Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբրահամ Բ Խոշաբեցի

ԱԲՐԱՀԱՄ Բ ԽՈՇԱԲԵՑԻ, Բաղիշեցի, Մշեցի, Քեղեցի (1677–1734, հանգչում է Վաղարշապատի Ս. Գայանե վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1730-ից: Հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցուն: Աշակերտել է Գրիգոր Շղթայակրին: 1708-ին՝ Մշո Առաքելոց վանքի առաջնորդ, 1717–30-ին՝ Տարոնի Ս. Կարապետ վանքի վանահայր: 1727-ին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ, որի առթիվ խաչքար է տեղադրվել Ս. Հակոբյանց վանքում: Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդել է տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները, նորոգել մի շարք կառույցներ: Աբրահամ Բ Խոշաբեցու անունով մեզ են հասել 7 ներբող. ու հոգևոր տաղեր (անտիպ) և կոնդակներ:

Կաթողիկոսական գահին Աբրահամ Բ Խոշաբեցուն հաջորդել է Աբրահամ Գ Կրետացին:

Գրկ. Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: Ակինյան Ն., Բաղեշի դպրոցը 1500–1700, Վնն., 1952: Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

Պավել Չոբանյան

« Աբրահամ Ա Աղբաթանեցի   |   Աբրահամ Գ Կրետաց »
© Gratun.org