Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԽԷ. Է. Ձեռնադրություն

Ա․ Ժողովուրդին ապաշխարություն քարոզելու, Քրիստոսով փրկություն շնորհելու ու նոր կյանք պարգևելու և Ս. Հոգով նորան այդ նոր կյանքի մեջ առաջնորդելու համար անհրաժեշտ են այդ բոլոր տալիք շնորհները լրապես ստացած ու Ս. Հոգով առանձնապես սպառազինված ընտրյալ պաշտոնյաներ։ Այդպիսի պաշտոնյաները կարող կլինին ծառայել յուրյանց կոչման միմիայն այն ժամանակ, երբ նախ հնարավորություն ունենան ստանալու Աստուծուց այն բոլոր շնորհներն, որոնք կամ որոնցից պետք է բաշխեն հավատացյալներին. և երկրորդ` պետք է միջոց ունենան որոշ կարգով ավանդելու յուրյանց ունեցածը։ Ստանալ Աստուծո շնորհները լոկ մարդահնար կարգով անկարելի է, վասնզի շնորհ տվողն Աստված է, և շնորհաց էությունն Աստված միայն գիտե, և ուրեմն նա միայն կարող է էապես յուր շնորհաց էության համապատասխան կարգ սահմանել։ Ավանդել Աստուծո շնորհները դարձյալ լոկ մարդահնար կերպով անկարելի է, վասնզի թե՛ նաև այս դեպքում շնորհաց էության համեմատ կարգը միմիայն Աստված կարող է որոշել ու թե՛ էապես միմիայն աստվածային կարգով ավանդածը կարող է ընդունող հավատացյալի համար հավաստիություն ունենալ։ Ահա այն ս. խորհուրդն, որով Աստուծո ընծայված և հավատքով կոչվածը Ս. Հոգու շնորհաբաշխության պաշտոնյա է դառնում, ձեռնադրության կամ քահանայության ս. կարգն է (Հաճ., ԺԱ 755)։

Ինչպես որ Աստուծո արքայության հաստատությունը սկսվեց Հին Ուխտով և կատարումն ստացավ Նորումը, այնպես և այս աստվածադիր քահանայությունն իբրև նախատիպ սահմանվեց Մովսես մարգարեի միջոցով և իսկական հաստատության հասավ Քրիստոսով։ Հին Ուխտում քահանայապետը Աստուծո հայտնության և Սրբություն Սրբոցի անմիջական պաշտոնյան էր, քահանան ստորադրյալ էր և սպասավորում էր Սրբության մեջ, և ստորին սպասավորներն էին ղևտացիք։ Թե՛ քահանայապետ ու թե՛ քահանա անունները բովանդակում են քահանա բառի իմաստն, որ է Աստուծո առաջ կանգնող սպասավոր127*, ըստ որում, թե՛ քահանայապետն ու թե՛ քահանան, յուրաքանչյուրը յուր պաշտոնի համեմատ, Աստուծո և մարդկանց միջնորդ էր, որ զոհաբերում, աղոթում ու քավում էր մարդկանց մեղքերը Աստուծո առաջ և մյուս կողմից ուսուցանում էր և Աստուծո կամքը հայտնում ժողովուրդին։ Աստուծո այդ սպասավորները կոչվում էին որոշ կարգով և որոշ կարգակատարությամբ նվիրվում էին Աստուծո տան պաշտոնին ու ծառայում էին Երուսաղեմում տաճարի մեջ[1]։

Նոր Ուխտում ևս այդ նախատիպն իրագործվեց առաքելոց ու նոցա կարգած պաշտոնյաների հաջորդությամբ, ըստ որում, Քրիստոս, ինքն իսկական քահանայապետ ու հաշտեցուցիչը լինելով Աստուծո և մարդու մեջ, ընտրեց առաքյալներ յուր եկեղեցու հաստատության և սպասավորության գործի համար և առաջնորդ տվավ նոցա Ս. Հոգուն յուր համբարձումից հետո Հոգեգալստյան տոնին։ Հունձը շատացավ և առաքյալներն ևս նորանոր պաշտոնյաներ սպառազինեցին, որպեսզի ամենուրեք քարոզվի Ավետարանը, և տարածվի Աստուծո արքայությունը. «Հրաման առին առաքեալն զսուրբսն կարգել ի սպասաւորութիւն եկեղեցւոյ Աստուծոյ, զի հաղորդ լիցի հրեշտակաց` սպասաւոր Քրիստոսի պատարագին»[2]։ Ըստ այսմ` առաքելական եկեղեցիները ունին քահանայապետներ առաքյալների փոխարեն, այլև եպիսկոպոսներ, քահանաներ ու սարկավագներ, որոնք սկիզբն առին այն ժամանակից, երբ առաքյալք, ընտրելով յուրյանց հասուն ու հավատազոր աշակերտներից, ձեռնադրում էին[3] հիշյալ պաշտոնների համար։ Նոքա, հաստատելով ձեռնադրության ս. Կարգն ու ձեռնադրության իրավունք տալով յուրյանց հաջորդներին, այնպես տնօրինեցին, որ եկեղեցու ընդարձակվելուն և զգացված կարևորության չափով ընտրյալ պաշտոնյաներ ևս ձեռնադրվին ամենուրեք։ Այսպիսով, ոչ թե միայն Երուսաղեմն է դառնում երկրպագության տեղ, այլ ամբողջ տիեզերքը (Հովհ., Դ 20), որտեղ հիշվում է Աստուծո Միածին Որդու անունն, ու մատուցանվում է անզեն պատարագը։ Ոչ թե միմիայն Ահարոնյան ցեղն է սպասավորում Աստուծո փրկագործության ս. խորհուրդին, այլ քանի որ իսկական քահանայապետն է Քրիստոս` «ըստ կարգին Մելքիսեդեկի», որ թե՛ պատարագում է ու թե՛ պատարագվում (Եբր., Ե), այժմ ամեն մի ճշմարիտ հավատացող, նվիրվելով նորան և նորա առաքելական հաջորդությամբ ձեռնադրական շնորհն ընդունելով, կարող է լինել Աստուծո այդ ս. Ուխտի սպասավորը։ Փոխվեց քահանայությունը, փոխվեց և սրբագործության օրենքն` ըստ նախատպին իսկականի իրագործվելով (Եբր., Է 12). եղավ «երկինք նոր և երկիր» (Ես., ԿԶ), ըստ մարգարեության և Ս. Հոգով նոր քահանաներ են հաստատվում փրկական ճշմարիտ սպասավորության համար։ Այժմ և ոչ թե միմիայն ընտրյալ ժողովուրդն է վայելում Աստուծո արքայության շնորհները, այլ յուրաքանչյուր հավատացյալ մտնում է այդ արքայության մեջ, վայելում է եկեղեցու ս. խորհուրդների փրկարար շնորհները Աստուծո շնորհագործած պաշտոնյաների միջոցով, սակայն յուր հավատքի կատարյալ համարձակությամբ։ Այլև այժմ ոչ թե միմիայն մի ընտրյալ ցեղի է վերապահվում Աստուծո պաշտոնն ու սպասավորությունը, ինչպես էր Հին Ուխտում Ղևու ցեղը, այլ յուրաքանչյուր հավատացյալ անձնապես ոչնչով չէ տարբերվում հոգևորականից և ինքն ևս կարող է, կոչումն զգալով, մտնել աստվածային տան հատուկ սպասավորության գործի մեջ (Ա Պետ., Բ 8-10)։


Բ. Ձեռնադրության ս. Կարգի խորհուրդի կատարումը իրագործվում է նախ` նվիրյալի ընտրությամբ ու նորա արժանյաց վկայությամբ յուր և եկեղեցու կողմից. երկրորդ` աղոթքով առ Աստված. երրորդ` ընթերցանությամբ պատշաճավոր կտորների Ս. Գրքից. չորրորդ` ձեռք դնելով. հինգերորդ` օծմամբ. վեցերորդ` պաշտոնի հայտարար իրը (սկիհ, բանալի, գավազան և այլն) հանձնելով նվիրյալին, և յոթներորդ` նվիրյալի դավանական խոստովանությամբ ու պարտյաց հանձնառությամբ։ Այս յոթը կետերի մեջ ս. խորհուրդի բունը կազմում են աղոթքն ու ձեռք դնելը, իսկ մնացած կետերը դոցա պարագայքն են, կամ թե շնորհաբաշխության արտահայտությունը, ինչպես օծումը քահանայական աստիճանից ի վեր։ Ըստ որում, բուն հոգևոր պաշտոնի առաջին աստիճանը իսկապես դպրությունն է, որ նույնպես ձեռք դնելով է լինում, մինչդեռ բուն հոգևոր կարգը սարկավագությունն է, որում ս. խորհուրդի կատարման արտահայտությունն ըստ վերադաս աստիճանավորությանց է կատարվում, որ է այս.

«Աստուածային եւ երկնային շնորհ, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական Եկեղեցւոյ, կոչէ (զայս անուն) ի դպրութենէ ի սարկաւագութիւն` ըստ վկայութեան անձին իւրոյ եւ ամենայն ժողովրդեանս»։ Եվ անմիջապես հետո.

«Ես դնեմ ձեռս ի վերայ սորա. դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան սարկաւագութեան անարատ պաշտել առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ»։

Ձեռք դնելն այն արտաքին միջոցն է, որով առաքելական հաջորդականությամբ ավանդվում է նվիրյալին Աստուծո շնորհը։ Այդ կար նաև հին Ուխտում[4] իբրև ստվերական նախատիպ։ Նոր Ուխտում առհասարակ աստվածային շնորհաց ավանդման եղանակն է ձեռք դնելը, որ գործ էր ածում նաև Քրիստոս, իսկ առաքյալները` մկրտության միջոցին Ս. Հոգի ավանդելու համար։ Սակայն ձեռնադրությունը մի անհրաժեշտ միջոց էր, որով առաքյալներն ընտրյալ ընծայացուներին ավանդում էին այն շնորհն, որ պահանջվում է Աստուծո պաշտոնյա դառնալու համար։ Նոքա թե՛ ձեռնադրությամբ ավանդում էին և թե՛ պատվիրեցին յուրյանց հաջորդներին այդպես անել[5]։ Այդ արտաքին միջոցով ընծայացուն ստանում էր Ս. Հոգու շնորհն յուր նոր պաշտոնի համար[6]։ Ուրեմն ձեռք դնելով և աղոթելով` ավանդվում է նվիրյալին այն շնորհն, որ խնդրվում է Աստուծուց, և որ ստացել է ձեռնադրողն առաքելական հաջորդությամբ ավանդաբար։ Իսկ Ս. Հոգու իջման բուն արտահայտությունը օծումը լինելով` քահանայական աստիճանից սկսած ձեռնադրության իրագործման իբրև լրումն ս. մյուռոնի օծմամբ է կատարվում պաշտոնի բարձրության համեմատ։ Կաթուղիկոսն էլ, որ շնորհաց լրումն ունի իբրև առաքելական փոխանորդ, ստանում է գագաթի իսկական օծումը 12 առաքելոց համեմատ 12 եպիսկոպոսների ձեռքով «ճառագայթակերպ խաչի» ձևով, վասնզի, ըստ Ահարոնյան օծման օրինակին,[7] Ս. Հոգու շնորհաց զեղումը թափվում է առաքյալների հաջորդի գլխին և ճառագայթվում խաչակիր հավատացյալների վրա։

Ինչպես որ առաջին դարերում կային առաքյալներ, տեսուչ կամ եպիսկոպոսներ ու երեցներ, այլև սարկավագներ և ստորին սպասավորներ, այնպես էլ Հայաստանյայց Ս. Եկեղեցին ունի առաքելական փոխանորդներ, եպիսկոպոսներ, քահանաներ ու սարկավագներ յուրյանց երկրորդական ստորադաս աստիճանավորություններով և սպասավորներով։ Ստորադաս բարձր աստիճանավորություններն են մասնավոր կաթուղիկոսք (Սսո և Աղթամարա), պատրիարքներ կամ Հայրապետական փոխանորդներ (Երուսաղեմի ու Կ. Պոլսի) և արքեպիսկոպոսներ, որոնք բոլորն ևս ընդհանրական Կաթուղիկոսի առաքելական շնորհաց մասնավոր ճյուղավորություններն են։ Ընդհանրական Հայրապետն ունի Ս. Հոգու պարգևելի բոլոր շնորհներն, որոնք և նա բաշխում է յուր ձեռնադրությամբ կամ օրհնության Կոնդակով յուր ստորադրյալ պաշտոնյաներին։ Բոլորի իրավունքներն ու պարտիքներն ևս սահմանվում են ըստ շնորհաց[8], հիշվում են ձեռնադրության աղոթքների կամ թե Կոնդակի մեջ, և ուրեմն ոչ ոք չի կարող յուր եկեղեցական իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք պատահաբար ձեռք են բերվում քաղաքական հանգամանքների մեջ։ Եկեղեցականները ստորադրվում են իրար և գործադրում են յուրյանց իշխանությունը միմիայն` ըստ շնորհաց պարգևին, ըստ Ավետարանի վարդապետության և ըստ Հայաստանյայց Ս. Եկեղեցու կանոնական սկզբանց։ «Զի ոչ եթէ տիրեմք ձեզ հաւատովքս, այլ գործակից եմք շնորհացդ ձերոց, քանզի հաւատովք հաստատեալ կայք», ասում է Պողոս առաքյալն յուր հավատացյալներին (Բ Կոր., Ա 23)։ «Պարտ է նորոց հովուացս հեզութեամբ եւ հանդարտութեամբ հովուել զժողովուրդս որպէս հովիւք զհօտս, եւ ոչ ճոխութեամբ եւ սաստկութեամբ ըստ աշխարհի իշխանաց», ասում է Ս. Ներսես Շնորհալին, այնպես որ, նույնիսկ առ հանցավորները պետք է, ըստ շնորհաց, «զսաստն ի կիր արկանել»[9]։ Եվ որովհետև հոգևորականը ձեռնադրությամբ միմիայն այդքան է ստանում, որքան հիշվում է ձեռնադրության միջոցին, բնականաբար այս սկզբունքից շեղվողն եղծվում է յուր իշխանությունից իբրև ելնող ս. Հոգու այն շնորհներից ու ներգործությունից, որոնց ենթակա է նա միմիայն արժանապես։ Այդպիսի հոգևորականը դատապարտվում է` ըստ Քրիստոսի վարդապետության[10] և մերժվում է յուրաքանչյուր հավատացյալից։

Բոլոր ձեռնադրվողների համար երաշխավոր է Կաթուղիկոսը, որի ընդհանուր պարտավորությունն է անխախտ պահել Հայաստանյայց ս. Եկեղեցու վարդապետական, դավանական ու վարչական ավանդական հարազատությունը, վասն որո և նա ընտրվում է ամբողջ Եկեղեցու լրումից և օծվում է տասներկու եպիսկոպոսներից, այն է` իբրև առաքելոց լրումից և եկեղեցու ներկայացուցիչներից։ Նա հանդիսապես ուխտում է հավատարիմ մնալ Հայաստանյայց Ս. Եկեղեցու առաքելական ու հայրապետական կարգաց և իրավանց։ Այնուհետև թե՛ մյուռոնի, այն է` Ս. Հոգու շնորհաց ավանդական միջոցի, և թե՛ եպիսկոպոսների ձեռնադրությունն ինքն է կատարում և ստորադրյալ բոլոր պաշտոնյաների շնորհագործությունը ճյուղավորում։ Ուստիև նա կոչվում է նույնպես Եպիսկոպոսապետ, Քահանայապետ, Ընդհանրական Հայրապետ ու ծայրագույն Պատրիարք։ Նա յուր պաշտոնյաների միջոցով զարկ է տալիս Հայաստանյայց ս. Եկեղեցու քարոզչական, դաստիարակչական և ուսուցչական հառաջադիմության և պահպանում է մոլորություններից ու զեղծումներից129*։

Ինչպես Ամենայն Հայոց Կաթուղիկոսն ամբողջ Եկեղեցու գլուխն է և պատասխանատու է Աստուծո և Հայաստանյայց Եկեղեցու Ս. Հայրերի ու նորա ավանդական հաստատության առաջ, այնպես էլ վիճակավոր առաջնորդը գլուխ է յուր վիճակի ու պատասխանատու է թե՛ դոցա և թե՛ Կաթուղիկոսի առաջ, նույնպես և քահանան գլուխ է յուր համայնքի և պատասխանատու է թե՛ Աստուծո, Հայաստանյայց Եկեղեցու Ս. Հայրերի ու նորա ավանդական հաստատության և թե՛ յուր եպիսկոպոսի ու Կաթուղիկոսի առաջ։ Բոլորի իրավունքներն ու պարտիքներն էլ հաստատված են առաքելական վարդապետության հիմունքների վրա[11], որոշված են առաքելական կանոնադրությամբ ու ձեռնադրության կարգով և սահմանված են Հայաստանյայց Ս. Եկեղեցու Ս. Հայրերի հնավանդ առաքելական ու ժողովական կանոններով։ Եվ ինչպես որ կաթուղիկոսը ձեռնադրում է հոգևորականներ առհասարակ բոլոր վիճակների համար, այնպես էլ առաջնորդը` քահանաներ, սարկավագներ ու սպասավորներ է ձեռնադրում` ըստ ընտրության պատշաճավոր համայնքի և ըստ Հայրապետական տրամադրության։ Ընդսմին` յուրաքանչյուր հոգևորականի իրավունքն ու պարտիքը հաստատվում է մի սկզբունքի, մի հիմունքի վրա, այն է, որ նորա իշխանությունը սահմանվում է ձեռնադրության միջոցին, և նա պատասխանատու է բոլոր վերադաս հոգևորականաց առաջ, այլև այն ամենքի առաջ, որոնց առաջ պատասխանատու են նույնիսկ այդ վերադաս հոգևորականք։

Ձեռնադրության ս. կարգում կա օրհնության և ապա բուն ձեռնադրական աստիճան. օրհնության աստիճանը սկսվում է Եկեղեցու սպասավորական ամենաստորին դիրքից, ըստ որում, օրհնվում են նախ` սաղմոսերգու և ավելածու, հետո` [Ա.] դռնապան, որ է ս. կարգի առաջին աստիճանը. Բ. ընթերցող. Գ. երդմնեցուցիչ և Դ. ջահընկալ։ Իսկ բուն ձեռնադրությունը սկսվում է Ե. դպրությունից կամ կիսասարկավագությունից, որ և տրվում է եպիսկոպոսի ձեռնադրությամբ։ Այս աստիճանին հետևում են` Զ. սարկավագություն և Է. քահանայություն։ Սակայն Հայաստանյայց Եկեղեցու ս. կարգի իրական դասակարգությունն է. Ա. Կաթուղիկոս ամենայն Հայոց, Բ. Փոքր կաթուղիկոսք, Գ. Արքեպիսկոպոսք (պատրիարք), Դ. Եպիսկոպոսք, Ե. Վարդապետք` մասնավոր ու ծայրագույն իշխանությամբ, որ ուսումնական աստիճան է և տրվում է առանձին ձեռնադրությամբ, Զ. Աբեղայք ու քահանայք, Է. Սարկավագք, Ը. Դպիրք, Թ. Սպասավորք։ Սոքա ամենքն էլ վերոհիշյալ աստիճանական կարգով են ձեռնադրվում և աստիճան առ աստիճան բարձրանում կա՛մ միանգամայն (ինչպես Մեծն Ներսես և Զաքարիա կաթուղիկոսը), կա՛մ հետզհետե ժամանակի ընթացքում արժանանալով։


Գ. Քանի որ ձեռնադրվողը պետք է ունենա որոշ պատրաստություն և ընդունակություն Ս. Հոգու շնորհներով սպառազինվելու համար, պարզ է, որ այդ շնորհաց համեմատ էլ յուրաքանչյուրը պետք է համապատասխան կատարելության պայմանների հակառակ չլինի։ Կատարելության այդ պայմաններն են.

1. Մարմնի ու չափահասության կատարելություն, որպեսզի թե՛ յուր հոգևոր կատարելությունը ցոլացնե նաև արտաքուստ` ժողովուրդին վրա ոչ միայն լսողությամբ, այլև տեսողությամբ ազդելու համար, և թե՛ այրական հաստատամտություն ունենա յուր գործունեության մեջ, մանավանդ որ մարմնական թերություններն ու տղայական փոփոխամտությունը ծաղրական կդարձնեն լրջության ու ճշմարտության պաշտոնյային (Բ Տիմ., Դ 9)։ Այդ սկզբունքը կար Հին Ուխտի նախապատրաստական եկեղեցում, առավել ևս պահելի է Նոր Ուխտի իսկական եկեղեցում (Ղևտ., ԻԱ 17-23)։ Նույնպես և ազատ տղամարդը կարող է քահանա դառնալ, վասնզի «այրն է տիրական» և ոչ կինը և ծառան կամ ճորտն ու ստրուկը[12]։ Այդպես և ընծայացուն պետք է լինի օրինավոր ու բարոյական կյանքի ժառանգ, որպեսզի նորա մարմնավոր ու չափահասության կատարելությունն, ըստ ժառանգականության օրինաց ևս, հավաստի լինի ժողովուրդի համար։

2. Մտավոր ու բարոյական պատրաստություն, վասնզի առանց ժամանակի պատշաճավոր գիտության, առանց աստվածաբանական ուսման և առանց վայելուչ կյանքի տրամադրության ոչ ոք չի կարող ընդունարան լինել Ս. Հոգու շնորհաց, ինչպես տեսանք նախընթացում, և ոչ էլ կարող է այդ շնորհաց համեմատ գործիչ լինել, ուստիև գիտություն ու վարք առանձնապես պահանջում է Ս. Գիրքը և դատապարտում է տգիտությունն ու չար վարքը[13]։ «Սնանիցիս բանիւք հաւատոց եւ բարւոք վարդապետութեամբն, զորոյ զհետն իսկ եղեր». «օրինակ լինիջիր հաւատացելոց բանիւք, սիրով, հաւատովք, սրբութեամբ», հրամայում է յուր ձեռնադրածին Պողոս առաքյալը։ Ուստիև հրաման տալիս Տիմոթեոսին. «Ձեռս վաղվաղակի իւրուք վերայ մի դնիցես եւ մի կցորդ լինիցիս մեղաց օտարաց. զանձն քո սուրբ պահեսջիր» (Ա Տիմ., Ե 22)։ Այդպես և Մաշտոցում որոշված է. «Աստուածային իշխանութիւնն ի վերայ անարժանիցն ոչ հանգչի»։ Չէ՞ որ Քրիստոս էլ ամբողջ երեք տարի սովորեցրեց յուր աշակերտներին և ապա Ս. Հոգի տվավ։ Մաշտոցում գեղեցկապես պատվիրվում է եպիսկոպոսին. «Զի թէ տգէտ իցէ, ոչ ձեռնադրեսցէ զնա, զի տգիտութիւնն անբանից է, եւ անբանն ոչ լինի քահանայ։ Վասնորոյ ասէ մարգարէն. «Շրթունք քահանային զգուշասցին գիտութեան, զի բերան Տեառն ամենակալի է»[14]։ Արդ, զոր ինչ ի բերանոյ ամենակալին ասացեալ է, պարտ է գիտել քահանային, եւ ապա բերան նորա կոչիլ»[15]։ Այս են պահանջում Ս. Թադեոս առաքյալից սկսած Հայաստանյայց Ս. Եկեղեցու բոլոր առաքելական ու ժողովական կանոնները[16]. այս է ասում և Ս. Սահակը` խստությամբ դատապարտելով տգետ հոգևորականներին130*։ Այսպես և Ս. Հովհան Մանդակունին խստիվ արգելում է կաշառքով ձեռնադրել տգետներին և շնորհավաճառ լինել Սիմոնականության մեջ նզովվելով[17]։ Ուստիև ձեռնադրության միջոցում եպիսկոպոսը հարցնում է ոչ միայն հավատքի, վարքի, առաքինական ձգտումների և անձնվիրության մասին, այլև հարց է տալիս. «Ունի՞ զուսումն քահանայութեան լիով եւ զգիտութիւն աստուածային օրինաց։ Զի որ ոչ ունի զգիտութիւն Ս. Գրոց, նաեւ ոչ զզօրութիւնն Աստուծոյ, որ ի նմա` ըստ Աւետարանին, մի գուցէ յանցանիցէ»։ Հայաստանյայց Ս. Եկեղեցին բարձրացնում է ուսման վարկը մանավանդ այնով, որ ուսման աստիճան էլ ունի, և նորան մեծ նշանակություն է տալիս, այդ է վարդապետությունը, որի մասնավորությունը չորս աստիճան է, իսկ ծայրագունությունը` տասնուչորս, և այս աստիճանը քարոզչական անկոպար իշխանություն ունի, և այդ ծայրագույն իշխանություն ունեցող հոգևորականն է կոչվում վարդապետ[18]։ Եվ հոգևոր ուսման (բնագիտական, դավանաբանական, պատմական, աստվածպաշտական և գործնական) ընթացքի որոշ ծրագիր ևս կար «ըստ կարգի ժամանակին», որ ճշտիվ պահպանվում էր այդ վարդապետաց մեջ[19]։ Սակայն ինչ էլ որ լինի ծրագիրը, էական է նորա սկզբունքն, այն է, որ ընծայացուն ունենա յուր կոչման, պաշտոնի և հովվական ասպարիզում պահանջվող գիտությունը` «ուսումն քահանայութեան լիով, եւ գիտութիւն աստուածային օրինաց», բնականաբար, ըստ ժամանակի աստվածաբանական գիտության հառաջադիմության Հայաստանյայց Ս. Եկեղեցում անշեղապես133*։ Այս լավ հասկանալով` մեր Ս. Հայրապետները գրեթե ամենայն դարում շեշտել են նույն ծրագիրը ընդհանուր որոշմամբ և երբեք ժամանակի հետ հակասության մեջ չեն ընկել։ Բայցև չեն թողել, որ լոկ արտաքին գիտություններին նվիրված միակողմանի մարդիկ եկեղեցու այդ սրբության մեջ մտնեն, և ոչ էլ քաջալերել են արտաքին գիտությանց տգիտությունն, որքան կարելի է եղել ժողովուրդի միջոցների հանգամանքներում։

3. Աստվածային կոչումը, ըստ որում, «ոչ թէ որ զանձն իւր ընծայեցուցանէ, նա է ընտրեալ, այլ զոր Տէրն ընծայեցուցանէ»[20], այնպես որ Աստված ինքը պետք է շարժե մարդուն դեպի այդ ս. գործը, և մարդը պետք է հավատքով զգա մի ներքին մղումն դեպի Աստվածային սպասավորություն և ոչ թե լոկ հացի խնդրի կամ դիրքի ու պատվի, կամ աշխարհային որևիցե ձգտմամբ ու նպատակով դիմի դեպի այդ պաշտոնը[21]։ «Արդ հայեա՛ յանձն քո քահանայդ, եւ ծանիր զքեզ, զինչ է վաստակ քո քահանայութեանդ, եւ զի՞նչ գործ ստացեալ ունիս։ Ոչ հերկահար ես ժողովրդեանդ, եւ ոչ արտունձ եւ կասող, այլ յուսուցանել եւ ի խրատել կարգեցար, մերժել եւ յանդիմանել։ Այս է գործ քահանայութեան, եւ միշտ հարկ հանապազ»..., գրում է Ս. Հ. Մանդակունին134*։ Ահա այս նպատակով ոգևորված պետք է կոչում զգա ընծայացուն։ Այս պատճառով և նախքան ձեռնադրությունը հարցնում է եպիսկոպոսը, արդյո՞ք կամավորապես է հանձն առնում Քրիստոսի լուծը և արդյո՞ք թողել է աշխարհային հոգսերն, ընտ անիք ու սովորական կյանքը. «Զի ոչ կարէք, ասէ, երկուց տերանց ծառայել. զի որ ոչ թողու զայս ամենայն, եւ ոչ առնու զխաչ իւր եւ գայ զկնի իմ, չէ ինձ արժանի»։

Կոչման գեղեցիկ օրինակներ է տալիս ինքն Քրիստոս. «Ասէ ոմն ցնա. Եկից զկնի քո յոր վայր եւ երթիցես։ Ասէ ցնա Յիսուս. Աղուէսուց որջք գոն, եւ թռչնոց երկնից դադարք, եւ Որդւոյ Մարդոյ ոչ գոյ, ուր դիցէ զգլուխ։ Ասէ զմիւս եւս։ Եկ զկնի իմ։ Եւ նա ասէ` Տէր, հրաման տուր ինձ երթալ նախ թաղել զհայր իմ։ Ասէ ցնա Յիսուս` թող զմեռեալսն թաղել զմեռեալս իւրեանց, եւ դու երթ պատմեա՛ զարքայութիւն Աստուծոյ։ Ասէ եւ այլ ոմն. Եկից զկնի քո, Տեր, բայց նախ հրաման տուր ինձ հրաժարել ի տանէ իմմէ։ Ասէ ցնա Յիսուս. Ոչ ոք արկանէ ձեռն զմաճով եւ հայիցի հետս, եթէ յաջողեալ իցէ արքայութեան Աստուծոյ»[22]։ Մեկն ուզում է կոչվիլ, բայց հառաջիկա դժվարությանց պատճառով հետ է մղվում[23]։ Վերջինն էլ չէ կարողանում լիովին նվիրվել աստվածային պաշտոնին, այլ հետ է նայում դեպի աշխարհայինը[24]. մինչդեռ միայն երկրորդն է իսկապես կոչվում, որ Քրիստոսի աշակերտն է և արիություն ունի ամեն ինչ Քրիստոսի համար թողնելու[25]։

4. Երբ կոչումը ճշմարիտ է և սրտանց, այն ժամանակ Աստված կհաջողեցնե ժողովուրդի ինքնաբերաբար ընտրությունը` նոցանից բարի վկայություն և սիրահոժար խնդիր հառաջացնելով հոգուտ ընծայացվին։ Այս անհրաժեշտ է, վասնզի քահանայի պաշտոնը հիմնվում է ժողովուրդի և քահանայի փոխադարձ հարաբերության ու սերտ կապի վրա, հետևաբար հակումն ու հոժարությունը պետք է երկուստեք լինի, որ քահանան գիտենա, թե ինքն այդ հոտի հովիվն է, և այդ հոտը ճանաչե յուր հովվին իբրև նորա խոնարհ ու հավատարիմ հոտը։ Հոտն ու հովիվը իրար հետ «խուժ և դուժ» չպետք է լինին և այդ իսկ պատճառով Հայաստանյայց Ս. Եկեղեցին գերադասել է ընտրական սկզբունքը, վասնզի որին ընտրում ես, նորա իրավանց ևս պարտական ես։ Հովիվը, լինելով յուր հոտի միջից, մի ընտանիք է կազմում նորա հետ` իբրև հայր յուր ազատակամ որդիների հետ սիրալիր ուխտի մեջ մտնելով։ Վասն որո և ձեռնադրության սկզբումն իսկ խնդրվում է ձեռնադրվողից, «խնդրէ ի քէն մայրս մեր Ս. Եկեղեցի, զի ձեռնադրեսցես (զայս անուն) սարկաւագս, զոր ընծայէ քեզ յաստիճան քահանայութեան»։ Խնդրում է եկեղեցին, այսինքն` ոչ թե լոկ ժողովուրդն և ոչ էլ միմիայն հոգևորականությունն, այլ եկեղեցին, որ ինչպես տեսանք նախընթացքում, կազմվում է այդ երկուքի միությունից։ Հետևաբար ժողովուրդը ընտրում է կամ պետք է ընտրե այնպիսի ընծայացու, որ Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետության, կարգերին ու կանոններին համապատասխանի, իսկ այդպիսի ընտրյալը անպատճառ ընտրյալ է նաև հոգևորականության համար և չի կարող մերժվիլ։ Այն ընծայացուն, որ այսպես չէ ընտրվում, յուր կյանքի ամենամեծ քայլը մեղքով է անում և չի կարող անպատիժ մնալ։

5. Դիմելով դեպի ձեռնադրություն` նա պետք է հանձնառու լինի և պատրաստ` հոգով, սրտով ուսումնասիրել ու տոկալ միշտ Ս. առաքյալների, հայրապետների և առհասարակ Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետության, կանոնների, ավանդության և այլ կարգերի մեջ` երբեք չշեղվելով այդ ամենից։ Նա պետք է այդ ամենը սիրե և հավատքով բարձր դասե յուր կյանքի բոլոր նպատակներից, որպեսզի կարողանա ունենալ այն, ինչ որ կամ որից պետք է բաժին հանե յուր հավատացյալներին, յուր հոտին և յուր հետևողներին։ Ուստիև ձեռնադրության միջոցին պահանջվում է ընծայացվից ուղիղ դավանություն հավատո, մերժումն 159 հերձվածողաց ու հերետիկոսաց և խոստումն ըստ ամենայնի հնազանդվել Ս. առաքյալների, Ս. հայրապետների և Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետության և ավանդության։ Եվ այս այնքան էական է, որ հոգևորականին ոչ մի պակասության համար իրավունք չէ տրվում ժողովրդականներին դատել ու դատապարտել, մինչդեռ անհավատ կամ հերետիկոս հոգևորականի վրա ամենայն ոք իրավունք է ստանում յուր քարը ձգելու։ Ըստ որում և Ս. Հովհան Մանդակունին, արգելելով ուրիշի մեղքը, մանավանդ հոգևորականի մեղքը քննելու, ասում է. «Բայց եթէ ի հաւատս ինչ անպիտան իցէ, եւ թիւրս ինչ ուսուցանիցէ, փախիր ի նմանէ, մի՛ մերձենար եւ մի՛ ճաշակեր եւ մի՛ հաղորդիր ընդ նմա եւ մի՛ հուպ լինիր, զի որ ի նմա հաւատս թերին է, եւ թիւրս ինչ ուսուցանիցէ, եթէ Պօղոս իսկ իցէ, կամ հրեշտակ, մի հաղորդիցիս (Գաղ., Ա 8), զի չէ առանց պատժոց անխտիր հաղորդիլն։ Զի վասն հաւատոց` քո է քննել եւ վասն վարուց Աստուծոյ է դատել135*։ Եւ եթէ ի հաւատս առողջ իցէ քահանայն, հնազանդ եւ եթ լեր նմա, վասն վարուց մի ինչ հայհոյեր»։ Եվ այս պարզ է, վասնզի քահանայի պաշտոնը հավատքով է տրվում, իսկ մեղքը կապված չէ նորա պաշտոնի հետ, այլ վերաբերում է նորա սխալական մահկանացու անձին, և պատասխանատու է նա Աստուծո առաջ։ Վասն որո և Մաշտոցի կանոնը հրամայում է ձեռնադրողին` նախքան ձեռնադրելը պահանջել ընծայացվից մոլորությանց նզովումն և ճշմարիտ դավանության խոստովանումն. «Քանզի իջանէ Հոգին Սուրբ Աստուած բաշխողն շնորհաց` յայնպիսի սեղանն սրբութեան եւ ի դաւանողսն ուղղափառութեան, եւ հանգչի յօծեալն յայն, որ ճանաչէ զօտարն եւ զընտանին»։

6. Հոգով հավատքի մեջ տոգորելով` ձեռնադրվողը պետք է նվիրված լինի աստվածային գործունեության[26] թե՛ խոսքով ու թե՛ գործով։ Նա պետք է, առաքելական ոգով վառված, Ս. Գրքով և Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետությամբ և ավանդությամբ առաջնորդվի յուր ամեն ընթացքում և անխոնջ ջանասիրությամբ գործե հավատացյալների մեջ Աստուծո արքայությունը հաստատելու համար։ Նորա սկզբունքը պետք է լինի. «Արդ, եթէ ուտիցէք, եթէ ըմպիցէք, եթէ զինչ եւ առնիցէք, զամենայն ինչ ի փառս Աստուծոյ արասջիք։ Առանց գայթակղութիւն դնելոյ Հրէից եւ հեթանոսաց լինիջիք եւ եկեղեցւոյն Աստուծոյ։ Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ, ոչ խնդրեմ զանձին օգուտ, այլ զբազմաց, զի ապրեսցին»։ Ըստ որում և ձեռնադրվողը խոստանում է` «առանց ձանձրանալոյ յամենայն զգաստութեամբ կալ ի պաշտօնն Աստուծոյ եւ ոչ փոխանակել զգործն Աստուծոյ ընդ մարմնաւոր գործոց», և ուխտել «յանձին զհետ երթալ ընթացիցն Քրիստոսի, յաղքատութիւն, ի քաղց, ի ծարաւ, ի վիշտս, ի հալածանս, ի նախատինս, ի չարչարանս վասն Քրիստոսի»։ Այս պահանջն անհրաժեշտ է, վասնզի քահանայական պաշտոնի էությունը նույնիսկ այս է, որ ընծայացուն ուխտում է գերադասել աստվածային պաշտոնը, աստվածային գործը և յուր հոտի հոգատարությունն ամեն անձնական, ընտանեկան, ազգակցական և շահադիտական գործերից և զբաղմունքներից, և ոչ թե նվիրվելով այդ ուխտին` վերստին զառածել աշխարհասիրության մեջ կրկնակի պատժի արժանանալով` մեկ իբրև մեղանչող, մեկ իբրև ուխտազանց և մեկ իբրև առավել վնասակար այդ վարմունքով ու գայթակղեցնող։

7. Սույն այս պայմանների վրա հաստատված ընծայացուն կարող է հավատքով դիմել և Հայաստանյայց Ս. Եկեղեցու եպիսկոպոսական ձրի ձեռնադրությամբ ընդունել Ս. Հոգուն, զինվիլ նորանով, մտնել պատերազմի դաշտը և հաղթաբար հարատևել հավատքի գործունեության ու ճշմարտության այգու մշակության մեջ։ Միմիայն հիշյալ բոլոր պայմաններին համապատասխանողը կարող է հուսալ, որ Հայաստանյայց Ս. Եկեղեցու առաքելական ավանդական ձեռնադրությամբ կստանա Ս. Հոգի, կզորանա նորա շնորհներով և լուսավորություն կծավալե հավատացյալների մեջ։ Միմիայն այդպես ձեռնադրվողը հաստատապես համոզված կլինի ու կհավատա, որ յուր մեջ Ս. Հոգին է գործում, առաջնորդում ու զինավառում։ Նա, որ ոչ թե արժանապես, այլ սիմոնականությամբ է ուզում ապրուստի պաշտոն դարձնել այդ սուրբ կոչումը (Գործք, Ը 18-23), չի հասնիլ և ոչ մի նպատակի, վասնզի շնորհը դրամով չէ ստացվում, այլ` հավատքով։ Յուր այդպիսի ձեռնադրյալին էր ասում Պողոս առաքյալը. «Վասնորոյ յիշեցուցանեմ քեզ արծարծել զշնորհսն Աստուծոյ, որ են ի քեզ ի ձեռնադրութենէ իմմէ։ Զի ոչ ետ մեզ Աստուած հոգի վհատութեան, այլ զօրութեան եւ սիրոյ եւ զգաստութեան։ Մի այսուհետեւ ամօթ համարիցիս զվկայութիւն Տեառն մերոյ...։ Ունիցիս օրինակ ողջմտութեան բանիցն, զորս յինէն լուար, հաւատովք եւ սիրով, որ ի Քրիստոս Յիսուս»։ «Զգոյշ կացէք անձանց եւ ամենայն հօտիդ, յորում եդ զձեզ Հոգին Սուրբ տեսուչս հովուել զժողովուրդ Տեառն, զոր ապրեցոյց արեամբ իւրով»[27]։ Հետևաբար Աստուծո ճշմարիտ պաշտոնյան լինելու համար ամենամեծ պայմանն այն է, որ ընծայվողը ամուր հավատքով և հաստատամիտ համոզմունքով վստահ լինի այն շնորհաց աստվածայնության վրա, որոնք ինքն է ստացել, կամ հայտնապես գիտենա, որ յուր հավատավոր գործունեության մեջ ինքն` Ս. Հոգին է գործում։ Առանց այս հավատքին ու լուսավոր համոզմունքին ընծայվածը չի կարող կատարել յուր տված խոստումները և ամեն մի քայլափոխում աշխարհասիրության վտանգի մեջ կլինի ու չի կարող ճշմարիտ մշակ ու գործիչ լինել Աստուծո արքայության համար։ Ամենավնասակար հոգևորականը նա է, որ մտնում է այդ կոչման մեջ և ընդունում ձեռնադրությունն առանց հավատալու, որ այդ կոչումն աստվածային է, և ձեռնադրությունը տալիս է նվիրյալին Ս. Հոգու շնորհները լիուլի։ Նվիրյալին է ասում Ս. Հովհան Մանդակունին. «Պօղոսն ասում է. «Նմանողներ եղէք ինձ, ինչպէս եւ ես` Քրիստոսին»։ Ահա դու նույն ինքը Պողոսն ես, որ քարոզում ես, և նույն ժողովուրդն է, որ ուսուցանում ես։ Եվ ահա նա էլ մարդ էր քեզ նման, Կիլիկիա գավառից Տարսոն անունով քաղաքից. և քեզանից ավելի բան չուներ, բացի միայն հոժարություն և այն վաստակն, որով Ս. Հոգու շնորհներն ընդունեց։ Քո առաջ ևս արգելք չկա, միայն թե հոժարես ու վաստակես և Ս. Հոգու շնորհներն ստանաս» (84)։ Ըստ որում, հավատքով և արժանապես ձեռնադրվողը դառնում է Ս. Հոգու ճշմարիտ սպառազեն ու քաջ պաշտոնյան ու գործիչը։ Սակայն շնորհաբաշխության համար նշանակություն չունի քահանայի արժանիքը, եթե շնորհք ստացող հավատացյալը հավատքով է մոտենում դեպի ս. խորհուրդները։ Աստուծո շնորհը նաև անարժան քահանայի շնորհագործությամբ իջնում է հավատացյալի վրա, ուստիև հարգվում է ոչ թե քահանայի անձնավորությունն, այլ նորա պաշտոնը. «Վասն զի ամէն ոք, որ պատւում է քահանային, Աստծուն է փառաւորում ու պատւում, եւ որ արհամարհում է, Աստծուն է թշնամանում»[28]։ Ուստիև ոչ մի մարդ չի կարող կապտել հոգևորականի ձեռնադրությունն ու վերստին նորան աշխարհական դարձնել[29]։ Հոգևոր իշխանությունն ևս միմիայն ապաշխարանքի է ենթարկում, իսկ վերջնականապես զրկում է ձեռնադրության շնորհից միմիայն այն ժամանակ, երբ հոգևորականն արհամարհում է Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետությունն ու կարգերը և ուրեմն նորա համար մահանում է ամեն մի հավատացյալի առաջ[30]։


Դ. Ինչպես որ բուն ձեռնադրությունն սկսվում է դպրության կամ կիսասարկավագության աստիճանից, այնպես էլ աշխարհից հեռու մնալն յուր ունեցած վիճակով, նույնպես և ըստ ամենայնի Աստուծո նվիրվիլը սկսվում է այդ աստիճանից, վասնզի բուն այդ ձեռնադրությամբ են նոքա սկսում Ս. Հոգու սպառազեն պաշտոնյան դառնալ։ «Եթէ ոք գայ առ իս, եւ ոչ ատեայ զհայր եւ զմայր եւ զորդիս եւ զեղբայրս եւ զքորս, նաեւ զանձն եւս իւր, ոչ կարէ իմ աշակերտ լինել։ Զի որ ոչ բառնայ զխաչ իւր եւ գայ զկնի իմ, ոչ կարէ իմ աշակերտ լինել»[31]։ Հետևաբար յուրաքանչյուր ոք ինչպես մտնում է այդ ս. կոչման մեջ, այնպես էլ պետք է միմիայն յուր կոչումը ճանաչե և ոչ թե նորից հետ նայե աշխարհի վրա։ Ուստիև ամուսնացած հոգևորականը չի կարող կնոջ մահից հետո նորեն նայել աշխարհի վրա և կրկին ամուսնանալ[32]։ Այլև ամուսնության ս. Ուխտը հաստատում է մի անգամ ամուսնանալու և հավասարության սկզբունքի վրա, ըստ որում և ամուսնացած հոգևորականն յուր ամուսնական կյանքով ևս օրինակելի պետք է լինի ժողովուրդի մեջ։ Այդպես և նա չի կարող այրու հետ ամուսնացած լինել, որ նույնիսկ Հին Ուխտում արգելված էր[33]։ «Եւ եթէ երէցն մեռցի, կինն առն չիշխէ լինել, եւ ոչ երէցն կին առնել»138*, հրամայում է Շահապիվանի ս. ժողովը[34]։ Ամուսնական միության և այր ու կնոջ հավասարության, այլև քրիստոնեական ճշմարիտ սիրո իրականացման հաստատությունը միմիայն մի անգամ ամուսնանալով է և ոչ թե կրկնամուսնությամբ, կամ բազմակնությամբ, ինչպես տեսանք։ Իսկ այսպիսի ուխտի իրականացումը պետք է միշտ լինի եկեղեցում կանոնական կարգով, ապա թե ոչ` Եկեղեցին, ուսուցանելով մի ճշմարտություն և օրինակները չունենալով, թերի կլինի յուր կատարման ընթացքում, ըստ որում և երկու անգամ ամուսնացածը չէ ընդունվում հոգևոր կոչման մեջ։

Բայց Քրիստոսի խոսքերից տեսնում ենք, որ կա մի կատարյալ առաքինություն ևս, այն է` ամենայն ինչ թողնել միմիայն Աստուծո արքայությունը տարածելու համար[35]։ Հայաստանյայց Ս. Եկեղեցին, Աստուծո արքայության իրականացումն լինելով, պետք է այդ բարձր առաքինության իրականացումն ևս ունենա կանոնական հաստատուն կարգով, ուստիև բացի ամուսնացած հոգևորականներից, ունի նաև կուսակրոն հոգևորականներ, որոնք յուրյանց սակավության պատճառով կարող են կոչվիլ ժողովուրդի միջից։ Այս առաքինական կոչումը թե՛ այրիացած հոգևորականների ու թե՛ ամուրիների համար էլ հնարավոր է և կարգ է[36]։ Կուսակրոն հոգևորականք, որոնց բարձր աստիճաններն են` վարդապետ ու եպիսկոպոս և լրումն է Կաթողիկոսը, ընծայվում են Քրիստոսին իբրև այն կոչվածները, որ թողնում են ամենայն ինչ, կրում են Քրիստոսի խաչն և առանց հետ նայելու` ժողովուրդի անձնվեր հովիվներ ու քարոզիչներ և Հայաստանյայց Ս. Եկեղեցու շահերի անձնազոհ հոգացողներ են դառնում[37]։ Այդ մասին ամփոփ բացատրություն է տալիս և Եզնիկը[38]։ Այսպիսի կարգի հիմքը, սկսվելով առաքյալներից, Հայաստանյայց Ս. Եկեղեցում ևս որոշ կանոնավորություն ստացավ Ս. Գրիգոր Լուսավորչով, որ քահանայապետական աթոռ բարձրանալիս թողեց յուր կնոջ Մարիամին` վանքում կրոնավորվելու, իսկ յուր որդիներից Ս. Արիստակեսն աբեղայացավ, մինչդեռ Ս. Վրթանեսն ամուսնացավ, քահանայացավ և հետո կաթուղիկոսության հասնելով` հոր օրինակին հետևեց։ Այդպես արին առհասարակ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիք ու թոռները[39]։

Ակնհայտնի է, որ ոչ թե լոկ կուսակրոնությունն է ինքնըստինքյան բարձր առաքինություն, ինչպես մոլորաբար ուսուցանում է Հռովմեական Եկեղեցին, այլ այդ անձնազոհության բարձր աստիճանն է, որով պետք է փայլի Աստուծո արքայության կատարելապես նվիրվածը[40]։ Եվ այդ կոչման մշտական հարացույցն է կուսակրոնների միաբանությունը, որոնք, անձնական ոչինչ չունենալով և աշխարհային ամենայն հոգսերից հեռանալով, հոգով, սրտով միանում են, մի ընտանիք կազմում և նվիրվում ժողովուրդին քարոզելու, ամեն կերպ օգնելու, աղքատներին ու խեղերին խնամելու և պատսպարելու վսեմ գործին[41]։ Եվ որ կուսակրոնությունն ոչ թե ինքնըստինքյան է առաքինություն, այլ միայն բարձր անձնազոհության և անձնվիրության միջոց է, այդ հայտնապես երևում է, երբ տեսնում ենք, թե ինչպես Ս. Ներսես 2040-ի [է] հասցնում վանքերի թիվը հիշյալ նպատակով, և կամ եղած ճգնավորական վանքերն անգամ յուրյանց նպատակը քարոզելն էին ճանաչում[42], մինչդեռ կանանց վանքեր գրեթե բնավ չենք տեսնում և Հռովմեական պետության այդպիսի վանքերի բազմությունը ոչ մի ազդեցություն չէ անում Հայոց կյանքի վերա։ Այլև Հայաստանյայց Ս. Եկեղեցին երբեք չընդունեց կուսակրոն աշխարհականներ, որի դեմ թյուր քարոզություն էլ կար[43], և կուսակրոնության վեղարն այդպիսի հոգևորականության հատուկ զգեստ դարձրեց։


Ե. Չնայելով որ հոգևորականներն աստիճանների տարբերություններ ունին, այնով հանդերձ բոլորի պարտիքն էլ ընդհանրապես մեկ է։ Հոգևորականի պարտիքը տարածվում է նորա վարքի, գործի ու խոսքի վրա։

Վարքով հոգևորականը պետք է յուր կենցաղավարության ընթացքում թե՛ անձնապես, թե՛ ընտանիքի, թե՛ եկեղեցու և թե՛ ժողովուրդի մեջ հավատարմությամբ հետևի Աստուծո պատվիրաններին։ Նա միշտ պետք է գիտենա, որ եթե յուր վարքով հանցավորվում է և չէ զղջում, ապաշխարում ու խոստովանում յուր մեղքերը նախքան յուր պաշտոնը կատարելը[44], կրկին և եռակի մեղք է գործում, մեկ` յուր հոգու վերաբերմամբ, մեկ` աղոթքով անլսելի դառնալով Աստուծուն, և մեկ էլ` գայթակղեցնելով յուր ժողովրդականներին։ Ըստ որում և Քրիստոս ասում է. «Եւ որ ոք գայթակղեցուցէ զմի ի փոքրկանցս յայսցանէ յիս հաւատացելոց, լաւ է նմա եթէ կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա եւ ընկղմիցի ի խորս ծովու» (Մատթ., ԺԸ 6). այսինքն` ավելի լավ է, որ այդպիսին յուր վզից կապե երկանաքարը և գլորվի ծովի հատակը, որպեսզի անհետ լինի և յուր մարմնով անգամ գայթակղություն չպատճառե։ Իսկ գայթակղեցնելն այնքան ծանր հանցանք է, որ Պողոս առաքյալն ասում է. «Վասնորոյ եթէ կերակուր գայթակղեցուցանէ զեղբայրն իմ, ոչ կերայց միս յաւիտեան, զի մի զեղբայրն իմ գայթակղեցուցից»[45]։ Հետևաբար հոգևորականը պետք է նախ հեռու պահե զինքն այն ամեն շեղումներից, որոնք նույնիսկ աշխարհականների մեջ դատապարտելի է, և ավելի ևս պետք է առաքինության ձգտի։ «Եւ զոր բանիւք ոք ուսուցանէ, նախ գործովք պարտ է կատարել. զի չէ ինչ շահաւոր բան առանց գործոց. «Սկսաւ Յիսուս առնել, եւ ապա ուսուցանել». եւ «Որ արասցէ ինքն եւ ուսուսցէ այլոց, նա մեծ կոչեսցի յարքայութեանն երկնից»։ Ի միտ առ, զի ճրագունք ի լուցելոյ ճրագէ լուսաւորին եւ ոչ ի խաւարելոցն. եւ ժողովուրդք ի ձեռն սրբոցն սրբին եւ ոչ յաղտեղացելոցն մեղօք. զի քահանայն իբրեւ ակն ի մարմնի է ի մէջ ժողովրդոց», գրում է ոսկեգրիչ ս. հայրը[46]։

Գործով էլ հոգևորականը պետք է նախ յուր պաշտոնը ճշմարտությամբ և սրտավորությամբ կատարե եկեղեցում` ըստ սահմանված կարգերին, և երկրորդ` իբրև հովիվ սիրով և անձնազոհությամբ աշխատի յուր հոտի ու նորա յուրաքանչյուր անդամի համար։ Հոգևորականն, յուր պաշտոնը կատարելով, պետք է անշահասեր լինի, այսինքն` երբեք շնորհագործության համար վարձ չպահանջե, զի շնորհը ձրի է` ըստ այնմ, թե` «ձրի առիք եւ ձրի տուէք»։ Իսկ ժողովուրդը նվերներով է ընդունում այդ շնորհները, այսինքն` ըստ կարողության մաս հանելով Աստուծո պաշտոնյայի և եկեղեցու պահպանության համար, վասնզի «Ո ո՞ք երբէք զինուորիցի իւրովք թոշակօք. ո՞ ոք տնկիցէ այգի, եւ ի պտղոյ նորա ոչ ուտիցէ, ո՞ ոք արածիցէ խաշն եւ ի կաթանէ խաշինն ոչ ուտիցէ», ասում է Պողոս առաքյալը[47]։

Երկրորդ` հոգևորականը պետք է իբրև քաջ հովիվ գնա յուր մոլորյալ ու կորչող ոչխարի հետևից, նորա համար հոգա, ամեն կերպ միջոցներ գտնելով, և երբեք յուր վերջին ոչխարն անգամ գայլերին չմատնե։ Նա պարտավոր է վարձկան չլինել, այլ` անձնազոհ քաջ հովիվ, անուն-անուն ճանաչել յուր ամեն մի հավատացյալին ու յուր ձայնը քաղցր ու ծանոթ դարձնել նորան դեպի ճշմարտության ճանապարհը, դեպի փրկություն, ինչպես որոշում է Քրիստոս[48]։

Երրորդ` հոգևորականը պետք է ամեն կերպ յուրաքանչյուր անհատի և ընտանիքի բարեկամն ու մտերիմը լինի` նորան կարեկից, խորհրդատու, օգնական, խրատող և նեղ օրում նեցուկ դառնալու համար։ Նա չպետք է միմիայն պաշտոն կատարելու համար հանդիպի յուր ծուխերը, այլ նաև նոցա կարեկցելու, մխիթարելու և կարևոր օգնություն հասցնելու համար. ըստ որում, յուր հոտի կարողների միջոցներով պետք է օժանդակե անկարողներին ամենայն ժամանակ։ «Պարտ է մեզ, որ կարողս եմք` զտկարութիւն տկարացն բառնալ, եւ մի՛ անձանց եւ եթ հաճոյ լինել. Այլ իւրաքանչիւր ոք ի մէնջ ընկերին հաճոյ լիցի ի բարիս վասն շինութեան», ասում է Ս. առաքյալը[49]։ Իսկ այս իրագործել տվողը, իրագործելու ճանապարհ ցույց տվող և հարմարեցնող, պատշաճողն է քահանան։

Վերջապես խոսքով` հոգևորականը պետք է ամենայն ժամանակ Աստուծո բարբառը վայելչապես լսելի անե յուր հոտի ականջում [50], նորա լեզուն պետք է քարոզության ծառայե թե՛ եկեղեցում, թե՛ տանը, թե՛ ամեն մի հանդիպած տեղում` առիթ առնելով ճշմարտության ձայնը անխափան հնչեցնելու ամենքի սրտում, որպեսզի միշտ զգուշանան։ Ըստ որում և երբեք չպետք է տատամսի` հանդիմանելու առանձին, խրատելու և կարևոր դեպքում նույնիսկ շատերի ներկայությամբ, եթե այդ է պահանջում անհատի առանձնահատկությունը։ «Այլ զգոյշ կաց, միշտ բողոքէ՛, աղաղակէ անդադար, քննէ եւ լսէ ամէն ինչ, փութով կանչէ ու խրատէ ոմա՛նց սաստով, ոմա՛նց աղերսանքով, ոմա՛նց փափագելի արքայութեան երանութեամբ յորդորէ՛, ոմա՛նց հիացրու հանդերձեալ չար տանջանքների երկիւղով, ոմա՛նց խրատէ եկեղեցու մէջ, որ ուրիշները սովորեն, ոմա՛նց առանձին յանդիմանէ, որ չլինի, թէ ուրիշներից ամաչելով` ուրանան իւրեանց մեղքերը եւ ձեր յանդիմանութիւնն արհամարհեն»147*։ Ահա այսպիսի հրահանգ է տալիս սուրբ Հայրապետը և հետո ասում է. «Դէտ ես, աղաղակեա՛, տեսուչ ես, յանձանձեա՛, առաջնորդ ես, յեկեղեցի հետեւեա՛. հովիւ ես, յուղիղ հաւատս արածեա՛, բժիշկ ես, զվէրս մեղացն բժշկեա՛, նաւապետ ես, զնաւ՛դ զերծո՛ յալէկոծութենէ։ Աւանդ ստացար եւ համար ունիս տալ, թէ եւ սուղ ինչ հեղգայեցես»148*։

Բնականաբար հոգևորականը ոչ միայն իբրև Աստուծո պաշտոնյ ա պետք է յուր դիրքին համեմատ պարտիքը կատարե, ոչ միայն իբրև ժողովուրդի բարօրության հոգացողությունն ստանձնող պետք է պարզերես դառնա յուր պատասխանատվության մեջ, այլև ձեռնադրությամբ անհամար քանքարներ ստանալով` պետք է հարյուրապատիկ և հազարապատիկ արդյունավորե` ըստ Տիրոջ առակին (Մատթ., ԻԵ 15-28)։ Նախ պետք է գիտենա, որ եթե հավատացյալը պարտական է հարյուր դահեկան, ինքը պարտական է բյուր քանքար Աստուծո առաջ (Մատթ., ԺԸ 24), ինքը պետք է արդյունավորե և Աստուծո վճարե, որ ժողովուրդն էլ արդյունավորելով յուրյան վճարե իբրև Աստուծո պաշտոնյայի։ Իսկ դորա համար հոգևորականը պետք է յուր կարգակիցների մեջ ևս ճշմարիտ և օրինակելի եղբայր լինի և ոչ թե կռվարար, հայհոյող, անհաշտ ու հափշտակող[51]։ Պարտաճանաչություն առ Աստված, առ ընկեր, առ հոտն և առ սեփական անձը` ահա՛ հոգևորականի կյանքի նշանաբանը։ Լինել մի կողմից Աստուծո որդի, սրբության պաշտոնյա ու եկեղեցու զինվոր, և մյուս կողմից` ճշմարիտ հովիվ յուր հոտի, սրտագորով հայր և ամեն մի հայի եղբայր ահա հոգևորականի կոչումը[52]։


Զ. Բացի վերոհիշյալ երեք ընդհանուր պարտավորություններից յուրաքանչյուր հոգևորական, ըստ յուր աստիճանին, ունի նաև մասնավոր իշխանություն, որից բղխում են մասնավոր պարտիքներ և իրավունքներ, վասնզի պարտավորությունը միևնույն ժամանակ և իրավասություն է։ Ընդհանրական Հայրապետի իշխանությունն է.

1. Որ ինքն է Հայաստանյայց ս. Եկեղեցու առաքելահաջորդ միակ ընդհանրական գլուխը և հոգևոր տերը, որպես և հիշվում է ամենայն եկեղեցում։

2. Պահպանել Հայաստանյայց Ս. Եկեղեցու ավանդական անարատությունը թե՛ դավանական, թե՛ բարոյական, թե՛ կանոնական մասում և թե յուր ծայրագույն իշխանությունն ու հեղինակությունը։

3. Եպիսկոպոսներ ձեռնադրել և հոգևորականաց ձեռնադրությունը կարգադրել` ըստ Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետության։

4. Մյուռոն օրհնել ու բաշխել։

5. Եպիսկոպոսներին ու վարդապետներին խրատել ու պատժ ել, նույնպես և պարգևատրել կամ ավագություն տալ։

6. Ուխտազանց եկեղեցականներին կարգալույծ անել ու բանադրել, նույնպես և համայնքներ նզովել կամ ներել։

7. Ազգային եկեղեցական ընդհանուր ժողով գումարել։

8. Կարևոր դեպքերում եկեղեցականներին տեղափոխել։

9. Վանքերում կարգադրություններ անել։

10. Փոքր կաթուղիկոսներին ու պատրիարքներին իրավատրական, խրատական, զգուշացուցիչ, գոհության, հորդորանաց, օրհնության և պարգևատրական կոնդակներ ուղարկել, նույնպես և առհասարակ բոլոր հոտին։

11. Նոր վիճակներ հաստատել, նույնպես և առաջնորդներ նշանակել և արձակել։

12. Վերադիտել ու հսկել բոլոր եպիսկոպոսներին և առհասարակ հոգևորականներին Հայաստանյայց Ս. Եկեղեցու հավատարմության ու նախանձախնդրության նկատմամբ։

13. Ծանրակշիռ բողոքների համար տնօրինություններ անել։

14. Եկեղեցական կարգերի ու կարգապահության հրահանգներ տալ։

15. Ժողովներ ու խորհուրդներ կազմել արտակարգ հարցերի համար։

16. Այցելել վիճակները կամ նվիրակներ ու պատվիրակներ ուղարկել դիտելու կամ քննելու և կամ վարդապետ քարոզիչներ առաքել բոլոր վիճակները։

17. Բաշխումներ, ներումներ, առանձնաշնորհումներ, նույնպես և օրինական բացառություններ անել` ըստ Հայաստանյայց Ս. Եկեղեցու ոգուն։

18.Վարդապետական (դավանական, բարոյական, պաշտական և այլ) վճիռներ տալ։

19. Կրոնական գրքեր թույլատրել, արգելել կամ հերքել ու ջատագովել տալ Հայաստանյայց ս. Եկեղեցու ճշմարտության ձայնը հնչեցնելու համար։

20. Դպրոցական ու կրոնուսուցչական վերահսկողություն, տնօրինություններ ու կարևոր կանոնական կարգադրություններ անել։

21. Վերադիտել Հայոց ժողովուրդի կրոնական-բարոյական կյանքը և միջոցներ ձեռք առնել ճշմարիտ կենցաղի զարգացման համար ընդհանրապես` մասնավոր տեղեկություններ ևս ստանալով իբրև բարձրագույն խոստովանահայր։

22. Վարձատրել ու քաջալերել Հայոց Եկեղեցու ջատագովներին ու հավատարիմներին ու հետ մղել վնասակարներին։

23. Քարոզչական առաքելություն հաստատել հեթանոսաց մեջ։

24. Արտաքին ու ներքին հաղորդակցություն ունենալ կառավարությանց, եկեղեցիների ու հաստատությանց հետ Հայոց Եկեղեցու շահերի պաշտպանության ու բարեզարդության համար։

25. Պսակի օրինազանցությանց ու լուծմանց վճիռներ տալ Ս. Սինոդի և Կ. Պոլսի կրոնական ժողովի քննություններից հետո։

26. Վճիռներ տալ այն խնդիրների վրա, որոնք որևիցե կերպով կապ ունին Հայոց Եկեղեցու դավանական, բարոյական, պաշտական և մանավանդ յոթը ս. խորհուրդների ու կանոնների հետ։

27. Պայծառացնել Հայաստանյայց Ս. Եկեղեցու միությունը, սրբությունը, ընդհանրականությունն և առաքելականությունը հայտարարող բոլոր նշանները։

28. Բարձր պահել հավատքի նշանակությունը Հայաստանյայց Սբ. Եկեղեցու համար ամեն մի անցական պատվից ու հարստությունից։

* * *

Վիճակավոր Առաջնորդի իշխանությունն է.

1. Հիշվել յուր վիճակի եկեղեցում վեհափառ Հայրապետի անունից հետո և աթոռ նստել և գավազան բռնել իբրև վիճակի տեր։

2. Ձեռնադրել յուր վիճակի համար քահանաներ ու հոգևոր սպասավորներ` ըստ Հայոց Եկեղեցու կանոններին ու կարգերին։

3. Կանոնավորել յուր վիճակի եկեղեցիների դրությունը։

4. Պահպանել ու պահել տալ Աստուծո պատվիրաններն ու Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետությունը, կարգերը, պաշտամունքն ու կանոնները։

5. Այցելու լինել ժողովուրդի կարոտ և անօգնականներին, օգնել հայրաբար, տարին երիցս շրջել վիճակը, հովվել, խնամել ու խրատել յուր հոտը` ըստ Հայաստանյայց Ս. Եկեղեցու վարդապետության ու կանոնաց։

6. Հնազանդություն արծարծել ժողովուրդի մեջ յուր Հայրապետի ներքո և հավատարմություն առ Հայաստանյայց առաքելական ս. Եկեղեցին։

7. Պատարագ մատուցանել և աղոթել ժողովուրդի համար։

8. Օրհնել ու սրբել «ձեռամբ և բութիւ» այն ամենն, ինչ որ հակառակ չէ Հայոց Ս. Եկեղեցու վարդապետության[53]։

9. Դիտել, վիճակավոր խոստովանահայրությամբ տեղեկանալ, խրատել, պատժել օրինազանցներին և ուխտազանցներին։

10. Պահպանել ժողովուրդը գայթակղեցուցիչներից և օձտողն երից, հատանել մեռյալ անդամներին և քաջալերել հավատարիմ մշակներին։

11. Ժողովուրդի նվիրաբերությունը և եկեղեցական արդյունքները սրբությամբ ծառայեցնել Հայոց Եկեղեցու համար` հսկելով և վիճակի վանքերի բարեկարգության վրա։

12. Խստիվ հսկել վիճակի ժողովրդական կյանքի ու կրոնական կրթության վրա թե՛ դպրոցներում և թե՛ ամենուրեք` զարգացնելով եկեղեցասիրությունը և առաջ վարելով ճշմարտությունն ու լույսը։

Վերջապես քահանայի իշխանությունն է.

1. Հավատով ու երկյուղածությամբ կատարել յուր եկեղեցական պաշտոնը, բնավ չշեղվելով Հայաստանյայց ս. Եկեղեցու կարգերից։

2. Գործով կատարել և խոսքով ուսուցանել ս. Ավետարանն ու Հայաստանյայց ս. Եկեղեցու վարդապետությունը։

3. Կապել և արձակել իբրև խոստովանահայր` ձգտելով ամենքինուղղել դեպի ճշմարտություն։

4. Բժշկել հոգեպես ու մարմնապես քարոզությամբ և օրհնությամբ։

5. Մկրտել ու դրոշմել և պսակել։

6. Ս. Պատարագը մատուցանել հավատքով, երկյուղածությամբ և ջերմեռանդությամբ։

7. Այցելու և օգնական հայր լինել յուրաքանչյուր ծխականի և օրինակով ու քարոզով մխիթարել և առաջնորդել ամենքին թե՛ ընտանիքներում, թե՛ դուրսը, թե՛ հաստատությանց մեջ և թե՛ հիվանդանոցներում ու բանտում։

Ահա այսոնք են[54] ընդհանրական Հայրապետի, վիճակավոր եպիսկոպոսի և ծխատեր քահանայի իրավասությունք, որոնք բոլորն էլ ի միասին ամփոփվում են առաջնի իշխանության մեջ և ճյուղավորվում են մյուսների վրա։ Եվ ինչպես որ եպիսկոպոսական աստիճանի վրա կաթուղիկոսական կոնդակով կամ թե վարդապետական ձեռնադրությամբ կարող են ավելանալ ուրիշ այլևայլ իրավասությունք, ըստ ավագության կամ ուսման, նույնպես և քահանայի (կամ աբեղայի) իշխանության վրա կարող են ձեռնադրությամբ կամ հայրապետական շնորհաբաշխությամբ բարեզարդվիլ ավագության, մասնավոր իրավանց և ուսումնական շնորհների աստիճաններ (քահանային` մագիստրոսություն, իսկ աբեղային` վարդապետություն), յուրաքանչյուր աստիճան յուր գերադաս կարգի սպասավորն է, ինչպես և բոլորին սպասավոր է քահանայագործական պաշտոնի համար սարկավագը, որ յուր մեջ ամփոփում է ստորին սպասավորների աստիճանն ու գլխավորությունը և թերևս ունի յուր ավագությունը սարկավագապետության մեջ, որպիսիք էին Ս. Սահակի Երեմիա և Ս. Ներսիսի Մուրիկ սարկավագապետները։


Է. Հռովմեական եկեղեցին տոգորված նվիրապետական ոգով, Դ դարից ձգտում էր վերացնել յուր բոլոր կղերի ամուսնությունն և կուսակրոնություն հաստատել նորա մեջ, որ և վերջնականապես հրատարակեց Գրիգոր Է[55] ԺԱ դարում, թեև այդ նորությունը հազիվ ընդհանրացավ 3-4 դար հեղափոխելուց հետո։ Այս հակավետարանական ընթացքով հռովմեականք արհամարհում են ամուսնությունը, եկեղեցականին անպատշաճ դարձնելով, և միևնույն ժամանակ ամուսնացած մարդուն կատարելապես արգելք է լինում եկեղեցուն ծառայել։ Հայտնի է, որ Պետրոս առաքյալն ու Փիլիպպոս սարկավագն անգամ ամուսնացած էին (Մատթ., Ը 14. Գործք, ԻԱ 8-9). տեսանք, որ թե՛ Քրիստոս և թե՛ Պողոս առաքյալը չեն պահանջում, որ ամենքն էլ կուսական կյանքով նվիրվին եկեղեցական գործին, և մինչև անգամ վերջինս ասում է, թե քահանան ու սարկավագը պետք է «մի կնոջ այր» լինին (Ա Տիմ., Գ 2, 4, 12)։ Կուսակրոնությամբ Աստուծո գործին նվիրվիլը բարձր առաքինություն էր և ոչ թե պարտավորիչ, ըստ որում, ամուսնացած քահանային էլ թույլատրվում էր այդ նպատակով համաձայնվիլ յուր ամուսնու հետ ու վանք մտնել` ըստ առաքելական կանոնին։ Հանցանք էր թողնել կնոջը սակայն, եթե նա չէր համաձայնվում։ Երբ Եգիպտոսի եպիսկոպոս Պափնուցիոսը հարց բարձրացրեց Նիկիո ս. ժողովում կուսակրոնության մասին, ժողովը վճռեց չպարտավորեցնել բոլոր հոգևորականներին կուսակրոն լինելու[56]։

Արդ` կուսակրոնության նվիրվող այդքան հոգևորական գտնել բոլորովին անհնարին է և հետևաբար հոգևոր պաշտոնյայի կյանքը անհրաժեշտապես մատնվում է մեղանչականության։ Բայցև այնպես Հռովմեական եկեղեցին չէ խորշում այդ վտանգից, վասնզի պապական աշխարհային ձգտումները պսակվում են նույնիսկ այդ կերպով, որ յուր կուսակրոն կղերով ձեռք է բերել ընտանեկան ազգային և հասարակական կապերից ազատ, հավատարիմ ու հլու հպատակների մի ահագին բանակ, որոնցով Հռովմեական քահանայապետը հաջողապես վարում է յուր քաղաքականությունը։

Երկրորդ` Հռովմեական եկեղեցին շփոթում է ձեռնադրական շնորհաբաշխությունը և կամայականորեն ստորադրում է ըստ շնորհաց մեծին յուրյանից փոքրի ներքո։ Հռովմա քահանայապետը, կամենալով թագավորական շքախումբ կազմել, ստեղծել է ծիրանավորների (կարդինալ) մի խումբ, որոնք կոչվում են «իշխանք եկեղեցւոյ» և բարձր են նույնիսկ արքեպիսկոպոսներից, թեև ինքյանք եպիսկոպոսական, քահանայական և սարկավագի աստիճաններ միայն ունին։ Եպիսկոպոս կարդինալը, քահանա կարդինալը ավելի մեծ են, քան արքեպիսկոպոսները, քան պատրիարքները և պապից հետո երկրորդն են, հետևաբար նոցա ստացած ձեռնադրությունը ոչ մի նշանակություն չունի և կամ իսկապես և էապես հատուկ իշխանություն չէ տալիս ձեռնադրվողին։ Ձեռնադրության ս. խորհուրդն անգամ ծառայեցնում են պապական փառասիրության։

Այս բռնակալական և շնորհաբաշխության կամայական ընթացք տվող ձգտման հակառակ` բնական էր, որ Լութերը մյուս ծայրահեղության դիմեր։ Այդպես և արավ. ինքն էլ, լոկ քահանայական ձեռնադրություն ստացած լինելով և ուրեմն անկարող լինելով առաքելական հաջորդության ձեռնադրություն ընձեռել յուր նորաշեն եկեղեցու սպասավորների համար, մերժեց մինչև անգամ ձեռնադրության կարևորությունը։ Այսպիսով, բողոքական եկեղեցու սպասավորները աշխարհական դիրք ստացան և կոչվում են լոկ հրապարակական մի կարգադրությամբ, նոքա ոչնչով չեն տարբերվում աշխարհականներից, այլ միայն պաշտոն ունին ուսուցանելու, մկրտելու ու հաղորդելու, ինչպես յուրաքանչյուր հավատացյալ իսկ։ Սակայն այս պարզապես հակառակ է ոչ միայն Պողոս առաքյալի խոսքերին, որ ձեռնադրությամբ է տրվում քահանայական շնորհը (Ա Տիմ., Դ 14. Բ Տիմ., Ա 6), ինչպես տեսանք և վերը, այլև Գործք առաքելոցում հայտնապես պատմված է, թե ինչպես առաքյալները երեցներ էին ձեռնադրում Փոքր Ասիո եկեղեցիների համար և թե ինչպես յոթը սարկավագներ ձեռնադրեցին, որոնց ընտրեց ժողովուրդը, և որոնք լի էին «Հոգւով Սրբով եւ իմաստութեամբ» (ԺԴ 23. Զ 3-6. Թ 28)։

Այս ամենը, ինչպես վերն էլ տեսանք, ցույց են տալիս, որ բողոքականք թե՛ հակառակ են ընթանում առաքելոց կարգերին ու վարդապետության և թե՛ վերացնելով շնորհաբաշխական ավանդական կարգը, չքացնում են եկեղեցու կոչումն անգամ և յուրաքանչյուր անհատի կամայական ինքնագլխություն տալիս։ Այստեղից էլ ծագում է եկեղեցու անտեսանելիության մոլորությունը և անհատների ինքնափրկումը։ Հռովմեական եկեղեցու աշխարհային բռնապետության տեղ թագավորում է բողոքականաց մեջ աշխարհային եսականություն ու կամայական հավասարություն։

Հայաստանյայց Ս. Եկեղեցին, խորշելով բռնակալական և աշխարհային ոգուց, ազատ է այդ ծայրահեղություններից, նա ճանաչում է թե՛ առաքելական ձեռնադրության բարձր նշանակությունը, թե՛ շնորհաբաշխական հատուկ կարգը, թե՛ յուր եկեղեցականների պաշտոնական դիրքը` ըստ ավանդական շնորհաց և աստիճանական կարգն` ըստ առաքյալների որոշմանց և թե՛ կատարյալ միություն ու հավասարություն պահելով յուր հոտի մեջ, միմիայն շնորհաց առավելությամբ է տարբերում յուր պաշտոնյաներին յուր ժողովրդականներից։ Ինչ որ չունի ոք, չի կարող և ավանդել. հոգևորականը ստանում է ձեռնադրությամբ այն աստվածային շնորհներն, որոնց իշխանությամբ պարգևում են և յուրյանց հավատացյալներին աստվածային փրկարար շնորհներ։


Ը. Ձեռնադրության ս. խորհուրդն անկրկնելի է (Եբր., Զ 2) և կատարվում է Կաթուղիկոսի ու եպիսկոպոսի ձեռքով ու ս. մյուռոնով կամ թե օրհնությամբ` ըստ յուրաքանչյուր աստիճանի կարգին։ Քանի որ Կաթուղիկոսիցն է իջնում ձեռնադրության շնորհաբաշխությունը բոլոր եկեղեցականների վրա, բնականաբար ամենայն աստիճան կարող է ստացվիլ նորա ձեռքով, սակայն սովորաբար Կաթուղիկոսը ձեռնադրում է միմիայն եպիսկոպոսներին և կարևոր դեպքում (վարդապետ եպիսկոպոսի չեղած ժամանակ) նաև ծայրագույն վարդապետությունն ինքն է տալիս։ Մինչդեռ եպիսկոպոսը շնորհաբաշխության սկզբունքի համեմատ կարող է ձեռնադրել միմիայն նոցա, որոնց տալիք աստիճաններն ունի և ինքն լրիվ, այսինքն` քահանայից սկսած դեպի ցածր բոլոր սպասավորներին։ Ուրեմն և նա չի կարող ուսման աստիճան տալ վարդապետին, եթե ինքն ևս ծայրագունություն չունի, այլ միայն պարզ եպիսկոպոս է (տե՛ս. Մաշտոց ձեռն.)։

Վախճանված քահանաների թաղման կարգի մեջ կատարվում է նաև նոցա ճակատի և աջ ձեռքի օծումն ս. մյուռոնով, որպեսզի աստվածային զորությամբ զինվին նոցա ոսկորները և հանդերձյալ կյանքում նոքա հաղթական գահը բազմեն ճշմարիտ հովվաց շարքում իբրև սրբության պաշտոնյայք և Քրիստոսի պաշտոնակիցք (Տե՛ս Քահանայաթաղ, 69, 70)։ Ս. Գրիգոր Տաթևացին ևս ասում է. «Օծանեմք զնոսա որպէս զըմբիշս, զի ի հանդէս մտցէ ընդ այս չարութեան օդոյդ»154*, և այդ օծումը լրումն է առաջին օծման և նշանակում է, թե նույն օծության հանդիսի մեջ ճգնել է, խաչակից է եղել Քրիստոսին և կատարման վախճան ընդունել, կամ ուրիշ խոսքով` քահանա էր և քահանա մնում է, և Ս. Հոգին միշտ նորա հետ է։ Թաղման ամբողջ կարգն էլ այս սկզբունքի արտահայտությունն է պարունակում, ըստ որում և նորա աղոթքների մեջ ամփոփ խնդրվում է Աստուծուց` կատարումն տալ այն ամենին, ինչ որ կազմում է քահանայի պաշտոնի ու ճշմարիտ գործունեության էությունն յուր եկեղեցու բարգավաճման ու բարեզարդության համար։

* * *

Ձեռնադրության կանոնների դեմ մեղանչելուց են հառաջ գալիս եկեղեցական կարգերի և հոգևորական դասի զեղծվիլն ու անկումը, ինչպես պատահել է նույնիսկ Ե. դարի վերջում։ Անկման մեջ բնական է եղել խելահաս հայրերի ողբն ու հառաչանքը։ Մի այդպիսի վհատեցուցիչ պատկեր է ներկայացնում մեզ Հովհաննես սարկավագ վարդապետը` նկարագրելով այն վիճակը, որ գումարումն է կեղծ փարիսեցիության և սադուկեցիության, այսինքն` մի ժամանակ, երբ հոգևորականը ոչ թե արտաքուստ բարեպաշտ է և ներքուստ մեղավոր հանդիսանում, այլ ուղղակի ներքուստ և արտաքուստ այլանդակված ի վնաս անձին, եկեղեցուն և ժողովուրդին։ Հառաջ բերենք մի կտոր.

«Զի թէ ի մարմնական իրս եւ յարտաքին ատեանս հրաժարեցուցեալ է առնուլ կաշառս, քանիօն եւս յեկեղեցւոյ եւ մանաւանդ ի ժառանգաւորաց պարտ իցէ խոտեալ եւ յամպարշտութ եան գրիլ մասին։ Յոթոր խրատ տայր մեծի մարգարէին Մովսիսի կացուցանել ի վերայ ժողովրդեանն արս իմաստունս արդարակորովս, որ ատիցեն զկաշառս` գիտելով, զի կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեացս. եւ սոքա ի տան Աստուծոյ կանգնեն կուռս, որպէս զի մի Աստուծոյ, այլ մամոնայի ծառայելոց են, եւ զպարգեւսն Աստուծոյ, որում ոչ եւս են արժանի, ընչիւք ստասցեն եւ ստացուսցեն, ընդ որում եւ կորնչելոց են։ Անխրատ եւ ռամիկ ժողովրդեանն` ոստիկանաց արդարոց եւ կաշառատեցաց իրաւունք եւ պէտք եղեն կալ ի գլուխ եւ դատել, իսկ ի վերայ մանկանց եւ եղբարց Քրիստոսի` հատուք ոմանք եւ գողակիցք գողոց, զի զայլսն լուռ եղէց։ Կացին առ մեօք շահապք եւ պարետք, խուզակք եւ հետաքրքիրք պատճառաց եւ իրաց դանգաշահութեան, ծառայք արտօրէն եւ խակամիտ կենցաղոյ, արտաքսեալք ի տանէն, ըստ անարժանութեան անազատոյ եւ վայելման, որք զուղտս կլանեն եւ զմժղուկս ոչ սիրեն քամել. զարտաքին ոչ սրբեն զսկաւառակին եւ բաժակի, եւ ներքինն լի է հոտով նեխութեան եւ գարշեցուցիչ ախտիւ եւ դժուարալուացաւ. սպիտակութիւն բռոյ ոչ ի վերայ փայլակէ բնաւ, եւ զխորագոյնն եկուլ մահ. դանդիռն եւ խաւարն ի ներքոյ շրջի, եւ բուրումն` ժահահոտ ապականութեան. լոյս գիտութեան բացամերժեալ է յերեսաց անգիտութեան խաւարի. ատեն զտիւ եւ ոչ շրջին ի նմա, զի աճումն սննդեան եւ յանկումն կատարածի տիոց` գիշերի արուեստագործեցաւ։ Մի տրտմեսցին սուրբք եւ լուսաւորք յեկեղեցւոջ եւ ուղղապէս համառօտիչք բանին վարդապետութեան` զայսոսիկ լսել, որք եւ գեղեցիկ կարգօք պայծառացուցանեն զնա եւ հովուեն իմաստութեամբ Հոգւոյն Սրբոյ. այլ զգուշասցին մանաւանդ ամենայն զօրութեամբ ի դարանակալութենէ ոսոխին մերոյ, որ շրջի գոչելով եւ կլանել խնդրէ զորս ոչն գտանէ արթուն»[57]։

« ԽԶ. Զ. Կարգ Հիվանդաց   |   ԽԸ. Միաբանական Աստվածպաշտությունը և Յուր Պարագայք »
© Gratun.org