Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբրահամ Խոստովանող

ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Աբրահամ Զենակացի (ծ. և մ. թթ. անհտ), V դարի մատենագիր, ս. Ղևոնդյանց աշակերտներից, վկա: Ծնվել է Տայք նահանգի Զենակս գյուղում: Վկայաբանություններում հիշատակվում է մեկ այլ վկայի՝ Խորեն Խոստովանողի հետ միասին: Եղիշեն գրել է նրանց ընդարձակ վկայաբանությունը և զետեղել իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկում: Հայսմավուրքներում հիշատակվում է նրանց վկայաբանության համառոտությունը՝ մի քանի խմբագրություններով: Ղազար Փարպեցին նրանց մասին մանրամասն տեղեկություններ է տալիս իր Պատմության մեջ (ԾԳ և ԾԸ գլուխներ): Ըստ Փարպեցու, Աբրահամ Խոստովանողը ինքնակամ միացել է Վարդանանց պատերազմից հետո Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Պարսկաստան աքսորված հայ նախարարներին ու հոգևորականներին: 454-ին, Ապար աշխարհում Ղևոնդյանց նահատակությունից հետո, Պարսից արքայի հրամանով կտրել են Աբրահամ Խոստովանողի ու Խորեն Խոստովանողի ականջները և աքսորել Ասորիք: Այստեղ, երկար տարիներ մնալով արքունի ծառայության մեջ, նրանք միաժամանակ ողորմություն են հավաքել և ամեն տարի օգնություն տարել Ապար աշխարհում գերեվարված հայ նախարարներին: Խորեն Խոստովանողը 461-ին մահացել է աքսորավայրում, իսկ Աբրահամ Խոստովանողը 463-ին վերադարձել է Հայաստան, որտեղ Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը (461–478) նրան ձեռնադրել է Բզնունիք գավառի եպիսկոպոս: Աբրահամ Խոստովանողը ասոր-ից հայերեն է թարգմանել Մարութա Նփրկերտցու «Վկայք Արևելից» վկայաբանական պատմությունը, որի մի մասն է հասել մեզ: IX–X դդ. պատմագիր Թովմա Արծրունին հիշատակում է Աբրահամ Խոստովանողի՝ Վարդանանց պատերազմի մասին մեզ չհասած աշխատությունը, որից օգտվել է իր Պատմության Բ դպրության Ա գլուխը կազմելիս:

Գրկ. Զարբհանալյան Գ., Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ., 1897, էջ 295–296: Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901, մաս 1, էջ 45: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Տեր Պետրոսյան Լ., Աբրահամ Խոստովանողը և նրա «Վկայք Արևելիցը», Ե., 1976:

Արտաշես Ղազարյան

« Աբրահամ Գ Կրետաց   |   Աբրահամ Մամիկոնեից »
© Gratun.org