Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբրահամ Ա Աղբաթանեցի

ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ [VI դ. կես, գ. Աղբաթանք (Ռշտունիք գավառ) – մոտ 613], Ամենայն հայոց կաթողիկոս 607-ից: Հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցուն: Եղել է Ռըշտունիք գավառի եպիսկոպոսը: Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց: VI–VII դդ., ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ Հայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանաբանական հարցերի շուրջ: Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների (տես Քաղկեդոնի ժողով 451) և հակաքաղկեդոնականների, նեստորականների (տես Նեստորականություն) և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև: Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանաբանական խնդիրներին: Չնայած արդեն V դ. վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները: Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI դ. վերջ) միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզ. Մավրիկիոս կայսրը (591-ից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում: Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոն. և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ: Չնայած Աբրահամ Ա Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանաբանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608-ին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը: Այդ շրջանի իրադարձությունների, դավանաբանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «Գիրք թղթոցում» (էջ 146–211) պահպանված՝ Աբրահամ Ա Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն: Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աբրահամ Ա Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI դ. սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց», Գ թուղթ, էջ 182–183): Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506-ի Ա ժողովի (տես Դվինի եկեղեցական ժողովներ) ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ: Ըստ Աբրահամ Ա Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանաբանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը:

Աբրահամ Ա Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ Ուխտանես եպիսկոպոս պատմիչը Աբրահամ Ա Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում: Աբրահամ Ա Աղբաթանեցին գրել է նաև դավանաբանական բնույթի ճառեր:

Կաթողիկոսական գահին Աբրահամ Ա Աղբաթանեցուն հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցին:

Գրկ. Տեր Մինասյան Ե., Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908: Ակինյան Ն., Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վնն., 1910: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

Արտաշես Ղազարյան

« Աբեղա   |   Աբրահամ Բ Խոշաբեցի »
© Gratun.org