Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբրահամ Գ Կրետաց

ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ [ծ. թ. անհտ, ք. Կանդիա (Կրետե կղզում) – 18.4.1737], Ամենայն հայոց կաթողիկոս 1734-ից, պատմագիր: Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն: Եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–34-ին՝ Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի: Աբրահամ Գ Կրետացու օրոք Անդրկովկասի քաղ. դրությունն անկայուն էր: Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը: Աբրահամ Գ Կրետացին, շահելով խանի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի: Աբրահամ Գ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ: Աբրահամ Գ Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին պարսից» (1 հրտ., Կալկաթա, 1796, թրգմ. նաև ֆրանս.) աշխատությունն ընդգրկում է մոտ երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–36), բաղկացած է 53 գլխից, որտեղ մանրամասնորեն նկարագրված են իր կաթողիկոսության ժամանակի և Նադիր շահի իշխանության առաջին տարիների իրադարձությունները: Աբրահամ Գ Կրետացու պատմագրական երկերից են «Հիշատակարանը» («Ծոցի տետրակ») և Անի քաղաքի պատմությունը: Հայտնի են նրա մի քանի կոնդակները:

Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդել է Ղազար Ա Ջահկեցին:

Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

« Աբրահամ Բ Խոշաբեցի   |   Աբրահամ Խոստովանող »
© Gratun.org