Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԽԹ. Եկեղեցու Կատարման Ընթացքը

Փոխումն Հաստյացս և Անդրանկաց Եկեղեցին

Եկեղեցին, փրկագործելով մարդկանց, մաքառմամբ իրականացնում է Աստուծո արքայությունը` սկսելով այս կյանքից և տանելով փրկության ճանապարհով դեպի հավիտենական կյանքը։ Այս ճանապարհի մեջ Աստուծո խոստմամբ հաստատված հույս ունենալով` հաղթապանծ ընթացք ունի յուր հոգևոր թշնամու, այն է` մեղքի, նույնպես և բնական թշնամու, այն է` մահվան դեմ։ Թեև այդ երկու թշնամյաց վրա հաղթանակը տարված է Քրիստոսով, սակայն այդ հաղթանակը յուրացնելու համար պետք է կարողանալ միշտ միացած ու հաղորդ լինել Քրիստոսին կամ ճշմարտության։ Ըստ որում, հաղթական դիրք ստացած լինելով արդեն, մնում է մեզ նույն դիրքի մեջ անշեղապես հարատևել և ընթանալ դեպի հաղթանակի կատարումը, որ է հանդերձյալ կյանքի երանությունը։ Եվ մենք լուսամիտ հավատքով լիահույս ենք, որ Քրիստոսի հետ լինել նույն է, թե այդ հանդերձյալ կյանքումն ենք, որ ոչ ոք չի կարող մեզնից խլել։ «Եւ իբրեւ երկրաւոր կեանքս ի ձեռն մահուան ի գլուխ ելանեն, հոգիքն յուղ արկին առ Աստուած, որ ետ զնա, եւ մարմինն դառնայ ի հող` յորմէ ստեղծաւ յԱրարչէն։ Եւ սուրբ եւ արդար հոգեացն ընդ առաջ գան հրեշտակք եւ սրբոցն հոգիքն եւ տանին առաջի Աստուծոյ»[1]...։ Այս է պատճառն, որ մեզ համար մահը չարիք չէ, այլ` կյանքի գլխավորումն, ուստիև մեր սիրելու բաժանումը մեզնից միմիայն անցական սուգ է առթում և ոչ անվերջ լաց ու կոծ` ըստ հեթանոսաց։ Հանդերձյալ կյանքը հավատացողի մեջ համոզմունք է, «քանզի որ զսկիզբն տեսանէ եւ ի կատարումն անդր հայի», ասում է Մամբրե Վերծանողը179*։

Հեթանոսները հառաչանքով նայում են դեպի յուրյանց ոսկեդարը, դեպի այն անցյալն, որից վերջնականապես զրկվել են, իսկ մենք դադարել ենք արդեն հետ նայելուց, այլ հետ նայելու հառաչանքից մտել ենք ապագայի փառաց ցնծության մեջ։ Հեթանոսները դեռևս զբաղված են աշխարհի ծագման հետախուզությամբ միայն և նորա վերջի վրա չեն մտածում[2], իսկ մենք մեր առաջն ունինք աշխարհի ու մեր անձի կատարումը, որ լինելու է Եկեղեցու կատարմամբ[3]։ Ահա այդ կատարումն արտահայտում ենք այն ճշմարտություններով, որոնց առարկան են Քրիստոսի գալուստը, մեռելոց հարությունը, դատաստան և հավիտենական կյանք180*։ Մեր առօրյա մտածողության դրոշակի վրա գրված է. «Որ ասի մահն, նոյն եւ քուն ասի. եւ որ կենացն է վախճան, սկիզբն է կենաց». ըստ որում` «Այս մահ ժամանակեայն է» և ուրախություն է իբրև ժամանակավոր կենաց վախճան ու հավիտենականի սկիզբն[4]։

Երկրավոր կյանքի ընթացքը հաղթաբար անցած ենք լինում այն ժամանակ, երբ պատերազմի դաշտից հաղթական պսակով, այսինքն` հավատքի, հուսո և սիրո հանդիսի պայծառությամբ փայլված` փոխվում ենք հաստյացս։ Այդ փոխումը լինում է` մեր հոգու բաժնվելով մարմնից. հոգին ուրեմն մտնում է մի նոր կյանքի կամ վիճակի մեջ, որ բոլորովին երկրավոր կյանքի հակառակն է, և որ կարող ենք կոչել մի տեսակ խաղաղական վիճակ առանց որևիցե գործունեության, կամ թե այս կյանքի համեմատությամբ կոչելի է` գիշեր (Հովհ., Թ 4)։ Անդ չկա գործունեություն ու խոսք, վասնզի դոցա համար ահրաժեշտ պայմանները չկան այնտեղ։ Հոգին այդտեղ ներքին կյանք ունի, սուզվում է յուր մեջ, կատարելապես հիշում է յուր անցյալ պատերազմը, զբաղվում է յուր ներքին կյանքով և մտաբերում է յուր անցյալ կյանքի բոլոր գործերը։ Արտաքին աշխարհի բոլոր հանգամանքները, աղաղակներն ու փոփոխությունք այստեղ չկան. երկրավոր կյանքի ու հանդերձյալի հակասական մտածողությունք վերանում են և այժմ հավիտենականության մեջ խղճմտանքի ձայնն այլևս ոչ թե խեղդվում է աշխարհի շփոթություններով, այլ շարունակ հնչում է յուրաքանչյուր հոգու մեջ։ Հոգին այդ ձայնի ներքո գտնվում է մի տեսակ ինքնադատության մեջ, որով նա յուր բոլոր անցյալը դնում է յուր առաջ. նորա բոլոր գործերը դառնում են նորա մխիթարությունը կամ տառապանքը[5]։ Այդ գործերի հիշողությունն անընկճելի է. հոգին չէ կարողանում մոռացության տալ այդոնք, նա չէ կարողանում այդոնց միահամուռ ներկայությունը մտահան անել, երբ այդոնք խղճմտանքի ճշմարիտ ձայնին հակառակ են և սարսուռ, մորմոք ու դատապարտություն են վառում նորա մեջ։ Աստվածային ճշմարտության հայտնությունն, ինչպես մի լուսավառ տեսիլ, շարունակ երևում է հոգիներին, որոնց արդարներին երանության ցնծություն պատճառում, իսկ մեղավորներին` սրտաճմլիկ եռումն` բորբոք ու մորմոք։ Արդարի համար այդ «երկնաւոր բնակության զգեստը» փառք է և ցնծություն, իսկ մեղավորի համար` խավար ու տխրություն (Բ Կոր., Ե 2-4)։ «Եւ տեսցեն մեղաւորք զփառս արդարոց եւ կորացեալ հալեսցին ի տխրականս եւ յամօթն յաւիտենական, որ յերկրի մեծ գոլ զինքեանս, քան զարդարսն համարեալ` զհպարտութիւն ոչ թողացուցանէին տեսանել` զինչ արդարքն իցեն եւ զինչ` մեղաւորքն։ Բայց զկնի վճարելոյն երեւի արդարոցն փառք եւ մեղաւորացն ամօթն յաւիտենից», գրում է Ս. Գրիգոր Լուսավորիչը։

Այս վիճակը բացատրում է և Ս. Հովհան Մանդակունին այսպես. «Վասն այնորիկ ոչ ոք կարէ ուրանալ անդ զչար գործոցն զպղծութիւնսն, այլ կապի լեզու չարախօս, կարկի բերան անօրէն. դողայ մարմին յանցաւոր, զի իւրաքանչիւր ուրուք մեղք վկայեն զգործելեացն, ոչ բարբառ ինչ արձակելով, այլ որպէս ի մէջ օդեացն երեւի այծեացն սեւութիւնն, նոյնպէս եւ մեղաւորացն անձինք խաւարազգեցեալք եւ պատեալք ի մէջ լուսազարդեալ հրապարակացն երեւեսցին։ Զի զորօրինակ շուք իւր անմեկնելի է ի մարդոյն, նոյնպէս եւ մեղքն անմեկնելի զհետ երթիցեն զոգւոյն, յայտնապէս զկերպարանս բազմութեան մեղացն ցուցանէ ամենայն հրապարակին»181-182*։

Այսպիսով, մեղավորների հոգիները, մնալով յուրյանց երկնավոր կայաններում «որպէս երեւմամբ տեսանեն իմանալեօքն զհատուցումն արդար դատաստանին, զանշէջ հուրն եւ զխաւարն արտաքին, զլալ աչացն եւ զկրճել ատամանցն։ Այնոքիւք ահիւ տրտմեալք եւ տխրեալք կան հոգիք մեղաւորացն մինչեւ ի հասարակաց յարութիւնն ի Քրիստոսէ...»։ Այսպես և արդարները, ուրախությամբ լցված, սպասում են փառավոր հատուցման և լավ գիտեն, որ ստանալու են Քրիստոսի խոստացած երանությունն, ուստիև այդ լուսո շնորհաց տակ երջանիկ են[6]։

Եվ քանի որ Քրիստոս դժոխքն ու մահվան խայթոցը ոչնչացրել է յուր հավատացյալի համար և յուր հավատացյալի հետ է ամենուրեք, ուստիև հավատացյալը լավ գիտե, որ մեռնելով կորստյան չէ մատնվում, այլ` կյանքի (Փիլ., Ա 21)։ Այդ պատճառով երբ ճշմարտության ճշմարիտ զինվորը կատարում է յուր երկրավոր ընթացքն առաքինությամբ, այն ժամանակ ոչ թե մահից վախենում է, այլ բացականչում է. «Զի ինձ կեանք Քրիստոս է եւ մեռանել` շահ» և «ընդ Քրիստոսի լինել» կամ «մտանել առ Աստուած», վասնորոյ եւ առատանամք, զի եթէ յամիցեմք եւ եթէ ելանիցեմք, հաճոյ եւ եթ իցեմք նմա»[7]։ Ըստ այսմ` խաղաղական վիճակը կամ անդրանկաց եկեղեցին հավատացյալի համար մի մեծ հանգստություն է ի Տեր և ցանկալի, առ որ ձգտում էր պատերազմական հաղթությամբ հասնել, մանավանդ որ երկրավոր կյանքում միշտ վտանգ կա փորձությամբ խորթանալու Տիրոջից, մինչդեռ աշխարհին նվիրված մարդը սոսկում է մահից և այդ վիճակի արհավիրքներից[8]։

Հետևաբար թե՛ նախքան Քրիստոս մեռածների, թե՛ նորան հուսացածների, թե՛ չհավատացողների ու թե՛ հակառակորդների վիճակներն այդ ժամանակ բոլորովին տարբեր են ըստ յուրյանց գործերի խղճմտանքի ահեղ ձայնին։ Քրիստոսի հուսացյալներն, ուրեմն և հավատացյալներն, ունին մի լուսավոր կայանատեղի` ըստ յուրաքանչյուր արժանյաց, որ և Ավետարանում «գոգ Աբրահամու» կամ արքայություն, դրախտ է կոչվում, իսկ մյուսներինը` խավար կայանատեղի կամ դժոխք[9]։ Եվ ինչպես որ յուրյանց հիշողությամբ կապված են յուրյանց անցյալի հետ, այնպես և ներքին կյանքի խորհուրդով կապված են յուրյանց երկրավոր եղբայրակիցների հետ այն ամենով, ինչի համար որ նոքա ևս այս կյանքում գործել ու մաքառել են։ Դեռևս նոքա գտնվում են խղճմտանքի ձայնի ներքո, հետևաբար և հարաբերության մեջ են մեզ հետ, վասնզի մենք մեր ներքին կյանքով չենք բաժանվում նոցանից։ Ուրեմն ինչպես որ նոցա կյանքը պատկերանում է մեր հոգու մեջ յուր պայծառ կամ խավար կողմերով, այնպես էլ մեր կյանքը, մեր եկեղեցին պատկերանում, ցոլանում է նոցա մեջ։ Ահա այսպես միության մեջ ենք մնում, մանավանդ որ մեր ճանապարհն ևս դեպի նոցա մեկ է ու միացուցիչ, և նոցա վիճակը մեր եկեղեցու ու մեր անձի կատարումն է։ Անկարելի է, որ պատերազմող եկեղեցին կտրված լինի յուր կատարումն եղող եկեղեցուց, ապա թե ոչ` նա չի կարող պատերազմող լինել ու չի կարող կատարումն ունենալ և ուրեմն եկեղեցի չի լինիլ իսկապես։ Պատերազ մի ասպարեզի ծայրին միշտ կատարումն է պսակը[10], որ եկեղեցու գաղափարից կատարելապես անբաժան է և որի վերջնական կատարումը հավիտենական կյանքն է (Հայտ., Զ 9-11)։

Մեր արդարների կամ անդրանկաց եկեղեցին, մեր եկեղեցու կատարումը լինելով, այն առաքինական ցնծության մեջ է գտնվում, որ մեր երկրավոր պատերազմի փառքն է եղել նոցա փառակցությամբ։ Նոքա յուրյանց ներքին խորհուրդով մասնակից են մեր ամեն մի նման գործունեության հանդիսին, ինչպես և մենք հոգով խորհրդավորապես նոցա ցնծության կցորդ ենք։ Եվ ինչպես որ նոքա իբրև առաքինության նահատակներ յուրյան անձամբ իսկ լռիկ աղոթք ենք անում ու բարեխոսություն Աստուծո առաջ մեզ համար, այնպես էլ մենք նոցա համար աղոթող ու նոցա հիշատակը առաքինապես և արիաբար պահող ենք այս կյանքում։ Նոցա աղոթքն սկսվեց` նոցա փոխվելով յաստյացս, իսկ մերը` այն օրից, երբ անջատման ոգով և հավատքի ու հուսո փառաբանական ուրախությամբ հուղարկավորեցինք նոցա մարմինը դեպի գերեզման։ Այնուհետև մեր աստվածպաշտությունը մշտական կապ եղավ նոցա ու մեր մեջ, իսկ անդրանկաց եկեղեցում` լռիկ ու մշտալույս հայացքը դեպի աստվածային փառքը[11]։ Մենք աղոթում ենք նոցա համար թե՛ մեղսաքավիչ պատարագով և թե՛ աղքատներին ողորմություն անելով, իսկ նոքա մեր սուրբերի խումբի մեջ աղոթում են մեր հաղթության ու մեր բարեհաջող գործունեության համար։

Եթե մենք նոցա համար չաղոթենք ու նոցա չհիշենք, թերի կլինինք մեր քրիստոնեական բարեպաշտությամբ ու սիրով և ճանաչած էլ չենք լինիլ մեր եղբայրների ու փառավոր նահատակների կենդանությունն այն կյանքում և այն քրիստոսատուր անխզելի միությունն, որ իրագործվում է մեր մեջ Քրիստոսի եկեղեցով։ Իսկ եթե նոցա աղոթական վիճակը ժխտենք, ինչպես զառանցում են ոմանք բողոքականք, այն ժամանակ ժխտած կլինինք հանդերձյալ կյանքի հավատքը և ըստ Սադուկեցոց` մեռելների հարությունը, հետևաբար և ուրացած կլինինք հոգու անմահությունն ու գոյությունը կամ հակասության մեջ ընկած, որով և հավատացելոց հոգիների խաղաղական կացության հավատքին դրժած կլինինք հիմնովին։ Առաքելական ճշմարիտ եկեղեցին բաժանված չէ յուր անջատված հավատացյալներից ու կտրված չէ այն ընթացքից, որ անընդհատաբար տանում է դեպի հանդերձյալ կյանքի կատարումը։ Այսպես և հասկանալի է, որ նախքան հասարակաց հարությունը նոքա պետք է սպասեն յուրյանց կայաններում մինչև վերջին դատաստանը, ըստ որում, դատապարտվածները կմնան և այդ ժամանակ կստանան յուրյանց պատիժը ընկած հրեշտակաց կամ սատանաների հետ[12]։ Իսկ արդարները, նույնպես և Քրիստոսի փրկագործության ավետիքով ապրածներն և այլ հուսացյալք կընդունեն յուրյանց փառավոր վարձը. «Եւ սոքա ամենեքին վկայեալ ի հաւատոցն, չեւ եւս ընկալան զաւետիսն Աստուծոյ. վասն մեր լաւագոյն համարեալ, զի մի՛ առանց մեր կատարեսցին» (Եբր., ԺԱ 40)։ Ամենքն էլ հասարակաց հարության ժամանակ միայն ստանալու են իրական հատուցումն. «Այլ զոր առաքեալն ասէ, եւ մեք զնոյնն ասեմք, զի իւրաքանչիւր ոք զիւր վարձս առցէ ի հասարակաց յարութեանն, զոր ինչ գործեցին` եթէ բարի եւ եթէ չար», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը[13]։ Այստեղ ցանածն այնտեղ պետք է հնձենք. այն ևս` միասին և ոչ` ուրույն-ուրույն։ Վասն որո և անդրանկաց եկեղեցու ցնծությունը մեզ արգելում է մեր հանգուցյալին սգալ հեթանոսական անհուսությամբ կամ լաց ու շիվան բարձրացնել, «զոր անմիտ կանայք բարբառեն ի ցոյցս կեղծաւորութեան, եւ զկռապաշտիցն զգործն գործեն ի վերայ քրիստոնէից»[14], վասնզի այդ անարգանք ու թշնամանք է «հոգեկիր և քրիստոսազգեաց» մարմնի դեմ։ Այդպես անողները մերժվում են եկեղեցուց իբրև հեթանոսներ և թույլատրող քահանաներն ևս պատժվում են։ «Այլ մահ արդարոյն ամենեւին իսկ ցնծութիւն է եւ ուրախութիւն», լուսեղեն հանգստության մեջ, ուստիև հուղարկավորում ենք այն ճանապարհն, որ ամենքս էլ գնալու ենք. «Զոգիս վախճանելոցն մերոց սաղմոսիւք եւ օրհնութեամբք ի կեանս յուղարկեմք[15], իբրեւ ընծայ ինչ Աստուծոյ նուիրեմք»։ Այդ հավատն ու հույսը փորձնականապես արտահայտում ենք թաղման օրից. սպիտակ պատանում ենք, այսինքն` որ վախճանվածը թողնում է աշխարհն ու յուր գործերը հագնում. քթում խունկ ենք դնում ու երեսին` բամբակ` ի նշան անուշահոտ վարքի ու պայծառ հավատքի, որով առ Աստված է դիմում. ադամային անիծյալ հողը օրհնում ձգում են վրան, ծածկելով օրհնյալ հողով, երկրորդ օրը կանայք գնում են, այցելում գերեզմանը` ըստ յուղաբեր կանանց, երրորդ օրը տոնում ենք` ըստ Քրիստոսի հարության, կատարում ենք յոթնօրեքը` ըստ յոթը շնորհաց և առաքինությանց, ու քառասունքն` ըստ Քրիստոսի համբարձման` և վերջապես` ամենայն տարի ագապ կամ հոգեհանգստի մատաղ անելով աղքատաց համար` պատարագով հաղորդակից ենք լինում մեր հանգուցյալի աղոթքին ու կամքին։ Այդպես և ամենայն մեռելոցի օրհնել տալով գերեզմանը` հարգում ենք և աստվածային օրհնությունը խնդրում մեր սիրելու նշխարների վրա։ Իսկ մեր անցական տրտմությունն ու սուգը միմիայն մարմնապես բաժանվելու կսկիծն է, ուստիև աղոթում ենք. «Եւ զչափաւոր արտասուս սոցա ընկալ քեզ ի հաճոյս, եւ մի՛ ի զայրացումն, եւ մխիթարեալ սփոփեսցես զլքեալ սիրտս սոցա գալստեամբ շնորհի քո եւ զօրացուսցես զտարակուսեալ հոգիս սոցա առաքմամբ Հոգւոյդ Սրբոյ»[16]։

Հռովմեական եկեղեցին հաստյացս փոխվողների նկատմամբ ևս չարաչար մոլորվում է` դավանելով որ իբր թե մի ինչ-որ առանձնական դատաստանով հոգիները ընդունում են յուրյանց գործոց հատուցումը ու վերստին հասարակաց հարության ժամանակ վարձատրվում, այլև իբր թե մեղավորների համար կա առանձին քավարան, որտեղ նոքա պետք է յուրյանց ներելի մեղք երի փոխարեն այս աշխարհում (հավատաքննությամբ) չկրած ու եկեղեցական թողությամբ հետաձգած պատիժները տուժեն, որ այդ մեղքերից ազատվին կամ քավվեն կրակով։

«Առանձնակի դատաստանի» այս մտացածին դավանանքը հայտնապես մի թյուրիմացություն է, որ կազմել է Հռովմեական եկեղեցին` ըստ յուրյանց խղճմտանքի ներքին ձայնին։ Այդ բացատրվեց նախընթացում, և ուրեմն առանձին հերքման կարիք չկա։ Իսկ քավարանն, որ այդ թյուրիմացության հետևանքն է կամ պատճառը, ուղղակի հակառակ է փրկագործության խորհուրդին և իսկապես մի խաղալիք է դարձնում ճշմարիտ աստվածային դատաստանի հատուցման լրջությունը[17]։ Նախ որ Ս. Գրքում ոչ մի հիշատակության նշույլ չկա քավարանի մասին և հռովմեականաց փաստերը ուղղակի վերաբերում են[18] այն ներելի մեղքերին, որոնց վրա աստվածային գթություն ու ողորմության հույս ունենալով` հանգուցյալը վախճանվել է, և մենք էլ, նորա կամաց լրումն տալով, նույն գթությունը հայցում ենք աղոթքով ու պատարագով։ Իսկ յուրաքանչյուրի ճշմարտությունն ու արդարությունը` ըստ Ս. Գրոց, միմիայն վերջին դատաստանի օրում կհայտնվի ինչպես ոսկի (Ա Կոր., Գ 12-15)։

Երկրորդ` մեղավոր ապաշխարողները չպետք է անպատճառ յուրյանց մեղաց պատիժը տուժեն մեռնելուց հետո, քանի որ Քրիստոս ամենայն պատիժ հանձն առավ յուր գերահրաշ պատարագով բոլոր հավատացյալների համար, և մարդիկ պետք է միմիայն յուրացնեն նորա վաստակները։ Զղջացողը եթե ճշմարիտ հավատքով զղջում է, նա անպատճառ թողություն է ստանում նույնիսկ Քրիստոսի վաստակով։

Երրորդ` ոչ մի քավարանական կրակ չի կարող մեղավորին քավել մեղքերից, վասնզի մեռնելուց հետո այլևս չկա ապաշխարության ու քավության ընթացք, այլ միակ ապաշխարության տեղն այս կյանքն է[19] և միակ քավարանը` եկեղեցին. «Տունս այս տուն աղօթից է եւ քաւարան մեղաց»[20]։ Զարմանալի է, սակայն, որ Հռովմա քահանայապետները, մարդկանց մեղքերի թողությունը նաև հանդերձյալում յուրյանց իրավանց վերապահելով ու թողության թղթեր ծախելով, ոչ թե քրիստոնեական սիրով ամենքին էլ ազատում են մեղքերից, այլ, ընդհակառակն, դեռ քավարանի կրակի մեջ էլ են ձգում` նոցա մեղքի փոխարեն դեռևս ազգականներից էլ բազմապատիկ վճար պահանջելով։ Այդ մեծ հակասություն է և եկեղեցու փրկարարության վերացումն[21]։

Հայաստանյայց Ս. Եկեղեցին, մերժելով այդ հակասական մոլորությունը, աղոթել է տալիս յուր որդիներին` «լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորեա՛ զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց մինչեւ յօր մեծի գալստեան քո»[22]։ Այդ և Քրիստոսի խաչակից զղջացող ավազակը խնդրում էր. «Յիշեա՛ զիս, Տէր, յորժամ գայցես արքայութեամբ քով»[23]։

Ս. Գրիգոր Լուսավորիչն ևս հիշելով, որ հասարակաց հարությ ան ժամանակ են հոգիները հատուցումն ստանալու, հարում է. «Եւ մի յուսալ յիշխանս, ասէ մարգարէն, զի լուծանելո՛ց են յերկրէս ամբարտաւանեալք իշխանութեամբն եւ շիջանին հպարտ կամքն։ Այլ յուսալ յԱստուած, ասէ, որ անմահն է եւ իշխան մահու եւ կենաց յաւիտեան»[24]։

« ԽԸ. Միաբանական Աստվածպաշտությունը և Յուր Պարագայք   |   Ծ. Կատարած և Քրիստոսի Երկրորդ Գալուստը »
© Gratun.org