Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Երրորդ Մասը։ Փրկության Տնտեսությունն ու Կատարումն

ԾԲ. Դատաստան և Վերջին Վիճակ

Սովորական կյանքում մարդիկ դատաստանի առաջ քննվում են, վասնզի նոցա զանցառությունները կարող են զանազան աստիճանավորություններ ունենալ, այն է` երբ անգիտականության, կիսամտության, անվճռականության, բռնադատության և այլ այսպիսի վիճակում են կատարվում։ Իսկ վերջին դատաստանը կլինի մարդկանց արդեն վճռականության հասած գործերի համար և կկատարվի ոչ թե հարցուփորձով, քննությամբ ու դատով, այլ այդտեղ երևան կգա այն ամենն, ինչ որ յուրաքանչյուր մարդ ինքն անձամբ արել է յուր վրա` յուր դեպի Աստուծո փրկագործությունը ցույց տված վերաբերությամբ։ Քրիստոս եկել է ոչ թե դատելու, այլ փրկելու համար և ուրեմն նորան հավատացողը չի դատապարտվիլ, մինչդեռ չհավատացողը «արդէն իսկ դատապարտեալ է, զի ոչ հաւատաց յանուն Միածնի Որդւոյն Աստուծոյ։ Այս իսկ է դատաստան, զի լոյս եկն յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել, քան զլոյս, զի էին գործք իւրեանց չարութեան»[1]։ Հետևաբար հավատքը, լինելով մարդու հոգու ճրագը վառողը, անհավատն ոչ թե լուսով կփայլի, այլ խավարով կմրրկի և նույնիսկ այդ է, որ դատաստանի առաջ կպարզի յուրաքանչյուրի ճշմարտությունն ու մեղավորությունը։ Եվ այս ակներև է, զի Աստված, ամենագետ լինելով, պետք չունի հարցնելով իմանալու յուրաքանչյուր հոգու արժանավորությունը, իսկ դատաստանի առաջ ներկայացող այլ անձինք ևս կարևորություն չեն ունենալ դատվողի խոսքերը լսելու, քանի որ նորա լուսավոր կամ խավար տեսքը հայտնի վկայություն կլինի նորա արժանյաց։

«Ամենքին, որ տեսանիցեն զարդարսն, ճանաչիցեն զնոսա` եւ ասասցեն. սոքա են զաւակ օրհնեալ յԱստուծոյ», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը[2]։ Քրիստոս հայտնելու է այդ դատաստանն այնով, որ մեկնելու բաժանելու է արդարներին մեղավորներից` հատուցանելով «իւրաքանչիւր` ըստ գործս իւր», վարձատրելով յուր ճշմարիտ հավատացյալներին ու պատժելով չհավատացողներին և ապստամբներին[3]։ Այդ բաժանումը կկատարե նա աստվածային զորությամբ, յուր հրեշտակներով ու սուրբերով, ըստ որում, արդարներին ու մեղավորներին կջոկե իրարից այնպես, ինչպես հովիվը առանձնացնում է ոչխարներին այծերից»[4]. ոչխարներին` աջակողմն, այսինքն` դեպի աստվածային փառաց լույսն առաքելով, ուր դիմել են նոքա հավատքով, իսկ այծերին` ձախակողմն, այսինքն` դեպի խավար` ըստ յուրյանց լոկ աշխարհային տենչանաց։ Այս զատուցման վիճակը լավ ու հակիրճ նկարագրված է թաղման կարգի մի սիրուն աղոթքի մեջ. «Ուրախանան բարիքն եւ ողբան չարքն, բերկրին երկրպագուքն Քրիստոսի, եւ հառաչին ուրացողքն։ Պսակքն յայտնին, եւ կուսանքն խնդան. առագաստն զարդարի, եւ իմաստուն կուսանքն պատրաստք մտանեն ճրագունք վառեալք։ Իսկ յիմար կուսանքն դատարկացեալք, ճրագք անցեալք, գլուխք խոնարհեալք, սիրտք տրտմեալք, ոգիք լքեալք եւ տարակուսեալք, հալածին ի ձայնէ թագաւորին, որ ասէ, թէ` «Ոչ գիտեմ զձեզ»։ Խնդան աջակողմեանքն, եւ լան ձախակողմեանքն, խայտան օդիքն, եւ մերժին այծիքն յերեսաց Տեառն»...[5]։ Այնուհետև մեր ժամանակի անցավորությունը կմտնի հավիտենական հարատևության մեջ. հավատացյալները լուսեղեն մարմնով «աստուածեղէն բնութեան հաղորդակից» կլինին`[6] հասնելով յուրյանց ամենաբարձր զարգացման, որ է հաղորդություն Աստուծո հետ։ Իսկ ապստամբ մեղավորներն յուրյանց ամենացածր անկման կմատնվին, որ է բաժանումն Աստուծուց։ Իսկ այսպիսի վիճակից ինքնըստինքյան հասկանալի կերպով հետևում է, թե ի՞նչ կլինի այդ երկու կարգի մարդկանց կյանքը։

Արդարների վիճակի մասին առաքյալն ասում է. «Զոր ակն ոչ ետես, եւ ունկն ոչ լուաւ, եւ ի սիրտ մարդոյ ոչ անկաւ, պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց»[7]։ Նոցա բնակության տեղն պայծառացած է և աստվածային անանցանելի լուսով լուսավորված, որ է երկնավոր Երուսաղեմը կամ խաղաղության քաղաքը և որ Աստուծուց պատրաստված է և սուրբերին հատկացրած[8]։ Այնտեղ են բազմաթիվ օթևանները, այնտեղ Քրիստոս յուր հավատացողներին յուր եղբայրներն է դարձնում, որոնք նորա հետ ժառանգում են աստվածային փառքի երանությունը[9]։ Մինչդեռ մինչև այդ ժամանակ հավատացյալները միայն հավատում էին և հոգու տեսողությամբ էին տեսնում Աստուծո փառքը, այժմ անմիջ ապես ներկա են, և նոցա հավատքը դառնում է պարզ հայեցողություն, ու նոքա տեսնում են Աստուծո մեծությունը մշտապես[10]։ Վկայության խորանը կամ Աստուծո տաճարը այստեղ հավիտենականություն է ստանում և վերացնում է նորա երկրավոր ու հարաբերական անկատարելությունը. նորա մեջ միմիայն սրբություն է թագավորում, որտեղ մարդիկ սուրբ կլինին, և Աստված` միշտ նոցա մեջ։ Այս կլինի կատարյալ դրախտն, որտեղ փորձության ծառի տեղ կլինի միմիայն կյանքի ծառը[11], և որտեղ չի լինիլ երկրավոր ախտավոր, այլ` հրեշտակային անախտ կյանք[12]։

Երկրորդ` այստեղ չկա տրտմություն, այլ` միայն ուրախություն. չկա մահ, այլ` հավիտենական կյանք Քրիստոսի անշիջանելի լուսո տակ[13]։ Նորա հավատացյալներն անապական պայծառացած մարմին կստանան, կերպարանակից կլինին յուրյան և հրեշտակների պես լինելով, մինչդեռ մինչև այդ ժամանակ հրեշտակներից ջոկ էին, այժմ կլցնեն նոցա թիվն ու նոցա խմբի մեջ մի դաս կկազմեն. Նոքա «զանճառ լոյսն զգենուն ի Քրիստոսէ յանպատում եւ յանանց կեանսն»,ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը։

Երրորդ` մարդիկ երկրավոր կյանքում ձգտում էին հետևել Քրիստոսի, որ ժառանգեն նորա բարիքները, իսկ հանդերձյալում այլևս ձգտել և աշխատել չի լինիլ, այլ, լինելով Քրիստոսի ուրախության մեջ, Քրիստոսի հետ կվայելեն հավիտենականության այն բոլոր բարիքները, երանությունն ու շնորհը, որոնց միայն շողերն են այստեղ մարդկանց բաշխվում երկրավոր կյանքի անկատարելության պատճառով[14]։

Վերջապես նոքա` Քրիստոսի եղբայրները, դառնալով ուրախակիցները, նորան աթոռակից կլինին ու կմասնակցեն այն ահեղ դատաստանին, որ պետք է պայթի ինքնակամությամբ դատապարտված անհավատ և ամբարիշտ մարդկանց վրա[15]։ Ուրեմն Քրիստոսի ճշմարիտ հավատացյալները հավիտենականության մեջ կվայելեն Քրիստոսի կատարյալ գործակցությունը, կենակցությունն և աստվածային երանությունը։ Ըստ որում, աշխարհի վերահաս վախճանի ժամանակ կենդանի մնացած ճշմարիտ հավատացյալներն էլ հարուցյալների հետ «յափշտակեսցուք ամպովք ընդ առաջ Տեառն յօդս եւ այնպէս յամենայն ժամ ընդ Տեառն լինիցիմք»[16]։

Ս. Գրիգոր Լուսավորիչը, գեղեցկապես նկարագրելով հավատացյալների այդպես առ Աստված սլանալը, որոնք կբարձրանան ու կխառնվին հրեշտակների խմբի մեջ ինչպես «լուսափետուր սպիտակակերպ երամ աղաւնեաց» և Քրիստոսի կերպարանքով զարդարված, հապա ավելացնում է պատկերավոր բացատրությամբ.[17] «Արդ` զարմացեալք հարցանիցեն զօրքն վերինք լուսեղէնք, յորժամ տեսանիցեն զներքնագունդս սրբոց մարմնականաց, զի առ Տէր ի ներքուստ թռուցեալ գնասցեն, թէ ո՞վ են սոքա, որ իբրեւ զամպս թռուցեալ են եւ իբրեւ զաղաւնիս ձագախառն երամովին գան առ Տէր։ Ապա լուիցեն ի Տեառնէ զպատասխանիս, եթէ սոքա են, որք յիս յուսացեալ են, տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ եւ ուրախ արարից զնոսա ի տաճարի իմում»։

Ի՞նչ կլինի ապա դատապարտյալների վիճակը։ Անշուշտ նոցա վիճակը երանելյաց վիճակի կատարյալ հակապատկերը կլինի։ Նոցա վիճակը կլինի հավիտենական մահ`զուրկ ուրեմն Աստուծո տեսությունից[18]։

Երկրորդ` նոցա բնակությունը կլինի արտաքին խավարը` «ուր լալ աչաց է եւ կրճել ատամանց»` հոգևոր տանջանքի ծանրության պատճառով, որ նոցա մեջ անմահ որդերի և անշեջ կրակի ներքին տոչորմամբ վառվելու է իբրև բորբոքված հրո գեհենի[19]։

Եվ երրորդ` այդ հավիտենական խավարի ու տանջանքի մեջ կենակից կլինին նոքա այն չար ոգիներին, որոնց գործակից են եղել այս կյանքում և նոցա են ճանաչել յուրյանց առաջնորդ[20]։

Ուրեմն հավիտենական տանջանքը կամ անեծքը բացասական է ու դրական. բացասականապես մեղավորները մերժվելու են հավիտյան Աստուծո երեսից և այն ամեն երանություններից, որոնք միայն Աստուծո հաղորդակցությամբ կարելի է վայելել. նոքա զրկվելու են լուսո նշույլից, ուրախությունից ու վայելքներից, զրկվելու են հավատացյալների ու հրեշտակների ընկերությունից, կտրվելով սիրո որևիցե բարիքից։ Իսկ դրականապես` նոքա ընկնելու են կատարյալ տանջանքի կամ ըստ հինգ զգայարանաց` հրո, արտասուքի, կրճման, խավարի ու որդի անընկճելի խայթոցների տակ`[21] կենակցելով դատապարտված մարդկանց ու սատանայի անտանելի շրջանին և զուրկ մնալով նույնիսկ այն բարիքներից, որոնք այս կյանքում վայելում են ամենաչար մարդիկ անգամ աստվածային ողորմածությամբ։

Հավիտենական այս դատապարտության ապացույցը տեսնում է յուրաքանչյուր մարդ յուր խղճի վկայությամբ, այլև այս կյանքում փորձով իսկ համոզվում է, որ Աստուծո արդարության օրենքի հետևանքը ճշմարիտ հատուցումն է, և յուրաքանչյուր մարդ, կենդանության աղբյուր Աստուծո հետ լինելով, բնականորեն վայելքների պետք է հանդիպի, իսկ նորանից հեռացողը` դատապարտության։ Այստեղի վարձն ու պատիժը, ներքին խաղաղությունն ու երջանկությունը, տանջանքն ու անբախտությունը նախաստվեր են և սկզբնավորություն հանդերձյալի հատուցմանց, որոնց համեմատ և պետք է վայելենք հավիտենական կյանքի քաղցրությունը կամ դառնությունը կատարյալ չափով[22]։

Բայցև ոչ միայն մեր խիղճը, Աստուծո օրինաց վրա դատողությունն ու մեր կյանքի փորձերն են հաստատում հանդերձյալ կյանքի այդ վիճակը։ Աշխարհի հառաջադիմությունն ևս մի անշեղ ապացույց է, որ նորա վախճանը պետք է ամենայնի կատարելությունը լինի և ոչ թե հետսանկումը։ Աստվածադիր օրենքները տանում են աշխարհը հառաջադիմական ընթացքով, որի մեջ այժմ դեռևս չար ու բարի կամքերի ընդհարումներն ենք տեսնում, մինչդեռ այն ժամանակ վերջնականապես պետք է հավասարություն տիրապետե և աստվածային վճիռն իրականանա իբրև պսակ այդ ընթացքին։

Բնագիտական հետազոտությունները ևս անհրաժեշտապես գալիս են այս եզրակացության, որ ներկա աշխարհն այս դրությամբ հավիտենական չէ, այլ վերջ ունի, և եթե այդ վերջը յետադիմական հայացքով դատենք, կգանք այն հետևանքին, որ աշխարհը վերստին պետք է ընկնի յուր ստեղծագործության ժամանակ եղած վիճակի մեջ և Աստուծո անմիջական ներգործության տակ։ Սակայն կյանքի փորձը և աշխարհի ընթացքը ցույց են տալիս, որ բնական է հառաջադիմությունն և անընկճելի, հետևաբար վերը[23] նկարագրած տիեզերական մեծ հեղափոխությունից հետո աշխարհը, հրով զտվելով, մարդկային լուսեղեն երանության համեմատ կերպարանք կստանա, և կլինի նոր երկիր ու նոր երկինք, և` «Աստուած ամենայն յամենայնի»[24]։ Ուստիև Ս. առաքյալը երաշխավորում է այս վերջնական նորոգումը` ասելով. «Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, չեւ եւս է յայտ, եթէ զինչ լինելոց իցեմք, գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն»[25]։

Բայց եթե կամենանք վերջին այդ վիճակի հարացույցը գտնել կամ տեսնել նաև մեր կյանքի հառաջադիմական ընթացքի սկզբումն իսկ, այդ ոչ թե պետք է որոնենք անկյալ մարդկության մեջ, որ ժամանակավոր հետադիմություն էր և ոչ աստվածադիր կարգ, այլ, ինչպես ասացինք, պետք է նկատենք նույնիսկ Աստուծո արարչագործության ընթացքի մեջ, առաջին մարդու օրերում։ Առհասարակ յուրաքանչյուր գործի ընթացքն այն ժամանակ է միայն որոշ ու երաշխավորված, երբ նորա գաղափարը կա յուր սկզբնառության մեջ։ Աստուծո մեջ էր և աշխարհի ընթացքի ու վախճանի գաղափարը, որ պետք է մարդկային ազատակամությամբ իրագործվեր[26]։ Եթե Ադամը յուր կամքով հավատարիմ մնար յուր Ստեղծողին, նա պետք է վայելեր այնպիսի երանություն, որ այլևս կասկածի տեղիք չտար յուր շրջապատող իրականից տարբերելու հանդերձյալ կյանքի հավատավաստակ փառքի կատարելությունը։ Սակայն նա ընկավ ինքնակամությամբ և վերստին նոր ու ճշմարիտ ճանապարհի վրա ոտք դնելու համար փրկչական ձեռքի կարկառման կարոտեց։ Փրկչական նոր ճանապարհի վրա այժմ ընթանում ենք և հավատքի զարդարանքով դիմում ենք դեպի փառաց պսակը։ Մենք Քրիստոսով կհասնենք այդ նոր դրախտային փառաց, որից սակայն ևս ընկնելու երկրավոր փորձություն չենք տեսնիլ։ «Նովաւ եղեաք եւ նովաւ փրկեցաք եւ առ նա երթիցուք»[27], ասում է Ս. Գրիգոր Լուս ավորիչը։

« ԾԱ. Հարություն Մեռելոց
© Gratun.org