակի խոսքն ու սուրբ ձեռքը[6], որոնք հատուկ ավանդողներ են Աստուծո շնորհաց և զորության։ Յուր առաքյալներին ևս Քրիստոս, ուղարկելով քարոզելու և բժշկելու, ոչ թե մի որևիցե ուրիշ միջոց է հիշեցնում նոցա, այլ ուղղակի տվավ նոցա «իշխանութիւն ու զօրութիւն», որ յուր անվամբ ու ձեռք դնելով բժշկեն[7]։ Ըստ որում և առաքյալներն, յուրյանց Տիրոջ օրինակին ու հրամանին հետևելով, ընդհանրապես այդ հատուկ միջոցներն էին գործադրում, իսկ յուղն, որ ինչպես ասացինք, հրեա ժողովուրդի կյանքում տոթից, ճանապարհ գնալուց և անմաքրությունից վնասված կաշուն քնքշություն տալու համար էին գործածում[8], չափազանց բացառիկ դեպքերում է հիշատակվում[9] և չէ ընդհանրանում։

Հայաստանյայց Ս. Եկեղեցու մեջ այդ ս. խորհուրդը կատարվում է` ըստ Քրիստոսի օրինակին ու պատվերին և առաքելական կարգով։ Կարգակատարությունն ևս կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից», որ արտահայտում է հիվանդի վիճակը և այդ ս. խորհուրդի էությունը։ Ամբողջ կարգը կատարվում է սաղմոսերգությամբ, աղոթքներով և Ավետարանի ընթերցումով, որոնց ընթացքում նախապես խնդրվում է Աստուծուց առաքել յուր «լույսն ու ճշմարտությունը» հիվանդին առաջնորդելու համար և ասվում է «Ողորմեա՛ ինձ, Աստված» ապաշխարական հրաշալի սաղմոսն` այն ևս խորհուրդի էության կարգում յոթն անգամ, այսինքն` յոթը մահացու մեղքերի փոխադիպությամբ։ Հիվանդը, միմիայն խոստովանելով ու զղջալով յուր մեղքերն ու հավատքով, հուսով ու սիրով զորանալով, դիմում է քահանայի աղոթքի ուժին, որ խնդրում է Աստուծուց` նայել հիվանդին «զի փրկեալ ի մեղաց, եղիցի արդարացեալ ի քեզ, զգեցեալ զՏէր մեր Յիսուս Քրիստոս»։ Արդարացած հիվանդը, զգենլով Քրիստոսին և Ս. Հոգու տաճարը դառնալով, նորոգվում է «ի նորոգութիւն մտաց», պատրաստում է յուր մարմինը «պատարագ կենդանի, սուրբ, հաճոյ Աստուծոյ»[10], և քանի որ արդեն «օծութիւն ունի առ ի սրբոյն»[11], նորոգվում է և մտնում երջանկության մեջ` ըստ այնմ, թե` «Երանի, ում թողութիւն եղեւ մեղաց, եւ ծածկեցան ամենայն յանցանք նորա»[12]։ Այդպիսով Քրիստոս, որ բարի հովիվ է և խնդրող մոլորյալ ոչխարի», հովանավորում է յուր հիվանդին և քահանայական աղոթքով, ընդնմին և Ս. Ավետարանի և օծված` շնորհագործ ձեռքի դնելով, առնում է յուր խնամքի տակ։ Խորհուրդի այդ էական կատարումը արտահայտվում է այսպես. «Եւ արդ, ես` ծառայս քո տկարս եւ անարժանս, դնեմ զձեռն իմ ի վերայ հիւանդիս այսորիկ, եւ կարդամ զահեղ աստուածութիւն քո, եւ խնդրեմ յառատ բարերարութենէդ քումմէ։ Առաքեա՛ զամենակարող զօրութիւն քո եւ բժշկեա՛ զախտս, զհիւանդութիւնս ծառայիս քո այսորիկ` նշանաւ ամենայաղթ խաչի քո, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան, եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ»։ Ըստ որում և հիվանդին հավատքի մեջ հոգեպես կրթելու համար կարդացվում է բժշկության Ավետարանը։

Քրիստոսի խոսքերն ևս երաշխավորում են մեզ[13], որ հիվանդը, ըստ յուր հավատքի զորության և ըստ յուր մարմնավոր ու հոգևոր հավասարակշռության, կարող է ապաքինել ու նորոգապես մտնել վերստին քրիստոնեական կյանքի մեջ։ Բայց եթե հիվանդը, հակառակ հանգամանքներում լինելով, մահվան վիճակվի, այն ժամանակ նա մինչև այդ վերահաս հրաժեշտի վայրկյանը կամոքվի ու կզորանա հոգով յուր մեղքերը զղջալու և, Փրկչի շնորհը խնդրելով, արիաբար առ նա դիմելու։ Իսկ այս խորհուրդի համար կա առանձին կարգ, որ լրացումն է վերոհիշյալին և կոչվում է` «Կանոն հաղորդ տալոյ», որում քահանան խոստովանեցնում է հիվանդին մեղքերն ու ճշմարիտ հավատքն և աղոթելով Աստուծո` արժանացնել նորան «յետին թոշակի շնորհաց», տալիս է Քրիստոսի մարմինն և արյունը «ի քաւություն մեղաց եւ ի բժշկութիւն մարմնոյ»։ Ապա և շրջապատողաց ու հիվանդի մեջ սիրո հաշտություն հաստատելով` քահանան արժանացնում է նորա վերջին կամքն ևս (կտակ), բարեգործական ուղղություն տալիս այդ կամքին և հիվանդի աչքերն ուղղում դեպի հավիտենական կյանքի քաղցրությունը։ Հետևաբար բժշկության և բոլորի գնալիք ճանապարհը ձգելու համար ուրույն-ուրույն կարգեր ունինք, ըստ որում, մինչդեռ «Հաղորդ տալու» կարգում վերջին թոշակն է շեշտվում, հիվանդաց կարգի նպատակն էլ սաղմոսներից հետո անմիջապես նախքան բուն խորհուրդի կատարումը որոշվում է այսպես. «Եւ եւս վասն հիւանդիս, որ յուսացեալ է կոչել զանուն Տեառն Աստուծոյ եւ զզօրութիւն նորա ի յօգնութիւն եւ ի բժշկութիւն հոգւոյ եւ մարմնոյ իւրոյ, որպէս զի ապրեսցի եւ կեցցէ եւ վերստին նորոգեսցի քահանայական աղօթիւք ձերովք եւ կարողութեամբն Աստուծոյ. զՏէր աղաչեսցուք»։ Նույն նպատակը հայտնապես պարզվում է և հիվանդաց կարգի հատուկ ձևակերպությանց մեջ, որպիսիք են «Կանոն դժվարածին հղի կնոջ» և «Վասն այսահարաց և լուսնոտից»։

Հռովմեական եկեղեցին յուր մարմնասիրական ուղղության համեմատ գրեթե առավել մեծ նշանակություն է տալիս այս խորհուրդին, քան թե ս. Հաղորդության հիվանդի համար։ Հակառակ Նոր Կտակարանի բոլոր վկայությանց, որոնք մի առ մի հիշեցինք վերը, նա այս խորհուրդը ոչ թե բժշկության և ապաքինության խորհուրդ է համարում, այլ «վերջին օծման», որ և կատարում է մեռնող չափահաս հավատացյալի վրա օծմամբ աչքերի, ականջների, ձեռքերի, քթի, բերանի, ազդրների ու ոտերի` «վասն մահացու հիւանդաց»125ա*։ Նորա այս ծանր մոլորությունը ԺԲ. դարից հին չէ, ոչ մի ապացուցություն չունի Ս. Գրքից և միևնույն ժամանակ վերացնում է ս. Հաղորդության խորհուրդի բացառիկ նշանակությունն, որով միայն կարող է հավատացյալը սրբվել և առ Աստված դիմել մահվան մահճից, ինչպես կանոնված է Նիկիո ս. ժողովի ԺԳ. կանոնով126*։ Հիվանդաց կարգին այսպիսի գերադաս նշանակություն տալով` Հռովմեական եկեղեցին օգտվում է հիվանդների նեղ վիճակից և յուր կղերի միջոցով հարուստ վախճանվածներից շահ կորզում։ Ալբերտ Մեծն ու Թովմա Աքվինացին ասում են, որ իբր թե մկրտության և ապաշխարության ներգործությունից դուրս է մնում հակումն դեպի չարը, որ արգելք է մեռնողի փրկության, իսկ այդ միայն օծմամբ է ոչնչանում։ Իսկ եթե հիվանդը հանկարծ լավանում է, պարտավորվում է բոբիկ ման չգալ և ամուսնությունից հեռու մնալ։

Երկրորդ` Հռովմեական եկեղեցին այս խորհուրդի մեջ էական նշանակություն է տալիս ոչ թե աղոթքին, այլ յուղին, որ և պետք է եպիսկոպոսն օրհնե և քահանայի գործադրության հանձնե։ Բայց մենք տեսանք, որ նախ` Նոր Կտակարանում յուղի գործածությունը կապված էր լոկ հրեա ժողովուրդի առօրյա սովորության հետ և շատ անգամ հազվադեպ է հիշվում, և երկրորդ` ոչ մի տեղ ասված չէ, որ այդ յուղը եպիսկոպոսի օրհնության կարոտություն ունենա. վասնզի այդ յուղը երկրորդական նշանակություն ունի և երբեք չի կարող այն նշանակությունն ու հիմքը ստանալ, ինչ որ ունի Ս. Հոգու շնորհաբաշխության միջոցյուղը դրոշմի մեջ։ Այդպես և Oրթոդոքս եկեղեցին էական նշանակություն է տալիս յուղին, սակայն յուղի օրհնությունը վերապահում է քահանային և այս խորհուրդը վերջին օծումն չէ համարում։

Յուղի նշանակությունը բարձրացնելով` մարմնավոր բժշկության համար ևս այնքան բազմացրել է նա նյութական միջոցները, որ հիվանդներն առավել գերադասում են մեծամեծ զոհաբերությամբ ճանապարհորդել, դիմել դոցա երևակայյալ փրկարարության, քան թե բժիշկների խորհրդածության։ Այդպես են զանազան սրբերի զգեստներ, սուրբ տեղերից վարդարաններ, ամեն ժամանակ և ամենուրեք գտնվող անհայտ սրբերի ոսկորներ, մեքենայական կրկնություն որոշ աղոթքների և այլն, որոնք յուրյանց հատուկ էությամբ փրկարար են քարոզվում ժողովուրդի մեջ։ Այս մոլար ուսմունքը պատճառ եղավ, որ Եվրոպայի հռչակավոր բժիշկները հնարեցին «ներշնչման» տեսությունն, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հոգևոր ազդումն հիվանդի վրա և համոզումն, թե ինքը կբժշկվի այսպես կամ այնպես։ Հիվանդն էլ, եթե ենթարկվում է բժշկի այդ ազդման և հավատում, բժշկվում է։ Բայց որովհետև բժիշկներն անձամբ չեն կարողանում ներշնչել այդպիսի հավատք, հաճախ ուղարկում են դարձյալ այն վայրերն, որտեղ ժողովուրդին շահագործում է կղերը։ Ուրեմն դարձյալ ժողովուրդի հավատքն է դեր խաղում և դժբախտաբար` հեթանոսական ուղղություն ստանալով։

Այս մարմնավոր ուղղությունը բավական էր, որ էլի բողոքական հեղափոխականներից հակառակության հանդիպեր և հիվանդաց կարգը ուղղակի լոկ սովորություն համարվեր ու մերժվեր։ Նոցա կարծիքով բավական է միայն հավատք հիվանդի համար, իսկ այս խորհուրդը ավելորդ է։ Իսկ Նոր Կտակարանի` գլխավորապես Հակովբոսի խոսքերը, որքան էլ այդ բողոքականք ուզում են սխալ բացատրությամբ նպաստավոր դարձնել յուրյանց մոլորության համար, չեն կարողանում։ Նոր Կտակարանի պատվերը ոչ մի սովորական բժշկության չէ վերաբերում, վասնզի այդ բժշկությունն առաքելոց աղոթքով և ձեռք դնելով էր կատարվում և ոչ յուղի զորությամբ, ոչ ուղղակի ներգործություն էր, վասնզի պահանջվում էր հիվանդների մեղաց զղջումն ու հավատք. նույնպես և բժշկությունը չէին կատարում առանձին շնորհով օժտված անձինք (Ա Կոր., ԺԵ 7-11), այլ քահանայք, չէին կատարում մի որևիցե լոկ տեսանելի միջոցով, և առանց քահանայական խոստովանության չէր իրականանում, զի այդ մի ս. խորհուրդ էր։ Ուրեմն Հռովմեական ու Բողոքական եկեղեցիները շեշտակի իրար հակառակ ծայրահեղությանց մեջ են ընկնում, մեկը` ուժ տալով մարմնավոր միջոցներին ու նոցա մեծ նշանակություն վերագրելով, իսկ մյուսը` մերժելով այդ մարմնավոր միջոցների հետ միասին նաև քրիստոնեական աղոթքի, հիվանդի հոգու քավության և քահանայի շնորհաբաշխ ձեռքի նշանակությունը նորա բժշկության համար։

Քրիստոսի օրինակին և առաքելական շավղին հավատարիմ մնալով` Հայաստանյայց Ս. Եկեղեցին զերծ է երկու այդ ծայրահեղ մոլորություններից։ Թե՛ Նոր Կտակարանից ու թե՛ այս կարգի խորհրդակատարությունից բերված վկայություններն արդեն ակներև ցույց են տալիս, որ այս խորհուրդն ոչ թե մեռնողների վրա է կատարվում, որոնց համար կա «Հաղորդ տալոյ» կարգն, այլ ծանր հիվանդների բժշկության համար է. երկրորդ` խորհուրդի կատարման հիմքը հիվանդի զղջումն է ու հավատքը. երրորդ` այս ս. խորհուրդը իրականանում է քահանայի աղոթքով, պատշաճավոր ընթերցվածքով և ձեռք, խաչ ու Ավետարան հիվանդի վրա դնելով. և չորրորդ` բժշկողն աստվածային զորությունն է և կարողությունը, իսկ տեսանելի միջոցներից միմիայն այնոնք են ընդունվում, որոնք հիշեցինք, և որոնք Աստուծո շնորհաբաշխության հատուկ միջոցներ են ընդհանրապես[14]։

Երկրորդական ու նշանակություն չունեցող միջոցներից փոքրիշատե ներվել է յուղի` իբրև հրեական կյանքի սովորություն և առաքելոց տեսած ու չարհամարհած նյութ։ Ուստիև Հայոց Հայրապետները երբեմն-երբեմն թույլատրել են քահանաներին օրհնել յուղը, ինչպես լինում է ոտնալվայի երեկոյին ոտներ օծելու համար, և այդ արել են նոքա, երբ հեթանոսական մոլորությանց դեմ կռվելով` հարկ են համարել վնասակար միջոցների տեղ այդ դնել և ժողովրդի հրեական ու հեթանոսական սովորությունները հետզհետե վերացնել։ Այսպես Ս. Հովհան Մանդակունին, մաքառելով գիր անելու, հարցուկների, բախտի ու ճակատագրի, օրերի խտրությանց, դյութերի, հմաների, թովիչների, կախարդների, ձկների ու սողունների ոսկորներից կազմված ծրարներին ու բժժանքներին հավատալու դեմ, ասում է. «Ինքեանք մոլորեալքն են, թողեալ զշնորհսն Աստուծոյ, զաղօթսն եւ զիւղն օծման, զոր պատուիրանք հրամայեցին հիւանդին, եւ զպահս եւ զաղօթս ցաւածին, եւ ինքեանք յուռութս եւ ի գիր զառածին»։ «Արդ ահա զշնորհսն Աստուծոյ եւ զզօրութիւն ս. խաչին լուծանես, եւ զպահս եւ զաղօթս, զոր պատուիրանք հրամայեն, եւ մուծանես զգիր պահապան, եւ զուռութս դիւթացն, որ ոչ թէ ի պատուիրանաց Աստուծոյ, այլ զգաղտնի նետս սատանայի ի ձեռն դիւթացն»։ Ս. Հայրապետը լավագույն է համարում աղոթքն ու պահքը և մերժում է հեթանոսական ժժմունքներն ու մինչև անգամ «պահապան գրերը»։

Արդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին, ոչ մի նյութի ինքնըստինքյան փրկարար նշանակություն չտալով, այստեղ ևս կատարելապես հետևորեն է վարվում` մերժելով այն ամենն, ինչ որ Աստուծո շնորհաբաշխության հատուկ ու մշտական միջոց չէ յուր բոլոր աստվածպաշտության մեջ, և ավանդիչ չլինելով Աստուծո շնորհաց ու զորության` կարող է յուր էության հետ կապել ժողովուրդի հավատքը։ Այդպես և գործածության մեջ չէ դնում յուղը, որ ո՛չ Քրիստոս է գործադրել կամ պատվիրել գործադրելու, և ո՛չ առաքյալներն են անհրաժեշտ միջոց դարձրել։ Մերժելով յուղի գործածությունը` չէ թույլ տալիս, որ մեղքերի զղջումը, Ս. Ավետարանով կրթվիլը, հավատքի զորացումը, աստվածային մշտական շնորհաբաշխության ձեռքը և աղոթքի զորությունը նյութի փոխարինվի, և հիվանդները չմոռանան խոստովանությունը` «յայն ապաւինեալ, թէ ի վերջին օրն օծանիմք ձիթովք բալասամինաւ եւ արդարանամք»։ Ըստ այսմ` հիվանդը պետք է համոզվի, որ «պիտանի է խոստովանիլ, քան օծանիլ»[15]։ Ուստիև որոշապես գծված է այս ս. խորհուրդի կատարման էությունը Մաշտոցի մեջ. «Յայնժամ կէսք ի քահանայից կալով յաջմէ հիւանդին, եւ կէսք` ի ձախմէ, եւ աւագերէցն եկեալ դնէ զԱւետարանն ի վերայ գլխոյ հիւանդին եւ ասէ զաղօթս»...։ Ուրիշ որևիցե պարագա չէ հիշվում այս կարգի մեջ։

Այս ս. խորհուրդի պաշտոնը պատկանում է քահանայական աստիճանին, նպատակն էլ ցույց է տալիս, որ կրկնելի է։

« ԽԵ. Ե. Պսակ Ամուսնության   |   ԽԷ. Է. Ձեռնադրություն »
© Gratun.org