Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

Ծ. Կատարած և Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Աստուծո արքայությունը, փրկագործելով մարդկանց և տանելով դեպի հառաջ, անշուշտ մի ժամանակ պետք է ստանա յուր կատարումը։ Եկեղեցու այս կատարումն է, որ պետք է իրականանա աշխարհի վախճանին և ուրեմն ամենայնի վախճանն ու կատարումը լինի։ Այդ կատարման ժամանակը, ըստ Աստուծո իմաստուն տնօրինության, բոլոր արարածներից, մարդկանցից ու հրեշտակներից անհայտ է (Մարկ., ԺԳ 32, 33)։ Այս անհայտությունն է պատճառ, որ բնապաշտ մտածողները նույնիսկ առաքյալների ժամանակ սկսան թերահավատել` ասելով. «Ո՞ւր են աւետիք գալստեան նորա, զի յորմէ հետէ հարք ննջեցին, ամենայն ինչ նոյնպէս կայ մնայ ի սկզբանէ արարածոց» (Բ Պետ., Գ 4)։

Սակայն մի՞թե կարող է հավիտենական լինել այն հակասությունն, որ նկատում ենք մեր հոգևոր ձգտմանց և բնության մեջ. մի՞թե կարող է աշխարհը հավիտյան բարվո և չարի, ճշմարտության ու ստության մի խառնակություն, մի շփոթություն մնալ. մի՞թե կարելի է, որ աշխարհի ընթացքը շարունակ լոկ անկումն ու բարձրացումն, կատարելատիպ և անկատարություն, հառաջադիմություն և հետադիմություն, լուսավորություն և ապականություն լինել առանց ճշմարտության, կատարելատպի, լուսո, բարձրացման ու հառաջադիմության վերջնական հաղթանակի։ Մի՞թե կարող է մեր բոլոր հառաջադիմությունն ու լուսավորության զարգացումը առանց կատարելատպի և առանց կատարման լինել իբրև մի խաբուսիկ երևույթ մեր աչքի առաջ։ Անշուշտ տիեզերական պատմությունը հաստատում է, որ աշխարհը պետք է յուր կատարումը ունենա, և ճշմարտությունն յուր հաղթանակը տանե ու նպատակին հասնե։ Պատմությունն էլ հասցնում է կատարման ու յուր դատաստանն է անում ստության ու խավարի դեմ, սակայն այդ կատարումն ու դատաստանը միմիայն հարաբերական են, և ճշմարիտ կատարումն ու դատաստանը միմիայն աշխարհի վերջումն է, երբ միայն ճշմարտությունն ու լույսը պետք է թագավորե անվիճելի կերպով, առ որ և աչք ենք ձգում` պատմական ամեն մի դատաստանի վիճելի վիճակից հուսահատվելով։ Ուստի առաքյալները զգուշացնում են հուսահատվողներին, հորդորելով, որ միշտ մտքում պահեն Քրիստոսի մոտալուտ գալուստը, իսկ այդ գալստյան վրա ակնկառույց անհոգացած սպասողին հիշեցնում են դեռ աշխատել[1]։

Այս պարզ է, բայց ե՞րբ կլինի այդ վախճանը։ Թեև երկրավոր արարածին համար այդ անորոշ է, և հավատացյալները չպետք է ժամանակն ու ժամը գիտենան[2], այսով հանդերձ աստվածային մարգարեությունները բավական որոշումն են տալիս, որով նոքա կարող են դատել ժամանակի նշանները և այդ կատարման հասնելը նկատել[3]։ Այդ նշանները ընդհանուր պայմաններ են, որոնք նախագուշակներ են, և դոցա հետ է կապված աշխարհի կատարածը։ Իհարկե այդ կախված է Աստուծո ամենակարող կամքից, բայց մարդիկ ևս իբրև նորա գործակիցներ որոշ դեր են կատարում դորա վերաբերմամբ, նայելով, թե որքա՞ն եռանդով ու շուտով կտարածեն Ավետարանն ամբողջ աշխարհում[4]։ «Եւ քարոզեսցի Աւետարանս արքայութեան ընդ ամենայն տիեզերս ի վկայութիւն ամենայն հեթանոսաց, եւ ապա եկեսցէ կատարած»։ Բոլոր հեթանոսաց մեջ փրկություն մտնելուց հետո Իսրայելն և՛ս, վերջին տեղը բռնելով, փրկվելու է, մինչդեռ սկզբում առաջինն է եղել (Հռովմ., ԺԱ 25)։ Այսպես պետք է լինի, վասնզի Աստված «զամենայն մարդիկ կամի, զի կեցցեն եւ ի գիտութիւն ճշմարտութեան եկեսցեն» ու Քրիստոսով փրկվեն[5]։

Սակայն ոչ մի հաղթանակ չի կարող արժանիք ունենալ, եթե օրինավոր պատերազմում չստացվի. հաղթանակն այնքան բարձր է, որքան հակառակորդը զորեղ է, ուստիև խավարի իշխանությունն աշխարհում դեռ պետք է նախապես զորանա, որպեսզի հակասությունն յուր վերջին կետին հասնի։ Եվ քանի որ մարդիկ դյուրությամբ չեն ընդունում փրկությունը, Աստված նոցա վրա մոլորություններ է ձգում` ստության կատարումը կանխապես հառաջ բերելու ու նորա գարշությունը զգալի դարձնելու համար (Բ Թես., Բ 11)։ Մոլորությունը, խավարը պետք է կատարյալ դառնա, որ երևա նորա այլանդակությունն և անզորությունը, զարգանա յուր բոլոր ուժով և հասունանա վերջին դատաստանի համար։ Հավատացյալների առաջ պետք է լեռնանա մեղքի աշխարհն յուր ապականությամբ թե՛ ժողովուրդի կյանքում ու քաղաքակրթության, թե՛ երկրավոր ձգտումների ու հոգսերի և թե՛ կեղծ մարգարեության ու նեռի դիվականության մեջ։ Եվ այս ամենի նկարագրությունն ունինք Քրիստոսի խոսքերի մեջ[6], մի նկարագրություն, որ դեպքերի մի շարք է կազմում և որի յուրաքանչյուր մի օղակը կարող է նաև մեր կյանքում իրականանալ, սակայն աշխարհի կատարածը կլինի շարքի բոլոր մասերի միահամուռ աղետով, երկրի ու երկնավոր մարմինների հրկիզության բռնկմամբ հանդերձ (Բ Պետ., Գ 10)։ Ստության ու խավարի կատարումը կլինի եկեղեցու հաղթանակը փառավորելու և ճշգրտելու համար, ըստ որում, եկեղեցին այդ հաղթանակով յուր նեղության վիճակից կհասնի յուր բարձրության, ինչպես սահմանված է նույնիսկ Քրիստոսի այդ հաղթանակի նախատիպար կյանքով։ Ուրեմն այդ նեղության ու մոլորության բարձր զարգացումը պետք է վրա հասնի նախքան կատարածը, ըստ որում, ոչ միայն մարմնավոր նեղություններ և իրարանցումներ պետք է լինին (Մատթ., ԻԴ 7), այլև «բազում սուտ մարգարէք յարիցեն եւ զբազումս մոլորեցուսցեն։ Եւ վասն բազմանալոյ անօրէնութեան ցամաքեսցի սէր բազմաց»։ Այդ նեղության մեջ ոչ միայն հակառակությունը կսաստկանա քրիստոնեության դեմ, այլև նեռն է երևան գալու, ինչպես ասացինք, որ մոռանալով և ուրախանալով Աստուծուն` նստելու է գահ, հպարտանալու է և յուր անձն Աստուծո տեղ է դնելու[7]։ Խավարի ու մոլորեցուցչի այդ զորացումն ու սոսկալի հակառակությունը ծայրահեղության է հասնելու, ինչպես բանաստեղծական մարգարեությամբ նկարագրված է հայտնության մեջ[8]։ Եվ որովհետև հակառակությունը սաստկապես լարվելու է, ընդհանուր նեղություն ու շփոթություն է տիրելու, և խավարի պաշտպանները ձգտելու են Աստուծո ընտրյալներին ճանապարհից ձգել, Քրիստոս ևս չի թողնիլ, որ շատ երկար տևի այդ նեղության ժամանակը։ Եվ երբ խավարի մարդն յուր բոլոր գործերով ամենաբարձր զարգացման հասնի, այն ժամանակ «տեսցեն զՈրդի Մարդոյ եկեալ ի վերայ ամպոց երկնից զօրութեամբ եւ փառօք բազմօք»[9]։ Եվ այդ ժամանակ նեռին «Տէր Յիսուս սատակեսցէ հոգւով բերանոյ իւրոյ, եւ խափանեսցէ յայտնութեամբ գալստեանն իւրոյ»[10]։

Սակայն երկրորդականսն Հայտնության մեջ, որ ձգտում է մեր իմացությունից ու բնությունից դուրս հանդերձյալն յուր որոշ բնական կողմով հանդերձ բանաստեղծորեն նկարագրել, հիշում է մի հազարամյակ, որում սատանան կապվում, շղթայվում է և ապա Քրիստոս թագավորում է այդ միջոցում յուր հարուցյալ սուրբերի հետ (Հայտ., Ի)։ Այս հայտնապես նշանակական խոսքերը սխալ հասկանալով` հին Հայրերից ոմանք187* կարծեցին, թե այդ ժամանակ 12 առաքյալներն աթոռ պետք է նստեն ու դատեն Իսրայելի 12 ցեղերը, ըստ որում, հեզերն էլ կժառանգեն երկիրը։ Ապա կարձակվի վերստին սատանան, կլինի կատարածը, Քրիստոսի գալուստն ու վերջին հաղթանակը[11]։

Այս հազարամյակի վրա նույնիսկ հին ժամանակ զանազան կարծիքներ կային[12], որոնց բոլորի հիմունքը Քրիստոսի մարմնավոր-նյութական թագավորությունն է հակառակ Ավետարանի քարոզության և համաձայն հրեաների սպասածին։ Ոմանք էլ հոգևորապես միառժամանակյա տիրապետություն են երևակայում աշխարհի վրա նախքան կատարածն իբրև մի երկրավոր հաղթություն չարի ու սատանայի վրա։ Ըստ այսմ` հազարամյակը պետք է լինի քրիստոնեության կատարյալ զարգացումն ու տիրապետությունն աշխարհի բոլոր կարողությանց վրա նախքան դատաստանը և ուրեմն մի տեսակ կիրակամուտ է կիրակեից առաջ։ Սակայն որքան էլ այս կեղծ, անհիմն ու անհավանական բացատրությունները ընդունելություն են գտնում բողոքականաց մեջ, այնքան էլ նկատելի է դառնում հազարամյակի մասին եղած այդ կարծիքների ցնորականությունը։ Մենք գիտենք առաքյալի խոսքերից[13], որ «հազար ամը» նշանակական իմաստ ունի, և Աստուծո համար ժամանակական սահմանափակումն չկա ու չի կարող լինել, վասնզի Աստված մի օրում ավելի մեծ զարգացումն ու հաղթանակ կարե հառաջ բերել, քան մենք նախագծում ենք 1000 տարվա համար, ինչպես և ըստ յուր անհասանելի իմաստության հաճախ ուշացնում է հազար տարիների այն, ինչ որ մենք մեր կարճամտությամբ մի օրվա կամ տարվա համար ենք սահմանում։ Այս լավ չհասկանալով` մարդիկ շատ անգամ ընկնում են սխալի մեջ, երևակայելով յուրյանց գերադասած նախագիծների մի առանձնակ շրջան ու թագավորություն նույնիսկ աշխարհի ընթացքում, որպիսի օրինակ են և ընկերապաշտական ու հասարակավարական ձգտումները։

Հայաստանյայց Ս. Եկեղեցին չի ընդունում հազարամյակի այդպիսի թյուր գաղափարը, այլ մերժելով այդ սխալ հասկացողությունները, վարդապետում է ճշտապես, որ նշանակական իմաստով հազարամյակ է կոչվում Քրիստոսի առաջին գալստից մինչև երկրորդ գալուստն, որում պետք է կատարումը լինի Աստուծո արքայության կատարյալ իրականացումը։ Այս անունն էլ ծագել է շաբաթվա համեմատ ժամանակը յոթնակի բաժանելուց, ըստ որում, նախքան Քրիստոսի գալը վեցհազարյակ է կոչվում, իսկ ապա` հազարամյակ[14]։ «Վեց շաբաթս այս (մեծի պահոց) զվեց հազար դարն նշանակ է, քանզի այս (եօթներորդ) շաբաթս զմեր բնութեանս ունի զյարութիւն եւ զդատաստան, վասնորոյ գնալն յԵրուսաղէմ եւ դղորդիլ քաղաքին` զյարութիւն մեռելոցն յայտնէ, որպէս ի Պասեքին շաբաթու օրն ճրագալոյցին` զՔրիստոսի Աստուծոյ մերոյ, զի ի գիշերի զյարութիւնն պատմէ, եւ չեւ եւս յարութիւն եղեալ, գուշակէ զյարութիւն։ Նմանապէս եւ ի սմա զհամօրէն մարդկան յարութիւն ցուցանէ, որ լինի ի կիւրակէի»188*։ Այսպես է գրում Ս. Մամբրե Վերծանողը։

Ուրեմն Քրիստոս, թույլ տալով, որ աշխարհի վերջում չարիքը զորանա, և նեռն յուր ուժերի վերջին լարումն ունենա, վերջնական հաղթություն է հառաջ բերելու յուր եկեղեցու մեջ յուր հավատացյալների ձեռքով և ապա այդ վերջին փորձանքի բովից զտված ու հաղթաբար դուրս ելած` սուրբերին համար վերջնական կատարումը կտա։ Այդ ժամանակ արդեն կատարյալ կլինի հաղթանակն[15], որ մոլորությանց ժամանակ հակառակորդների աչքում անհուսալի էր համարվում. ամեն ոք կտեսնե ճշմարտության բարձրացումը, և շատերն էլ ծունր կիջնեն անմահ թագավորի առաջ, և կհաղթանակե մեռելոց հարությամբ, որի սկիզբն արդեն եղել է Քրիստոսի հարությամբ։

Այսպիսով, մինչդեռ քրիստոնեական կյանքի ընթացքում Քրիստոս միշտ այցելել է յուր եկեղեցին, միշտ եկել է հակառակությունները ընկճելու և հավատարիմներին զորացնելու, թշնամիներին ջարդելու և իսկական հավատացող զինվորներին հառաջ քաշելու համար, այդ ժամանակ Քրիստոս ոչ թե միայն հավատացյալներին տեսանելի կամ զգալի կերպով, այլ ընդհանուրին ակնհայտնի երևմամբ հանկարծակի կգա (Ա Թես., Ե 2)։ «Զի որպէս փայլակն, որ ելանէ յարեւելից եւ երեւի մինչեւ յարեւմուտս, այնպէս եղիցի գալուստն Որդւոյ Մարդոյ»։ «Յանկարծակի հասցէ սատակումն» բոլոր արհամարհողների և ճշմարտության այպանող հակառակորդների վրա։ Երկինքն ու երկիրը զարհուրելի կդառնան նոցա համար, ընդհանուր տագնապ և հուսահատություն կտիրե անաստվածների վրա, և մինչդեռ ուրախությամբ կլցվին Քրիստոսի հավատացյալներն ու հաճությամբ կսպասեն նորա գալստյան, կգա Քրիստոս և «առաքեսցէ զհրեշտակս իւր փողով մեծաւ, եւ ժողովեսցեն զընտրեալս նորա ի չորից հողմոց, ի ծագաց երկնից մինչեւ ի ծագս նոցա»[16]։ Կենդանի հավատացյալներն այդ ժամանակ կելնեն նորա դիմաց, և մեռյալները հարություն կառնեն այդ տիեզերական մեծ հեղափոխության միջոցին։ Եվ այս հաղթական աստվածային մեծ գործն այնպես հանկարծակի կլինի, որ ոչ մի կարգավոր նկարագրություն չի կարող ենթարկվիլ. և այս պատճառով Այգուցի կարգում աղոթում ենք առ Աստված. «Եւ այժմ աղաչեմք զքեզ, Տէր, եւ զմեզ զամենեսեան զհաւատացեալքս ի քեզ` արժանի արա զայս ահաւոր եւ զսոսկալի օրս տպաւորել հանապազ առաջի աչաց մերոց. եւ յամենայն զգալի եւ ի պատրողական կենցաղավարութեանց պատսպարեա՛ զմիտս եւ զգայարանս մեր։ Պատկերացո՛ Տէր, զանհրաժեշտ գալուստ քո առաջի աչաց մերոց»[17]։

« ԽԹ. Եկեղեցու Կատարման Ընթացքը   |   ԾԱ. Հարություն Մեռելոց »
© Gratun.org