Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԾԱ. Հարություն Մեռելոց

Քրիստոնեական հավատքի հիմնական դավանանքների անմիջական հետևանքն է մեռելոց հարությունը։ Թե՛ Քրիստոսի աստվածության ու մարդկության միությունը, թե՛ քրիստոնեական աստվածպաշտությունը, թե՛ Քրիստոսի փրկագործությունը, թե՛ մկրտության ու հաղորդության ու թե՛ ապաշխարության և առհասարակ քրիստոնեական եկեղեցու խորհուրդը պարզապես ցույց է տալիս, որ հավատացյալներն ունին հանդերձյալում մի նոր կյանք և երանություն։ Թվելով այն բոլոր հիմունքներն, որոնք հաստատում են մեռելոց հարությունը, կունենանք հետևյալ ամփոփումները։

1. Մարդը ստեղծված է` ըստ Աստուծո պատկերին, և նորա էություն է ոչ միայն աստվածային հոգու նմանությունն, այլև այն, որ նա Աստուծո հարությունն ընդունող մի զգայարանք է։ Եթե ըստ համաստվածյանց Աստված անձնավորություն չլինի, նորա այդ ստեղծած մարդն ևս միմիայն այն ժամանակ մի տեսակ անմահություն կունենա, երբ այդ Աստվածը նորա վրա ժամանակավորապես ազդեր։ Մինչդեռ քրիստոնեական Աստվածը անձն է, և նա յուր հայտնությունն ու հաղորդակցությունը կարող է տալ միմիայն յուր նման անձնավորության, իսկ այդպիսի անձնավորություն չի լինիլ մարդ, եթե անմահական չլինի և չի լինիլ` ըստ պատկերի Աստուծո։

2. Աշխարհի ստեղծագործության ժամանակ մարդու երևան գալը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանդերձյալ կատարելության մեջ հառնելու նախատիպը. ինչպես հաստատուն է առաջինը, նույնպես հաստատ է և երկրորդը. առաջնի կատարելությունը նույնիսկ այն է, որ նորա մեջ ամփոփված է հանդերձյալ կատարելության սաղմն ու պատկերը, կարելիությունն ու հավաստին։ «Ադամ ոչ էր սերմանեալ` բուսաւ եւ ոչ էր յղացեալ` ծնաւ. այժմ ծնունդք նորա սերմանեալ են եւ անձրեւի սպասեն, եւ բուսանին. եւ երկիրս աւասիկ յղի է բազմօք, եւ մերձ է ժամանակ ծննդեան նորա»[1]։

3. Աստված, սեր լինելով, սիրո հաղորդությունը ունի յուր ստեղծած մարդու հետ, իսկ եթե հաղորդությունը ժամանակավոր և անցական լիներ, նա չէր կարող յուր հավիտենական սիրուն մասնակից անել յուր հավատացյալներին կամ յուր եկեղեցուն։ Ուստիև երբ սադուկեցիք չէին ընդունում մեռելոց հարությունը և մինչև անգամ ծաղր ու ծանակ էին շինում, Քրիստոս խստիվ հանդիմանեց այդ անհավատներին` ասելով. «Եւ Աստուած չէ մեռելոց, այլ` կենդանեաց, զի ամենեքին նմա կենդանի են» (Ղուկ., Թ 38)։ Աստուծո առաջ ամենքը կենդանի են, մինչդեռ համաստվածների Աստծուն համար ամենքն էլ մեռյալ են ու մեռնում, անհետանում են։

4. Այսպես կամեցավ Աստված ու տնօրինեց, ըստ որում, ամբողջ աշխարհը մարդուն համար ստեղծելով և նոցա կոչումը որոշելով աստվածային կատարելության ձգտելը (Մատթ., Ե 48), յուր նպատակը իրագործած չէր լինիլ, եթե մարդկանց անցական կյանք պարգևեր։ Մարդկանց կոչումն է հառաջադիմությունն, իսկ հառաջադիմությունը ոչինչ ու դատարկ կլիներ և աննպատակ, եթե յուր կատարելությունը չունենար և այս աշխարհի սահմանափակ դրության մեջ վերջանար։ Մարդկային լուսավորության ու հառաջադիմության հավատացողն անհրաժեշտապես կհավատա և այդ հառաջադիմության կատարյալ պսակին։

5. Փրկագործությունը, բարվո, ճշմարտի և արդարության հաղթանակն ամենքի համոզմունքն է, սակայն այդ հաղթանակն երբեք չի կարող այս աշխարհում լրիվ լինել և յուր էության համապատասխանել։ Հետևաբար եթե հարություն մեռելոց չլինի, սուտ ու խաբուսիկ կլինին և այդ բոլոր հավատալիքներն ու գաղափարները, հետևաբար և խաբվում են ճշմարտության նահատակներն ու վկաները, իսկ այդ պնդել, նույն է, թե նախընթաց երեք կետերը մերժել։ Բայց «ճշմարիտ յարութեանն մերոյ` կացոյց զիւրոյ անձինն զյարութիւն օրինակ»[2]։

6. Հարություն մեռելոցը կազմում է և կրոնի ու հավատքի էությունն, և ժխտել առաջինը, նույն է, թե ժխտել և երկրորդը և առհասարակ մարդկային կյանքի մեջ ամենայն համոզմունք ու ճշմարտություն2[3]։ Ըստ որում, ամենահին ազգերն անգամ առանձին հոգատարությամբ պահպանում էին մարմինները և թանկագին նյութերով զմռսելով` պատրաստ էին թողնում հարության համար, այլև յուրյանց հիշատակների գրություններով և արձաններով անմահացնում[4]։ Այդպես և արվեստն ու արձանագրությունը մի տեսակ նախաստվեր են հարության։

7. Հարությունը հաստատվում է և հոգու էությամբ ու պարզությամբ, որոնք բացատրվեցան առաջ[5], այլև հոգին պետք է վերջապես հանդերձյալում ծավալե և յուր ինքնաբավականությունը գտնե, այսպես ասած, վերջնականապես փռվի ինքն յուր կարողություններով իբրև ճշմարիտ Աստուծո պատկեր։ Մինչև անգամ նյութապաշտական տեսությամբ մարդու գիտակցական ու բանական էությունն ու կյանքը չի կարող ոչնչանալ, վասնզի, ըստ նորա ուսուցման հիմունքների, նյութն ու յուր հատկությունը հավիտենական է։

8. «Որ զմի մեռեալ կարէ յարուցանել, նաեւ զամենայն ննջեցեալսն. թէ զայլոց մահ հալածական արար, առաւել եւս զձերդ», - ասում է Մամբրե Վերծանողը189*, և քանի որ Քրիստոս շատերին հարություն տվավ յուր քարոզության ժամանակ, այդ ամենը երաշխավորում է յուրաքանչյուր հավատացյալի հանդերձյալ հարությունն ու կյանքը[6]։

9. Վերջապես մահաքունը (լետարգի), որ հայտնի է ամենահին ժամանակներումն ևս և տևում էր ամսից ավելի էլ, նույնպես այժմյան հնդկական ու չինական ձեռնածուների ամբողջ ամսով քնափության մեջ ընկնելը կամ ըստ նոցա և այժմյան գիտնական քնացումը մի-մի ստվերական ապացույցներ ու հավաստիք են հարության կարելիության` թերահավատ մարդկանց համար անգամ։

Քանի որ անհատի հանդերձյալը պատրաստվում է այս աշխարհումն իսկ յուր աշխատությամբ ու գործերով, ուստիև հարությունը պետք է լինի ոչ միայն հոգու, այլև` մարմնի։ Ինչպես որ առաջին Ադամի մեղանչումով մահվան մատնվեցանք, այնպես էլ երկրորդ Ադամի շնորհով հարություն կառնենք ու կյանք։ «Թոշակ մեղաց մահ է, այլ շնորհքն Աստուծոյ` կեանք յաւիտենից ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր» (Հռ., Զ 23, 10)։ Մահվամբ բաժանվում է հոգին մարմնից, որ հետևանք է Աստուծո դեմ մեղանչելուն, իսկ հարությամբ միանում է հոգին մարմնի հետ, որ փոխադարձաբար հետևանք է մարդու հաշտության Աստուծո հետ Քրիստոսի փրկագործության շնորհով։ Եվ ինչպես որ Քրիստոս հարություն առավ պայծառացած մարմնով իբրև անդրանիկ ի մեռելոց, այնպես էլ բոլոր հավատացյալները պետք է հարություն առնեն մի այնպիսի հոգևոր մարմնով, որ իբրև Ս. Հոգու տաճար համապատասխանի յուր գաղափարին[7]։ Միայն թե հարուցյալ մարմինն էապես նույն է լինելու մեր այստեղ ունեցած մարմնի հետ, նույն և ոչ թե ուրիշ, յուր անհատականությամբ է հառնելու` պայծառացած յուր գերագույն կերպավորությամբ։ Եվ այս պարզ հետևանք է հոգու ու մարմնի խորհրդավոր միության, վասնզի ոչ ըստ հոգեպաշտներին` մարմինը հոգու բանդն է և ոչ էլ ըստ բնապաշտներին` անբաժանելի միություն ու գրեթե նույնություն, այլ խորհրդավոր միություն է, որ չկա կենդանիների ու բույսերի մեջ միայն։ Մարդու մարմինը յուր հոգու զգայարանքն է և հոգին նորա մեջ ազատապես գործում է թե՛ ինքյան տարբերելով նորանից ու թե՛ հարաբերության մեջ անկախ ու միաժամանակ կախյալ ճանաչում։ Իսկ այդպիսի մի հոգու համար առանձին և հարուցյալ վիճակ կատարելապես կարելի է։ Նույնիսկ կյանքում հաճախ զգում ենք այդպիսի վիճակ` չտարբերելով մեր մարմնում կամ նորանից դուրս լինելը, ինչպես զգացել է և Պողոս առաքյալը (Բ Կոր., ԺԲ 2-4)։ Այս հարության նման օրինակն է Քրիստոսի հարության միջոցին եղած շատերի հարությունը, որի համար Ս. Եղիշեն ասում է. «Նմանութիւն եւ օրինակ էին աւուրն յարութեան մեծի, որք ոչ եւս մի-մի յառնելոց են եւ ոչ մասն ի բազմաց, այլ ամենեքեան միանգամայնք առանց թուոյ եւ անուանակոչութեան»։

Քրիստոսով ենք փրկվել, և Քրիստոս է հաղթանակել մահվան վրա և մեզ յուր մարմնի անդամը դարձնելով` ձգում է յուր մարմնի հետ դեպի կյանք։ Նա նորոգեց մեզ, «որպէս զի ստեղծուածն առաջին, որ առանց ապականութեան էր, ի հանդերձեալ յարութեանն մեռելոց` երեւեսցի փառօք»[8]։ Մարդ հող էր և հող է դառնում[9], սակայն ինչպես որ ցորենը սերմանվելով մեռնում է և ապա հասնում ու կենդանանում, այնպես էլ մարդ մեռնելով սերմանվում է, որ հետո կենդանանա[10]։ «Նոյնպէս եւ յարութիւն մեռելոց` սերմանի ապականութեամբ եւ յառնէ առանց ապականութեան. սերմանի անարգութեամբ եւ յառնէ փառօք. սերմանի տկարութեամբ եւ յառնէ զօրութեամբ. սերմանի մարմին շնչաւոր եւ յառնէ մարմին հոգեւոր, եթէ գոյ մարմին շնչաւոր, գոյ եւ հոգեւոր»[11]։ Երկրավոր կյանքում ուտում ենք Քրիստոսի մարմինն և արյունը, իսկ վերջում Քրիստոս, հարություն շնորհելով մեզ, ինչպես արեգակը` ցորենին, կերպարանակից է անելու մեզ յուր փառքին[12]։ Սակայն հարություն առնելու են ոչ միայն արդարներն, այլև մեղավորները[13] և «զգենլոց են սուրբքն զանստուեր լոյսն»։ Այս ճշմարտության երաշխիք է ոչ միայն Քրիստոսի պայծառակերպությունը, Մովսիսի ու Եղիայի նորա հետ երևալը[14], այլև նորա հարությունը։ Եվ այդ առավել ևս հաստատուն հավատք է մեզ համար, վասնզի վայելում ենք ոչ թե միայն Քրիստոսի խոսքերի կենդանարար ազդեցությունն, այլ` նորա հարության շնորհները[15]։ Առանց բացառության է այդ հարությունը, միայն թե «որոց զբարիս գործեալ իցէ` ի յարութիւն կենաց, եւ որոց զչար արարեալ` ի յարութիւն դատաստանաց»[16]։ Այսինքն` Քրիստոսից կտրված ամբարիշտ և անաստված մարդիկ հառնելով չեն վայելիլ Քրիստոսի հետ կապված շնորհները, կերպարանակից չեն լինիլ նորան և ուրեմն չեն ստանալ Քրիստոսի պարգևած երանության պայծառացյալ մարմին, այլ` տանջանքի և անհանգստության, ծանր ու խավար, որոնք «որդն ու հուր» են կոչվում Քրիստոսի խոսքերի մեջ[17]։ Այլապես[18] ասած` «ընկալցի իւրաքանչիւր ոք իւրով մարմնովն, զոր յառաջ գործեացն` եթէ բարի եւ եթէ չար»։

Բայց կլինին և կենդանի մարդիկ, որոնք և իբրև լոկ մարմին և արյուն չեն կարող Աստուծո արքայությունը ժառանգել, իբրև երկրավոր և ապականացու գոյություններ չեն կարող կապվիլ անապական բարյաց հավիտենականության հետ[19]։ Արքայության համար պետք է մարդ նախ անապականություն և անմահություն ունենա, ուստիև երբ մեռյալները հանկարծակի հառնեն առանց ապականության, այն ժամանակ «եւ մեք նորոգեսցուք», ասում է Պողոս առաքյալը։ Այսպիսի նորոգությամբ հաղթանակը կպանծա մահվան վրա[20]։

Արարածական աշխարհն էլ ստեղծվել է զարգացման համար, որի հառաջադիմության և բարձր բարգավաճման օգտին աշխատելու տեր նշանակվեց մարդը, բայց մարդիկ չկարողացան սկզբից գործակից լինել Աստուծո բարերար կամքին և անեծք և ապականություն բերին դոցա վրա յուրյանց հետ։ Քրիստոս վերացրեց այս ամենը` դնելով յուր հավատացյալներին ճշմարիտ ուղղության հառաջադիմության վրա և տալով նոցա վերջնական ազատության հույս։ «Քանզի գիտեմք, եթէ ամենայն արարածք հեծեն եւ երկնեն մինչեւ ցայժմ»[21]. և սպասում են, որ յուրյանք էլ վայելեն Աստուծո որդիների փառավոր ազատության բարիքների հետևանքն երկնքի ու երկրի պայծառացմամբ։ Սորա երաշխիքն է այն մեծ քաղաքակրթությունն ու մշակումը, որ փայլում է քրիստոնյա աշխարհում, և որի կատարումն է այդ խոստումը։ Այն ժամանակ այլևս չի լինիլ հանգիստ հառաջադիմական զարգացումն, որ խանգարվեց մարդու մեղանչումով, այլ հանկարծակի ամենայն ինչ կընկնի ստեղծագործության սկզբում եղած դրության մեջ, «երկինք հրայրեացք լուծանիցին, եւ բնութիւնք հրդեհեալ հալիցին։ Նորոց երկնից եւ նորոյ երկրի ըստ աւետեացն հայեցեալ սպասիցեմք, յորս արդարութիւնն բնակէ»[22]։ Կլուծվի, ուրեմն, աշխարհն ու մի նոր կարգի մեջ կմտնի, և քանի որ մարդու մարմինը գլխավորապես ջրածնից, թթվածնից, բորակածնից ու քլորից է կազմված և մահվան կամ ջերմության մեջ, կամ բնալուծաբար, կամ ջրում այդոնք ցնդվում են, այդ տիեզերական մեծ հեղափոխության ժամանակ, մարդկաբար դատելով, նույն գազերը կմիանան աստվածային ազդմամբ և վերստին հոգևոր մարմին կկազմեն` ըստ յուրաքանչյուր անհատականության։

Այսպիսի մի աղետալի հարվածով, ուրեմն, նորոգության մեջ կմթնի ամբողջ մարդկային և արարածական աշխարհը, դիմելով դեպի այն, որ Քրիստոս խոստացել է և հաստատուն ավետիք տվել անհավատներին ի պատիժ և հավատացյալներին ի բարեզարդություն։ Եվ խոստացած այս փառքերի երաշխիք է Քրիստոսի աստվածությունն, և հիշեցուցիչ է նորա հարության օրը` կիրակին կամ միաշաբաթը, ըստ որում և Հովհան Իմաստասերն ասում է. «Յայսմ աւուր Քրիստոս զմահ խափանեաց` ընդ ինքեան ի մեռելութենէ զմարդկայինն վերածելով բնութիւն։ Ի սմա եւ Հոգին Սուրբ առաքեալ ի Հօրէ, զանմերկանալին մեզ զգեցոյց մխիթարութիւն։ Ի սմին աւուր եւ զերկրորդն իւր խոստացեալ է առնել Քրիստոսի յաշխարհ զգալուստն...»[23]։

« Ծ. Կատարած և Քրիստոսի Երկրորդ Գալուստը   |   ԾԲ. Դատաստան և Վերջին Վիճակ »
© Gratun.org